HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հասարակությանը մնում է միայն քննադատել, իսկ պաշտոնյաներին՝ վայելել պտուղները

Տարվա վերջին բոլոր գերատեսչությունները, պետական բյուջեից սնվող կառույցները ամփոփում են անցնող տարին, խոսում ձեռքբերումների ու անհաջողությունների մասին: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը պատկանում է այն մարմինների թվին, որտեղ տարին ասուլիսներով չեն ամփոփում: Այստեղ բացի մի քանի նախագծերից այլ ասելիք չկա, ձեռքբերումներ՝ նույնպես: Հանձնաժողովը, որի հիմնական առաքելությունը երկրում գործող հանրային ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության բարձրացումն ու արդար կառավարման համակարգի ներդրումն է, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործունեությունը հասարակության համար առավել թափանցիկ ու հրապարակային դարձնելը, 2015թ-ին որևէ վարույթ չի հարուցել բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ:

Տպավորություն կարող է ստեղծվել, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաները շահերի բախման իրավիճակներում չեն հայտնվում, երբևէ էթիկայի կանոններ չեն խախտում: Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաները անթերի են, պարկեշտության մարմնացում: Նրանց «թանգարանային նմուշ» տեսակին, օրինապահությանն ու վարքագծի կանոններին անշեղորեն հետևելը կարող է նախանձ առաջացնել նույնիսկ զարգացած ու քաղաքական ամուր մշակույթ ունեցող երկրների պաշտոնյաների մոտ: Իրականում պատկերը ճիշտ հակառակն է:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, կամ շահագրգիռ այլ անձինք կարող են ասել, որ իրենք անգործության մատնված չեն, մշակել են նախագծեր, քննարկումներ են ծավալում, սակայն մեղավորը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքն է, որը հանձնաժողովին հավելյալ գործիքակազմ չի տալիս, այդ թվում՝ պատժելու հնարավորություն: Գուցե հանձնաժողովը ճիշտ է, օրենսդրական խնդիրներ կան, սակայն տեսանելի չեն այն աշխատանքները, որոնք միտված են դրանք լուծելուն: Հանձնաժողովը, լինելով շահագրգիռ կողմ, քաղաքացիական հասարակության հետ պետք է պայքարեր բացթողումները լրացնելու ուղղությամբ, մինչդեռ գործունեության 4 տարիների ընթացքում որևէ շոշափելի արդյունք չկա:

Չի բացառվում, որ Ազգային ժողովը նստաշրջանից նստաշրջան ձգելով այդպես էլ հանձնաժողովին չտա հավելյալ գործիքներ: Արդյունքում ունենում ենք մի կառույց, որը բացի հայտարարագիրը ընդունելուց, վերլուծելուց և հրապարակելուց մեծ հաշվով այլ բանով չի զբաղվում: Մի կողմից էլ հավատ չեն ներշնչում ներկայացված հայտարարագրերը, քանի որ պաշտոնյաներին ոչինչ հետ չի պահում սխալ հայտարարագիր ներկայացնելուց:

Սակայն պետք է շնորհակալություն հայտնենք այն բոլոր պաշտոնյաներին, ովքեր ընդհանրապես ներկայացնում են գույքի ու եկամուտների հայտարարագիր՝ թեկուզ թերի, թաքցրած եկամուտներով: Եթե մի օր Հայաստանի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարվեն ներկայացնել գույքի ու եկամուտների հայտարարագիր, ապա հանձնաժողովը չի կարողանալու նրանց պատասխանատվության դաշտ բերել: Իհարկե, վարույթներ հարուցելու օրենսդրական հնարավորություն կա, սակայն հանձնաժողովը խուսափում է պրակտիկա ձևավորելուց՝ պատճառաբանելով, թե կարգավորումները հստակ չեն:

Մասնավորապես՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի  կանոններից է «հարգել օրենքը և ենթարկվել օրենքին»: Իսկ 32-րդ հոդվածի համաձայն՝ «Բարձրաստիճան պաշտոնատար անձինք սույն օրենքով նախատեսված կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնում գույքի, եկամուտների հայտարարագրեր», մինչդեռ որոշ պաշտոնյաներ, այդ թվում ԱԺ պատգամավորներ գույքի ու եկամուտների հայտարարագրեր չեն ներկայացնում:

Հովիկ Աբրահամյանի բիզնեսը սահմաններ չունի-3

«Վարույթ հարուցելու հիմքեր մենք չունենք: Հարգել օրենքը և ենթարկվել օրենքին ձևակերպումը ընդհանրական է և նորմատիվային բովանդակությունը հստակեցված չէ: Հանձնաժողովն ունի մեկ գործիք՝ հրապարակայնացնելը: Արձագանքը պետք է տրվի հասարակության կողմից, թե ինչքանով է հասարակությունը հանդուրժող այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր հրաժարվում են օրենքով իրենց վրա դրված պարտականության կատարումից: Հանձնաժողովը կունենար դերակատարում, եթե այս պարտականությունը խախտելու համար հանձնաժողովին տրվեր իրավական գործիքներ»,-պատճառաբանում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը:

Նա նշում է, որ Հանձնաժողովը 2015թ. ստացել է մոտ մեկ տասնյակ դիմում-բողոքներ, սակայն որևէ վարույթ չի հարուցվել:  Հանձնաժողովում ընթացքի մեջ է երկու դիմումի քննարկումը և որոշում կայացված չէ:

Ըստ Սիրանուշ Սահակյանի՝ վարույթներ չհարուցելու հիմնական պատճառն այն է, որ դիմող քաղաքացիները բողոքում են այն պաշտոնյաների դեմ, ովքեր «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով բարձրաստիճան պաշտոնյաներ չեն համարվում և հանձնաժողովը չի կարող զբաղվել նրանց վերաբերող հարցերով: Բացի այդ, կան դեպքեր, երբ դիմել են մինչև նշված օրենքի ուժի մեջ մտնելը, այսինքն՝ 2012թ-ից առաջ տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: Այս դիմումները ևս մերժվում են:

Մյուս կողմից հանձնաժողովին տրված են սահմանափակ ռեսուրսներ: Ֆինանսավորումը ՀՀ նախագահի աշխատակազմից է տրվում, գործունեությունը ծավալում են նախագահի նստավայրի շենքում: 500-ից ավելի պաշտոնյաների գույքի ու եկամուտների հայտարարագրերի վերլուծումը, հրապարակումը, ինչպես նաև օրենքով վերապահված այլ լիազորություններն իրականացնում են հանձնաժողովի ընդամենը հինգ հոգանոց կազմով: Այս կազմից լուրջ բացահայտումներ սպասելը «երազանք» կարող է լինել: Ստացվում է, որ տարիներ առաջ «թմբկահարվող» հանձնաժողովն «անատամ» է և որևէ դերակատարում չունի ո՛չ շահերի բախման, ո՛չ կոռուպցիայի դեմ պայքարի, ո՛չ էլ հանրային ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության բարձրացման հարցում:

Հանձնաժողովը կարող է բացահայտել ռիսկերը, բայց այդ ռիսկերը դեպքերի վերածելու համար հավելյալ գործիքակազմ է պետք, ինչը չունի: Սիրանուշ Սահակյանն ասում է, որ համակարգը օրենսդրական փոփոխություններով ամբողջացնելու անհրաժեշտություն կա: Հանձնաժողովը առաջիկայում կապակցվելու է անշարժ գույքի կադաստրի հետ, արդեն կապակցվել է ճանապարհային ոստիկանության, անձնագրային վարչության տվյալներին, ՔԿԱԳ մարմիններին, ինչպես նաև իրավաբանական անձանց պետռեգիստրին: Համակարգն ամբողջությամբ գործի դնելուց հետո հանձնաժողովն արդեն կարող է համեմատել, թե վերը նշված մարմիններում պահվող և հանձնաժողովին ներկայացված տվյալների միջև ինչ անհամապատասխանություն կա: Բայց միևնույն է, հայտնաբերելուց հետո էլ որևէ պատժիչ գործառույթ չի կարող իրականացնել:

«Դեռևս կան որոշակի տվյալների հասանելիության հետ կապված խնդիրներ: Հանձնաժողովը բանկային տվյալներին, հարկային մարմիններում պահվող տվյալներին հասանելիություն չունի, հետևաբար այս ուղղությամբ չունենք գործիքակազմ շտելու, թե բարձրաստիճան պաշտոնատար անձը լիարժե՞ք է եկամուտների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել, թե՞ ոչ: Այն մասով, որ մենք տվյալներն ունենք, ֆիքսում ենք, բայց ֆիքսելը բավարար չէ հետագա գործընթաց կազմակերպելու համար, քանի որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը ելել է պաշտոնյաների բարեխղճության կանխավարկածից և գտել է, որ հավելյալ իրավական ներգործության միջոցներ այս պարտականությունն իրացնելու համար անհրաժեշտ չէ»,- ասում է Ս. Սահակյանը:

Սակայն փորձը ցույց է տվել, որ պաշտոնյաներն այնքան էլ բարեխիղճ չեն: Սիրանուշ Սահակյանի խոսքերով՝ առաջացած հարցերը բարձրացվել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստում, որպեսզի պատասխանատվության միջոցներ նախատեսելու գործընթաց սկսվի թերացող բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ:

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ. Իսկ ո՞վ է զբաղվելու խորհրդի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կոռուպցիոն ռիսկերով

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեության տարրերից մեկն էլ կոռուպցիայի կանխարգելումն է: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ դեկտեմբերի 28-ին կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի երկրորդ նիստը: Առաջին նիստը տեղի էր ունեցել այս տարվա հուլիսի 28-ին:

Կոռուպցիայի դեմ պայքարի նիստից հետո հանդիպում որդու բիզնես գործընկերոջ հետ

Ներկայացվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների լրամշակված նախագծերը: Դրանցով առաջարկվում է բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար առաջին անգամ նախատեսել նախազգուշացում, իսկ 30 օրվա ընթացքում հայտարարագիրը չներկայացնելու դեպքում սահմանել տուգանք՝ 200 հազար դրամի չափով: Դրան հաջորդող 60 օրվա ընթացքում խախտումը չվերացնելու և հայտարարագիրը չներկայացնելու դեպքում կնշանակվի տուգանք 1 մլն դրամի չափով, իսկ անձը կհամարվի եկամուտների հայտարարագիր չներկայացրած:

200-400 հազար դրամի չափով տուգանք է նախատեսվում նաև սխալ կամ ոչ ամբողջական տվյալներ հայտարարագրելու համար: Ամենաբարձր պատասխանատվությունը նախատեսված է կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տեղեկատվությունը թաքցնելու դեպքում՝ նախատեսելով տուգանք 1 մլն դրամի չափով: Տուգանքներ կիրառող մարմինը լինելու է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը:

Տուգանքի չափը արդեն վկայում է այն մասին, որ օրենքը չի գործելու: Օրինակ՝ միլիոնավոր դրամների եկամուտ ունեցող Հովիկ Աբրահամյանը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կամ այլ պաշտոնյաներ, որոնց այլ աղբյուրներից ստացվող եկամուտը մի քանի անգամ գերազանցում է իրենց աշխատավարձի չափ, միթե՞ կարող են վախենալ այդ տուգանքի չափից: Իհարկե ոչ:

Խորհուրդը՝ ի դեմս Հովիկ Աբրահամյանի, հավանություն է տվել նախագծերին: Իսկ առաջին նիստի ժամանակ էլ վարչապետը հայտարարել էր, թե «Այս ոլորտում ահռելի աշխատանք է կատարվել, դա բոլորս պետք է արձանագրենք: Հենց այդ աշխատանքի շնորհիվ է, որ զանգվածային լրատվության միջոցները կարողանում են հետևել հայտարարագրման ընթացքին, բացթողումներ նկատել և քննադատել»:

Վարչապետը ճիշտ է նկատել, հասարակությունը քննադատում է, սակայն դա կառավարության համար այն վերին շեմն է, որից այն կողմ հնարավոր չէ անցնել: Հասարակությանը մնում է միայն քննադատել, իսկ պաշտոնյաներին՝ վայելել պտուղները: Հակառակ դեպքում հարց է առաջանում, ի՞նչ է անում Հովիկ Աբրահամյանը հակակոռուպցիոն խորհրդի նախագահի պաշտոնում: Ինչպե՞ս է նա պայքարելու կոռուպցիայի դեմ: Հրապարակել էինք, որ վարչապետի կնոջ և Արտաշատ քաղաքում վարչապետի ընտանիքին պատկանող սուպերմարկետներում ՀԴՄ կտրոններ չեն տալիս, այլ կերպ ասած՝ թաքցնում են եկամուտներն ու հարկերը:  

Արդյունքը եղավ այն, որ հասարակությունը քննադատեց, իսկ վարչապետը գոհունակությամբ արձանագրեց, որ քննադատելու համար «ահռելի աշխատանք» են իրականացրել:

Իսկ թե ով է բացահայտելու պաշտոնական թվերով վարչապետի հաշվին գոյացած 210 մլն դրամի, 1 մլն 800 հազար դոլարի աղբյուրը, կամ ինչ է վաճառել, որ 30 մլն դրամ գյուղմթերքների իրացումից եկամուտ է ստացել՝ անհայտ է: Գուց հենց այդ անհայտությունն է կոռուպցիայի դեմ պայքարի ամբողջ իմաստը:

Նույնը վերաբերում է նրա կնոջը՝ Ջուլիետա Աբրահամյանին: Միայն 2014թ-ին նրա հաշվին եղել է 220 մլն դրամ, 2 մլն 700 հազար դրամ, ինչպես նաև «այլ եկամուտ»՝ 35 մլն դրամ:

Վարչապետի՝ հավասար տնտեսական դաշտում գործելու կոչերը նրա կնոջ վրա չեն ազդում

Հովիկ Աբրահամյանի կինն ու որդին ձևական դուրս են գալիս ընկերությունների բաժնետերերի ցուցակից

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter