«Մեզ ընտրություններում օգտագործում են որպես դեկորացիա»
Միսաք Գաբրիելյան
Էջմիածինը շարունակում է մնալ թեժ ընտրատարածքներից մեկը. Ս.Սարոյանն իրական մրցակից թեպետ արդեն չունի, բայց պայթյունավտանգ իրավիճակն այս քաղաքում ամեն րոպե բռնկվելու միտում ունի:
Պայքարից դուրս մնացած Հ. Հակոբյանն իր «հաղորդագրություններով» շարունակում է լարվածության մեջ պահել ոչ միայն Սարոյանի շտաբն ու իրավապահներին, այլեւ` քաղաքի բնակչությանն ընդհանրապես: Չհամակերպվելով «խաղից դուրս» կարգավիճակին` նախկին պատգամավորը հայտարարում է, թե ընտրության օրն իր մարդկանցով հսկելու է տեղամասերն ու հատկապես քվեատուփերը` խոչընդոտելու համար կեղծիքներն ու լցոնումները: «Միակ թեկնածուն պարտվելու է»,- պնդում է Հակոբյանը:
Սարոյանն իր հերթին զբաղված է հաշվեհարդարներով ու անմեղ մարդկանց դեմ գործեր սարքելով` մայիսի 12-ին Հակոբյանի «արշավը» ձախողելու նպատակով: «Սարոյանը ստիպել է Սահակ Ղազարյանին հայտարարել, թե իբր իրեն առեւանգել ենք ու 5000 դոլար խոստացել, որ տղան` Վահագ Ղազարյանը, դատարանում վկայություն տա, թե իրականում ինքը եղել է իմ թեկնածությունն առաջադրող խմբի անդամ»,- ասաց Հ. Հակոբյանը:
Ս. Ղազարյանի ցուցմունքի հիման վրա ապրիլի 13-ին ձերբակալվել է Հակոբյանի ընկերներից մեկը` Ն.Ա.-ն: «Ինչի առեւանգվածին տանում են ռեստորա՞ն, կերցնում-խմցնում ու նորից տու՞ն են բերում: Ո՞վ չի հասկանում, որ էդ ձերբակալությունը քաղաքական պատվեր է»,- ասում է Հակոբյանը:
«Նրա մարդկանց փակելով` երեւի ուզում են հենց իրեն մեկուսացնել, որպեսզի ընտրությունների ժամանակ իրենց սրտի ուզածներն անեն ու խանգարողներ չլինեն: Իսկ վերջում էլ հայտարարեն, թե էջմիածնեցիները միաձայն ընտրեցին այսինչին»,- ասաց Էջմիածնի բնակիչ, բարձրագույն կրթությամբ 52-ամյա գործազուրկ Ռ. Հայրապետյանը: Գործազուրկ տնտեսագետը հիշեց տարրական դպրոցի մի խնդիր, որով, իր ձեւակերպմամբ, առաջնորդվել է պատգամավորի մանդատի հիմնական հավակնորդը. «Ծառին տասը ծիտ կա, որսորդը կրակեց` մեկ ծիտն ընկավ: Ծառին քանի՞ ծիտ մնաց»: «Նա Հակոբյանին ու իր շրջապատին տեղավորել է պարզագույն այս թվաբանության տիրույթում` մտածելով, որ մեկին կպնելով` կփախցնի մյուսներին: Հակոբյանն էլ կմնա մենակ, իսկ մենակ մարտի չեն գնա»,- իրավիճակի իր մեկնաբանությունն է տալիս Ռ. Հայրապետյանը:
«Համաձայն եմ, որ մարտի դաշտում դժվար է մրցել գեներալի դեմ, այդ դեպքում միանգամից կհանձնվեի, բայց մենք այլ իրավիճակում ենք, եւ ես չեմ պատրաստվում «զենքերս» վայր դնել նույնիսկ հիմա»,- ասում է Հակոբյանը, ում խորին համոզմամբ Սարոյանը պարտվելու է:
Էջմիածնեցիները ընտրություններին մասնակցելու շահագրգռություն առանձնապես չեն ցուցաբերում. «Այսքան ժամանակ ում ընտրել եմ, չի անցել, կամ չեն անցկացրել: Ես էլ ջղայնացել ու որոշել եմ, որ էլ ոչ մի ընտրության չեմ մասնակցելու»,- ասաց թոշակառու մի պապիկ` չցանկանալով ներկայանալ: Ուսուցչուհի Մուրադյանի կարծիքով էլ «ընտրությունը յուրօրինակ ներկայացում է, որին անպայման մասնակից են դարձնում հասարակությանը: Ես այլեւս հրաժարվել եմ այդ թատրոնին մասնակցելուց, որովհետեւ ինձ` որպես գործող անձ, բանի տեղ չեն դնում, իսկ որպես դեկորացիա հանդես գալ չեն ուզում »,- ասաց ուսուցչուհին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել