HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Նրանք զրկվել են ընտրություններին մասնակցելու հնարավորությունից

Փ. Բուզանդ փողոցի պետական կարիքների համար քանդված տների մոտ տասը բնակիչներ, ովքեր հրաժարվել են կնքել իրենց տների վաճառքի պայմանագրեր եւ դուրս գալ հաշվառումից (գրանցում), այսօր զրկվել են ընտրություններին մասնակցելու իրավունքից:

ՀՀ Ընտրական օրենսգիրքն ասում է, որ ընտրելու իրավունք ունեն միայն 18 տարին լրացած, հաշվառված եւ փաստացի բնակվող ՀՀ քաղաքացիները: Սակայն, այս մարդիկ այսօր ոչ մի տեղ հաշվառված չեն, ավելին` նրանց հանել են հաշվառումից առանց տեղյակ պահելու:

2005 թվականին Վճռաբեկ դատարանը որոշում է չնչին փոխհատուցմամբ դադարեցնել Փ. Բուզանդ փողոցում բնակվող մարդկանց սեփականության իրավունքն իրենց տների նկատմամբ, դրանք վերցնել պետության կարիքների համար եւ բնակիչներին վտարել տներից: Հետագայում Սահմանադրական դատարանը (630 որոշմամբ) հակասահմանադրական ճանաչեց այս որոշումները եւ ժամանակ տվեց կառավարությանը մինչեւ 2006թ.-ի հոկտեմբերի 1-ը հարցին լուծում տալ, բայց, միեւնույն է, ոչինչ չփոխվեց:

Կենտրոն ոստիկանության անձնագրային ծառայության աշխատակից Անահիտը հավաստիացրեց, որ ոչ ոքի հաշվառումից չեն հանում առանց իր համաձայնության, բայց գործնականում ամեն ինչ այլ կերպ է:

Փ. Բուզանդի նախկին բնակիչ Հովհաննիսյան Աստղիկի ընտանիքը հրաժարվել է 14.000 դոլարով վաճառել իրենց տունը: «Գրանցումից մեզ հանել են առանց մեզ տեղեկացնելու, բայց մենք տան վաճառքի պայմանագիր չենք կնքել եւ հաշվառումից դուրս չենք եկել: Քանի որ անձնագրիս ժամկետը լրանում էր, ես որոշեցի երկարացնել, բայց անձնագրային վարչությունում ասացին, որ ես եւ իմ ընտանիքի 5 անդամները ոչ մի տեղ հաշվառված չենք եւ այսպես կանգնեցինք փաստի առջեւ` զրկվելով ոչ միայն տնից, այլ նաեւ քաղաքացիական այլ իրավունքներից, այդ թվում նաեւ ընտրելու իրավունքից: Մեր ընտանիքից 4 հոգի չափահաս են, բայց, փաստորեն, չենք կարող ընտրել»,- ասում է Աստղիկ Հովհաննիսյանը:

Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ ընտրելու իրավունք ունեցող եւ հաշվառում չունեցող քաղաքացիները քվեարկության օրվանից մինչեւ 21 օր առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ներկայացնում են ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ հայտ: Հաշվառում չունեցող քաղաքացիներն ընտրողների ցուցակներում ընդգրկվում են բնակության վայրի մասին տեղեկանքի հիման վրա:

«Ընտրատեղամասի պատին գրված էր, որ եթե ինձ չեմ գտնում ցուցակում, կարող եմ դիմում գրել, ընթացք տալ, դատական կարգով հարցը լուծել եւ այլն, եւ այլն: Բայց ինչո՞ւ համար ես հիմա դա անեմ, փաստը մնում է փաստ, որ ինձ զրկել են այդ իրավունքից, դա չի եղել իմ գործողությունների հետեւանքով, որ հիմա քայլեր ձեռնարկեմ իմ ընտրելու իրավունքը վերականգնելու համար: Ընտրացուցակներում հասցեները սկսվում են Ե. Կողբացու 4-ից եւ անմիջապես անցնում Ե. Կողբացի 29-ին, 28-ը դուրս է եկել, մենք չկանք ոչ մի տեղ: Մեր ընտանիքի 7 չափահաս անդամները չեն մասնակցելու ընտրություններին: Աղջիկս այս տարի առաջին անգամ պետք է մասնակցեր ընտրություններին»,- ասում է Ե. Կողբացու 28, բն. 22 հասցեի նախկին բնակիչ Նաիրա Վարդանյանը:

«Ես անձամբ Կենտրոնի ընտրացուցակներում բազմաթիվ խախտումներ եմ արձանագրել. պարզվում է` ցուցակներից դուրս են մնացել Փ. Բուզանդ փողոցի 15 բակի 6 բնակիչներ, 23 եւ 17 բակերից` 2 մարդ: Նույն պատկերն է նաեւ 9/16 եւ 9/18 տեղամասերում, սակայն այս մարդիկ հաշվառումից դուրս չեն եկել,- ասում է «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը:-Եւ հարցը միայն այս ընտրություններին մասնակցելը չէ, մենք շատ ուրիշ իրավունքներից ենք զրկվում, մենք չենք կարող անձնագրի ժամեկտն ավելացնել, հանրապետությունից դուրս գալ, ինչո՞ւ չէ` նաեւ ընտրվել»:

Աշոտ Պողոսյանին ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը ծանուցում է ուղարկել իրեն եւ հարսին հաշվառումից հանելու մասին. «Դուք եւ ձեր հարսը` Սյուզաննա Կաբաջյանը, հանվել եք Երեւանի Բուզանդ փող. 15 շենքի թիվ 10 բնակարանի հաշվառումից»: Թոշակ ստանալու համար Աշոտ Պողոսյանը գրանցվել է Մասիսում ապրող մի բարեկամի տանը, սակայն նրա ընտանիքի երեք չափահաս անդամները շարունակում են «օդից կախված մնալ»:

Նորանշանակ վարչապետ Սերժ Սարգսյանն այս մարդկանց խոստացել է լուծում տալ իրենց հարցին, այն է` վերականգնել նրանց իրավունքները համարժեք փոխհատուցմամբ: «Համենայն դեպս, ի տարբերություն ուրիշ պաշտոնյաների, նա ընդունել եւ լսել է մեզ, խոստացել, որ կաջակցի»,- ասում է նախկին գնդապետ Աշոտ Պողոսյանը:

«Վարչապետին չհավատալու պատճառ չունեմ, նա գոնե մեր ներկայացուցիչներին ընդունել է, բայց հենց այն խոսքը, որ թող մնա ընտրություններից հետո, արդեն մի քիչ զգաստացնում է մեզ...»,- ասում է Նաիրա Վարդանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter