HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերապրողներն այստեղ են

Հարութ Պետրոսյան

Գերազանց ավարտելով Երեւանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմալեզվագրական բաժինը՝ Վերժինե Սվազլյանը սկսեց հավաքել և գրի առնել ցեղասպանությունից փրկված արևմտահայոց բանահյուսությունը։

Ոչ մի հաստատությունից հանձնարարություն չուներ, գործն անում էր անձնական նախաձեռնությամբ եւ, ինչպես ինքն է ասում, «արևմտահայի արյան կանչով»։

«Ես ինքս արեւմտահայ եմ, եւ հայրս էլ ցեղասպանությունից մազապուրծ է, Իզմիրի աղետից՝ 1922թ., իսկ մայրս պոլսեցի է եղել, այնպես որ դա, կարծես թե, իմ ներքին ձգտումն էր, որ պիտի այդ գործը անեի»,- ասում է տիկին Սվազլյանը, ով 1955-ին է սկսել իր «խաչակրաց արշավանքը»՝ ոտքով անցնելով գյուղից գյուղ, թաղից թաղ, փողոցից փողոց և գրի առնելով ցեղասպանության ականատես վկաների բանավոր զրույցներն ու երգերը։

«Ես առաջին հերթին եղա մեր Մալաթիայի շուկայի մոտ և այնտեղ հարցրեցի, թե ամենադժվար բարբառով ովքեր են խոսում։ Ինձ ասացին՝ մուսադաղցիները»։ Եվ այսպես բախելով դռները, բացատրելով ու համոզելով մարդկանց՝ Վերժինե Սվազլյանը շուրջ երեսուն տարի անց հրատարակում է իր «Մուսա լեռ. Հայ ազգագրություն և բանահյուսություն» գիրքը, որում կան հեքիաթներ, երգեր, զրույցներ, նույնիսկ յուրօրինակ աղոթքներ։ Նրա աշխատանքի շնորհիվ փրկվում է ոչ միայն բանահյուսությունը, այլև բարբառը, որը շատ խրթին էր և «ոսկերչական աշխատանք» էր պահանջում։

Հեղինակի վկայությամբ՝ գիրքը սպառվել է երեք օրում. «Մուսալեռցիները հատկապես խելահեղ էին։ Խանութից առնում էին՝ մեկը իր համար, մեկը՝ տղայի, մյուսը՝ թոռնիկի, փաթաթում էին ծրարների մեջ և պահում էին օժիտի մեջ»։ Վերժինե Սվազլյանը դիմել է «Մուսա լեռ» հայրենակցական միությանը գիրքը վերահրատարակելու առաջարկով, քանի որ մինչև հիմա այդ գիրքը փնտրողներ կան, հատկապես՝ Սփյուռքից։

«Մուսա լեռ. հայ ազգագրություն և բանահյուսություն» գիրքը պատրաստելու ընթացքում նրա մոտ հավաքվել էին Արևմտյան Հայաստանի այլ տեղավայրերին վերաբերող նյութեր, եւ մյուս աշխատանքը պիտի լիներ «Կիլիկիա. արևմտահայոց բանավոր ավանդությունը» գրքի ստեղծումը։
Խորհրդային շրջանում հնարավոր չէր լրատվության որևէ միջոցով հայտարարություն տալ եւ գտնել արեւմտահայ վերապրողներին։ Այս դեպքում եւս Վերժինե Սվազլյանն անցավ նույն ճանապարհը՝ ոտքով գյուղից գյուղ, թաղից թաղ։

Երկրորդ գրքում զետեղվեցին Կիլիկիայի և Անատոլիայի 50 տեղավայրերի բանավոր վկայությունները՝ իրենց բարբառներով։ «Էն ժամանակ Կիլիկիայի մասին գաղափար անգամ չկար, գիրք չկար, որ օգտվեի։ Բանահյուսական նյութը մնացել էր ժողովրդի շուրթերին, պետք էր հավաքել Մուսա լեռան, Զեյթունի, Քեսապի, Հաճընի, Մարաշի և այլ տեղավայրերի բարբառներն ու անել դրանց թարգմանությունները»։

Տիկին Վերժինեն այս գրքի հետ կապված բարի հուշեր ունի։ Երբ այդ նյութերը տարել է Մատենադարան, այնտեղ հանդիպել է Կաթողիկոս Գարեգին Ա-ին, ով տեսնելով դրանք՝ առաջարկել է օգնել տպագրության հարցում։ «Ինքը կիլիկեցի էր՝ քեսապցի։ Ասաց՝ սրանք գյուտ են։ Անթիլիասի որբերի երգերը կային, ձեռքը էդ ընկավ ու սկսեց երգել էդ որբանոցի երգերը»։

Այս ամենը նա արել է առանց նյութական ակնկալիքի՝ սեփական միջոցներով։ «Ես այս բոլորի համար աշխատավարձ չեմ ստացել, սրանք գաղտնի եղած գործեր են»։ Իսկ պլանային աշխատանքները, որոնց համար նա վարձատրվել է, և որոնք արվել են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում, Հայաստանի տարբեր տեղավայրերի բարբառներով գրառված հեքիաթներն են՝ Վան-Վասպուրական, Մուշ-Տարոն, Արցախ-Ուտիք։

Վերժինե Սվազլյանը մեծ ոգևորությամբ է խոսում այն մարդկանց մասին, ում հետ առիթ է ունեցել զրուցելու՝ նրանց համարելով իր հարազատները, եւ ափսոսում, որ նրանք արդեն չկան. «Հիմա գալիս են արտասահմանից, օտար երկրներից գալիս, վերապրող են փնտրում, վերապրող չկա»։ Վերապրողները Վերժինե Սվազլյանի գրքերում են, որոնք ստեղծվել են ճիշտ ժամանակին եւ նվիրյալ աշխատասիրությամբ։

Լուս. Նելլի Շիշմանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter