HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Մնացականյան. «ԼՂՀ պաշտպանության բանակը պատվով է կատարել իր գլխավոր առաքելությունը»

ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լ. Հ. Մնացականյանի շնորհավորական ուղերձը գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Հարգելի զինակիցներ,

Ավարտին է մոտենում հերթական բանակային տարին, որը Արցախի զինված ուժերի համար լեցուն էր նշանակալի ձեռքբերումներով ու լրջագույն փորձություններով:

Անցնող 2015թ. նշանավորվել է առաջնագծում լարվածության անշեղ աճով: Շարունակելով իր ապակառուցողական քաղաքականությունը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը սահմանագծում տիրող լարվածությունը հասցրեց որակական նոր աստիճանի: Հրադադարի հաստատումից ի վեր հակառակորդն առաջին անգամ գործածության մեջ դրեց հրետանի և տանկեր՝ միաժամանակ շարունակելով իրականացնել դիվերսիոն-հետախուզական փորձեր:

ՊԲ անձնակազմի պատշաճ պատրաստության, բարոյակամային բարձր որակների շնորհիվ հակառակորդի բոլոր ծրագրերը մշտապես ձախողվել են, յուրաքանչյուր ոտնձգություն ստացել է խիստ պատասխան՝ նրան արժենալով մարդկային կյանքեր: Ցավոք սրտի, ծառայողական պարտականությունները կատարելիս հերոսաբար ընկել են նաև մեր զինակիցները: Փառք ու պատիվ նրանց անմար հիշատակին:

Հայրենիքի սահմանին լարվածության աճը 2015 թ. ավելի է ամրապնդել հասարակության և բանակի անխախտ կապը, երկրի իշխանությունները, ամբողջ հասարակությունը մշտապես եղել են բանակի կողքին: Թե՛ առաջնագծում մարտական հերթապահության իրականացման ժամանակ, թե՛ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված լայնածավալ գործընթացներում պաշտպանության բանակի անձնակազմը զգացել է ժողովրդի մշտական ուշադրությունն ու հոգածությունն իր հանդեպ:

Բանակի նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունը հնարավորություն է ստեղծել սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման ու արդիականացման, ուսումնանյութական բազայի և ապահովման բոլոր տեսակների կատարելագործման համար, առանձնահատուկ կարևորություն է տրվել մարտական հերթապահության կազմակերպմանն ու առաջնային գծի տեխնիկական կահավորվածության ամրապնդմանը, ինչի արդյունքում պետության պաշտպանունակությունը բարձրացել է որակական նոր աստիճանի: Իր վճռական գործողություններով բանակն ապահովել է նաև հայկական կողմի ամուր և վստահ դիրքերը արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցություններում:

Այսօր, իրավամբ, կարելի է փաստել, որ 2015 թ. ԼՂՀ պաշտպանության բանակը պատվով է կատարել իր գլխավոր առաքելությունը՝ Արցախի պաշտպանությունն ու հարազատ ժողովրդի անվտանգ կենսագործունեությունը:

Թույլ տվեք ՊԲ հրամկազմի և անձամբ իմ անունից շնորհավորել բանակի ողջ անձնակազմին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել անձնական երջանկություն և ծառայողական հաջողություններ:

Թող 2016 թվականը յուրաքանչյուրիս համար լինի խաղաղության և առաջընթացի տարի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Մեկնաբանություններ (1)

Վահան Ասրապեան
Շնորհաւոր Ձեր Նոր Տարի 2016-ը, մեր պարծանք Հայոց զոյգ Պաշտպանական Բանակներու (ՀՀ + ԼՂՀ) Արծիւնե՛ր: Երկաթեայ առողջութիւն, անվտանգ, բարի ու յաղթական ծառայութիւն կը մաղթեմ հայրենի սահմանները պաշտպանող մեր բոլոր քաջարի զօրականներուն` մեր նորակոչիկ 18-ամեայ մատղաշ որդիներուն, շարքայիններուն, ենթասպաներուն, սպայակազմին ու հրամանատարներուն: Համբերութիւ՛ն աչքը ճամբին ձեր բարի վերադարձն սպասող ձեր ծնողներուն: ՍԱՀՄԱՆ ՔԱՋԱՑ` ԶԷՆՆ ԻՒՐԵԱՆՑ... Վահան Ասրապեան Ճարտարապետ Հայրենիքի նկատմամբ իր պարտքը պատուով կատարած երիտատարդ Հայ Զինուորի Հպարտ Հայր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter