HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլոբալ ռիսկերը՝ ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի

Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է 2016 թ. Համաշխարհային ռիսկերի զեկույցը, ըստ որի 2016թ-ի հիմնական գլոբալ ռիսկերի ցանկում ներառվել է պարտադրված միգրացիոն հոսքերը: Այս մասին տեղեկացնում է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը.

«2016թ. Համաշխարհային ռիսկերի զեկույցը թվով արդեն 11րդ հրապարակումն է, որ նվիրված է համաշխարհային ռիսկերի ու դրանց հետևանքների, հետագա զարգացումներին և փոխազդեցությունների գնահատմանը: Զեկույցը մշակվում և հրապարակվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից: Զեկույցի վերլուծությունը հիմնված է 140 երկրներից 750 անկախ փորձագետների հարցման վրա, ովքեր առանձնացրել են մոտակա 10 տարվա 29 գլոբալ ռիսկեր` գնահատելով ըստ հավանականության և ազդեցության ուժգնության: Ընդհանուր առմամբ, ռիսկերը դասակարգվում են հինգ հիմնական խմբի` հասարակական, տեխնոլոգիական, տնտեսական, բնապահպանական և աշխարհաքաղաքական: Ստորև ներկայացնում ենք զեկույցում առանձնացված գերակա ռիսկերը՝ դասակարգված ըստ հավանականության և ըստ ազդեցության ուժգնության.

Ուշագրավ է, որ Կլիմայի փոփոխության ռիսկը ներառված էր ամենաազդեցիկ ռիսկերի ցանկում վերջին մի քանի տարիների ընթացքում, իսկ այս տարի այն ներառվեց նաև ամենահավանական գլոբալ ռիսկերի հնգյակում: Դրան հաջորդում են զանգվածային ոչնչացման զենքերի կիրառման և ջրային ճգնաժամի ռիսկերը` համաձայն ազդեցության ուժգնության չափանիշի: Ինչպես հայտնում է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը․ «Գործազրկությունը և էներգակիրների գների կտրուկ տատանումները բիզնեսի վարման տեսանկյունից ամենահիմնական գլոբալ ռիսկերն են: Դրանց հետևում են տեղական կառավարման ձախողումները, ֆիսկալ ճգնաժամերի և կիբերհարձակումների ռիսկերը»:

Ընդ որում, Կենտրոնական Ասիայի և Ռուսաստանի տարածաշրջանի գործարարներն առանձնացրել են ֆիսկալ ճգնաժամերի ռիսկը, գործազրկության, ինչպես նաև անկառավարելի գնաճի ռիսկերը: ԱՄՆ-ում գործարարներին առավել անհանգստացնող ռիսկերն են կիբերհարձակումների հետ կապված ռիսկերը, իսկ Եվրոպայում՝ ֆիսկալ ճգնաժամերի, էներգակիրների գնային կտրուկ տատանումների ռիսկերը: «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանի՝ Հայաստանում գործարարությանը սպառնացող անմիջական առավել էական ռիսկերի թվին են պատկանում ֆիսկալ ճգնաժամի, արտարժութային, հումքային ռեսուրսների գնային տատանումների, ինչպես նաև տարածաշրջանում ռազմական դիմակայության սրման ռիսկերը, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ ժողովրդագրական և անվտանգային հավասարակշռության խախտման ռիսկերը»։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter