HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ինչո՞ւ հրաժարական տվեց Կարեն Անդրեասյանը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդեասյանը հրաժարական է տվել: Այդ մասին ֆեյսբուքյան իր գրառման մեջ նա գործընկերներին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և հույս հայտնել, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կմնա պետության և հասարակության առաջնահերթությունը: Այդ գրառման մեջ, սակայն, ամենակարևորն այն ընդգծումն էր, որ հրաժարականի հետ կապված այլ մեկնաբանություններ չի տալու, ինչը նշանակում է, որ այլևս նախկին օմբուդսմենը հրաժարվում է հավելյալ բացատրություններ տալ իր հրաժարականի իրական դրդապատճառների վերաբերյալ: Այս ձևակերպումն ավելի պերճախոս է, քան թվում է առաջին հայացքից:

Խնդիրն այն է, որ եթե հրաժարականն անձնական դրդապատճառներ ունենար կամ պայմանավորված լիներ այլ, ավելի գայթակղիչ աշխատանքի հրավեր ստանալու հանգամանքով, ապա Անդրեասյանին ոչինչ ու ոչ ոք չէր խանգարի այդ մասին հստակ հայտարարել: Օրինակ՝ նախկին պաշտպանը՝ Արմեն Հարությունյանը, իր հրաժարականը 2011թ. հատուկ հրավիրված ասուլիսի ժամանակ բացատրեց Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու հանգամանքով: Հետևաբար, պետք է ենթադրել, որ Անդրեասյանի հրաժարականը պայմանավորված է ավելի շատ ներկուլիսային քաղաքական գործոններով:

2015թ. վերջերին արդեն հասկանալի էր, որ կադրային լուրջ վերադասավորումներ են նախատեսվում պետական կառավարման ողջ համակարգում: Գործնականում դրանք արդեն սկսվել են սիմվոլիկ քայլերով. ՀՀ նախագահն այսօր մի շարք դատավորների տեղափոխության մասին հրամանագրեր է ստորագրել: Ինչպես այսօր մամուլն արդեն գրել է, տեղեկություններ կան նաև դատաիրավական համակարգում ավելի խոշոր տեղափոխությունների ու պաշտոնանկությունների մասին: Դժվար է ասել՝ որքանո՞վ է Անդրեասյանի հրաժարականը կապված կադրային վերադասավորումների հետ: Սակայն, հետաքրքրական է երկու հանգամանք:

2011թ. մարտին Անդրեասյանը ՄԻՊ-ի պաշտոնին «գործուղվեց» փաստացի նախագահականից, և դա ակնհայտ քաղաքական, կոնյունկտուրային նշանակում էր, ինչպես նրա նախորդի՝ Արմեն Հարությունյանի նշանակումը: Այս տրամաբանության շրջանակում բնական է դառնում կադրային այս նոր վերադասավորումների հորձանուտում նրա հնարավոր ներգրավումը: Սակայն, եթե այդպես է, ապա դա նշանակում է, որ չնայած օմբուդսմենի ինստիտուտը Հայաստանում գործում է արդեն 11 տարի, սակայն այդպես էլ հնարավոր չի դառնում ջարդել իշխանության մոտ առկա այն սխալ կարծրատիպը, թե ՄԻՊ-ը կոնյունկտուրային պաշտոն է և փոփոխելի է քաղաքական իրավիճակի կամ որոշումների ազդեցությամբ: Սա առհասարակ ոչ միայն օմբուդսմենի ինստիտուտի կայացվածության կամ ավելի ճիշտ չկայացվածության, այլ առհասարակ չհասկացվածության իրական ցուցիչ է:  

Մյուս կողմից՝ չի բացառվում, որ Անդրեասյանի հրաժարականն ուղիղ կապ ունի նրա գործունեությունից իշխանության դժգոհության հետ: Վերջինս պարզորոշ դրսևորվեց 2015թ. հոկտեմբերին, երբ ԱԺ-ում տեղի էին ունենում ՄԻՊ-ի 2014թ. գործունեության և երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ տարեկան զեկույցի շուրջ քննարկումները: Զեկույցն արժանացավ ԱԺ քաղաքական մեծամասնության հուժկու քննադատությանը՝ չնայած այն հանգամանքին, որ դրա մեթոդաբանությանն ավելի վաղ հենց մեծամասնությունն էր հավանություն տվել: Այդ քննարկումներն ուղեկցվեցին ընդհուպ Անդրեասյանի անձին ուղղված վիրավորանքներով ու հանդիմանություններով, որոնց գագաթնակետը դարձավ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի՝ էթիկայի ու պատշաճության սահմաններն անցնող ելույթը: Այսինքն՝ դեռևս հոկտեմբերից արդեն ակնհայտ էր իշխանության ներսում Անդրեասյանի նկատմամբ առաջացած կամ կրիտիկական սահմանագծին հասած անվստահությունը, ինչը մատնում էր օմբուդսմենն ինքը՝ թերևս ինքնապաշտպանության բնազդից ելնելով իր հերթին դրսևորելով չափազանց նյարդային վարքագիծ: Այս իմաստով Անդրեասյանի հրաժարականն անսպասելի համարել չի կարելի: Սակայն, թե այս գործոններից հատկապես ո՞րն է դեր կատարել նրա հեռանալու հարցում, պարզ կդառնա նրանից, թե Ադրեասյանն ինչ ճանապարհ կընտրի իր համար:

Մինչդեռ այս հրաժարականը հետաքրքրական է ոչ միայն ինտրիգայնության պատճառով: Խնդիրն այն է, որ Անդրեասյանի հրաժարականը դառնում է հանրաքվեով դեկտեմբերին անցկացված և մասամբ ուժի մեջ մտած Սահմանադրությունը գործարկելու առաջին «փորձաքարը»: Սահմանադրության 10-րդ գլուխը, որը կարգավորում է հենց ՄԻՊ-ի ինստիտուտի հետ կապված իրավահարաբերությունները, արդեն իսկ ուժի մեջ է: Հետևաբար, նոր ՄԻՊ-ի նշանակումը տեղի է ունենալու նոր Սահմանադրությամբ: Իսկ վերջինս այս առումով հստակ սահմանում է, որ  «Մարդու իրավունքների պաշտպանին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով»: Այսինքն՝ նոր ՄԻՊ-ը պետք է Աժ-ի կողմից ընտրվի արդեն ոչ թե ձայների պարզ մեծամասնությամբ, ինչպես նախկինում էր, այլ առնվազն 78 պատգամավորի քվեով: Այսինքն՝ ԱԺ մեծամասնությունն առաջին անգամ պետք է գնա փոքրամասնության հետ կոմպրոմիսային բանակցությունների՝ առանցքային պաշտոններից մեկում «նշանակում» կատարելու համար:

Սա էական է այն պատճառով, որ առաջիկայում սպասվում է նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը, որը փաստացի պետք է տեղի ունենա ձայների նույն հարաբերակցությամբ: Փաստորեն, օմբուդսմենի ընտրությունը ցույց է տալու, թե որքանով է կենսունակ նոր մեխանիզմը, թեև խորհրդարանում նույնիսկ ԲՀԿ-ի կատարյալ հնազանդությունը բավարար է ՀՀԿ-ին՝ այդ խնդիրն առանց որևէ բարդության լուծելու համար: Մինչդեռ տրամաբանական է, որ որքան մեծ լիներ կոմպրոմիսի դաշտը, այնքան ավելի ամուր կլինեին նոր օմբուդսմենի քաղաքական անկախության և անաչառության երաշխիքները:

Մեկնաբանություններ (5)

ընթերցող
Նախորդ իրավապաշտպանը նշանակված էր քոչի կողմից, բայց որակվեց որպես ,,շատ անհաջող,, Կ. Անդրեասյանը նույնպես իրենց ընտրությունն էր եւ նույնպես իրեն ,,չարդարացրեց,, նշանակողի աչքին - ֆարմաններն առանց հրահանգի հարձակման չեն անցնում: Ի՜նչն է խնդիրը: Բացատրությունը հասարակ է - տվյալ ինստիտուտը պարզապես անհամատեղելի է գործող սիստեմի հետ: Փոքր ի շատե գրագետ (իսկ բոլորովին անգրագետը չի կարող այնտեղ լինել) ով էլ լինի, արդյունքը գրեթե նույնն է լինելու կամ բացահայտ կոմիզմ է դիտվելու:
lusva
Հասկացնում է, որ ավելորդ կառույց է, բյուջեի միջոցները քամուն տվող և ոչինչ չանող։ Եթե որևէ պաշտոնյայի համար պաշտպանի իրավունքի խախտման որոշումն ու որոշմամբ արված առաջարկությունը հետևանք չի ունենում, արդյո՞ք ավելորդ չէ այդ կառույցը։ ՄԻՊ-ի աշխատակազմի աշխատակիցները վրայից պատճառաբանում են թե լիազորություններն ու իրավասություններն են սահմանափակ, տակից ոչ պակաս պետական մարմիններից, զբաղված են ծածկադմփոցով։ Ես կասեի, որ ավելի շատ ենթակաների երեսից է հրաժարական տվել։ Ուժեղ թիմ ունենալու դեպքում ամուր կլիներ և էլ ավելի կամրացներ համակարգը՝ հենվելով միջազգային կառույցների վրա։ Օրենսդրության փոփոխություն կպահանջեր։
Վեհարի
Այսօրվա ԱԺ-ն մի կոճակ ունի՝ ,,Հայոց ցեղասպանության շարունակում,,
Քաղաքացի
ՄԻՊ-ի երկու նոր թեկնածուներ կան, գրավոր դիմել են` պաշտոնը թափուր չթողնելու համար. Լիսկա և Մանվել Գրիգորյան (մարշալ): Երկուսն էլ կարդալ չգիտեն: Բանավոր են աշխատելու: Ազգային ժողովը կհաստատի:
Վեհարի
Մեկ շաբաթ առաջ իմ ֆեյսբուքյան էջում գրել եմ այս ՄԻՊ-ի այն գործողությունների մասին որոնք ծառայում են հայոց ցեղասպանությունը շարունակող համակարգի շահերին՝ https://web.facebook.com/vehari.araqelyan ՄԻՊ-ի ուղարկած էլեկտրոնային նամակները անհնարին էր պատճենահանել /Ռազմական գաղտնիք էր/Բնական է մարդկանց իրավունքների համար պայքարող պաշտպանը համակարգի համար Շատ անհաջող Պաշտպան է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter