HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Կալանավորի մահվան վերաբերյալ քրգործը կարճվել է. որոշումը չի ուղարկվում տուժողի իրավահաջորդներին

2010թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով՝ «Վանաձոր» ՔԿՀ բժիշկ Մարզպետ Մինասյանի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով բուժվող հիվանդ Սլավիկ Ոսկանյանի մահվան դեպքի առթիվ: 2011թ. ապրիլի 22-ին քրեական գործը ըստ քննչական ենթակայության ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Հայտնի է դարձել, որ Սլավիկ Ոսկանյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է:

Այս տեղեկությունը «Հետքի» հետ զրույցում հաստատեց նաև ՀՔԾ քննիչ Գաբրիել Պետրոսյանը, ով կայացրել է վարույթը կարճելու որոշումը: Քննիչը «Հետքին» չտրամադրեց գործը կարճելու մասին իր որոշումը, միայն ասաց, որ հիմք է ընդունել վերջին՝ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը:

Մինչ օրս ոչ տուժողի իրավահաջորդ ճանաչված Սլավիկ Ոսկանյանի կինը, ոչ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները չեն ստացել քրեական գործը կարճելու մասին որոշումը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Էդմոն Մարուքյանն ու Կարեն Թումանյանը երկու անգամ նույն պահանջով գրավոր դիմել են ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին՝հայտնելով, որ քննիչը չի տրամադրել քրեական գործը կարճելու մասին որոշումը, ինչպես նաև չի պարզաբանել գործի նյութերի հետ ծանոթանալու իրենց իրավունքը և վարույթը կարճելու ու քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը բողոքարկելու կարգը: Միաժամանակ ՀՔԾ պետին խնդրել են հանձնարարել գործը քննող քննիչին ներկայացնել քրեական գործը կարճելու մասին որոշման պատճենը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներն առաջին գրությունը ՀՔԾ են ուղարկել 2011թ. հոկտեմբերի 12-ին, երկրորդը՝ նոյեմբերի 3-ին: Բայց մինչ օրս քրեական գործը կարճելու մասին որոշումը նրանց չի տրամադրվել, գրություններն էլ թողնվել են անպատասխան:

Այնինչ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածով հստակ սահմանվում է, որ քննիչը քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման պատճենն ուղարկում է կասկածյալին, մեղադրյալին, պաշտպանին, ինչպես նաև տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին, ինչպես նաև ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի ներկայացուցչին, որոնց հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի առաջին մասում նշված անձանց պարզաբանվում է գործի նյութերի հետ ծանոթանալու նրանց իրավունքը և վարույթը կարճելու ու քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման բողոքարկման կարգը: Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանոթանալ կարճված գործի նյութերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter