HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Աբու Բաքր Ալ-Բաղդադին` Շամի խալիֆը». Հինգ պատճառ, թե ինչու է պետք կարդալ այս գիրքը

Ընթերցողից ընթերցողին

Գրքերն այն միջոցն են, որոնց օգնությամբ անցյալը հաղորդակցվում է մեզ: Կարդալով Սուրեն Սարումյանի «Աբու Բաքր Ալ-Բաղդադին` Շամի խալիֆը», պետք է ասեմ, որ հեղինակի գրական մուտքն ազդարարող այս վեպը, որը արդի ռազմաքաղաքական հիմնախնդիրների գեղարվեստական արտացոլման յուրահատուկ օրինակ է, կարծես զուգահեռվում է ոչ միայն անցյալին, այլև ընթացող մեկ այլ իրականությանը, շարունակվող կյանքին:

Ըստ իս` թե ինչու է պետք կարդալ այս գիրքը.

1. ՎԵՊԻ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ /ՆՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Վեպը նորություն է ոչ միայն տիրող նոր իրականությանը համապատասխանելու, այլև վեպի ժանրի ներքին սահմաններն ընդարձակելու առումով: Իսկ այն, ինչ ընկալվում է նոր, արդեն իսկ տարբերվում է նախորդ շրջանում եղածից: Վեպի առանցքում աշխարհի ամենաթեժ կետերից մեկում` Մերձավոր Արևելքում սկիզբ առած «Իսլամական  պետություն» շարժման գործունեությունն է: Աշխարհի ուժային կենտրոնները փորձում են չարիքի դեմն առնել, բայց ինչպես միշտ, ազդեցությունը հավասարազոր է հակազդեցությանը: Կարևորում եմ վեպի նշանակությունը նաև ժանրի ներքին հնարավորություններն ընդարձակելու առումով.  քաղաքական վեպի ժանրում արդեն կարելի է առանձնացնել նոր ժանրաձև` ռազմաքաղաքական, մանավանդ որ հեղինակը նաև ռազմական փորձագետ է:

2. ԳԵՂԵՑԻԿ ԽՈՍԵԼՈՒ ԱՐՎԵՍՏ

Դուք սովորում եք խոսել գեղեցիկ, կարդալով հեղինակների, ովքեր լավ են գրում: Դրանում ևս մեկ անգամ կհամոզվեք այս գործը կարդալուց հետո: Այս գիրքը պետք է կարդալ մատիտը կամ գրիչը ձեռքին: Ամեն էջ կարդալուց հետո նշում կամ ընդգծում էի ինձ դուր եկած հատվածը կամ խորիմաստ միտքը: Ինչպես կասեր Անդրե Մորուան, ոչ մի բան այնպես չի ձևավորում ճաշակն ու դատողությունների ճշտությունը, որքան որ դա: Բացի այդ, դուք կլրացնեք ձեր բառաֆոնդը և կընդլայնեք քերականական / լեզվական կարողությունները:

3. ԻՄԱՑԵՔ ԱՎԵԼԻՆ

Դուք ավելի շատ բան կիմանաք ռազմական իրականության մի շարք հայտնի ու անհայտ կողմերի, փաստերի, ռազմավարական նրբությունների մասին: Գրքում փաստագրական նյութեր կան նաև հայ -ադրբեջանական վերջին և ընթացիկ պատերազմների ընթացքում գործող իրական անձանց և դեպքերի մասին: Այսինքն` կարելի է ասել, որ հեղինակը, տիրապետելով տվյալների լայն բազայի, շեշտը դրել է ինչպես անելիքը գեղարվեստորեն իմաստավորելու, այնպես էլ կյանքի ռեալիստական նկարագրությունների և վավերագրական (մի փոքր էլ հրապարակախոսական) տարրերի վրա :

4. ԱՊՐՈՒՄԱԿՑՈՒՄ

Թեև վեպը քաղաքական է, բայց ունի հոգեբանական և հուզական զգայացունց հատվածներ (Ջեյմս Ֆոուլիի վերջին գիշերը): Երբ հասկանում ես, որ  ասելիքը հիմնված է ոչ միայն փաստերի, այլև այնքա~ն իրական հույզի և, կարծես ապրված ցավի վրա: Զգացմունքներ, որոնք ձեզ չէին պատկանում, բայց որոնք դուք կզգաք ինչպես ձերը: Այս առումով անգլիացի վիպագիր Գրեհեմ Սվիֆտը շատ տիպիկ բնորոշում ունի. «Գրականության հուզական կողմն ինձ համար առավել կարևոր է: Եթե գրականությունը չի տանում դեպի ճշմարտություն, այն պետք է տանի դեպի կարեկցություն և տառապանք»:

5. ԶԱՐԳԱՑՐԵՔ ԵՐԵւԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Գրքում բնականորեն միահյուսված են իրականն ու երևակայականը: Երբ կարդում եք վառ երևակայությամբ վարպետորեն ստեղծված դրվագները, դուք երևակայությամբ ու ստեղծագործականությամբ եք հարստացնում ձեր իսկ ուղեղը, ընդլայնում աշխարհայացքը, մտահորիզոնը: Եվ վերջապես, դուք դադարում եք վախենալ տարօրինակ լինելուց :

Տիգրանուհի Մարգարյան

լուսանկարը՝ Ֆեյսբուք սոցցանցից (Սուրեն Սարումյանը՝ ձախից)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter