
Ինչո՞ւ հայերս պետք է ցանկանանք, որ «սիոնիստները» ճանաչեն մեզ
Մարգար Մելքոնյան
«Նույնիսկ այսօր պարտրաստ եմ կամավորագրվել և անել Իսրայելի կեղտոտ գործը, սպանել այնքան արաբի, որքան պետք է, արտաքսել, վտարել և վառել նրանց, անել այնպես, որ մեզ բոլորն ատեն, սփյուռքի հրեաների ոտնատակից քաշել գորգը, որ նրանք արցունքն աչքերին մեզ մոտ վազեն: Նույնիսկ եթե դրա համար կպահանջվի այստեղ-այնտեղ մեկ-երկու սինագոգ պայթեցնել, հոգ չէ: Ինձ չի հետաքրքրում նաև այն, որ երբ գործը կատարված լինի, կկանգնեցնեք ինձ ինչ-որ նյուրենբերգյան դատարանի առաջ և կբանտարկեք ցմահ։ Կախե՛ք ինձ, եթե կուզեք, որպես պատերազմական հանցագործի...»
Սրանք Արիել Շարոնի խոսքերն են՝ մեջբերված իսրայելական «Դավար» (Davar) օրաթերթի 1982թ. դեկտեմբերի 17-ի համարում տպագրված հարցազրույցից։
Այս խոսքերն արտաբերելիս նա Իսրայելի պաշտպանության նախարարն էր։ Այդ պաշտոնում նա ղեկավարեց 17 000 քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ հայերի սպանդը Լիբանանում, ինչպես նաև ջարդը հազարավոր անզեն քաղաքացիների (որոնցից շատերը՝ կանայք և երեխաներ)՝ Բեյրութից ոչ հեռու գտնվող փախստականների Սաբրա և Շաթիլլա ճամբարներում։ Տասնվեց տարի հետո նա ընտրվելու էր Իսրայելի վարչապետի պաշտոնում: Իսկ 2002թ. ապրիլի 18-ին Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը Շարոնին գովաբանեց որպես «խաղաղության մարդու»։
Իսրայելի ներկայիս վարչապետ Բենյամին Նեթանյահուն համարվում է շատ ավելի «կոշտ» քաղաքական գործիչ, քան Շարոնը։ Նրա ղեկավարությամբ սիոնիստական զինուժը խիտ բնակեցված Գազայի հատվածը ենթարկեց անդադար ռմբակոծության՝ խլելով հազարավոր քաղաքացիական բնակիչների կյանքեր, ավելի քան կես դար ռազմական օկուպացիայի մեջ ապրող միլիոնավոր մարդկանց ենթարկեց կոլեկտիվ պատժի և ամերիկացի հարկատուներին ստերով ներքաշեց մեկ տրիլիոն դոլար արժեցող պատերազմի մեջ Իրաքում, որը մինչ այժմ մեկ միլիոնից ավելի մահերի պատճառ է դարձել և կենդանի դժոխքի է վերածել տասնյակ միլիոնավոր երեխաների կյանքերը։
Խորամիտ մարդիկ կանգ կառնեին ու կմտածեին, թե այդ ի՞նչ տեսակի երկիր է, որ կարող է ընտրել Նեթանյահուի, Շարոնի և Մենաչեմ Բեգինի պես հրեշներին՝ երկրի բարձրագույն պաշտոնում։
Վարչապետի իր պաշտոնից բացի՝ Նեթանյահուն նաև սիոնիստական օրենսդրի՝ Քնեսեթի անդամ է։ Ահա այս պայմաններում է, որ Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը 2015թ. դեկտեմբերի 12-14-ն այցելեց Երուսաղեմ ու Թել Ավիվ։ Պատվիրակության այցելության նպատակը, ինչպես հաղորդվեց, հորդորելն էր Քնեսեթի անդամներին՝ «ճանաչել» Հայոց ցեղասպանությունը։ Հայկական պատվիրակությունը հայտարարեց, թե Իսրայելն ու Հայաստանը՝ «միջազգային համայնքի» հետ միասին, պետք է «շարունակեն իրենց պայքարը մարդկության դեմ հանցանքները կանխարգելելու ուղղությամբ»։
«Միջազգային հանրության» իրազեկ և պարկեշտ անդամների համար այս այցելության ամենակարևոր ուղերձը հայաստանյան պաշտոնյաների բթամտությունն ու կեղծավորությունն էր։
Հայաստան և Իսրայել. ընդհանուր շատ բան չկա
Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության գովազդած մարդասիրական նպատակը Թել Ավիվում ավելի քան խեղաթյուրված է։ Թույլ տվեք սույն պնդման մի քանի հիմքեր ներկայացնել.
- Նախ, Իսրայելը երբևէ ՉԻ ՎԵՐԱՊՐԵԼ ցեղասպանություն այն պարզ պատճառով, որ իսրայելցիները երբևէ ՉԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ցեղասպանության։ Հրեա ժողովուրդն, անշուշտ, ենթարկվել է զանգվածային ոչնչացման սարսափելի, ցեղասպան արշավի գերմանական ֆաշիստների կողմից։ Մենք խոնարհվում ենք Հոլոքոստի, ինչպեսև տասյակ միլիոնավոր ռուս և այլազգի զոհերի հիշատակի առջև։ Չպետք է երբևէ մոռանանք նրանց, և պետք է զգոն լինենք այն մարդկանց նկատմամբ, ովքեր կփորձեն փոքրացնել Հիտլերի հանցանքների նշանակությունը։
Սակայն հրեաների մեծ մասն իսրայելցիներ չեն, և Իսրայելի հրեաների ավելի քան 60%-ը, այդ թվում՝ միզրահիները, սերում են տարածքներից, որոնք հազարավոր կիլոմետրեր հեռու են Երկրորդ համաշխարհային պատերազմի եվրոպական թատերաբեմից։ Այդուհանդերձ, և՛ իսրայելցիները, և՛ հայերն ու մնացած բոլորը պետք է դաս քաղեն, որ անպարկեշտություն է էթնիկ զտումներն արդարացնելը՝ մատնանշելով նախկինում զոհ լինելու սեփական փորձը:
Այն մարդկանց համար, ովքեր տարված չեն «ընտրյալ ժողովրդի» առասպելաբանությամբ, որևէ երկիր «վերադառնալու իրավունքի» ռասայական փաստարկները չեն կարող ավելի համոզիչ լինել, քան կրոնական փաստարկները։ Հարմար սկզբունք կլիներ (ինչպես Պաղեստինում, այնպես էլ՝ Լեռնային Ղարաբաղում) ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄԸ, ոչ թե ծագումնաբանությունը կամ կրոնական փաստարկները։ Բայց նույնիսկ եթե ընդունելու լինենք սիոնիստների ռասայական վարկածները, միևնույն է` նրանք պարտվում են բանավեճում. մոլեկուլային գենետիկայով զբաղվող գիտնականների տվյալներով՝ պաղեստինցիները ծագումնաբանորեն ժառանգ են հին իսրայելցիներին նույնքան, որքան Իսրայելում բնակվող հրեաները։
– Երկրորդ, Հայաստանի Հանրապետությունն ու Իսրայելը երկու խիստ տարբեր վարչաձևեր են. Իսրայելը գաղութարար նորաբնակ պետություն է, Հայաստանը՝ ոչ։ Ինչպես և Հարավային Աֆրիկայում բնակություն հաստատած աֆրիկացիները, իսրայելցիները նորաբնակների և նրանց ժառանգների մի մոդեռն ազգ են, որոնք հիմնադրեցին կայազորային պետություն։
Հայաստանի և Իսրայելի միջև անբնական զուգահեռներ նյութելով՝ փոքրաքանակ և նվազող «Իսրայելի հայ բարեկամները» օգնության ձեռք են մեկնում թուրք ազգայնականներին, որոնք տարածում են այն սուտը, թե իբր հայերն անկոչ հյուրեր են, որոնք Հայաստանի հողի հետ չունեն ոչինչ ավելին, քան առասպելական կապվածությունը։ Այս թեզը զարմանալիորեն նման է սիոնիստական առասպելաբանությանը, որը պաղեստինցիներին պատկերում է իբրև Իսրայելի Հողում վերջերս բնակություն հաստատած անկոչ հյուրեր։ Իրականությունն այն է, որ հայերը, ի տարբերություն Իսրայելի հրեաների մեծ մասի, և ճիշտ ինչպես պաղեստինցիները, օտար գաղութային տիրապետության ԱՐԴՅՈՒՆՔ չեն, ընդհակառակը, նրանք ՀԱՆԴՈՒՐԺԵԼ են օտար գաղութային տիրապետությունը։
- Իսրայելը կայազորային պետություն է, Հայաստանը՝ ոչ։ Կայսերական մի գերտերություն շռայլորեն սուբսիդավորում է Իսրայելին ու օգտագործում որպես հեռակառավարման վահանակ՝ կառավարելու վճռական ռազմավարական նշանակություն ունեցող այդ տարածաշրջանի պաշարները, շուկաները և բնակչությունը։ Ամերիկյան հարկատուները սուբսիդավորում են պաղեստինյան հափշտակված հողերի վրա բնակություն հաստատած նորեկների շքեղ բնակարանների կառուցումը։ Իսրայելցիները Միացյալ Նահանգներից ամեն տարի ստանում են միլիարդավոր դոլարների օգնություն, ինչպես նաև վարկեր, հարկերից ազատված նվիրատվություններ, տեխնոլոգիական տրանսֆերներ, Վեցերորդ նավատորմի պաշտպանություն և բացարձակ դիվանագիտական հովանի (Տե՛ս, օրինակ, Shirl McArthur, “A Conservative Estimate of Total U.S. Direct Aid to Israel: More Than $130 Billion,”WRMEA, Oct./Nov. 2013)։
Այս ամենն արվում է՝ տարածաշրջանի նավթային պաշարների, Սուեզի ջրանցքի, կապիտալի հսկայական շուկաների նկատմամբ ամերիկյան իմպերիալիստական տիրապետությունը ապահովելու դիմաց՝ դուրս մղելով Ռուսաստանին և Իրանին և սատարելով տեղական հաճախորդներին, մասնավորապես՝ Սաուդյան թագավորական ընտանիքին, եգիպտական բանակին և Ծոցի կոռումպացված վարչախմբերին։ Ընդունելով սա՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ալեքսանդր Հայգն Իսրայելը բնութագրել է որպես «ամենամեծ ամերիկյան ավիակիրն աշխարհում»։ Երբ սիոնիստական կայազորը դադարի այս գործառույթն իրականացնել, այն կդադարի գոյություն ունենալ։
Իսրայելի հանցանքները մարդկության դեմ
Ինչ վերաբերում է «մարդկության դեմ հանցանքները կանխարգելելու ուղղությամբ իրենց պայքարը շարունակել»-ու ձևական նպատակին, թույլ տվեք մատնանշել ակնհայտը. սիոնիստական վարչակարգն ինքն է պատասխանատու մարդկության դեմ հանցանքներ գործելու համար, և այդ հանցանքները չեն սահմանափակվում Պաղեստինով, Լիբանանով և Սիրիայով։ Թել Ավիվը սատարել է հեռուն տարածվող բռնապետությունների, պատերազմների, մահվան ջոկատների՝ Թայվանից մինչև Զաիր, Նիկարագուայից մինչև Նամիբիա և Հարավային Աֆրիկա։
Իրապես, իսրայելական զինուժը զինել և օժանդակել է ցեղասպանություններ սանձազերծողներին։ 1980-ականներին, երբ նույնիսկ Միացյալ Նահանգների կոնգրեսը հրաժարվեց զենք տրամադրել արյունոտ Ռիոս Մոնթի ռեժիմին Գվատեմալայում, Իսրայելը միջամտեց և զինեց գվատեմալական զինուժը և մահվան ջոկատները։ Ռիոս Մոնթի օրոք մինչև 200 000 գվատեմալացիներ սպանվեցին մահվան ջոկատների ու գվատեմալական բանակի կողմից, տասնյակ հազարավոր այլ քաղաքացիներ (ինչպես փաստագրել են Կաթոլիկ եկեղեցին ու ՄԱԿ-ը) բռնաբարվեցին ու կտտանքների ենթարկվեցին։
Գվատեմալայի մայա ժողովուրդը հայերի նկատմամբ ոչ մի հանցանք չի գործել։ Ինչո՞ւ են, ուրեմն, Հայաստանի պատվիրակները քծնում նրանց, ովքեր օգնել են սպանել նրանց։ Այն էլ՝ ոչ ավել, ոչ պակաս՝ հանուն «մարդկության դեմ հանցանքների կանխարգելման»։ Եթե Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակներն իսկապես մտահոգված լինեին մարդկության դեմ հանցանքներ կանխելով, նրանք կնստեին տանն ու կդատապարտեին սիոնիստական վարչախմբին։
Մարդկության դեմ սիոնիստական անպատիժ հանցանքների երկար ցանկին անշուշտ կարելի է ավելացնել նաև միջուկային շանտաժը։ Նրանք այդպես էլ չմիացան միջուկային զենքը չտարածելու միջազգային պայմանագրին, և երբևէ թույլ չեն տվել միջազգային ստուգումներ անցկացնել իրենց միջուկային գործարաններում։ Ռասայական խտրականությամբ հայտնի Հարավաֆրիկյան Հանրապետության իրենց ռազմավարական գործընկերների և գաղափարական երկվորյակների հետ միասին սիոնիստները մշակեցին և փորձարկեցին միջուկային զենք, և այդ ժամանակից ի վեր նրանք արտադրել են միջուկային հարյուրավոր մարտագլխիկներ, որոնք տեղակայել են կործանիչների ռումբերի, հրթիռների, Դելֆին II դասի «դժոխքի սուզանավերի» վրա։ Երևանը լիովին կտեղավորվեր դրանց պայթյունի գոտիներից որևէ մեկում:
Մեր թշնամիներին քծնելը
Սիոնիստները բազմիցս են իրենց դրսևորել որպես հայ ժողովրդի թշնամիներ։ Հայոց ցեղասպանության ակտիվ մերժման տասնամյակները նրանց վիրավորանքներից ՓՈՔՐԱԳՈՒՅՆՆ են։ Նորություն չէ, որ Թել Ավիվն ու Անկարան տասնամյակներ շարունակ ռազմավարական դաշինքի մեջ են, իսկ ներկայում Թել Ավիվը ռազմական և հետախուզական օգնություն է տրամադրում Ադրբեջանին։ Այս թեմայով շատ ավելին կարելի է նշել, սակայն ոչ այս հոդվածում: Փոխարենը, թույլ տվեք նշել մի քանի պակաս հայտնի նկատառումներ.
- Սիոնիստական գործակցությունը թուրք էթնիկ զտողների հետ հասնում է արդի սիոնիստական շարժման նախնական ժամանակները. օրինակ՝ Թեոդոր Հերզլի օրագրում արված մի գրառման համաձայն (օգոստոսի 30, 1899թ.)՝ արդի սիոնիզմի հիմնադիրը միջամտեց՝ «խեղդելու հայկական բիզնեսը» եվրոպական մամուլում, 1890-ականների կոտորածների նախօրեին։ (Վաղ սիոնիսների և օսմանյան Բարձր դռան հարաբերությունների մասին ավելի մանրամասն տե՛ս Marwan R. Buheiry, “Theodor Herzl and the Armenian Question,” Journal of Palestine Studies, Vol. 7, No. 1 (1977) և Yair Auron, The Banality of Denial: Israel and the Armenian Genocide (2003))։
- Սիոնիստական օկուպացիան վերացրել է Երուսաղեմի հայկական հինավուրց թաղամասը։ Հայկական համայնքը Երուսաղեմում ավելի քան տասնվեց դար կարողացել է դիմակայել ներխուժումների, արշավանքների և գաղութային տիրապետության, սակայն սիոնիստական օկուպացիայի յոթանասուն տարիները, գույքի բռնագրավումը և ճնշումը պարզապես սրբեցին մեր վաղեմի ներկայությունը Սուրբ հողում։ Հարյուր տարի առաջ Երուսաղեմի հայկական համայնքը բաղկացած էր շուրջ 20 000 անդամից։ 1967թ. Արևելյան Երուսաղեմի օկուպացիայից հետո համայնքը նոսրացավ, այսօր այնտեղ մի քանի հարյուր հայ է ապրում։
Պաղեստինում ապրող հայերը չեն ցանկանում լինել սիոնիստական օկուպացիայի ներքո։ Պաղեստինի ազատագրման կազմակերպության նախկին ղեկավար Յասիր Արաֆաթը Պաղեստինի հայերի շրջանում մեծ տարածում ունեցող ցանկությունն էր արտահայտում, երբ 2000թ. Քեմփ Դեյվիդի գագաթնաժողովում մերժեց Երուսաղեմի հայկական թաղամասը սիոնիստական իշխանությանը հանձնելու ամերիկյան առաջարկը։ «Իմ անունը Յասիր Արաֆաթ չէ,- ասաց նա,- այլ Յասիր Արաֆաթյան»։ «Ես իմ հայ եղբայրներին չեմ դավաճանի»։
– Սիոնիստ զավթիչները Պաղեստինի հայերին վերաբերվում են նույն արհամարհանքով, ինչպես այլ պաղեստինցիներին։ Նորաբնակները պարբերաբար վիրավորում են հայերին, սրբապղծում են կրոնական սրբավայրերը, հարձակվում են հոգևորականների վրա, թքում քահանաների վրա։
Եղել են դեպքեր, երբ ավելի վատ բաներ էլ են արել։ 2002թ. ապրիլի 2-ից մինչև մայիսի 10-ը Բեթղեհեմում Սուրբ Ծննդյան տաճարի պաշարումը Պաղեստինում պաշարված քրիստոնյաների նկատմամբ բռնություններից միայն մեկն է։
Երեսունինը օր սիոնիստական բանակը քրիստոնեության սրբագույն վայրերից մեկը պաշարված էր պահում՝ «ենթադրյալ պաղեստինցի զինյալների» փնտրելու պատրվակով (ի դեպ, նույնիսկ եթե այս «ենթադրյալ զինյալներն» իսկապես զինյալներ լինեին, նրանց լիարժեք իրավունքն էր, համաձայն միջազգային իրավունքի և Ժնևի կոնվենցիայի, դիմադրել օտար ներխուժողի կողմից իրենց հողերի օկուպացիան)։ Պաշարման ժամանակ իսրայելական բանակի դիպուկահարները սպանեցին յոթ հոգու, ովքեր փորձում էին եկեղեցում ապաստան գտնել. ապրիլի 4-ին մահացու կրակոցով սպանեցին եկեղեցու ժամկոչին, իսկ ապրիլի 10-ին՝ հայ վանականի։
- Տասնամյակներ շարունակ Թել Ավիվի` պատերազմ սանձարձակողները, գործելով գերտերության երաշխավորած անպատժելիության ներքո, ավիրել են տներ ու կյանքեր, ապաբնակեցրել Լիբանանի և Սիրայի հայկական թաղամասերը։ Նրանք բորբոքել են քաղաքացիական պատերազմներ, որոնք քայքայել են հայկական համայնքները, և հող են պատրաստել Իրաքի և Սիրիայի պատերազմների համար, որոնք վերացրել են հին քրիստոնեական համայնքներն այս երկրներում։
Մեր «խելացի» հիմարները
Կարելի է կարծել, թե բարոյական ու իրավական փաստարկները (որքան էլ այլապես անարժեք լինեն) պետք է որ մեծագույն նշանակություն ունենան, երբ հարցը ցեղասպանության ճանաչման գործին է վերաբերում։ Եթե այդպես է, ուրեմն նման նկատառումները պետք է հաշվի առնվեին առանձին՝ առանց դիվանագիտական օգուտների նկատառումների հետ խառնվելու։ Բայց իհարկե կան պրակտիկ նկատառումներ ևս: Եւ սրանք նույնպես ցույց են տալիս հայկական պատվիրակության բռնած գործի հիմարությունը։
Սիոնիստներն ու նրանց վաշինգթոնյան տերերը պատերազմներ են հրահրել Իրաքում, Լիբիայում և Սիրիայում, պատերազմներ, որոնք արդեն խլել են այնքան կյանքեր, որքան Հայոց ցեղասպանությունը։ Նրանք և նրանց փոխանորդները ստեղծել են միլիոնավոր փախստականներ և տասնյակ միլիոնավոր երեխաների կյանքերը դարձրել են կենդանի դժոխք։ Նրանք հաջողությամբ հրահրել են վահաբիստների մահաբեր ատելությունը շիա մուսուլմանների նկատմամբ, իսկ վերջին մի քանի տարիներին ականատես եղանք, թե ինչպես են նրանք հող պատրաստում ԻԼԻՊ-ի սկզբնավորման համար։
Իսկ հիմա, երբ հաջողություն են ունեցել իրենց ագրեսիայի դեմ սեփական տարածքը պաշտպանելու կարող և պատրաստակամ ցանկացած բանակի ոչնչացման ռազմավարական նպատակում, նրանք այժմ ուշադրությունը սևեռել են Իրանին: Սիոնիստներն ու նրանց նեոպահպանողական դաշնակիցները Վաշինգթոնում պատերազմ են ցանկանում Իրանի հետ։ Նման նկրտումներ ունեն նաև նրանց ռազմավարական դաշնակիցներն Անկարայում։
Զարմանալի չէ, ուրեմն, որ տարին տարվա վրա հանրային հարցումները հավաստում են, որ Իսրայելը երկրագնդի վրա ամենաատելի երկրներից մեկն է։ Լատինական Ամերիկայում, Ռուսաստանում, Հնդկաստանում և Չինաստանում հարցվողների մեծ մասն Իսրայելի մասին «բացասական կարծիքներ» է արտահայտում։ Եվրոպացիներն ընդհանուր առմամբ հակակրանք ունեն սիոնիզմի և սիոնիստների նկատմամբ, և տարիների ընթացքում այս հակակրանքը միայն մեծացել է։ Նույնիսկ գերհանդուրժող սկանդինավյան երկրներում լայնատարած զզվանք կա Իսրայելի անպատժելիության և երկերեսանիության նկատմամբ։ Ավելին, նույնիսկ գաղափարախոսական լիակատար ազդեցության տակ գտվող Միացյալ Նահանգներում հարցվածների մեկ երրորդը Իսրայելի մասին արտահայտել է «բացասական կարծիք»։
Տասնամյակներ շարունակ մեկ ոճրագործությունից հետո մյուսը գործելով՝ սիոնիստական առաջնորդներն իրականում թունավորել են իսրայելցի ապագա սերունդների ջրհորը։ Ամերիկան մշտապես չի լինելու երկրագնդի միակ անվիճարկելի գերտերությունը։ Ցավոք սրտի, ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ երբ ամերիկյան կայսրության ուժը սպառվի, իսրայելցիները հետևելու են Ալժիրի պիենուարներին (Pieds-noirs), նավերով, ինքնաթիռներով, դեպի մոռացում։ Մարդիկ, ովքեր սրտացավ են Հայաստանի համար, հաստատապես չէին ոգեշնչվի սիոնիստական վայրագ և վերջին հաշվով դատապարտված նախագծով։
Հայաստանի պատվիրակները հանդիպել են Քնեսեթի անդամների հետ, որոնք ի պաշտոնե սիոնիստական կայազորային պետության ֆունկցիոներներ են։ Նման այցելությունը որպես «ոչ քաղաքական» բնութագրելը անազնիվ է և միամիտ։ Այս ֆոնին նրանց հանձնարարությունն աբսուրդ է՝ աղաչել վայրագ, ցեղասպան վարչակարգի ֆունկցիոներներին «ճանաչել» ցեղասպանություն։ Ի՞նչ են մտածում չընտրված այս պատվիրակները իրենց քայլի մասին։ Կարծում են՝ մոդեռն են ու խելացի՞։ Ըստ իրենց՝ ի՞նչ մասնավոր ուղերձ են ուղարկում։
Հայաստանի պատվիրակները արատավորել են հայ ժողովրդի հեղինակությունն ու ամոթալի ավարտ տվել տարվան, որը կարող էր այլապես ամոքիչ նշանակություն ունենալ։ Վերջին բանը, որ պարկեշտ հայերն ուզում են, խնդրելն է բռնի կայազորային պետության օրենսդրին՝ «ճանաչել» Հայոց ցեղասպանությունը։ Ազգային ժողովի հանձնաժողովը վատնել է թերֆինանսավորվող պետության բյուջեն, որ վտանգի ենթարկի մեր ամենաօգտակար դաշնակիցների, հարևանների ու առևտրային գործընկերների բարի կամքը։
Հայեր կան, որոնք մեր ազգի բարօրության ու արժանապատվության համար ավելի շատ են մտահոգվում, քան հեռավոր իմպերիալիստական գերտերությանը զվարճություն պատճառելու համար օղակների միջով ցատկելն է։ Ժամանակն է, որ այդ հայերն իրենց ձայնը բարձրացնեն և Հայաստանի Հանրապետությունից պահանջեն ենթարկվել սիոնիստական վարչակարգի միջազգային մշակութային բոյկոտին։
Մարգար Մելքոնյանը փիլիսոփայության դասախոս է, հեղինակ է բազմաթիվ աշխատությունների, այդ թվում՝ «Ռիչարդ Ռորթի քաղաքականությունը. լիբերալիզմն ամերիկյան դարաշրջանի ավարտին» (1999), «Մարքսիզմ. ետսառըպատերազմյան կայծ» (Westview Press, 1996) և «Եղբորս ուղին» (Մոնթե Մելքոնյանի մասին) (2005)։
Անգլերենից թարգմանեց՝ Աննա Շահնազարյանը
Մեկնաբանություններ (39)
Մեկնաբանել