Սահմանամերձ 9 քաղաքներում բիզնեսը կստանա հարկային արտոնություններ
Սահմանամերձ ինը քաղաքներում` Ճամբարակում, Վարդենիսում, Գորիսում, Քաջարանում, Կապանում, Մեղրիում, Ագարակում, Նոյեմբերյանում, Բերդում բիզնես գործունեություն ծավալելիս գործրարները կստանան հարկային արտոնություններ: Կառավարության այսօրվա նիստում համապատասխան որոշում է կայացվել:
Հիշեցնենք, որ կառավարությունը նման որոշում 2015 թվականի հունվարի 15-ն ընդունել էր սահմանամերձ գյուղական համայնքների համար, սակայն կառավարության այսօրվա որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ գյուղերում ենթակառուցվածքները պատշաճ մակարդակի վրա չեն գտնվում և չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին, ինչը բարդացնում է լոգիստիկան, մասնավորապես հումքի մատակարարման, արտադրանքի իրացման և արտահանման նպատակով բեռնափոխադրումները:
Նոր արտոնությունների սահմանումը, ըստ կառավարության, առավել նպաստավոր պայմաններ կստեղծի տնտեսվարող սուբյեկտների համար սահմանամերձ համայնքներում գործունեություն ծավալելու համար:
Որոշման մեջ նշվում է «Տավուշ տեքստիլ» ընկերության անվանումը, որը, ինչպես նշված է, նախատեսում է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գյուղերում (գ. Չորաթան, գ. Արծվաբերդ, գ. Պառավաքար, գ. Այգեձոր) սկսել տեքստիլ ապրանքների լայնածավալ արտադրություն:
«Ընկերության գործունեության արդունքում ՀՀ Տավուշի մարզի սամանամերձ գյուղերում ստեղծվելու են մի քանի գործարաններ, ինչպես նաև մինչև 1000 աշխատատեղեր (աշխատատեղերի թիվը ապագայում նախատեսվում է հասցնել մինչև 2500-ի»,- հայտնում է կառավարությունը:
Իսկ որպես որոշման ընդհանուր հիմնավորում` կառավարությունը նշում է` սահմանամերձ համայնքներում տնտեսական գործունեության ակտիվացում և խթանում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել