HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ով ինչպես է քարոզում Էջմիածնում

Միսաք Գաբրիելյան

Էջմիածինն արտաքուստ նախընտրական տպավորություն չի գործում:

Եթե քաղաքի ճիշտ կենտրոնում` ամենաաչքի ընկնող հատվածում չլինեին ՀՀԿ-ի մեծածավալ ցուցապաստառները, կարծիք կստեղծվեր, թե այդ քաղաքում ընտրությունները դեռ սարերի ետեւում են: Բայց դա` առաջին տպավորությամբ, որովհետեւ ներքին լարվածությունը տակավին պահպանվում է:

Այլ կուսակցությունների ցուցապաստառներ, պլակատներ, նկարներ Էջմիածնում երկար փնտրեցինք: «Դաշինքի» տարածքայինի ղեկավար Կարեն Կիրակոսյանը թեպետ չդժգոհեց իրենց գովազդի համար հատկացված վայրից, բայց անզեն աչքն այն դժվարությամբ գտավ:

ՀՅԴ Էջմիածնի տարածքային կառույցի պատասխանատու Զավեն Միրզախանյանն էլ դժգոհեց, որ դեռեւս 10 օր առաջ դիմել են քաղաքապետարան` նկարների ու պլակատների վայր տրամադրելու խնդրանքով, բայց մինչեւ օրս պատասխան չեն ստացել. « Էլ չենք սպասելու պատասխանին. էս երկու օրը մեր ուզած վայրում փակցնելու ենք: Իրենց որ մնա, ասում են` տարեք Մայր Աթոռի հարեւանությամբ սյուներից մեկի վրա մի հատ նկար փակցրեք»,- ասում է Զ. Միրզախանայանը:

ՕԵԿ-ն էլ սահմանափակվել է միայն իրենց գրասենյակի պատերով: Կուսակցության տարածքային կառույցի նախագահ Վահան Խաչատրյանը թեպետ վստահեցրեց, թե այդ առումով խնդիրներ չկան, բայց, փաստորեն, ՕԵԿ-ը գովազդող ցուցապաստառներ էլ չկան: Իսկ «Ժառանգություն», ՀԺԿ, ՍԴՀԿ գրասենյակները օրվա տարբեր ժամերին փակ էին: «Ազգային միաբանությունն» էլ թեպետ ընտրազանգված ունի, բայց Էջմիածնում գրասենյակ չունի: Փոխարենը` անդամներ ունի տեղամասային ընտրական հանձնաժողովներում. «Օրինակ` Վառլեն Հովհաննիսյանը 19/13 տեղամասում, Սուսաննա Ավանեսյանը` 19/08-ում, եւս հինգ-վեց հոգի ԱՄ անդամներ են, բայց համոզված ենք` պաշտպանելու են ՀՀԿ-ի շահերը»,- ասացին ՀՅԴ գրասենյակում` իրենց մտավախությունը հիմնավորելով նախորդ ընտրություններից հայտնի փաստերով:

Ինչ վերաբերում է կուսակցությունների քարոզարշավներին, ապա այս առումով էլ ՀՀԿ-ն Էջմիածնում առաջնային դիրքերում է: Կուսակցության քարոզարշավն իր ողջ ծավալով իրականացնում են ոչ միայն հանրապետականները, այլեւ տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները` խախտելով ԸՕ 18-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները (Արագածոտնի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը եւ Էջմիածնի քաղաքապետ Գագիկ Ավագյանը, աշխատանքի մեջ լինելով, նաեւ ակտիվ քարոզչություն են իրականացնում ) : Նշենք, որ նախկին մարզպետ Ալբերտ Հերոյանը դեռեւս իր մարզպետության տարիներին հասցրեց Արմավիրի մարզի բնակչության զգալի մասին «անդամագրել» ՀՀԿ շարքերը: Մանկապարտեզի խոհարարից սկսած մինչեւ կրթական ու բուժհիմնարկների ղեկավարներ «զինվորագրվեցին» կուսակցությանը: Այլընտրանքը աշխատանքը կորցնելն էր, բայց նման սկզբունքայիններ, բնականաբար, չգտնվեցին:

ՀՀԿ-ի ֆոնին բավականին պասիվ է ԲՀԿ-ն: Իսկ ՀՅԴ-ի քարոզչության աշխարհագրությունն առայժմ գյուղական համայնքներն է ընդգրկում:

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը էջմիածնեցիների սակավ բազմության հետ հանդիպման ժամանակ նկատեց. «Դուք այստեղ ավելի մեծաթիվ կարող էիք լինել, բայց ես ձեզ հասկանում եմ... հանեք ձեր վրայի վախի շապիկները»,- հորդորեց նա: Օրինաց երկրի ղեկավարն ասաց նաեւ, որ հանրապետականացված Արմավիրի մարզում քարոզարշավի ընթացքում շատ խոչընդոտների են հանդիպում, բայց թե ինչպիսին` չմանրամասնեց:

«Իմպիչմենտ» դաշինքին էլ Էջմիածնի քաղաքապետարանը չնայած հանրահավաքի արտոնություն չէր տվել` պատճառաբանելով, թե այդ մասին իրենց պետք է տեղեկացնեին երեք աշխատանքային օր առաջ, բայց դաշինքի ներկայացուցիչներն անտեսել էին քաղաքապետարանի արգելումը. «Նախընտրական հանդիպումները արտոնելու անհրաժեշտություն չկա, դրանք պարզապես հանդիպումներ են ընտրողների հետ, ինչը որեւէ մեկը մեզ արգելել չի կարող»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Վերջինս մայրաքաղաքից եկած իր համախոհների հետ երկար ժամանակ չէր կարողանում հանդիպմանը եկած, բայց ծառերի տակ պատսպարված մի քանի տասնյակ մարդու կենտրոնացնել իրենց շուրջը: Ջայլամի քաղաքականություն վարող էջմիածնեցիների կարծիքով` ծառերի տակ թաքնվելն անտեսանելի ու անխոցելի է դարձնում իրենց:

Այլ կուսակցությունների ու դաշինքների մասին Էջմիածնում չեն խոսում. քաղաքում կուսակցական այլ գրասենյակներ չգտանք, հարցուփորձերն էլ ոչինչ չտվեցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter