HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Այսօր զարգացումը կարող է բերել բնակչության թվի նվազմանը

«Հայաստանում բարեփոխումները կատարվում են մեկը մյուսից անկախ, գոյություն չունի Հայաստանի ընդհանուր զարգացման սոցիալ-տնտեսական ծրագիր: Դա նշանակում է, որ Հայաստանը դադարում է միասնական համակարգ լինելուց, ռազմավարությունները մշակվում են իրարից անկախ, եւ այն ծրագիրը, որը լավն է ոլորտի համար, դառնում է վատը, եթե մենք այն դիտարկում ենք համընդհանուրի մեջ»,- ասում է մոնիտորինգի եւ գնահատման փորձագետ Սամվել Մանուկյանը:

- Ինչպե՞ս եք գնահատում երկրի բնակչության ընդհանուր սոցիալական վիճակը:

- Հայաստանի բնակչությունը սոցիալական պաշտպանվածության առումով շատ շերտավորված է: Կան հարուստներ, հավանաբար 5-10 տոկոս: Այդ թիվը մոտավոր է, քանի որ, որպես կանոն, հարուստ մարդիկ շատ փակ են սոցիալական հետազոտողների համար: Նրանք բավականին ապահովված են, եւ սոցիալական ուսումնասիրությունները նրանց չեն հետաքրքրում: Նրանք երբեմն հայտնվում են էլիտար ամսագրերի էջերին եւ, փաստորեն, միայն այդտեղից մենք կարող ենք որոշակի պատկերացում կազմել նրանց ապրելակերպի մասին:

Շատ հարուստներից հետո գալիս է եւս մեկ շերտ, որը բավականին բարձր չափանիշներով է ապրում, համենայնդեպս Հայաստանի պայմաններում նրանք նույնպես հարուստ են համարվում` մոտավորապես 10-15 տոկոս: Դա այն խավն է, որն ընդգրկված է միջին բիզնեսում կամ աշխատում է միջազգային կազմակերպություններում: Նրանք նույնպես լուռ են, հազվադեպ են ընդգրկվում հետազոտությունների մեջ, որովհետեւ գրեթե չունեն քաղաքական եւ հասարակական կյանքին մասնակցելու հավակնություններ: Տնտեսական որոշ տատանումները կարող են շատ քիչ ազդել նրանց բիզնեսի վրա, բայց երբեք չեն սպառնա նրանց բարեկեցությանը:

Հետո գալիս է եւս մեկ շերտ, որն ապրում է փոքր բիզնեսով կամ մտավոր աշխատանքով վաստակած եկամուտներով, ընդգրկված է պետական կառավարման միջին եւ բարձր օղակներում եւ միջազգային կազմակերպություններում: Ես կարծում եմ՝ այս երեք շերտերը միասին 30-35 տոկոս են կազմում: Նրանք չունեն այն տարածված խնդիրները, որոնց մասին խոսում են քաղաքական ընդդիմադիրներն ու հասարակական կազմակերպությունները: Այս 30-35 տոկոսը բնակչության այն մոտավոր ծավալն է, որը վատ չի ապրում: Այդ շերտը, որպես կանոն, չի ցանկանում ոչ մի կտրուկ փոփոխություններ, ուզում է, որ իրավիճակը մնա նույնը` համոզված լինելով, որ եթե իրավիճակը մնում է նույնը, ապա փոքրիկ փոփոխությունները կլինեն միայն իրենց օգտին:

Բնակչության մեծամասնությունը` 50 տոկոսը, գտնվում է սահմանային գոտիներում: Նրանք քաղցած չեն մնում, բայց աղքատության ռիսկային հատվածներում են: Ցանկացած տնտեսական կամ քաղաքական տատանում անմիջապես անդրադառնում է նրանց ապրելակերպի վրա: Նույնիսկ պատահական ընտանեկան խնդիրը՝ կապված առողջապահության, կրթության կամ այլ սոցիալական ծախսերի հետ, կարող է տատանել նրանց ֆինանսական կայունությունը:

Եվ, վերջապես, պաշտոնական տվյալներով բնակչության 20 տոկոսը համարվում է աղքատ: Մի կարեւոր հանգամանք եմ ցանկանում նշել. ինչպես թույլ զարգացած շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում մարդիկ աշխատում են ցույց չտալ կամ նվազեցնել իրենց եկամուտները: Լինում են դեպքեր, երբ մարդկանց տանը նոր սառնարան կամ հեռուստացույց կա, բայց նրանք ասում են, որ վաստակում են 15-20 հազար դրամ: Մարդիկ ունեն ստվերային եկամուտներ, թաքցնում են վարձակալությունից ստացած եկամուտները եւ այլն:

Բացի այդ, գյուղերի տնային տնտեսությունների 1/3-ն արտագնա աշխատանքների մեկնող ընտանիքի անդամներ ունի: Եթե արտագնա աշխատանքի մեկնողը 8-9 ամսվա ընթացքում կարողանում է վաստակել 5-7 հազար դոլար, ապա «գործուղում»-ը համարվում է բարեհաջող: Հայաստանի գյուղերը, որպես կանոն, այդպես էլ ապրում են:

Այս ամենին գումարվում է նաեւ այն, որ շատերն արտասահմանում բարեկամներ ունեն, որոնք որոշակի գումարներ են ուղարկում նրանց: Այս գործոնների առկայության պատճառով մի քիչ դժվար է ճշգրիտ գնահատել բնակչության աղքատության մակարդակը: Երբ գնահատում ենք ըստ նրանց եկամուտների, ապա աղքատության մակարդակը բարձրանում է: Եթե փորձենք աղքատությունը գնահատել սպառման միջոցով, ապա մակարդակը կիջնի, որովհետեւ սպառումը գերազանցում է իրենց նշած եկամուտները: Թեպետ սպառումն էլ կարող են թաքցնել, բայց, ամեն դեպքում, իմ կարծիքով, ըստ սպառման չափանիշի գնահատումն ավելի ճիշտ է:

- Ո՞ր տարածքի բնակիչներն են սոցիալական պաշտպանվածության առումով ավելի խոցելի, կա՞, արդյոք, տարբերություն գյուղական եւ քաղաքային բնակչության միջեւ:

- Երեւանում աղքատության տոկոսը շատ ավելի քիչ է, քան փոքր քաղաքներում եւ գյուղերում: Փոքր քաղաքներում սոցիալական վիճակը շատ ավելի վատ է, քան գյուղերում: Գյումրիում եւ Վանաձորում աշխատանք քիչ կա: Մնացած փոքր քաղաքներում` Սիսիանում, Գորիսում, Կապանում, Ալավերդիում, դրությունը շատ ավելի ծանր է: Հայաստանում կա 47 քաղաք: Այդտեղի քաղաքային բնակչությունը ո՛չ փող ունի, ո՛չ էլ աշխատանք: Հետազոտությունների ընթացքում քաղաքներին ոչ բնորոշ մի նոր երեւույթ եմ նկատել. փոքր քաղաքների բնակիչները մերձակայքերում կամ շրջակա գյուղերում հողեր են ձեռք բերում, որպեսզի ինչ-որ եկամուտ ապահովեն: Փաստորեն, նրանք աստիճանաբար հայտնվում են անհասկանալի կարգավիճակում` ոչ գյուղացի են, ոչ էլ քաղաքացի:

Ինչպես ասացի, գյուղական ընտանիքների մեծամասնությունը մեկնում է արտագնա աշխատանքի: Իհարկե, գյուղում շատ փոքր շերտ կա, որ կիսաքաղց է ապրում, բայց, մյուս կողմից էլ, գյուղերում դեռ կա զուտ մարդկային փոխօգնության ավանդույթը: Իհարկե, այդ մարդիկ պատվարժան կյանքով չեն ապրում, բայց, համենայնդեպս, գյուղում մարդու համար ավելի հեշտ է գոյատեւել, քան փոքր քաղաքներում: Այլ հարց է, որ փորահացի խնդիր են լուծում, ոչ ավելի: Ինչ վերաբերում է միջին քաղաքներին, ապա ես տպավորություն ունեմ, որ նրանք հիմա սպասում են, որ կամ պետք է մեռնեն, կամ էլ կարողանան սպասել մինչեւ Երեւանում հարստությունն այնքան հագենա, որ սկսի տարածվել Երեւանից դուրս: Բայց հիմա ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ կապիտալը կհոսի դեպի այդ քաղաքները, այլ դուրս չի գա Հայաստանից: Ես չեմ կարծում, որ որեւէ մեկը հիմա գիտի, թե ինչ պետք է անել փոքր քաղաքներում, ոչ ոք այս հարցով լրջորեն չի զբաղվում:

- Արդյո՞ք պետությունն ունի բնակչության սոցիալական պաշտպանությանն ուղղված ծրագրեր, ո՞ր ոլորտների համար են դրանք նախատեսված:

- Այսօր Հայաստանում պետական ծրագրեր իրականացվում են եւ՛ կրթության, եւ՛ առողջապահության, եւ՛ այլ սոցիալական ոլորտներում: Պետք է ասեմ նաեւ, որ այդ ծրագրերը բավական լավ են մշակված: Այլ հարց է, որ իրականացման ընթացքում ծրագրի արդյունավետությունը մեկ կարգով ընկնում է, եւս մեկ կարգով նվազում է, երբ այն արդեն սկսում է կիրառվել հասարակության օղակներում: Օրինակ՝ սոցիալական նպաստ ստանալու համար մարդիկ կեղծում են իրենց տվյալները, այդ գործում ներգրավված են նաեւ սոցիալական ծառայության աշխատակիցները: Առաջանում են կոռուպցիոն ռիսկեր: Սոցիալական աջակցության նպաստը ճիշտ հասցեականացնելու համար պետությունը ստիպված է ձեռնարկել լրացուցիչ ջանքեր իսկապես անապահով խմբերը ճշգրտորեն նույնականացնելու եւ հաշվարկելու համար:

Պետք է նշեմ նաեւ, որ դրանք լավն են միայն որպես ոլորտային ծրագրեր, սակայն դրանք չեն դիտարկվում Հայաստանի ընդհանուր զարգացման համակարգի մեջ: Այո, տնտեսական եւ աղքատության ցուցանիշների տեսակետից բարեկեցության աճ գրանցվում է, բայց եթե այդ աճը դիտարկենք հեռանկարում, ապա կարող ենք կանխատեսել ընդհանուր վիճակի վատացում: Բերեմ մի օրինակ. 2001 թվականին մշակված գյուղատնտեսության ծրագիրն իսկապես շատ լավն է, բայց դրանում կա մի բացթողում: Գյուղատնտեսության զարգացման դեպքում մենք գյուղերում ունենալու ենք ավելորդ բնակչություն, որը պարզ չէ, թե որտե՞ղ պետք է աշխատի: Եթե ծրագրով նախատեսված գյուղի արտադրողականությունը երկու-երեք անգամ մեծանա, ապա ամբողջ Հայաստանի բնակչության սննդի պահանջներն արդեն հնարավոր կլինի ապահովել, հետեւապես մենք չենք կարող ավելացած բնակչությունը դարձյալ ներգրավել գյուղատնտեսության մեջ: Գյուղմթերքների մշակման արտադրամասերում կարող է աշխատել ամենաշատը 50 հոգի, բայց դա հարց չի լուծելու: Պարզ է, որ գյուղատնտեսության զարգացումն առանց քաղաքային տնտեսության զարգացման բերելու է բնակչության ավելցուկի, որը, չգտնելով իր տեղը ո՛չ գյուղում, ո՛չ էլ քաղաքում, հեռանալու է երկրից: Տեղի է ունենալու զարգացում ընդհանուր բնակչության կրճատման հաշվին:

Այսպիսով, իմ կարծիքով, Հայաստանում բարեփոխումները կատարվում են մեկը մյուսից անկախ, գոյություն չունի Հայաստանի ընդհանուր զարգացման սոցիալ-տնտեսական ծրագիր: Դա նշանակում է, որ Հայաստանը դադարում է միասնական համակարգ լինելուց, ռազմավարությունները մշակվում են իրարից անկախ, եւ այն ծրագիրը, որը լավն է ոլորտի համար, դառնում է վատը, եթե մենք այն դիտարկում ենք համընդհանուրի համատեքստում: Հայաստանին պետք է փոքր եւ միջին քաղաքների զարգացման ընդհանուր ռազմավարություն, որը պետք է շաղկապված լինի գյուղատնտեսության զարգացման հետ:

- Պետական սոցիալական բնույթի ծրագրերը ի՞նչ ծավալ ունեն այլ կառույցների կողմից իրագործվող սոցիալական ծրագրերի համեմատ:

- Ինչպես տարածաշրջանում, այնպես էլ Հայաստանում սոցիալական ծրագրերում ներդրումներ իրականացնում են Եվրամիությունը, ԱՄՆ Պետդեպարտամենտը, ՄԱԿ-ը, Համաշխարհային բանկը եւ այլ համեմատաբար ավելի փոքր կառույցները: Սակայն, ի վերջո, այդ ներդրումները վերածվում են պետական ծրագրերի: Այդ տեսակետից անջատել պետական ծրագրերը դոնոր կազմակերպությունների ծրագրերից շատ դժվար է: Ինչ վերաբերում է այնպիսի ներդրումներին, ինչպիսին իրականացնում են «Լինսի» կամ «Հայաստան» հիմնադրամները, ապա դրանք նույնպես խոշոր ծավալ են կազմում:

- Սովորաբար ի՞նչ տիպի սոցիալական խնդիրներ են ունենում Հայաստանի քաղաքացիները:

- Ես հիմա չեմ ուզում ասել, որ գյուղերից շատերում չկան բուժկետեր, կամ դպրոցները վերանորոգված չեն եւ այլն, եւ այլն: Այդպիսի սոցիալական խնդիրներ, իհարկե, կան, բայց դրանք լուծվում են: Կան ավելի լուրջ խնդիրներ, որոնց մասին ես արդեն ասացի. մարդիկ այսօր Հայաստանում զարգացման հնարավորություններ չունեն, մարդկանց թոշակները եւ աշխատավարձերը մեծանում են միայն թվի տեսքով, աշխատավարձը 50 հազարից դառնում է 70 հազար, բայց դա որակապես չի փոխում ոչ ոքի կյանքը: Տնտեսությունը մեծանում է, բայց բարեկեցության վերաբաշխումը շատ անհավասարաչափ է, իսկ սոցիալական խնդիրները գալիս են տնտեսական հարաբերությունների սխալ դրվածքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter