Հայաստանի շուրջ խաղը 2016-ին չափազանց հետաքրքիր է լինելու
Երբ քրդերը ոտքի ելնեն, ամբողջ Մերձավոր արևելքն է ցնցվելու: Ու ցնցվում է:
2011-ին սկսած «արաբական գարնան» պտուղները քաղում են... քրդերը. արաբներին քիչ բան հասավ: Քրդերը, որպես պետություն չունեցող ամենամեծ ազգ, հայտնվեցին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում՝ որպես «Իսլամական պետություն-ԴԱԻՇ» կոչվածի դեմ կռվող միակ հիմնական ցամաքային ուժ. և դա Արևմուտքում համակրանք առաջացրեց նրանց հանդեպ:
Պատահական չէ, որ Ռուսաստանն էլ շտապեց համագործակցել քրդերի հետ, որն ԱՄՆ-ին բնավ էլ չուրախացրեց ու նույնիսկ ճնշման տակ դրեց ամերիկա-քրդական համագործակցությունը:
Քրդերի միջև պետական սահմանները դե ֆակտո վերացան, որն ուժեղացրեց հատկապես Քրդական բանվորական կուսակցությանն (PKK) ու Սիրիայի հյուսիսում գործող իրենց համախոհ եղբայրներին (PYD=Syrian Kurdish Democratic Union Party և YPG=People’s Protection Units): Սա նյարդացրեց հատկապես Թուրքիային, որովհետև PKK-ն ոչ միայն նոր թափով սկսեց ինքնավարություն պահանջել Թուրքիայում, այլ նաև Սիրիայի հյուսիսի քրդական տարածքների միջազգային ճանաչում սկսեց ակնկալել:
Իրաքյան Քրդստանում, սակայն, ներքաղաքական տարաձայնություններն ու տնտեսական պրոբլեմները շարունակվեցին ու դեռ կշարունակվեն՝ նավթի ցածր գների և Թուրքիայի ու Իրանի ազդեցության պատճառով: Մյուս պատճառն այն է, որ Իրաքյան Քրդստանի 2 կարևոր քաղաքական ուժերը (Kurdistan Democratic Party և Patriotic Union of Kurdistan)՝ կոռուպցիայի դեմ պայքարելու փոխարեն՝ իրար դեմ են դեռ պայքարում: Չնայած սրան՝ այս 2 ուժերը կշարունակեն միասնական լինել՝ Բաղդադի ու ԴԱԻՇ-ի դեմ պայքարում:
Մերձավոր արևելքում Թուրքիայի պլանները վերջին մի քանի տարում չիրականացան. ու այս միտումը կշարունակվի 2016-ին : Թուրքիայի ներսում Էրդողանը կշարունակի ճնշել ընդդիմախոսներին ու կոշտ կերպով կշարունակի պայքարը քրդերի/PKK-ի դեմ: Էրդողանի թիվ մեկ նպատակը կմնա անցումը նախագահական համակարգի ու այս նպատակով սահմանադրության հնարավոր փոփոխությունը:
Արտաքին հարթակում Թուրքիան այս տարի կվարի ավելի զուսպ քաղաքականություն ու կփորձի սիրաշահել Եվրոպային ու հատկապես ԱՄՆ-ին, քանի որ հայտնվել է մեկուսացված վիճակում. ռուս-թուրքական հարաբերությունների սառեցում, քրդական հարցի տաքացում, սպառնալիք ԴԱԻՇ-ից ու Իրանի հետ սպասվելիք հավանական դժվար հարաբերություններ:
Այս ֆոնի վրա՝ Թուրքիան կփորձի բարելավել հարաբերությունները Իսրայելի և Եգիպտոսի հետ, իսկ Կիպրոսի հարցում որոշակի զիջումների պատրաստ կլինի: Հայաստանի հետ Թուրքիան այս ժամանակահատվածում կփորձի լարվածություն չառաջացնել. նաև որպեսզի Հայաստանում տեղակայված ռուսական զորքերի հետ միջադեպեր չլինեն (որը միայն Ռուսաստանի ջրաղացին ջուր կլցնի): ԱՄՆ-ին սիրաշահելու համար Թուրքիան ավելի չեզոք դիրքորոշում կցուցաբերի նաև Արցախի հարցում: Ռուսաստանից բացի՝ ոչ մեկին այս պահին Արցախի շուրջ պատերազմական իրավիճակ ձեռք չի տալիս:
Սրա նախանշանը թերևս Թուրքիայի կողմից 1982 թ. օգոստոսին Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում ԱՍԱԼԱ-ի իրականացրած գործողության մասնակից Լևոն Էքմեքչյանի աճյունի հանձնումն էր Ֆրանսիայում ապրող նրա ընտանիքին, որն (անուղղակի) մեսիջ էր Հայաստանին:
Այս տարի էլ Ռուսաստանը կշարունակի ռմբակոծությունները Սիրիայում, բայց ռուսական ցամաքային զորքեր չեն ուղարկվի: Նախ՝ սրա համար Ռուսաստանն այսօր բավականաչափ փող պարզապես չունի: Երկրորդ՝ Սիրիայում մահացած կամ գերեվարված ռուս զինվորները թանկ կարող են նստել Պուտինի ու երկիրը կառավարող օլիգարխային խմբի վրա՝ հատկապես տնտեսական ներկա ճգնաժամի ու ոչ-հեռու ընտրությունների ֆոնին:
Ռուսաստանը կփորձի համալրել-ուժեղացնել Գյումրիի ռուսական ռազմաբազան՝ որպես (ավելի շատ) հոգեբանական ճնշում Թուրքիայի վրա, որպեսզի Թուրքիան այլ վայրերում (հատկապես Սիրիայում) ռուսական շահերի վրա նորից հարձակումներ չգործի:
Գյումրիի ռուսական ռազմաբազայի համալրումը Հայաստանի անվտանգության համար չէ և Ռուսաստանը նախկինում բազմաթիվ անգամներ ապացուցել է, որ Հայաստանի անվտանգությունը Ռուսաստանին հետաքրքրում է այնքանով,որքանով որ դա Ռուսաստանի՛ շահերից է բխում: Թեև սա հայ-ռուսական տարբեր պայմանագրային պարտավորությունների խախտում է, բայց այդքան էլ արտառոց չէ միջազգային հարաբերություններում: Արտառոցը Հայաստանի ԿՈՒՅՐ նվիրվածությու՛նն է ռուսական շահերին: Խնդիրը պարզապես այն է, որ Ռուսաստանի և Հայաստանի ազգայի՛ն շահերը համարյա երբեք չեն համընկնում: Իսկ «առանց ռուսի թուրքը հային կուտի»-ն կարծես սկսում է հնանալ:
Գյումրիի ռուսական ռազմաբազայի համալրման կոնտեքստում՝ Կրեմլն ամեն ինչ կանի, որպեսզի Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի դատավարությունը ձևական բնույթ կրի ու գործի բուն դրդապատճառները չբացահայտվեն, քանզի լուրջ մտքերը հասկանում են, որ սա մեկ (նույնիսկ երկու) մարդու գործ չէ(ր):
Տարածաշրջանի մյուս կարևոր իրադարձությունը Իրանի այս տարվա փետրվարյան պառլամենտական ընտրությունները կլինեն, որում, ամենայն հավանականությամբ, կհաղթեն չափավոր առաջադեմները: Սա կօժանդակի նախագահ Ռոհանիին՝ որոշակի (զգույշ) բարեփոխումներ անել երկրում:
Տարածաշրջանում, այնուամենայնիվ, շատ բան կախված կլինի իրանա-սաուդյան հարաբերությունների ընթացքից, որը տարածաշրջանը բաժանելու պայքար է: Չնայաց ներկա թեժացմանը՝ բանը պատերազմի չի հասնի և այս 2-ը կփորձեն (անդրկուլիսյան բանակցությունների միջոցով) հստակեցնել իրենց ազդեցության գոտիները:
Նավթի գնի կայուն անկման պատճառով Սաուդյան Արաբյան առաջվա ֆինանսական միջոցներն այլևս չունի, իսկ Եմենում վարած իր պատերազմը (շիաների դեմ ) արդեն իսկ հսկայական միջոցներ է խլում: Բացի այդ՝ երկրում ներիշխանական պրոբլեմներ կան ու այս պահին Իրանի դեմ բացեիբաց պատերազմը կարող է Սաուդյան Արաբիա պետության վերջի սկիզբը նշանակել:
Իրանի վրայից պատժամիջոցները հանվել են և Իրանին այս պահին խաղաղություն է պետք, որպեսզի երկիրը տնտեսությունն արագ զարգացնի: Նույն պատճառով Իրանը խաղաղություն է ցանկանում նաև Արցախի շուրջ: Իրանը, իր տնտեսության զարգացմանն զուգահեռ, կփորձի Հայաստան-Վրաստան-Սև ծով առանցքն ուժեղացնել ՝ որպես Եվրոպա դուրս գալու կարճ ու հուսալի ուղի: Այս նպատակով սկզբում հնարավոր է նաև համագործակցի Ռուսաստանի հետ, իսկ Հայաստանի դերն Իրանի համար գնալով ավելի կարևոր է դառնալու:
Սիրիայի կոնֆլիկտը 2016-ին էլ նույն կերպ կշարունակվի. Ռուսաստանն ու Իրանը կշարունակեն օժանդակել Ասադին, իսկ Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Քաթարը՝ Ասադի հակառակորդներին: Սա կլարի նաև ռուս-սաուդյան հարաբերությունները: Ռուսատանը, որպես փոխհատուցում, կփորձի ուժեղացնել կապերը Եգիպտոսի հետ՝ որպես ամենամեծ սուննի արաբ երկիր:
Ասադը դեռ կմնա նախագահ՝ մինչև ԱՄՆ նոր նախագահի պաշտոնի ստանձնումը: Կարևոր գործոնն այլևս Ասադը չէ, այլ այն, թե ովքեր կնստեն բանակցության սեղանին:
2016-ին «Իսլամական պետություն-ԴԱԻՇ»-ը որոշակի տարածքներ կկորցնի Սիրիայում և Իրաքում, բայց կշարունակի գործոն մնալ ու պայքարը (տեռորիզմի միջոցով) կփորձի տեղափոխել Արևմուտք ու հարևան երկրներ, հատկապես Լիբանան, որը դե ֆակտո միասնական ու կառավարվող երկիր այլևս չէ (failed state): Իրանա-սաուդյան հարաբերությունների ընթացքից կախված կլինի նաև Լիբանանի ապագան. կդառնա՞ այն երկրորդ Սիրիա, թե ոչ:
Իսրայելի ներկա աջակողմյան կառավարությունը կշարունակի կառավարել 2016-ին, որի հիմնական խնդիրը կմնա պաղեստինցիների հարձակումների կանխումը: Իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտի կլարգավորման լուրջ փորձեր այս տարի թերևս չեն լինի:
Բոլորը սպասում են այս տարվա ամենակարևոր իրադարձությանը՝ նոյեմբերին ԱՄՆ նախագահի ընտրությանը, որն, ամենանայն հավանականությամբ, կլինի Hillary Clinton-ի և Donald Trump-ի միջև:
Hillary Clinton-ը նախագահ եթե դառնա, ԱՄՆ-ն կշարունակի վարել ներկա պասիվ ու հավասարակշռված մերձավորարևելյան քաղաքականությունը:
ԱՄՆ նախագահ եթե Donald Trump-ը դառնա, ապա ԱՄՆ-ն կվարի ավելի (պրո)ակտիվ մերձավորարևելյան քաղաքականություն՝ ընդհուպ միջև ամերիկյան ցամաքային զորքերի ուղարկում տարածաշրջան:
Donald Trump-ը վարում է «քաղաքականապես ոչ-կոռեկտ» քարոզարշավ, որը շատերին բավականին զվարճացնում և դուր է գալիս: Նա իրականում հրապարակայնորեն ասում է այն, ինչ մարդիկ միայն խոհանոցներում են խոսում. և սա նորություն է ամերիկյան նախագահական քարոզարշավում:
Հայաստանի շուրջ խաղը 2016-ին չափազանց հետաքրքիր ու կարևոր է լինելու: Հայաստանի/հայի սխալներից մեկն այն է, որ հայը այս կամ այն մե՛ծ երկրից է միշտ անվտանգություն ակնկալում՝ հարևան կամ բարեկամ փոքր երկրների/ազգերի հետ միասնական ճակատ ստեղծելու կամ միավորվելու փոխարեն:
Հայաստանի երկարաժամկետ ապագայի բանալին բնավ էլ Մոսկվայում չէ, այլ Թբիլիսիում, բայց Հայաստանը Վրաստանի հետ միասնական ճակատ ստեղծելու բավարար քայլեր չի ձեռնարկում: Օրինակ՝ կարելի է(ր) առաջարկել հայ-վրացական կոնֆեդերացիա, տնտեսական և/կամ ռազմական միություն կամ նման այլ կառույց ստեղծել:
Վրաստանի կազմում հայաբնակ Ջավախքը Հայաստանի համար շատ ավելի ստրատեգիական է, քան եթե այն լիներ Հայաստանի կազմում: Ուստի չեմ հասկանում նրանց, ովքեր Ջավախքը փորձում են «պոկել» Վրաստանից: Կամ արժե՞ վատացնել հարաբերությունները Վրաստանի հետ մի քանի եկեղեցու պատճառով: Քա՞նի հազար հայ եկեղեցի փոշիացավ Արևմտյան Հայաստանում: Ե՞րբ հայը պիտի վերջապես հասկանա, որ պետությունը եկեղեցին չէ, իսկ պետական շահը եկեղեցական շահը չէ:
Կամ ինչու առաջիկա 10 տարում, օրինակ, 100 հազար ասորի չհրավիրել Հայաստան-Արցախ՝ վերաբնակվելու: Արդյո՞ք հայը միայնակ կարողանալու է լուծել իր դեմոգրաֆիական պրոբլեմը:
Հայը պիտի սովորի դուրս գալ իր լեռների ետևից ու սկսի խառնվել ուրիշներին: Սրանում վատ բան չկա. սրանից միայն հայն է շահելու: Իսկ ինչու Հայաստանը չդարձնել նաև բարեկամ (պետություն չունեցող) ազգերի հայրենիքը: Միասին՝ շատ ավելի ուժեղ:
Վարազ Սյունի, Ամստերդամ, 14.01.2016
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (14)
Մեկնաբանել