HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու երկիր մեկ ոչ իրավական տարածության մեջ

Շարունակվում է «Ստերեոտիպերի հաղթահարում եւ ընդհանուր տեղեկատվական տարածություն» նախագիծը։ «Նովոյե վրեմյա» (Ադրբեջան) եւ «Ազգ» (Հայաստան) թերթերի ընթերցողները, ինչպես նաեւ www.caucasusjournalists.net կայքի օգտվողները ծանոթ են նյութերի նախորդ բլոկին, որտեղ ադրբեջանցի եւ հայ վերլուծաբաններն իրենց կարծիքներն ու կանխատեսումներն են հայտնել հակամարտության հեռանկարի, այն տեւական դարձնող գործոնների, տարածաշրջանի անվտանգության հարցերի եւ երկու երկրների ժողովրդավարացման խնդիրների մասին։

Ընթերցողների հետ հանդիպման բախտին սովորաբար արժանանում են այն փորձագետները, ում կարծիքը արտացոլում է հասարակական գիտակցության մեջ հաստատված հնարավորին չափ շատ ստերեոտիպեր։

Բնականաբար, տարածքային վեճերի եւ դրանցից բխող խնդիրների նկարագրության ժամանակ Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչները, ինչպես եւ հասարակությունները, կանգնած են «բարիկադների» տարբեր կողմերում, ուստի նույնիսկ օբյեկտիվ գնահատականները, որ տրվում են այս կամ այն երեւույթին, գործողությանը եւ հանգամանքին, զուրկ չեն անճշտություններից, իսկ երբեմն նույնիսկ տրամագծորեն հակադիր են։ Ստեղծված «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» իրադրության պայմաններում այլ կերպ չէր էլ կարող լինել։ Ընդ որում ՝ առաջին փուլում ղարաբաղյան հակամարտությանը (որը, ցավոք, շատ քաղաքական գործիչների եւ քաղաքագետների համար դարձել է առօրյա բան) վերաբերող հարցազրույցներում փորձագետներն անկեղծ էին եւ, կարելի է ասել, հանդես էին գալիս նկարագրվող հիվանդագին երեւույթների ախտորոշմամբ։

Հարցազրույցների երկրորդ խմբում (դարձյալ չորսական հարցազրույց երկու երկրների փորձագետների հետ) լուսաբանված են ներքին խնդիրներ։ Առաջին զույգը վերաբերում է ԶԼՄ-ի եւ հասարակության փոխհարաբերությանը, երկրորդը ՝ դատական համակարգին, երրորդը ՝ ոստիկանությանը, իսկ չորրորդը ՝ քաղաքական կուսակցություններին եւ ընտրությունների համակարգին։ Ի տարբերություն առաջինի, երկրորդ ցիկլի հարցազրույցների ընթերցումը թողնում է այնպիսի տպավորություն, որ այդ հարցերի փորձագետներին ոչ միայն չի բաժանում միմյանց մասին տեղեկատվության բացակայության անջրպետը, այլ ընդհակառակը , որ նրանք ապրում են ընդհանուր հիվանդ հասարակության մեջ, եւ միայն նրանց բառերն ու արտահայտություններն են երբեմն տարբերվում։ Նրանց մոտ նույնն է անգամ դժգոհության առարկան եւ դժգոհության չափը։

ԶԼՄ-ը ձեւավորում են հասարակական կարծիքը

Հարցազրույցների առաջին զույգում միակ շփոթահար անող, բայց մյուս կողմից, ինչպես երեւում է տեքստերից, փոխլրացնող գործոնը օգտագործվող կատեգորիաների տարբերությունն է։ Հայ փորձագետը՝ Հրաչ Բայադյանը, լինելով առավելապես տեսաբան (մշակութաբան), խոսքի ազատության զարգացման իրական պայմանների բացակայության մասին կատարում է վերացական եւ ակադեմիական դատողություններ։ Մինչդեռ Ադրբեջանում դա խիստ ցավոտ խնդիր է «Թուրան» լրատվական գործակալության համար, որի գլխավոր տնօրեն Մեհման Ալիեւը՝ ադրբեջանցի փորձագետը, իր կաշվի վրա է զգում ԶԼՄ-ի նկատմամբ քաղաքական իշխանության կանխակալ, ցուցադրական եւ իմիտացիոն վերաբերմունքը։ Ինքնին հասկանալի է, որ խմբագրության ղեկավարը լրագրողական ցավերի եւ դրանց բուժման ընդունելի մեթոդների մասին գիտի ավելի շատ, քան ուրիշ մեկը։

Ուստի, վատ չէր լինի, եթե հետագայում երես առ երես հանդիպման հրավիրվեին խմբագիրները, որոնք անձամբ զբաղվում են լրագրողական կոլեկտիվի ստեղծագործական, կազմակերպչական եւ նույնիսկ սոցիալական խնդիրներով։ Ադրբեջանցի փորձագետը չի իջնում մասնավոր հարցերի մակարդակին, բայց իմ կողմից ճիշտ չէր լինի լռել այնպիսի «մանրուքի» մասին, ինչպիսին վերջերս «Թուրան» լրատվական գործակալությանն իր երկարամյա գրասենյակից դուրս հանելն է, որի պատճառով այժմ գործակալությունը ստիպված է վարձակալած տարածքի համար ամսական վճարել երկուսուկես հազար ամերիկյան դոլար։ Եթե հաշվի առնենք այն, որ այս գործակալության վրա իշխանության նպատակաուղղված հարձակման արդյունքում բաժանորդների քանակը կիսով չափ պակասեց (դրանց մեծ մասը օտարերկրյա ընկերություններ են, որոնցից շատերը, տեղի տալով պայմանագրերի խզման սպառնալիքին, կապվեցին այնպիսի գործակալությունների հետ, որոնք լիովին կախված են իշխանությունից), ապա դժվար չէ պատկերացնել անկախ փորձագետի վիճակը, որը հանգիստ տեսքով հարցազրույց է տալիս այդ թեմայով։

Այս երկու հարցազրույցները փոխլրացնող են։ Փորձագետները մատնացույց են անում տպագիր եւ էլեկտրոնային ԶԼՄ-ների ՝ երկու երկրներում համընկնող առանձնահատկություններ եւ, իրենց մասնագիությունների բերումով, յուրաքանչյուրը լրացնում է այն, ինչ չի ասել մյուսը։

Օրինակ ՝ ադրբեջանցի փորձագետը ճիշտ դիտողություն է անում խոսքի ազատության եւ ԶԼՄ-ի զարգացման նկատմամբ պետական ապարատի իմիտացիոն քաղաքականության եւ օրենսդրության մանիպուլացման մասին։ Նա խիստ տեղին հիշատակում է ANS հեռուստակայանի հեռարձակման դադարեցման եւ այնուհետեւ որոշ չափով ձեւախեղված վերականգնման մասին։ Եթե նախկինում այս ալիքը իրեն պահում էր որպես թույլատրված անկախ հեռուստակայան, որը կարող էր ոչ միայն ցուցադրել, այլեւ լուծել (կամ նպաստել լուծմանը) որոշակի կենցաղային անհարմարություններ, ապա այժմ նման բաները միայն ցուցադրվում են, եւ այն էլ ՝ ընտրողաբար։ Ավելին, այժմ լրատվական բլոկն ամբողջովին գրաքննվում է։ Այս առումով Հայաստանի նախագահական ապարատը մեր քաղաքական ղեկավարությունից սովորելու բան ունի։ Երեւանում, օրինակ, փակեցին «Ա1+» հեռուստակայանը եւ մոռացան նրա մասին։ Եւ իզուր։ Բաքվում, հավանաբար, ավելի ուշադիր են դիտել «Կովկասի գերուհին» կինոնկարը, որտեղ Ֆրունզիկ Մկրտչյանն ասում է. «Ով մեզ խանգարում է, նա էլ մեզ կօգնի»։

Հայ փորձագետը ճիշտ է նկատում երկու հասարակությունների համար բնորոշ երեք միտում, որոնց վրա ուշադրություն չի դարձնում ադրբեջանցի փորձագետը (հավանաբար տարված լինելով սեփական գործակալության գոյատեւման խնդիրներով)։ Որպես էլեկտրոնային ԶԼՄ-ի համատարած վերահսկմանն ուղղված իշխանությունների ջանքերի դրական արդյունք՝ պարոն Բայադյանը նշում է այն հանգամանքը, որ, հանուն ազատ արտահայտվելու հնարավորության, Ինտերնետում ստեղծվեցին բազմաթիվ տեղեկատվամիջոցներ։ Բացի այդ, հայ փորձագետի կարծիքով, ազատ արտահայտման եւ տեղեկատվության մատչելիության հնարավորությունը սահմանափակող գործոն կարող է լինել լրագրողի անբավարար գրագիտությունը եւ տեղեկացվածությունը։ Հայ մշակութաբանը ճիշտ է նկատում, որ մեդիայի ընթացիկ տեսություններում եւ ուսումնասիրություններում մեծ տեղ է հատկացվում ընկալման գործոնին, տեղեկատվական եւ մշակութային արտադրանքի սպառման եղանակներին։

Համաձայն տեսության ՝ լսարանի կողմից տեղեկատվության ընկալման վրա ազդեցություն են թողնում մի շարք գործոններ, այդ թվում ՝ կրթությունը, սոցիալական պատկանելությունը եւ այլն, որոնց պատճառով կարող են ի հայտ գալ բազմաթիվ չնախատեսված երկիմաստություններ։ Այս իմաստով, չպետք է գերագնահատել մարդկանց մտածողությունը եւ հայացքները ձեւավորելու ԶԼՄ-ի հնարավորությունները։ Այդուհանդերձ, տեղական պաշտոնյաները փորձում են վերահսկել, այսպես կոչված, «անկախ» թերթերը եւ դիմադրում են անկախ տեղեկատվամիջոցների ցանցի ստեղծմանը։ Հայ փորձագետի նկարագրածը հավասարապես վերաբերում է ադրբեջանցի լրագրողներին, որոնց ոչ կոմպետենտության պատճառով տուժում է ոչ այնքան իրենց լրատվական օրգանը, որքան առհասարակ լրագրության ընդհանուր մակարդակը։ Այնպիսի տպավորություն է, թե մենք ունենք միեւնույն նախագահական ապարատը, եւ իրենց մասնագիտությունը վարկաբեկող անբարեխիղճ լրագրողների աճող բանակին ուղղված պատվերները գալիս են նույն աղբյուրից։

Հիշում եմ, թե ինչպես հանգուցյալ Էլմար Հուսեյնովը փորձում էր ստեղծել մեդիահոլդինգ։ Երբ ես այդ մասին հայտնեցի համալսարանական պաշտոնյաներին, որոնց հետ մենք անմիջական առնչություն ունեինք, նրանցից մեկը պարզապես վատացավ։ Ի վերջո, այդ պաշտոնյան կարողացավ արտաբերել. «Դուք եւ ձեր լրագրողն առանց այդ էլ վարկաբեկում եք ինձ, իսկ հիմա էլ հոլդինգի մասին եք խոսում։ Եւ Հեյդար Ալիեւիչը ձեզ դրա համար փո՞ղ պիտի տա։ Ինչ է, բոլորովին հիվա՞նդ եք»։ Վերջապես, հայ փորձագետի նշած երրորդ առանձնահատկության մասին։ Իրոք, իշխանությունները կարողանում են այլասերել ԶԼՄ-ը։

Թերթերը (բնականաբար, ընդդիմադիր) ծիծաղում են անտաշ, անգրագետ պատգամավորների վրա։ Ադրբեջանում ընդդիմադիրները ծաղրում էին ոչ միայն պատգամավորներին, այլեւ նախագահ Իլհամ Ալիեւին, քանի որ նա, իբրեւ թե, ե՛ւ ուզուրպատոր է, ե՛ւ խաբեբա (ցուցամոլ), եւ առհասարակ նրա մեջ ոչ մի նախագահական բան չկա։ Բայց հետո այդ նույն թերթերը սկսեցին տպել հարցազրույցներ նրանց հետ, ում մինչ այդ քննադատում էին, իսկ մի խումբ լրագրողներ (2005թ. ընտրություններում ՝ 45 հոգի) ցանկություն հայտնեցին մասնակցել ընտրություններին եւ դառնալ այդ արհամարհելի Մեջլիսի անդամ։ Նույն լրագրողներն այսօր գրում են նախագահի ճիշտ արտաքին քաղաքականության, նրա թիմի մարտունակության եւ անառարկելի լեգիտիմության մասին։ Այս կապակցությամբ ես կանեմ միայն մի դիտողություն։ Սոված խմբագրությունը ոչ մի քայլի առաջ կանգ չի առնի։ Ուստի, ելքը մեկն է, եւ այդ մասին միանգամայն ճիշտ է արտահայտվում ադրբեջանցի փորձագետ Մեհման Ալիեւը. որպեսզի լրագրողները վերջնականապես չայլասերվեն (այս ախտանշանը ընդհանուր է երկու երկրների համար), պետք է ստեղծել այնպիսի անկախ գովազդային շուկա, որին չկարողանան միջամտել գործադիր իշխանության ներկայացուցիչները։

Արդար դատաքննության իրավունք

Անհնար է պատկերացնել, որ Ադրբեջանի դատապաշտպանների կոլեգիայի նախագահը կարող է հանդես գալ որպես փորձագետ եւ ինքնաքննադատությամբ լի հարցազրույց տալ։ Ինչպես ճշգրիտ նկատում է Ինտիգամ Ալիեւը՝ ադրբեջանական կողմի ներկայացուցիչը, այս շուկայում չկա խանութպան, որը կկարողանար հանդես գալ իրեն պարտադրված ՝ օրենքի առեւտրի կանոնների դեմ։ Եթե առաջնորդվենք երկու երկրների հասարակական իրողությունների ընդհանրության փաստով, ապա տենդենցիոզ է թվում այն փաստի ներկայացումը, որ հայ փորձագետը, որը բնավ չի խորշում կոռումպացված իշխանության հետ համագործակցությունից, իր մեջ ուժ է գտել կոշտ արտահայտություններ օգտագործել նրանց դեմ, ովքեր ճիշտ չեն գործադրում օրենքը։ Այնպես որ, նկատի ունեցեք, եթե Եվրամիությունը, Եվրախորհուրդը եւ ԵԱՀԿ-ն էլ նրանց հետ առաջիկայում եւս Հարավային Կովկասի երկրներին վերաբերվեն այնպես, ինչպես հիմա, ապա շուտով ոչ միայն դատապաշտպանների կոլեգիայի (կազմակերպություն, որի կարիքը մեր պայմաններում ոչ մեկը չունի) նախագահը, այլ նույնիսկ գլխավոր դատախազը եւ Գերագույն դատարանի նախագահը կվարժվեն ինքնաքննադատության անհրաժեշտությանը։ Իսկ հետո, ինչ իմանաս, գուցե կոռումպացված ադրբեջանցի գործընկերների ու եղբայրների հետ միասին նրանք արեւմտյան առաջադեմ հանդեսների էջերում քարոզեն արդարամտության եւ Օրենքի ոգու եւ տառի դեմ հանցագործության անթույլատրելիության մասին։

Երկու երկրներում էլ դատապաշտպանության ինստիտուտն այնքան թույլ է, որ դատապաշտպանը, որքան էլ բարին ցանկանա իր սիրելի այցելուին, անկարող է գլուխ հանել դատավորի եւ դատախազի ՝ կորպորատիվ կապով իրար կապված զույգից, որոնք նշանակվել են գործադիր իշխանության կողմից եւ որից էլ կախման մեջ են գտնվում։ Հայ փորձագետը, պնդելով, որ «դատապաշտպանը պատրաստ է օգնել իր պաշտպանյալին ՝ տալու կեղծ ցուցմունքներ, որոնք կօգնեն նրան», շփոթում է ցանկալին իրականի հետ։ Եթե դատավորը եւ դատախազը չցանկանան միասին օգնել դատապաշտպանին, որ նա իր պաշտպանության համար փող աշխատի, ապա պաշտպանվող կողմն անպայման կպարտվի։ Եւ ո՛չ դատապաշտպանի ցանկությունը, ո՛չ օրենքի ճիշտ մեկնաբանությունը, ո՛չ քաղաքացիական կեցվածքը չեն կարող այս հիվանդության դեմն առնել, մինչեւ չփոխվի վերաբերմունքն իրավունքի փիլիսոփայության նկատմամբ։ Չէ՞ որ մեր հասարակություններում առայժմ չկա «նախագահ», «պառլամենտ», «նախարարների կաբինետ», «անկախ դատարան», «իրավունք» եւ այլ հասկացությունների կշռադատված, կայունացած, ավանդական եվրոպական մեկնաբանություն։

Փաստորեն, մենք ապրում ենք բնական իրավունքի ժամանակաշրջանում, երբ պետության ղեկավարը (այսինքն ՝ ամենաուժեղը, ամենախելացին եւ ամենագեղեցիկը) ունի եւ, համաձայն ուժի օրենքի, պետք է ունենա ավելի շատ լիազորություններ, քան իշխանության մնացած բոլոր ճյուղերը։ Նախագահը կարող է շնորհել այդ ճյուղերին եւ դրանց ստորաբաժանումներին այնքան լիազորություն, որքան անհրաժեշտ է իր մերձավորների միջեւ ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար։ Եթե Եվրոպայում իշխանության ՝ ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների իրական անկախության խնդիրները քննարկվում են Սոլոնի (ավելի քան 2500 տարի առաջ ապրած ՝ Աթենքի տիրակալի եւ իմաստունի) ժամանակից, ապա մենք իրավունքի փիլիսոփայության դասընթացն անցնում ենք 20-րդ դարի սկզբից։ Ընդ որում ՝ անցնում ենք գրեթե որպես ֆակուլտատիվ առարկա եւ հիմնվելով արտասահմանյան օրինակների վրա, քանի որ մեր բոլոր ուսանողները եւ արդարադատության ապագա կարկառուները իրավաբանական ֆակուլտետ ընդունվելիս նախապես հավակնում են դատախազների եւ դատավորների (ճակատագրեր տնօրինողների), այլ ոչ թե Իրավունքի քրմի դերին։

Ադրբեջանցի փորձագետը լավ եւ մատչելի բացատրում է ժողովրդավարական տեղաշարժերի նմանակման մեխանիզմները։ Իսկապես, Ադրբեջանի նախագահը ստորագրել է ինչ-որ Կարգադրություններ եւ Հրամաններ, որոնք համապատասխանում են Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների ոգուն։ Բայց դրանք իմաստ ունե՞ն։ Ցանկանում եմ մեջբերում անել Ինտիգամ Ալիեւի հարցազրույցից. « Դատարաններին եւ դատավորներին ուղղված իր կարգադրություններում պետության ղեկավարը հանձնարարում է՝ «դատական պրակտիկայում հաշվի առնել» Մարդու իրավունքների հարցերով Եվրոպական դատարանի նախադեպերը։

Շատերի նման, ինձ մոտ էլ հարց է առաջանում, թե երկրի ղեկավարությունն իսկապե՞ս ցանկանում է, որպեսզի դատարաններն արդարացիորեն քննեն այն գործերը, որոնք վերաբերում են ընտրությունների ժամանակ կատարված կեղծիքներին, հանրահավաքների ժամանակ կանանց եւ երեխաներին գազանաբար ծեծելուն, այն տանջանքներին, որոնց ենթարկվում են այլախոհները համապատասխան կառույցների նկուղներում, անօրինականություններին, որոնք կատարվում են Արդարադատության նախարարությունում, Սակագնային խորհրդում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, Բաքվի գործադիր իշխանությունում, Կրթության նախարարությունում եւ այլուր։ Դատավճիռները, որ այսօր կայացնում են մեր դատարանները, հակառակն են վկայում։ Ակներեւ է անկախ դատական համակարգի ստեղծման քաղաքական կամքի բացակայությունը»։

Այս հարցազրույցներից ելնելով ՝ կարելի է ենթադրել, որ քաղաքական բնույթի գործերի համար երկու երկրներում էլ կան պատվիրված դատավորներ։ Ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Հայաստանում ակներեւ է բնակչությանը իրավական գիտելիք ներարկելու, իրավաբանական օգնություն ցուցաբերելու գործի չափազանց վատ կազմակերպվածությունը։ Երկու երկրում էլ հասարակության բոլոր անդամների կողմից քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների գիտակցության նկատմամբ առկա է կամայական մոտեցում։ Չկա եւ ապագայում չի էլ ենթադրվում իսկապես քաղաքացիական հասարակության ստեղծմանն ուղղված լայնամասշտաբ շարժում։

Այդուհանդերձ, բնութագրական է ուսումնասիրվող առարկայի էության նկատմամբ հայ իրավաբանի մոտեցումը։ Ավելի լավ է մեջբերում անեմ. « Քաղաքագետներից մեկի խոսքն եմ հիշում, որն ասում էր` իրական ժողովրդավարությունն առաջանում է ավտորիտար ղեկավարման միջոցով: Ես միանգամայն համամիտ եմ այդ մտքին եւ կցանկանայի, որ Հայաստանում այդպիսի իշխանություն լիներ ու նրա գլուխ կանգնած լիներ մի մարդ, որ կարող էր մոռանալ ամեն ինչ՝ ընտանիք, մտերիմ, ծանոթ եւ ունենար մի բարեկամ՝ Հայաստան պետությունն ու ժողովուրդը, աշխատեր ի բարօրություն այդ պետության ու ժողովրդի »։ Այստեղ բացարձակապես ավելացնելու բան չկա, բացի այն, որ անձամբ ես չէի ցանկանա լինել նման աշխարհայացք ունեցող մասնագետի գործընկերը։

Ոստիկանություն եւ հասարակություն

Ընդհանրապես, ըստ փորձագետների հարցազրույցների՝ հայ եւ ադրբեջանցի ոստիկաններն ունեն ավելի շատ նմանություններ, քան մյուս հարակից մասնագիտությունների ներկայացուցիչները։ Դրանք երկվորյակ եղբայրներ են, քանի որ ներքին գործերի ոլորտում մեր երկրներն ամբողջովին պահպանել են խորհրդային ավանդույթները։ Կարելի է մեր երկրներից յուրաքանչյուրի ՆԳՆ-ն համարձակորեն անվանել խորհրդային միլիցիա եւ իշխանության բռունցքներ։ Հայ փորձագետ Ավետիք Իշխանյանը շատ ավելի հեռու է գնում ադրբեջանցի փորձագետից եւ պնդում է, թե կուսակցություններն իշխանություն չունեն։ Սա նաեւ կապված է մասնագետների տարբեր «քաշային կատեգորիաների» հետ։ Ադրբեջանի ներկայացուցիչը երկար տարիներ ծառայել է միլիցիայում, եղել է շրջանային բաժնի պետ, արժանացել գնդապետի կոչման, ուստի նրա համար օրգանապես անընդունելի են ժամանակակից ոստիկանության մեթոդները։

Մինչդեռ հայ մասնագետը տեղի Հելսինկյան կոմիտեի նախագահն է, այսինքն ՝ իրավապաշտպան է։ Իսկապես, ո՞վ է ընտրությունների առաջամարտիկը, եւ ո՞ւմ վրա է հույսը դնում ոստիկանությունը։ Եթե, ասենք, Ֆրանսիայում նախագահի թեկնածուներից մեկը ներկայացնում է իշխող կուսակցությունը, մյուսը ՝ սոցիալիստներին, երրորդը ՝ արդյունաբերողներին, իսկ ընտրողը գիտի, որ պետք է (կամ պետք չէ) քվեարկել, ենթադրենք, սոցիալիստական գաղափարների օգտին, ապա մեզ մոտ ամեն բան հակառակն է։ Մենք գիտենք, որ պետք է (կամ պետք չէ) քվեարկել Ալիեւի կամ Քոչարյանի (Սարգսյանի) օգտին, իսկ հետո նրանց շուրջը կհավաքվի այսպես կոչված իշխանության կուսակցությունը (պնակալեզները, կամակատարները եւ, շատ հազվադեպ, գաղափարակիցները)։ Զգո՞ւմ եք տարբերությունը։ Իսկ ոստիկանության համար ի՞նչ տարբերություն, թե ով է ուղղորդում իրադարձությունների ընթացքը։ Միայն թե իրական ուժ լինի, այլ ոչ թե խամաճիկ։ Երկու փորձագետն էլ ճիշտ են նկատում, որ, ընդհանուր առմամբ, ոստիկանությունում հավաքվել են ոչ հիմար մասնագետներ, որոնց վերեւից «իջեցրել են» հանցագործությունների արձանագրման եւ բացահայտման անիրական պլաններ։ Եւ հենց ՆԳՆ-ի կառավարման հին համակարգի ճնշիչ ազդեցությունն է օրենքի համատարած խախտումների պատճառը։ Ինչպես նշում է հայ մասնագետը, համակարգում աշխատում են զգալի թվով անփորձ, օպերատիվ-քննչական գործողությունների եւ միջոցառումների հմտություններից զուրկ երիտասարդներ։ Բայց փորձառու կադրերը եւս գործում են ոչ թե օրենքի սահմաններում, այլ առաջնորդվելով ներքին զգացողությամբ, հանցագործներին ճանաչելով նախկին արարքների ու արտաքին նշանների օգնությամբ։ Փորձառու մասնագետների հարցազրույցներից երեւում է, որ գրեթե չի անցկացվում իրավախախտումների պրոֆիլակտիկա, որ ՆԳՆ-ի աշխատակիցները առաջնորդվում են ոչ թե «Ոստիկանության մասին» օրենքով, այլ անմիջական ղեկավարի հրամանով։ Կարճ ասած ՝ ընկավ, հետ հրվեց, վեր կացավ, ընդունեց մարտական կեցվածք եւ ՝ առա՛ջ, ի պաշտպանություն դրության տիրոջ։ Իսկ տիրոջ հետ կապված հարցեր մեր երկրներում չկան եւ, եթե այսպես շարունակվի, չեն նախատեսվում։

Ի միջի այլոց, ոստիկանների աշխատավարձի մասին։ Ճիշտ է նկատվել, որ իրավապահ մարմինների մյուս ճյուղերի համեմատությամբ, այն շատ քիչ է։ Իսկ ինչո՞ւ է քիչ եւ ինչո՞ւ է քիչ հենց այն նախարարություններում, որոնք ունեն ամենամեծ թվով աշխատակիցներ։ Բացի ոստիկանությունից, այս կարգին կարելի է դասել նաեւ բժիշկներին եւ ուսուցիչներին։ Դա դիտավորյալ է արվում։ Ուսուցիչները պետք է նայեն աշակերտների ծնողների գրպանների ուղղությամբ, ի վնաս համընդհանուր կրթության ՝ զբաղվեն ռեպետիտորությամբ եւ կաշառակերությամբ, աշակերտներին բաժանեն երկու խմբի ՝ արտոնյալների (կախված «ուշադրության» աստիճանից) եւ մերժվածների։ Բժիշկները պետք է սնվեն ոչ թե բյուջեից, այլ նաեւ այցելուներից կորզած փողով։ Նրանք պետք է լինեն հնարամիտ, հիմնականում ՝ ոչ կոմպետենտ, եւ ստիպեն, որ մարդիկ գումարներ վատնեն դեղերի համար։ Ոստիկանն էլ մեծ ընտրություն չունի։ Նրանց համար բոլոր քաղաքացիները հավանական հանցագործներ են։ Մնում է յուրաքանչյուր մարդու համար ընտրել հանցավոր գործունեության մի տեսակ եւ նրան դասել հանցագործների այս կամ այն կատեգորիային։

Հասարակություն, ընտրություններ եւ բազմակուսակցականություն

Այստեղ եւս, դատելով փորձագետների գնահատականներից, մենք իրար նման ենք։ Տարբերությունը միայն այն է, որ Հայաստանում գրանցում են կուսակցությունները, իսկ մեզ մոտ ՝ ոչ։ Մենք ունենք ընդամենը 69 կուսակցություն, իսկ հայերը ՝ 74։ Նրանց մոտ բոլոր կուսակցությունները գրանցված են, բայց դրանց մեծամասնության մասին գիտեն թերեւս միայն իրենց ընտանիքի անդամները, մերձավորները, իսկ մեզ մոտ բոլոր գրանցված կուսակցությունները (16) հայտնի են, բայց չգրանցվածների մասին դարձյալ գիտեն միայն կուսակցականի կինն ու զոքանչը։ Այդուհանդերձ, Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակական (ավելի ճիշտ ՝ քաղաքական) կյանքերի միջեւ կան տարբերություններ։ Ինչպես նշում է ադրբեջանցի փորձագետը, ընդդիմադիր եւ, մյուս կողմից, իշխող եւ իշխանամետ կուսակցությունների ծրագրերի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանց միջեւ տարբերությունը մեծ չէ։

Սա խոսում է այն մասին, որ բոլոր ադրբեջանական կուսակցություններն էլ զուրկ են լուրջ գաղափարախոսական հիմքից։ Համենայնդեպս, նա, լինելով փորձառու պատմաբան, անկարող է Ադրբեջանում գործող կուսակցությունները դասակարգել «ձախերի», «կենտրոնամետների» եւ «աջերի»։ Այս պայմաններում, գրեթե անհետացած Կոմունիստական կուսակցությունը, հայտարարելով անցյալի զինանոցից փոխառած սկզբունքներ, միանգամայն ի վիճակի է լինել ավելի գրավիչ, քան միմյանցից ոչնչով չտարբերվող կուսակցությունները, որոնց գաղափարախոսական հիմքը մնում է բոլորովին մշուշոտ։ Ավելին, ադրբեջանական գաղափարախոսական երանգապնակի վերլուծությունը ցույց է տալիս, որ նույնիսկ խորհրդարանում ներկայացված կուսակցությունները (սա, նախագահական պոստի հետ միասին, ընտրողների քաղաքական կողմնորոշումների հիմնական ցուցիչն է) չեն արտահայտում ժողովրդի նախասիրությունները։ Այն բանից հետո, երբ Հեյդար Ալիեւը կամայականորեն խորհրդարանական «խաղից հանեց» համամասնական համակարգը, Միլի Մեջլիսում կուսակցությունների ներկայացվածությունը ստացավ խորհրդանշական բնույթ։

Իսկ ի՞նչ կարելի է ասել Հայաստանի մասին։ Այնտեղ կան խորհրդարանում ներկայացված ակնհայտ ազգայնական, կոմունիստական, ժողովրդավարական, աջ ազատական կուսակցություններ, եւ գաղափարների շուրջ մղվում է համառ պայքար։ Հայ փորձագետը չի նշում, բայց ես գիտեմ, որ երբեմն պայքարն այնտեղ դառնում է այնքան անտանելի, որ արմատական ուժերը միմյանց նկատմամբ կիրառում են ազդեցության արգելված մեթոդներ։ Մենք հիշում ենք, թե ինչպես Ազգային ժողովը ենթարկվեց զինված հարձակման, եւ ակնհայտ է, որ ահաբեկիչները արյուն էին հեղում ոչ թե մի կտոր հացի, այլ միայն իրենց հայտնի ինչ-որ ազգային գաղափարների համար։ Սակայն, քանի որ այսօր անցումային եւ կողմնորոշվելու շրջան է, ապա Հայաստանում նույնպես մարդիկ կուսակցություններում կուտակվում են ոչ թե գաղափարների, այլ խարիզմատիկ անհատների շուրջ։ Եւս մեկ առանձնահատկություն։

Եթե Ադրբեջանում ընդհանրապես ամբողջ հասարակական-քաղաքական կյանքը պտտվում է Ալիեւների ընտանիքի, ինչպես նաեւ նախագահական պալատի ղեկավարների քմահաճույքների շուրջ, ապա Հայաստանում նույնիսկ նախկինում անհայտ կամ անկուսակցական քաղաքական գործիչը կարող է հաջողությամբ ստեղծել իր կուսակցությունը։ Այս դեպքում հենց առաջին խորհրդարանական ընտրություններում նոր կուսակցությունը կարող է հաղթահարել 5 տոկոսանոց արգելքը եւ մտնել Ազգային ժողով։ Ըստ հայ փորձագետի վկայության՝ 1995 թվականին այդպիսի կուսակցություն էր «Շամիրամը», 1999 թվականին ՝ «Օրինաց երկիրը», 2003 թվականին ՝ «Միացյալ աշխատավորական կուսակցությունը» եւ հիմա էլ ՝ «Բարգավաճ Հայաստանը»։ Բնականաբար, դա քաղաքական համակարգի անկայունության ցուցանիշ է, բայց դա շատ ավելի լավ է, քան նախագահի գործադիր մարմնի հաստատած խիստ սահմանափակությունները։ Ուրեմն, թունելի վերջում լույս կա։ Իմ կողմից կավելացնեմ եւս մեկ առանձնահատկություն։

Նախագահական ընտրությունների ժամանակ Հայաստանի քաղաքական վերնախավը կարողացավ, ի սեր ազգային շահերի, հաղթահարել գաղափարախոսական օտարվածության խոչընդոտը եւ կազմակերպել երկրորդ փուլ։ Սա շատ կարեւոր պահ է։ Սա քաղաքական փոխզիջման ունակությունների զարգացման, «իրադրության տիրոջ» հասունության ցուցանիշ է։ Գաղտնիք չէ, որ Քոչարյանը կարող էր իրեն վերագրել ձայների 51% ՝ բոլոր մրցակիցներին եւ «չարակամներին» թողնելով մնացած 49%-ը։ Գաղտնիք չէ եւ այն, որ Ադրբեջանի նախագահի, այսպես կոչված, քաղաքական տեխնոլոգիաները ընտրություններում «նկարում են» 75% եւ ավելի մեծ թվեր հենց միայն նրա համար, որ սեփական ժողովրդին ցույց տան իշխանության, նրա ցանկացած դրսեւորման համար պայքարի անիմաստությունը։ Այսինքն, ավազարկղի մեջ խաղացող երեխաների նման, գործադիր իշխանության ներկայացուցիչներն ամեն բան անում են ի հեճուկս հակառակորդների եւ թշնամիների, որոնց թվի մեջ, փաստորեն, մտնում են նաեւ ընտրողները։

Ընդհանուր եզրակացություններ

Վերլուծելով իրադրությունը՝ մենք եկանք այնպիսի եզրակացության, որ ներքաղաքական կյանքի գրեթե բոլոր հարցերում Հայաստանը եւ Ադրբեջանը ընթանում են զուգահեռ։ Ակնհայտ է, որ նրանց սպասում է փշոտ ճանապարհ դեպի այն կազմակերպությունները, որոնք, ըստ եվրոպական եւ ամերիկյան քաղաքական գործիչների, հենց նրանց տեղն են։ Առայժմ Հայաստանի ղեկավարությունը գերազանցում է Ադրբեջանի գործընկերներին ընտրությունների անցկացման մակարդակով, ինչպես նաեւ երկրի կյանքում քաղաքական կուսակցությունների եւ գաղափարախոսությունների դերի գնահատականի մակարդակով։

Համաձայն փորձագիտական գնահատականների՝ թե՛ կոռուպցիայի, թե՛ օրենքի եւ քաղաքացիների շահերի անտեսման մակարդակով երկու երկրների պաշտոնյաները գտնվում են միանման դիրքերում։ Որոշ տարբերություն կարելի է նկատել հարմարվողականության աստիճանների միջեւ։ Ադրբեջանում բոլոր պաշտոնյաները, առանց բացառության, խորին պատկառանքով են վերաբերվում «Ալիեւիչի պատգամներին» եւ հարգում նրա որդու ՝ այսպես կոչված «օրինական» թագաժառանգի իրավունքները։ Հայաստանում բոլորը հարգում են կլանի ուժը եւ, կարծես թե, ստիպված են լրջորեն վերաբերվել Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդի (բայց ոչ թագաժառանգի, եւ այստեղ է հիմնական տարբերությունը) թեկնածությանը:

Ստիպված եմ հարյուրերորդ անգամ գրել, որ այս իրավիճակը իմիտացիոն ժողովրդավարության, Արեւմուտքի ՝ կոռուպցիայի եւ անօրինականության վրա աչք փակելու, տեղական ժողովրդավարությունների նկատմամբ երկակի ստանդարտների եւ այլնի հետեւանք է։ Զավեշտական բան է ստացվում. ԱՄՆ-ը ակտիվորեն մասնակցում է Ա ? ֆղանստանի եւ Իրաքի «ժողովրդավարացմանը» ՝ ամուր օղակով կաշկանդելով Իրանը, որը 1979 թվականին դուրս եկավ ամերիկյան հովանու տակից եւ այդպես էլ չընկավ որեւէ մեկի (ասենք ՝ եվրոպական) «հուսալի» ձեռքերը։ Իսկ ետխորհրդային տարածության բավական առաջացած երկրները, որոնք ունեն ժողովրդավարության կառուցման հարյուրամյա փորձ, մնում են ժողովրդավարական սկզբունքների մորը, օրրանը եւ պատվարը մարմնացնողի առաջնահերթ շահերի գոտուց դուրս։ Ինչ արած, ստիպված ենք սպասել մինչեւ Հայաստանն այնքան կհասունանա, որ դուրս կգա ռուսական ազգային շահերի ոլորտից, իսկ Ադրբեջանը կսովորի անցկացնել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ՝ էլ չխոսելով իշխանությունը փոխելու քաղաքակիրթ մեթոդների մասին։ Գուցե այդ ժամանակ երկու երկրները ձեռք-ձեռքի տված (անգամ Ղարաբաղյան հակամարտության առկայության պայմաններում) կհայտնվեն եվրոպական քաղաքակրթության նախասրահում։

Մնում է շնորհակալություն հայտնել փորձագետներին իրադրության ազնիվ գնահատականի համար (գնահատում են այնպես, ինչպես կարող են)։ Մեր պայմաններում ոչ կառավարական (շատ հաճախ ՝ հակակառավարական, բայց ոչ ՝ հակապետական, Աստված չանի) կազմակերպության ներկայացուցիչ լինելը եւ, հակառակ իշխանությունների ցանկության, օբյեկտիվ գնահատականի հնարավորություն ունենալը բնավորության կարեւոր բաղադրիչ է։ Մենք գիտենք, թե որքան դժվար է կուսակցություններին եւ իրավապահ մարմիններին վերաբերող փաստեր հավաքելը եւ ընդհանրացնելը։ Դա ավելի դժվար է, քան ահավոր պետական կամ նույնիսկ ընտանեկան գաղտնիք իմանալը։ Հաշվի առնելով երկու երկրներում առկա միանման դժվարությունները՝ մենք հավասարապես շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի եւ Ադրբեջանի փորձագետներին։

Հյուգուգ Սալմանով 
Լրագրողների իրավունքների հարցերի փորձագետ (Ադրբեջան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter