HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հարկային փաթեթը կբերի նաև գների բարձրացման

Կառավարությունը նոյեմբերի 10-ի նիստում անհետաձգելի է համարել մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ անելու նախագծերը, որոնք առաջիկայում քննարկվելու ենք Ազգային ժողովում: Օրենքի փոփոխությունների զգալի մասը հարկային և տնտեսական բնույթի է: Հարկային փաթեթը ներառում է մոտ 30 օրենքում փոփոխություններ և լրացումներ:

Երբ կառավարությունը հայտարարեց եկող տարվա բյուջեն 101 մլրդ դրամով ավելացնելու մասին, ասվեց, որ 2012թ. բյուջեն կատարելու համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ: Տնտեսագետները և ընդդիմադիր պատգամավորների զգալի հատվածը մտավախություն ունեն, որ այս փոփոխություններն ավելի կխեղճացնեն փոքր ու միջին բիզնեսը, իսկ կառավարությունը շարունակում է հավաստիացնել, այդ մտավախությունը տեղին չէ, և օրենսդրական փոփոխություններն ավելի շատ ուղղված են խոշոր բիզնեսին:

Մտավախության համար կային իրատեսական պատճառներ, քանի որ փաթեթը գաղտնի էր պահվում և հրապարակվել է ընդամենը 2 օր առաջ:

Նկատի ունենալով, որ այս օրենսդրական փաթեթը ընտրությունների նախաշեմին ռիսկային է իշխանությունների համար և հնարավոր է ընդվզումների առիթ դառնա՝ մոտ մեկ ամիս առաջ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ քննարկումներ են եղել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և կոալիցիայի այլ ներկայացուցիչների մասնակցությամբ: Թե ինչ դիրքորոշում են հայտնել կոալիցիոն գործընկերները, հատկապես խոշոր բիզնեսի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը, առայժմ հայտնի չէ:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը, ներկայացնելով հարկային փաթեթը, հայտարարել է, թե կառավարությունն առաջին հերթին այդ փաթեթով եկամուտների վերաբաշխման խնդիր է լուծում, ըստ որի՝ խոշոր բիզնեսից ավելի շատ հարկեր պետք է գանձվեն: «Հարկման արդարության սկզբունքները մենք պահպանում ենք, որը նշանակում է՝ ավելի շատ եկամուտ ստացողը պետք է վճարի ավելի շատ հարկ»,- ասել է Սուրեն Կարայանը:

Զգալի փոփոխություններ են նախատեսված նաև «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում: Նախատեսվում է ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխություն: Ոգելից խմիչքների մասով հավասարեցվում են ներմուծված և տեղական արտադրանքների ակցիզները: Ըստ այդմ, ավելի թանկ ոգելից խմիչքներից ավելի մեծ ակցիզային հարկ կգանձվի:

Փոփոխություններից հետո ակցիզային հարկը վճարվելու է հետևյալ դրույքաչափերով.

1. Գարեջուր՝ տեղական արտադրության դեպքում՝ բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի) կամ 1 լիտր, իսկ ներմուծման դեպքում՝ մաքսային արժեք կամ 1 լիտրը հարկվելու է 30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 105 դրամ: Գործող օրենքում այն 70 դրամ է:

2. Խաղողի գինիներ՝ 10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 100 դրամ: Այստեղ կառավարությունը փոփոխություն չի նախատեսել:

3. Վերմուտ և խաղողի այլ գինիներ, որոնք պարունակում են բուսական և արոմատիկ էքստրակտներ: Ներմուծման և տեղական արտադրանքի համար սահմանվում է 50 տոկոս ակցիզային հարկ, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 750 դրամ: Գործող օրենքում սահմանված է 500 դրամ:

4. Խմորման ենթարկված այլ ըմպելիքների (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք) համար նախատեսված է 25 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 270 դրամ, գործողի՝ 180 դրամի փոխարեն:

5. էթիլային սպիրտի 1 լիտրը (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) ներմուծման և տեղական արտադրանքի համար կհարկվի 900 դրամով՝ ներկայիս 600-ի փոխարեն:

Եվս մի քանի ապրանքատեսակներ կան, որոնց դեպքում նույնպես հարկերի բարձրացում է նախատեսվում: Օրինակ, կիրառվելու է նաև շքեղության հարկ: Մինչև 2 տարեկան այն ավտոմեքենաների համար, որոնց շարժիչի ծավալը մեծ է 4 հազ. սանտիմետր խորանարդից, կամ ավտոմեքենայի մաքսային արժեքը մեծ է 30 մլն դրամից, սահմանվում է 20 տոկոս ակցիզային հարկ: Իսկ եկամտահարկի դեպքում կառավարությունն առաջարկում է կիրառել աճող սանդղակ. 2 միլիոն և ավելի եկամուտ ունեցողների համար հարկային բեռն ավելանալու է 5 տոկոսով՝ դառնալով 25 տոկոս:

Երեկ արդեն հնչել է առաջին հրապարակային դժգոհությունը հարկային փոփոխությունների փաթեթից: «Երևան գարեջուր» ՓԲԸ-ի սեփականատեր, պատգամավոր Հակոբ Հակոբյանը տնտեսական հանձնաժողովում քննարկման ժամանակ նշել է, թե այդ փոփոխություններից հետո գարեջրի գինը 42 դրամով բարձրանալու է, ինչը կարող է վնասել սպառման ծավալներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter