
Գյումրու բժշկական կենտրոնում բուժում ստացող 21 հիվանդներից մի քանիսի մոտ արձանագրվել է H1N1 վիրուսը
Գյումրի բժշկական կենտրոնում հունվարի 13-ի դրությամբ սուր շնչառական հիվանդություններ եւ թոքաբորբ ախտորոշմամբ 21 հիվանդ է բուժում ստանում: Հիվանդներից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, թերապեւտիկ բաժանմունքում գտնվող հիվանդներից մեկը հղի է, արհեստական շնչառության ապարատին միացված հիվանդներ Գյումրու բժշկական կենտրոնում այս պահին չկան:
Կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի փոխանցմամբ, իրավիճակը վերահսկվում է, անգամ հիվանդների տեսակցության ժամերն են կրճատել՝ հնարավոր շփումը վիրուսակիր անձանց հետ նվազեցնելու նպատակով:
«Հունվարի 11-ին կենտրոն այցելեց նաեւ ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը, խորհրդակցություն անցկացրեց, անձամբ այցելեց մեր բոլոր հիվանդներին, ծանոթացավ բուժման ընթացքին: Բացի դրանից, առողջապահության նախարարի հրամանով նմուշառումներ են կատարվել կենտրոնում բուժվող հիվանդներից եւ ուղարկվել Երեւան լաբորատոր փորձաքննության: Ստացած պատասխանների հիման վրա կարող եմ ասել, որ շրջանառվող սովորական գրիպի հետ միաժամանակ առկա է նաեւ H1N1 վիրուսը»,- «Հետքին» փոխանցեց կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:
Մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարականով մարզի պոլիկլինիկաներում շաբաթ եւ կիրակի օրերին սահմանվել է թերապեւտի եւ ընտանեկան բժշկի հերթապահություն, որպեսզի հիվանդների ուղղորդումը բժշկական կենտրոն կամ ինֆեկցիոն հիվանդանոց կատարվի նրանց կողմից՝ կուտակումներից խուսափելու նպատակով:
Մեկնաբանել