
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման և տոնական համերգների համար հատկացվել է 40,5 մլն դրամ
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնակատարությանը նվիրված համերգների միջոցառումների կազմակերպման համար Երևանի քաղաքապետարանն ամեն տարի կլորիկ գումարներ է ծախսում և արժանանում քաղաքացիների քննադատությանը: Այս տարի ևս բացառություն չէ: Գլխավոր տոնածառի և չորս համերգային ծրագրերի համար հատկացվել է մոտ 40 մլն 510 հազար դրամ:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնակատարությանը նվիրված տոնական համերգների կազմակերպման համար այս անգամ հատկացվել է մոտ 18 մլն դրամ:
Գումարի մեջ ներառում է Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 31-ին գլխավոր տոնածառի շուրջ 2,5 ժամ տևողության համերգային ծրագիրը՝ հայ էստրադային երգիչների և DJ-ների մասնակցությամբ։ Այդ օրն իրականացվել է նաև 3 րոպե տևողությամբ հրավառություն։
Համերգն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է եղել 100 քմ բեմահարթակ, բեմական կոնստրուկցիաներ՝ աստիճաններ, զգեստապահարան, ձայնային սարքավորումներ, 40 հատ լուսային սարքավորումներ: Ամանորի թեմայով բեմահարթակի ձևավորման համար մշակվել է նյութերի դիզայն, տպագրվել են դրանք և փակցվել նախատեսված տեղերում։
Հունվարի 5-ին մանկական երգի պարի խմբերի, հեքիաթի հերոսների մասնակցությամբ իրականացվել են 2 ժամ տևողությամբ ամանորյա թեմատիկ թատերականացված ներկայացումներ:
Այսօր՝ հունվարի 6-ին, Սուրբ Ծննդյան տոնակատարությանը նվիրված համերգային ծրագիր է նախատեսված Հանրապետության հրապարակում, որը տևելու է 2 ժամ: Ելույթ են ունենալու ազգագրական երգի-պարի համույթները և անհատ երգիչ կատարողները։ Դրանց համար ևս 100 քմ բեմահարթակ է կառուցվել:
2 ժամ տևողությամբ համերգային ծրագրով հունվարի 13-ին կավարտվի տոնական միջոցառումների ծրագիրը: Այս ամենն արժեցել է 18 մլն դրամ:
Կլորիկ գումար էլ ծախսվել է քաղաքի գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողության տոնական համերգային ծրագրի ժամանակ:
Դեկտեմբերի 21-ին նվագախմբերի, պարային համույթների և էստրադային երգիչների մասնակցությամբ գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողության երկժամանոց տոնական համերգային ծրագրի, ինչպես նաև 3 րոպե տևողությամբ հրավառության համար հատկացվել է 22 մլն 510 հազար դրամ:
Նշենք, որ վերը նշված միջոցառումները վստահվել է «Էյդիվի մեդիա Էս» ՍՊԸ-ին, որը պատկանում է երևանաբնակ Արմեն Աբրահամյանին: Այս ընկերության հիմնադիրներից է եղել վաղամեռիկ Մարկ Սաղաթելյանը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել