«Մեկը ասեց. է՛յ, բիձա՛, բա էդ թոփալ ոտով կարա՞ս փախնես: Ասեցի, արա՛, ես փախնելու համար եմ գալի՞ս»
1915թ.-ին Եղեռնից փրկվածներով բնակեցված գյուղը՝ Մարտունին, Եղեռնի զոհերի հիշատակի 100-ամյակին դարձավ մի շարք կազմակերպությունների կողմից ծրագրերի իրականացման համայնք: Գյուղի անվանումը հաճախ շփոթություն է առաջացնում Գեղարքունիքի մարզում ևս մեկ բնակավայրի անվան նմանության պատճառով: Սևանի ավազանի մոտ տեղակայվածը Մարտունի քաղաքն է, որը տարբեր է ոչ միայն իր բնակչությամբ, այլև բարբառով: Մարտունի գյուղում Արևմտյան Հայաստանի բարբառն է, որով խոսում էին Էրգրի գաղթյալները: Այստեղ արդեն նրանց չորրորդ սերունդ է ապրում, որը չի պահպանել բարբառն ու խոսում է գրական հայերենով:
Սակայն գյուղը հայտնի է ոչ միայն իր բնակիչների ծագմամբ, այլև նրանց՝ պատմական իրադարձություններին հետագա մասնակցությամբ: Հայրենական մեծ պատերազմին Մարտունի գյուղից զինվորագրվեց հարյուր տասնհինգ մարդ, որոնցից շատերը գնացին անվերադարձ: Եղեռնի զոհերի հիշատակի հուշարձանի կողքին կանգնեցված է ևս մեկը՝ Հայրենական պատերազմում զոհվածներինը:
Այդ պատերազմում մասնակցած Իլիչ Մարտիրոսյանի անունը գրված չէ հուշակոթողին ակնհայտ պատճառով. նա քչերից է, ով վերադարձավ ու ապրում է մինչ օրս՝ լինելով կենդանի կոթողն ու պատմիչը պատերազմի: 90-ամյա վանեցի Իլիչ պապը, գյուղի տարեցն է: Մեկն է, ով 1943 թ.–ին կամավոր մեկնեց ճակատ: Երեք տարի մասնակցեց մարտերին: Առաջին անգամ վիրավորվեց Արևմտյան Բելառուսում, երկրորդ անգամ` Մոսկվայի մատույցներում, երրորդ անգամ` Արևելյան Պրուսիայի Քյոնիքսբերգ (այժմ՝ Կալինինգրադ) քաղաքի փողոցային կատաղի մարտերում, որի հետևանքով դարձավ երկրորդ կարգի համշանդամ: Այժմ՝ ծերության խաղաղ օրերին, շարունակ միտքն է գալիս փոթորկալի անցյալը: Չի հասկանում՝ ոնց անցան տարիները, ինչպես հանկարծ ծերացավ: Բայց հասկացել ու համոզվել է մի բանում՝ կեցցե կյանքը, կորչի մահը:

Գյուղացի Ստեփանի տունը կռիվ էր ընկել. որդին՝ տասնյոթամյա Իլիչը, ուզում էր պատերազմ գնալ
Հայրենական պատերազմի լուրը, որ եկավ, ասի ես պիտի գնամ մասնակցեմ: Տասնութս հլա չէր լրացել գիտե՞ս: Է՜, հերս ճվաց-բոռաց, ասեց մի գնա, մերս էլ դեմ ընգավ, բայց ես ասեցի գնում եմ և գնացի, արևս վկա: Մեր գյուղից շատ ջահելներ գնացին, մեծ մասը հետ չեկան: Ստեղից ոտով էին տանում Դիլիջան, որ հետո ճակատ ուղարկեն: Շատերը տեղ էլ չէին հասնում, ճամփին հիվանդանում-մեռնում էին:
Հերս Վանի ճեմարանում ա սովորել, շատ գրագետ էր, ինձ մարտի դաշտ ռուսերենով նամակներ էր գրում: Մերս գրել չգիտեր, իրա տեղն էլ էր ինքը գրում: Էդ նամակները մարտի դաշտում էլ միշտ ծոցաջեբս ա եղել, գիտե՜ս, այ էստեղ (տփտփացում է վերնաշապիկի կրծքի գրպանը. հեղ.): Միշտ գրում էր. որդի՛ս, քաջ կկռվես, հույս ունեմ՝ Սովետական միության շքանշաններով կվերադառնաս քո հարազատ ծնողներին: Էդպես էլ եղավ, արևս վկա: Խորհուրդներ էր տալիս. որդիս չծխես, չխմես, ոչ մի մահացած զինվորի վրայից բան չվերցնես:

Հերս գրագետ էր, մերս՝ իմաստուն: Քսաներեք տարեկան էի: Մի սենյակում էինք բոլորս քնում: Հերս-մերս թախտին էին, ես պոլին տեղերի մեջ շուռումուռ էի գալիս: Մերս հորս ասեց՝ Ստեփան, իմ տղուն կնիկ է պետք: Հերս ասեց, այ աղջի, իսկի անկողին չունենք: Մերս ասեց՝ իմ տղուն կնիկ, որ եղնի, տեղաշոր էլ կեղնի:
Սպասում է՝ տեսնի ճի՞շտ էր գուշակել «ցիգանը»
Մոսկվայի մատույցների մոտ էինք, ընկերս՝ վրացին, վիրավոր էր, ուսիս գցած տանում էի: Հետո տեսա՝ էլ չկա: Է՜, սաղ ծուխ ու դուման էր, դիակներ: Դրեցի գետնին: Չորս կողմս գնդակներ էին: Ցիգանները սայլով ֆռռում էին, մահացածների վրից բան-ման էին հավաքում: Հետո մեկը ձախ կողմից ձեռս բռնեց, հարցրեց какой нации, ասեցի, армянин, ասեց, ты будешь жить сто двадцать пять лет: Ես էլ մի ռուսերեն հայհոյանք էլ չգիտեի, մի հայհոյանք տվեցի: Ա՜, ասավ, посмотришь:

Էս անգամ գնաց կռիվ՝ առանց տանը կռիվ անելու, բայց էլի կամավոր
Արցախյան պատերազմը, որ սկսվեց, ես էլ գրվեցի կամավոր զինվոր: Ոտս ցավում էր, չալիկով էի, բայց ո՞նց կարայի չգնայի: Մեկը ասեց՝ է՛յ, բիձա՛, բա էդ թոփալ ոտով կարա՞ս փախնես: Ասեցի, արա՛, ես փախնելու համար ե՞մ գալիս: Վեց ամիս պոստերում եղա: Փորձառու էի, ջահելներին պետք էի: Ամիսը հարյուր երեսուն հազար էին տալիս: Էդ վեց ամսվա գումարը նվիրել եմ Ղարաբաղի որբերին: Պատերազմ լինի, նորից կսլանամ մարտի հանուն հայրենիքի, քաջը պիտի քաջ կռվի, ոչնչացնի և ոչ՝ ոչնչանա, արևս վկա:

Խարաբ չէր, բայց չուզեցին
Գրում եմ: Էս թաղի հարսների մասին բանաստեղծություններ եմ գրում, որ ինձ լավ նայեն (աչքով է անում ու ժպտում, հեղ.): Կնոջս՝ Գայանի մասին եմ շատ գրել: Է՜, իրա պես կնիկ հիմի ման գաս, չես գտնի: Գայանն ուրիշ էր: Ասում էի, աղջի, էդքան, որ պռտում (մաքրում, հեղ.) ես, ինչն ա փոխվելու: Իրան չէր խնայում: Շուտ գնաց: Երեսուն տարի ա՝ մենակ եմ:
Ուխտ էի արել, որ վեց աղջիկ պիտի ունենամ, էդպես էլ եղավ: Վերջինը, որ էլի աղջիկ էր, հետախույզ Միսակ Մանուշյանի կինը ուզում էր որդեգրել: Նամակներ էր գրում, համոզում Գայանին, որ տանք: Երեխեն երեխա ա, աղջիկ, թե տղա, ո՞նց կարաս տաս ուրիշի:
Գայանից հետո, փեսեքս եկան, գնացինք Վարդենիսի կողմերը՝ կնիկ ման գալու: Քանի տեղ հարցրինք, չկար անմարդ կնիկ: Դաշտերի մոտով գնում էինք, քոլերի մեջ ընկած կնանիք կարտոշկա էին հավաքում: Ձեն տվեցի, մեկը եկավ: Ասեցի, աղջի, տուն-տեղ ունեմ, խմող չեմ, ինձ կուզե՞ս: Էս էլ դառավ ասեց. «Բա որ էդքան լավն ես, ձեր մոտ կնիկ չկա՞, մի խարաբ բան ունես, որ ձեր մոտերից չեն տալիս»:
Մենակ եմ եղել, աղջիկս, բարեկամներս ասել են արի մեր տանը մնա, բայց ես չեմ կարում ուրիշ տեղ մնամ: Ես իմ դարդը սաղ օրը երգում եմ: Գնամ ու՞մ խանգարեմ: Հետո էլ «Թեկուզ իմ տունը պալատ չէ սիրուն, բայց ամեն թռչուն իր բույնն է սիրում» (հիշում է պարսկական իմաստությունը, հեղ.):

Դոն Կիխոտից միայն կոչումն է վերցրել
Ոտիս վերքերին չէի նայում, թափառում էի անտառներով: Հետո բանաստեղծություններիս տակ պիտի ստորագրեի, Թափառական ասպետի անունը վերցրի, մերոնք էլ էրգրից են եկած՝ Վասպուրականից: Էդպես դառավ Թափառական Ասպետ Միլո Վասպուրականցի:
Ազատուհի Խաչատրյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել