HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շրջիկ ժամագործը

Դիանա Ղազարյան

Աշոտ Մարգարյանը 56 տարեկան է: 45 տարի է՝ զբաղվում է ժամագործությամբ: Պատանեկության տարիներին այդ աշխատանքը մանկական սեր էր, հետո արդեն՝ հաց վաստակելու միջոց: Առաջին ժամացույցը տասը տարեկանում է նորոգել: Սովորում էր Արզնու գիշերօթիկ դպրոցում, երբ դասաժամին փչացավ ուսուցչուհու ժամացույցը:

«Դասին Մովսիսյանը նկատեց՝ ոսկյա ժամացույցը չի աշխատում: Ես էլ այդ տարիքում արդեն ժամացույցների մեխանիզմ էի բզբզում, ջարդում, հավաքում: Առաջարկեցի՝ ընկեր Մովսիսյան ջան, տուր մի հատ սարքեմ էլի: Հարցական վրաս նայեց, թե՝ Աշոտիկ ջան, փոքր երեխա ես: Համոզեցի, վերցրեցի: Րոպեներ անց նորոգած հետ տվեցի: Հպարտորեն ասաց՝ Աշոտիկ, հրաշք ես, տաղանդավոր, հռչակավոր մարդ ես դառնալու: Բայց կներեք, հիմա փողոցային բոմժ եմ դարձել: Չնայած չեմ մտահոգվում: Կարևորը կարողանում եմ հացս ունենալ, ոչ մեկի մունաթին էլ չեմ մնում: Կարող էի ողորմություն խնդրել, բայց ապրուստս իմ շնորհքով եմ վաստակում»,- պատմում է Աշոտը:

Տասներեք տարեկանից Ռուսաստանի տասնյակ քաղաքներում է աշխատել: Գնացքով միայնակ գնում, շաբաթներ շարունակ աշխատում, գումարը հավաքում և Երևան էր հետ գալիս: Մինչ Սովետական Միության փլուզումը այսպես է ապրել: Դպրոց գրեթե չի գնացել: «Ճիշտ է, անգրագետ եմ, բայց և շատերն են զարմանում իմացությանս վրա»,- ասում է Աշոտը:

Այդ տարիներից սառը ջրով լողանալու, ցուրտ պայմաններում աշխատելու սովորությունն է մնացել: «Եթե տաք ջուրը մտա, կմեռնեմ: Միշտ ասում եմ՝ եթե մի օր մրսեմ, ուրեմն մեռնելուս օրերն են եկել»:

Կնոջ և տասնհինգամյա դստեր հետ ապրում է Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում: Այժմ ժամացույցներ է նորոգում Կոմիտաս այգու դիմաց: Երևան է գալիս առավոտ իննին, գործն ավարտում 16:00-17:00-ին: Շտապում է գնացք նստել, որ մթով տուն չհասի: Հաջորդ օրը մայրաքաղաք հասնելու համար գումար է պահում: Մեկ-մեկ էլ պարտք է վերցնում, չնայած պարտք վերցնելն աշխարհի ամենավատ երևույթն է համարում:

Ասում է՝ «Գլուխ գովել չլինի, բայց թող Հայաստանի բոլոր ժամագործները գան, իմ պես նստեն փողոցում ու նման ցուրտ պայմաններում աշխատեն»:

Իրեն շրջիկ ժամագործ է անվանում: Քառասուն տարիների ընթացքում աշխատել է Աբովյան, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան, Արզնի, Արարատ քաղաքներում: Ինքը, աթոռը, գործիքներով ու ժամացույցներով լի ճամպրուկը անբաժան ընկերներ են:

Ժամագործությունից զատ հեռուստացույց, կենցաղային սարքեր է նորոգում: Կարող է դրանք քանդել, նույն կերպ էլ հավաքել: Բայց, միևնույն է, ամենահոգեհարազատը ժամագործությունն է: «Այն ինձ համար խաղ ու պար է»,- ծիծաղելով ասում է Աշոտը:

Աշխատում է առանց սեղանի: Ցանկացած մեխանիկական ժամացույց ոտքի վրա կանգնած նորոգում ու րոպեներ անց վերադարձնում է: Տուրիստները գալիս, նկարում են, թե ձյան ու անձրևի տակ ինչպես է անձրևանոցը գլխին պահած աշխատում վարպետ Աշոտը:

70-ականներին որպես կինոմեխանիկ աշխատել է Հայաստանի պետական հեռուստաընկերությունում: Հետագայում առևտրով է զբաղվել: Տարիներ առաջ Երևանի պետական կոնսերվատորիայում բանվոր է աշխատել:

Աշոտը խուսափում է կրպակում ժամագործություն անել, քանի որ մտավախություն ունի, որ ամսական վճարները, հարկային մուծումները չի կարողանա կատարել: «Ժամացույց նորոգելն արդեն շահութաբեր չի, մեռած վիճակ է», -ասում է նա:

Ցավով է հիշում տարիների վաղեմությամբ դեպքերը, երբ նրան թալանել, ծեծել են:

Տարիներ առաջ աղջիկը հիվանդ էր, պայմանները՝  վատ, որոշեց ժամացույց և հեռուտացույց նորոգել Կոմիտաս փողոցում: Մի օր ոստիկանության աշխատող եկավ, ոտքով հարվածեց հեռուստացույցին, հայհոյախառն ասաց՝ արա, հավաքվի գնա: 

Անկեղծանում է՝ բոլոր արհեստների մեջ խաբեությունը կա: Հիշում է հաջորդ ծեծը: Շրջանայինի տարածքում էր աշխատում, երբ այլ ժամագործ հարձակվեց վրան: Պարզվել էր՝ մի աղջկա ժամացույց նորոգելու համար Աշոտը 600 դրամ էր ուզել, այնինչ այդ ժամագործը 4000 էր առաջարկել: Հետո աղջիկը միամտաբար գնացել էր ժամագործին ասել՝ տեսա՞ր, ինչ էժան գնով նորոգեցի: «Թե դու ով ես, գործիս ուզում ես խփես»,- բարկացել էր ժամագործը: Ասում է՝ լավ է, տեղում համարձակ տղաներ կային, իրենց հանդարտեցրին:

Հիմա նրան չեն անհանգստացնում: Կարծում  է՝ տարիքն են հարգում, տեսնում են, որ հացը արդար ձևով է վաստակում:

Դեկտեմբերի 31-ին Աշոտի ծնունդն է: Ասում է՝ երևի աշխատանքի կգամ: Չի սիրում ծննդյան օրը: Սկսում է տխրել, որ «շատը գնաց, քիչը մնաց»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter