
Գյումրեցի ճանաչված խոհարարը գերադասում է ապրել ու աշխատել հարազատ քաղաքում
Խոհանոցում հոմերական քրքիջ է պայթում, երբ հարցնում եմ գլխավոր խոհարարի՝ Մկրտիչ Ղեւոնդյանի տարիքը: «Կլինի՞ տարիքս չգրեք,- չընդհատելով սոխ կտրատելը՝ խորամանկորեն ժպտում է Մկրտիչը (Մկոն), հետո ցույց տալով աշխատակիցներից մեկին՝ կատակում է,- գիտեմ, որ Հրաչը 1969 թիվն է, ես էլ իրանից հինգ տարի եմ փոքր: Ըստեղ հեչ մարդ տարիքս չիդե, սաղ գիտեն, օր իրանցից ջահել եմ»:
«Դե լավ, տարիքդ չես ասում, գոնե ասա` քանի տարի ես այս ոլորտում աշխատում» ,- խորամանկում եմ ես՝ վստահ լինելով, որ աշխատանքային փորձառության հետ կապված տարիները նշելու է հպարտությամբ, ու եթե մի բան չավելացնի՝ հաստատ չի էլ պակասեցնելու: Խայծը նպատակին ծառայում է. «Դե արդեն 32 տարի է` էս ոլորտում եմ» ,- Մկոն ձեռքն է վերցնում գազարն ու քերիչը:
«Ընկանք ղարսեցի տատիս օրը:- զվարճանալով ստեղծված ուրախ տրամադրությամբ` շարունակում է խոսակցությունը Գյումրիում իր պատրաստած համեղ ուտեստներով հայտնի «Փարվանա» ռեստորանի շեֆ-խոհարար Մկոն,- Իրան օր կհարցնեինք, թե տատ, երբ ես ծնվել, մի հատ պատմություն կպատմեր՝ կապված իր ամուսնության հետ: Կըսեր՝ ես գիտեմ, օր ջարդից առաջ եմ ծնվել: Ինքը 13 տարեկան է եղել, որ ամուսնացրել են, ձմեռ է եղել, պապիկս ադյալներով փաթաթել, դրել սանկի վրա բերել է, մինչեւ հասել են Ղարիբջանյան գյուղի մոտ, հետ է դարձել, տեսել է, օր հարսը չկա, քնել ընկել է սահնակի վրայից: Ու աչքիս ես էլ տատիս եմ քաշել՝ հենց տարիքս կհարցնեն, կընկնիմ սար ու չոլ»:
Երկու մեծ գազօջախների վրա մի քանի ուտեստներ են պատրաստվում: Խաշի նախնական պատվեր ունեն, մյուս ճաշատեսակն անծանոթ է թե՛ տեսքով, թե՛ բուրմունքով: Մկոն մանր կտրատած երշիկը լցնում է խլթխլթացող կարմրավուն ջրի մեջ, հետո ավելացնում ինչ-որ կանաչ հատիկներ, որոնք տեսքից պահածոյածված ոլոռ են հիշեցնում:
«Ոլոռ չի, կապար բույսի ծաղիկներն են,- պարզաբանում է Մկոն,- օգտագործում են ուտեստի բուրմունքն ավելի հարստացնելու համար, հիմնականում գործածում են թթու սուպերի, «Ցեզր» սալաթի սոուսի մեջ, մսեղենից պատրաստվող կերակրատեսակների մեջ են օգտագործում: Հայաստանում այս բույսը հիմնականում աճում է Արարատյան դաշտավայրում, խանութներից կարող եք գնել պահածոյածված պատրաստի տարբերակը»:
Համեմունքի հետ կապված կարճ էքսկուրսն ավատելով՝ Մկոն սկսում է մանրամասնել «Սալյանկա» կոչվող ճաշատեսակի բաղադրությունը: «Իմիջայլոց խումհարի լավ միջոց է,- ծիծաղում է Մկոն,- վատ չէր լինի ամանորին սա ունենալ տանը պատրաստած: Ճաշատեսակը ռուսական ծագում ունի, հիմնական բաղադրությունը դա տավարի միսն է, մի քանի տեսակի երշիկեղեն, կապար ծաղկի բողբոջերն են, կիտրոն, ձիթապտուղ եւ թթվասերն էլ վերջում պիտի ավելացնենք: Տավարի միսը մանր կտրատելուց հետո սոխի հետ տապակում ենք, ավելացնում ենք տոմատի սոուս, թթու վարունգի մարինադ, ավելացնում ենք նաեւ մանր կտրատած թթու վարունգ, մանր կտրատած երշիկ, ապխտած միս, ցանկալի է ավելացնել տավարի մսաջուր: Պատրաստ լինելուց եւ ամանի մեջ լցնելուց հետո ավելացնում ենք կիտրոնի մեկ շերտ, ձիթապտղի մի քանի հատիկ, թթվասերն էլ՝ ըստ ճաշակի»:
Մկրտիչի անսովոր արագաշարժությունը զարմացնում է՝ հենց նոր ճաշն էր խառնում, վայրկյաններ անց օգնականի բերած բանջարեղենն է տեսակավորում, եւս երկու րոպե եւ սեղանի վրա է շարում պատրաստվելիք աղցանի համար նախատեսված մթերքները: Հայացքիս ի պատասխան մեղավոր ժպտում է. «զակաս ունենք, էս օրերին զակասները շատ են, չենք հասցնե, հըլը լավ է էսօր եկաք, էսօր մի քիչ թեթեւ է վիճակներս»: Խոսելու ընթացքում քերիչով անցկացնում է գազարը, սխտորը, կտրատում սոխը, օգնականը բերում է արդեն եփած կարմիր հատ լոբին ու հավի կրծքամիսը:
«Սալաթ եմ սարքելու:- տեղեկացնում է զրուցակիցս,- Հիմա գազարը ձիթայուղով տապակելու եմ, հասցնեմ կիսապատրաստի վիճակի, դրանից հետո ավելացնելու եմ խաշած լոբին, խմելի-սունելի, աղացած կարմիր պղպեղ, սոխառածն եմ ավելացնելու, հավի միսը, երբ հովանա, վրան ավելացնելու եմ քերիչով անցկացրած սխտորը, մատուցելուց առաջ մի փոքր կետչուպ ու մայոնեզով համեմելու եմ, էս սալաթը սովորաբար մատուցում ենք չորահացով»:
Մկրտիչ Ղեւոնդյանին Գյումրիում լավ են ճանաչում, շատերն են համտեսել նրա պատրաստած ճաշատեսակները: Ծնվել ու մեծացել է ներկայիս Արցախ, նախկինում «թուրքի մայլա» կոչվող թաղամասում: «Թաղամասդ ասեմ, թե ընտրածդ մասնագիտությունը»,- կատակում եմ՝ նկատի ունենալով թաղի՝ Գյումրիում ունեցած համբավը: «Դե հիմա ես էլ խոհարար դարձա»,- Մկոն ծիծաղում է:
Պատմում է, որ պատրաստել սիրում էր դեռ մանկուց՝ մորն ու տատիկին էր օգնում: Իր կյանքի երկու կարեւոր կանայք էլ հրաշալի պատրաստել են: «Հիշում եմ ղարսեցի տատիս սարքած ուտելիքները, ինքը արեւմտյան Հայաստանի ուտեստներ հաճախակի էր պատրաստում, մեր տանը պատրաստվող փախլավան 40 թերթանի էր, շերտերը նկատի ունեմ, հիմա էդ համի ու տեսքի փախլավա ամեն մարդու սեղանին չեք տեսնի: Մեր ընտանիքում սիրում էր պատրաստել նաեւ հայրս: Ես քույր ու եղբայր ունեմ, բայց մաման, որ հիվանդանում էր, ճաշերը ես էի սարքում»,- հիշում է Մկրտիչը:
Մասնագիտական կրթությունը ստանում է նախ Գյումրիում, հետո՝ Մոսկվայում: Աշխատում է հայտնի «Իզմայլովո» հյուրանոցի ռեստորանում, հետո Արբատ փողոցում գտնվող «Պրագա» ռեստորանում: 90-ականների հետ կապված ունի ե՛ւ տխուր, ե՛ւ զավեշտալի հիշողություններ:
«Ռաֆաելլո» կանֆետները նոր էին ելել, առա մե տուփմ ուղարկեցի մերոնց: Մեկ էլ Գայան քուրս զանգեց, թե՝ Մկո, էս տոնածառի խաղալիքներն ու՞մ ես ղրկել: Նոր բացատրեցի, թե կոնֆետ է, կերեք: Հետո համն ընկել էր բերանները, ամեն զանգելուց գուզեին էդ «տոնածառի խաղալիքներից»,- Մկոն ծիծաղում է:
Մոսկվայում բնակվել է 5 տարի: Աշխատանք ուներ, սակայն ծննդավայրն ու մոր կարոտը ձգում էին: 1995թ-ին վերջնականապես վերադառնում է Գյումրի: «Սաղ քաղաքից կերթային՝ ես հետ եկա: Ցուրտ, մութ տարիներն էին, աերոպորտը մե լույսմ կվառեր, բայց իմ համար էական չէր, կարեւորը, որ տուն էի հասել:- հիշում է զրուցակիցս,- Մոսկվա աշխատելու տարիներին հյուրանոցը, ուրտեղ կապրեի, անտառի մեջ էր: Կհավատա՞ք՝ էդ ծառերի տեսքը կազդեր վրես, մանավանդ, երբ օր կզանգեի ու կիմանայի Գյումրի վառելիք չկա, փայտ չկա, ծառ էլ չի մնացել կտրեն: Մուգ գույնի վարագույր էի կախել սենյակս, որ էդ ծառերը չտեսնեի»:
Փոքր քաղաք է Գյումրին, լավ մասնագետի համբավն արագ է տարածվում: Աշխատանքի խնդիր ոչ 90-ականներին, ոչ էլ առավել եւս հիմա Մկրտիչ Ղեւոնդյանը չունի: «Մոսկվայից գալուց հետո «Նու պագաձի» խանութի մոտ «Կրոկուս» սրճարան կար, կհիշե՞ք, էնտեղ կաշխատեի, հետո էլի տեղեր եմ աշխատել, էս վերջին 15 տարին «Փարվանա» ռեստորանում եմ: Մոսկվայի ընկերներս ռեստորան ունեն, կանչեցին՝ չգնացի: Ճիշտն ըսած, առաջ էլ Գյումրիից դժվարությամբ կբաժանվեի, հիմի տարիքի հետ կապված՝ առավել եւս, հետո էլ տնօրենս լավ տղա է, նորմալ կաշխատինք, ինչի՞ գնամ, շատ դժվար է ամեն անգամ զրոյից սկսելը: Էս վերջերս Ֆրանսիայից հրավեր ունեի, բայց 7 հազար եվրո էր պետք, որ գնայի երկու ամիս աշխատեի՝ ստիպված մերժեցի գումարի չլինելու պատճառով»:
Հարցնում եմ, թե կա՞ որեւէ ուտեստ, որ պատրաստում է, սակայն ոչ մի դեպքում չի ճաշակի: Պարզվում է՝ կա. գառան կամ ոչխարի մսով պատրաստված ցանկացած ճաշատեսակ: «Բացարձակապես չեմ ուտում, իսկ ընդհանրապես շատ պահանջկոտ չեմ, ինչ էլ լինի կուտեմ, շատ եմ սիրում պասուց ու խաղողի թփով տոլմա, սիրում եմ թթու կաղամբից պատրաստված ճաշեր, շոկոլադ, թխվածքներ՝ չնայած դիետայի վրա եմ:- ծիծաղում է,- Եես մասնագիտությամբ խոհարար-հրուշակագործ եմ: Խոհանոցում աշխատանքի որեւէ տարանջատում չեմ անում, բայց զգում եմ, որ էս վերջին տարիներին ավելի հակված եմ դեսերտային ուտեստների պատրաստմանը, ավելի հաճույքով դա եմ անում»:
Մկոն ամուսնացած չէ: «Ինչու՞» հարցին սկզբից կատակով է պատասխանում՝ «իմ էշ խելքն ըսա», հետո լրջանում է. «Էնպես չէ, որ ընկերուհիներ չեմ ունեցել, շատ էին ու երեւի դրանից էր, որ ժամանակին չկարողացա կողմնորոշվեի, համ էլ ավելի շատ մասնագիտությանս էի սիրահարված, կարող է էդ եղավ պատճառն իմ չամուսնանալու, համ էլ եսիմ ու՞մ առնեի, օր ինձնից լավ պատրաստեր»,- կրկին հումորով զրույցն ամփոփում է Մկոն՝ Մկրտիչ Ղեւոնդյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել