Մեկնարկել է «Գիսանե» երիտասարդական հանրապետական թատերական փառատոնը
Նոյեմբերի 10-ից 20-ը Երևանում անցկացվում է «Գիսանե» երիտասարդական հանրապետական 1-ին թատերական փառատոնը: Այն կազմակերպել են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական խորհուրդը, Երևանի երիտասարդական թատրոնը և «Գիսանե» ՀԿ-ն ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
«Գիսանե» փառատոնին մասնակցում են Երևանի, Հրազդանի, Գյումրու, Վանաձորի, Գորիսի երիտասարդ ստեղծագործողները: Մրցութային հանձնաժողովը լավագույն բեմադրություններին մրցանակներ կշնորհի հետևյալ անվանակարգերում' «Տարվա լավագույն ներկայացում», «Լավագույն երիտասարդ ռեժիսոր», «Լավագույն դերասան(ուհի)», «Երկրորդ պլանի դերասան(ուհի)», «Լավագույն բեմանկարիչ», «Լավագույն լուսային ձևավորում», «Լավագույն ձայնային ձևավորում»:
Փառատոնի նպատակն է թատերական կյանքի մեջ ներգրավել ինչպես մայրաքաղաքի, այդպես էլ ՀՀ մարզերի երիտասարդական թատերական խմբերին, կազմակերպել վարպետության դասընթացներ վաստակաշատ արտիստների ու անվանի թատերական գործիչների մասնակցությամբ:
ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ՝ այս նախաձեռնությունը միտված է խթանել երիտասարդ բեմադրիչների և դերասանների մասնագիտական զարգացումը, անհատ ստեղծագործողների ու ստեղծագործական խմբերի մասնագիտական մակարդակը, փորձի փոխանակումը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել