
Ինչո՞ւ էինք երկու անգամ էլ փախչում տարեվերջին
Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Երբ հայտնվում ես հատակում, ու այլևս ընկնելու տեղ չկա, միակ ելքը դառնում է բարձրանալը: Չգիտեմ՝ որտեղ եմ կարդացել այս միտքը, բայց տպավորվել է:
20 տարի փորձում եմ հատակից բարձրանալ:
Հիշում եմ՝ 20 տարի առաջ, երբ բոքսեր կոչված գարշահոտ խցում կարդում էի տարբեր կալանավորների թողած գրառումները, տպավորվել են երկուսը: Մեկը ռուսերեն գրել էր՝«Ելք կա, ուրեմն գտիր ճանապարհը»: Իսկ մյուս գրառումը վկայում էր՝ սա էլ կանցնի: Երկու գրառումներն էլ կրեդոյի պես կիրառում եմ արդեն 20 տարի:
Ամեն տարեվերջ կանգառի է նման, երբ հարատև վազքի մեջ մի պահ շունչ ես առնում, ամփոփում անցածը: Բայց այս անգամ ոչ թե մեկ, այլ 20 տարի է ամփոփածս:
20 տարեկանում 20-րդ մահապատժի դատապարտվածը:
20-րդ ծննդյան օրը բանտում:
20-րդ Նոր տարին ու Սուրբ Ծնունդը ֆիզիկական անազատության մեջ:
20 տարվա կտրվածքով ամենամեծ ձեռքբերումը Սողոմոնի ազատությունն էր: Ոչ մեկը չգիտի, բայց ես հաստատ գիտեմ, որ Սողոմոնը հաղթանակած ճամփա ընկավ:
Երկու անգամ էլ Սողոմոնի հետ կլոր գերեզմանոցից դուրս էինք գալիս նոյեմբեր-դեկտեմբերին: Ո՞րն է գաղտնիքը՝ կհարցնեք: Ամեն ինչ շատ ավելի պարզ ու բնական է, քան թվում է: Պարզապես ուզում էինք մեր ծննդյան օրերն (երկուսինս էլ դեկտեմբերին է) ու Ամանորը երկար ընդմիջումից հետո ազատության մեջ դիմավորել:
2005 թվականը Սողոմոնը դիմավորեց դրսում, հարազատներով շրջապատված՝ ազատության մեջ մնալով մեկ ամսից ավելի: Հետո, երբ երկուսս էլ նորից նույն խցում հայտնվեցինք, երկար ու մանրամասն պատմում էր իր ծննդյան ու Նոր Տարվա ուրախ օրերի մասին, ապրում էր այդ օրերի մասին հիշողություններով:
2004-ին Գորիսի բանտից կատարած փախուստից հետո ինձ ձերբակալեցին 11 օր անց՚ Ամանորի նախաշեմին: Ու ծննդյանս 29-րդ տարեդարձին երևանյան քաղմասներից մեկի խոնավ նկուղային մի մռայլ խցում էի, որտեղ կողքիս միայն առնետներ էին վազ տալիս: Օրեր առաջ ազատությունն էի վայելում, իսկ հիմա…
Տաբատիս ծալքի մեջ 10 հազարանոց ունեի թաքցրած: Մի կես ժամ խցի դռանը հարվածեցի, վերջապես հսկիչը մոտեցավ:
-Քաղմասի պետին եմ ուզում տեսնել,- ասացի ես:
10 րոպե անց պետի հետ զրուցում էի իր հարմարավետ և տաք աշխատասենյակում: Մահապատժի տարիներից հարցեր էր տալիս, ես էլ պատմում էի ու հեռուստացույցին նայելով`փայտացած մատներս տաքացնում էլեկտրական սալիկի վրա: Կարծում եմ՝քաղմասի պետը հասկանում էր՝ ինչու եմ ժամանակ ձգում, ընդամենը ուզում էի տաքանալ:
-Մհեր, հասկանում եմ, որ սառը խցում դժվար ա, բայց պետք ա գնաս:
-Իսկ ինչու՞ հարազատներիս չեք հայտնում իմ գտնվելու վայրի մասին, հիմա մերոնք անհանգիստ են հաստատ. բոլոր ֆիլմերում ցույց են տալիս, որ ձերբակալվածը մի հեռախոսազանգի իրավունք ունի:
-Ախր, քո դեպքը շատ յուրահատուկ ա…մեզ հրամայված ա ոչ մեկի քո գտնվելու վայրի մասին չհայտնել, նույնիսկ «Կարմիր խաչ»-ին, նրանք էլ են ուզում իմանալ՝ որտեղ են քեզ պահում:
-Բայց երբ ԱԱԾ-ում էի ու 6-րդ բաժնում, հարազատներս գիտեին որտեղ եմ, ինչի՞ ինձ բերեցին էս կորած-մոլորած քաղմասը:
Պետը երկար լռեց, հետո շշուկով ասաց.
-Վախենում են, որ Սողոմոնը զինված գա քեզ ազատելու…
Մի անտանելի գոռոց լսվեց:
-Էս ի՞նչ ձայն ա,- հարցրեցի ես:
-Ամբողջ քաղմասում մենակ դու ես ձերբակալված ու մի երկու օր առաջ 70 տարեկան բիձա են բերել`գողության գործով, էդ ա գոռում`ստամոքս, երիկամ`ամեն-ինչ ցավում ա, ես ի՞նչ անեմ:
-Բա բժիշկ չկա՞ ստեղ, - հարցնում եմ ես:
-Էս Նոր տարվա շեմին ի՞նչ բժիշկ:
Երկար լռություն:
-Ծնունդս ա էսօր, իբր ուզում էի Սողոյի հետ ազատության մեջ նշեինք,- ասում եմ ես:
Պետը ձեռքը մեկնում է.
-Շնորհավոր, Մհեր, Աստված տա մյուսը ազատության մեջ լինես`տնեցիքիդ հետ:
-Շնորհակալ եմ,- պատասխանում եմ ես` սեղմելով մեկնած ձեռքը:
Գրպանիցս հանում եմ 10 հազարանոցը.
-Կկազմակերպե՞ք բան-ման բերեն`նորմալ հաց ուտենք, թե չէ քաղմասի տվածը…
-Շան լափ ա,- ավարտում է միտքս քաղմասի պետը,- է՜, ի՞նչ գործ ունես ստեղ, քեզ դատողի ինչն եմ ասել…
Պետը կանչում է հսկիչին, ու մի կես ժամ անց տաք-տաք խորովածը դնում են սեղանին:
Մի քանի օր անց ինձ տեղափոխեցին «Նուբարաշեն» կլոր բանտը, Ամանոր էր…
Ամանորից հետո սկսեցի խցի պատը քանդել, նորից փախուստի մասին էի մտածում, այդպես հայտնվեցի պատժախցում, իսկ 2 ամիս անց նորից Սողոմոնի հետ նույն խցում էինք: Դրանից 4 տարի անց նորից երկուսով դուրս եկանք բանտից, բայց հեքիաթը միշտ կարճ էր տևում:
…Ես պատմում եմ այս պատմությունները, որ կարդացողը գնահատի իր ունեցածը, իր ֆիզիկական Ազատությունը: Նկատած կլինեք, որ գրեթե միշտ Ազատություն բառից առաջ շեշտում եմ ֆիզիկական բառը, քանի որ հոգևոր Ազատությունը ուրիշ չափում ունի, ուրիշ տեղ է ապրում, անգամ ֆիզիկական անազատության, խցի չորս պատերի մեջ: Հոգևոր Ազատությունը բանտել հնարավոր չէ:
Հ. Գ. Կշարունակեմ պայքարել իմ քրեական գործի վերաբացման, հանուն դատական սխալի ճանաչման, ինչը իրավունք է, որը ոչ մեկը չի կարող խլել ինձնից: Նորից կլինեն դատական վիճարկումներ: Շուտով կավարտեմ Լեռ Կամսարի «Բանտիս օրագիրը» գրքի ռուսերեն թարգմանությունը: Հունվարի վերջին կհանձնեմ բուհի քննությունները և կփոխադրվեմ իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրս: Բանտային նամակներ կշարունակեմ գրել, հարցազրույցներ անել, արդեն որպես ապագա իրավաբան կանդրադառնամ իմ քրեական գործի նյութերին` հրապարակելով դրանք…կհանդիպենք այստեղ ամեն շաբաթ:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել