Ցեղասպանության հիշողության ներուժը
Աննա Սարգսյան
«Հայոց ցեղասպանության հիշողությունը շարունակում է մնալ հայոց ազգային ինքնության կարեւորագույն բաղադրիչը: 20-րդ դարասկզբի Մեծ եղեռնի հիշողությունն էր, որ 20-րդ դարավերջում համախմբեց հայ ժողովրդին եւ հանգեցրեց Արցախի ազատագրման համար մղվող պայքարի հաջողությանը»,- ասում է ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Հարություն Մարությանը։
«Ցեղասպանության ճանաչման փաստն ինքնին արժեք չէ, եթե այն ազգային մշակույթի կոնտեքստում չէ: Եթե ընդունենք, որ ցեղասպանության հիշողությունը մեր ազգային ինքնության, արժեհամակարգի բաղադրիչն է, ապա ճանաչումից հետո ի՞նչ բաղադրիչ է փոխարինելու դրան»,- հարցնում է նրա գործընկեր, ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը:
Հարություն Մարությանն ուսումնասիրում է հայ ինքնության մեջ կոլեկտիվ եւ պատմական հիշողության դերը: Նրա կարծիքով՝ Ցեղասպանությունը մեր կոլեկտիվ հիշողության մեջ սոսկ վերապրում չէ, այլեւ ակտիվ գործոն, որը, հարկ եղած դեպքում, կարող է ուղղորդել մեր ազգային կյանքը։ «Ցանկացած ազգի համար անցյալի տրավմատիկ հիշողությունը ոչ թե բեռ է, որ կարելի է հարկ եղած դեպքում թոթափել, այլ՝ հարստություն, որը պետք է կարողանալ հավուր պատշաճի օգտագործել։ Ժողովրդի պատմական եւ կոլեկտիվ հիշողության որոշ կարեւոր տարրեր կարող են գտնվել համեմատաբար պասիվ, «նիրհող» վիճակում եւ ապա, արտաքին կամ ներքին ազդակների ներգործությամբ, «արթնանալ»»,- ասում է նա:
Ազգագրագետի կարծիքով՝ Ղարաբաղյան շարժման ընթացքում ցեղասպանության թեման, դուրս գալով սկզբնական շրջանին բնորոշ ցավի ու մորմոքի սահմաններից, մարդկանց մղեց ակտիվ գործողությունների: «Ճգնաժամի հաղթահարման համար մղվող պայքարի դրսեւորումներից մեկն էլ այն եղավ, որ արդարություն եւ կարեկցանք հայցող զոհի խորհրդանիշն իր տեղը զիջեց մարտիկի կերպարին: Հայ ինքնության այս փոփոխությունն էր, որ հանգեցրեց Արցախի ազատագրման համար մղվող պայքարի հաջողությանը, ավելին` թույլ տվեց թոթափել խորհրդային ամբողջատիրական ռեժիմը, ստեղծել անկախ պետություն»։
![]() |
![]() |
Հարություն Մարությանը հայ ինքնության մեջ կատարվող փոփոխություններին հետեւել է՝ ուսումնասիրելով Շարժման տարիների շուրջ 1000 ցուցապաստառ, որից 370 վերաբերում են ցեղասպանությանը։ Ցեղասպանությանը վերաբերող ցուցապաստառները մի քանի անգամ գերազանցում էին Ղարաբաղյան շարժման` թվում է թե հիմնական՝ Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու բովանդակությունն ունեցող ցուցապաստառներին: («Բաքու-1918, Շուշի-1920, Սումգայիթ-1988», «Ցեղասպանություն. Բաքու, Շուշի, Նախիջեւան, Արցախ, Սումգայիթ, Մասիս, Խոջալու» եւ այլն): Բայց փաստը, որ մարդիկ չէին ցանկանում իրենց զգալ որպես ցեղասպանության զոհ, արտահայտություն էր գտել «Մենք պետք է կռվենք, եւ ոչ լաց լինենք ...» կարգախոսով ցուցապաստառներում:
Ապագա ցեղասպանություններից խուսափելու եւ, ընդհանրապես, հայ ժողովրդի առջեւ ծառացող խնդիրները լուծելու համար Ղարաբաղյան շարժման ցուցապաստառների առաջարկած միջոցների մեջ առաջին տեղում էր Եղիշե Չարենցի «Ով հայ ժողովուրդ , քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» գաղտնագրված կոչը։
Հարություն Մարությանը գտնում է, որ պատմական ու կոլեկտիվ հիշողությունը մոբիլիզացիոն մեծ ներուժ ունի, եւ համոզված է, որ դա գիտակցվում է օտարների կողմից: «Պատահական չէ, որ վերջին տասնամյակում տարբեր մակարդակի քաղաքական գործիչներ (ինչպես մեր անմիջական հարեւաններից, այնպես էլ Արեւմուտքից) հայերին խորհուրդ են տալիս թոթափել անցյալի ծանր բեռը, հաշտվել դաժան իրադարձություններ հետ ու այդ կերպ առաջ գնալ»:
Ցեղասպանության հիշողությանը ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը նույնպես մեծ դեր է վերապահում՝ միաժամանակ ցավով նշելով, որ ղարաբաղյան շարժման տարիներին եղած դրական դրսեւորումներն ընդհատվել են։ «Ի՞նչ տեղի ունեցավ. 1994-ին կնքված հրադադարից հետո հայաստանցին ու ղարաբաղցին (այս տերմիններն ինքնին անհեթեթ են) միմյանց սկսեցին որպես թշնամի ընկալել: Այսօր արդեն դրվում է «ղարաբաղյան կլանը» Հայաստանից արտաքսելու խնդիր: Այսինքն՝ մենք մսխեցինք այդ դրական` համախմբող ներուժը։ Եթե այդ ներուժը պետք է այդպես աշխատի, ավելի լավ է չաշխատի, որովհետեւ հաջորդ անգամ հանուն գաղափարի ազգին միավորելն անհնար կլինի»։
Ցեղասպանության հիշողության ներգործությամբ Ղարաբաղն ազատագրած հայն, ըստ Մխիթար Գաբրիելյանի, այսօր մտածում է պայքարի անիմաստության մասին։ «Համայն հայության ապագա մայրաքաղաք» հռչակված Շուշին դարձել է ուրվականների ու մուրացիկների բնակավայր, 3-4 հազար բնակիչ ունի: Այս իրականության մեջ ապրող հայը չի կարող հավատալ, որ Ցեղասպանության ճանաչումը եւ պատմական հողերի վերադարձն իրեն իսկապես բարեկեցիկ է դարձնելու եւ հանուն դրա նույնպես պետք է գնալ զոհողությունների, ինչպես արցախյան ազատամարտի տարիներին»:
Նա խորհուրդ է տալիս մի պահ պատկերացնել, որ Թուրքիան ընդունում է հայոց ցեղասպանության փաստն ու առաջարկում հաստատել առողջ, բարիդրացիական հարաբերություններ: «Հայաստանի հասարակությունը, սփյուռքը պատրա՞ստ են ընդունել այդ առաջարկը։ Եթե Թուրքիան ճանաչի ցեղասպանությունն ու Թուրքիայից տարագրվածների ժառանգներին առաջարկի վերականգնել Թուրքիայի քաղաքացիությունը, վերաբնակվել Վանում, Սասունում, Մուշում, մենք պատրա՞ստ ենք կրկին տեր դառնալ այդ երկրում ունեցած մեր մշակութային հարստությանը»,- հարցնում է ազգագրագետն ու հավելում, որ մենք խուսափում ենք հնչեցնել «ինչու՞ դա մեզ հետ պատահեց» հարցը: «Մինչդեռ միայն այդ հարցի պատասխանը կարող է բացառել Ցեղասպանության կրկնությունը»։
Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանել