HY RU EN

Վահե Սարուխանյան

Հայաստանը տարին սկսում է 121-րդ տեղում

ՖԻՖԱ-ն այսօր հրապակել է ազգային հավաքականների դասակարգման այս տարվա առջին ցուցակը: Հայաստանի հավաքականը 285 հաշվարկային միավորով զբաղեցնում է 121-րդ տեղը, ինչը երկու հորիզոնականով բարձր է դեկտեմբերի ցուցանիշից:

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերին մեր ընտրանին ռեկորդային անկում էր գրանցել 36 տեղով ու հայտնվել 127-րդ հորիզոնականում: Իսկ դեկտեմբերին բարձրացել էր 4 տեղով, սակայն 1994-ից ի վեր տարեվերջյան արդյունքների մեջ ցույց էր տվել երկրորդ վատագույնը. ավելի ցածր տեղ եղել էր 1994-ի դեկտեմբերին՝ 141: 

2016-ի առաջին վարկանիշային ցուցակում փոփոխություններ չեն եղել աղյուսակի առաջին 22 հորիզոնականներում: Ու ընդհարնապես, խաղերի բացակայության պատճառով փոփոխությունները չնչին են: Համաշխարհային ցուցակը կրկին գլխավորում է Բելգիան: Նրան հաջորդում են Արգենտինան, Իսպանիան, Գերմանիան, Չիլին, Բրազիլիան, Պորտուգալիան, Կոլումբիան, Անգլիան, Ավստրիան: 

Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական առաջիկա մրցափուլում մեր մրցակիցներից Ռումինիան 16-րդն է, Լեհաստանը մեկ տեղով նահանջել է 35-րդ հորիզոնական, Դանիան 42-րդն է, Մոնտենեգրոն՝ 85-րդը: Ղազախստանը 129-րդից նահանջել է 132-րդ տեղ: 

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույնը կրկին Ռուսաստանն է (24), հաջորդում են Ուկրաինան (29), Բելառուսը (68), Ուզբեկստանը (73), Էստոնիան (90), Լատվիան (102), Ղրղըզստանը (107), Ադրբեջանը (116), Թուրքմենստանը (117), Վրաստանը (120): Մեզնից հետ են Լիտվան (127), Ղազախստանը (132), Տաջիկստանը (148), Մոլդովան (154): 

Հաջորդ ցուցակը կհրապարակվի փետրվարի 4-ին: