HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Խախտումները չեն վերացել, բայց կա քաղաքական որոշակի կամք

Ըստ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի՝ ընտրարշավին գնահատական տալու համար «պետք է ընդամենը կարդալ թերթերը, տեսնել, թե ինչպիսի խախտումներ են արձանագրվել, եւ դրանք իրո՞ք խախտումներ են, թե՞ ոչ:

Եթե կարդում եք ու տեսնում, որ այնտեղ նյութ չկա, ուրեմն գնահատականը դրական է»:

Հենց այս մեթոդը կիրառելով էլ՝ ԿԸՀ-ի նախագահը նախընտրական արշավին դրական գնահատական է տալիս: Ինչպես երեւաց մայիսի 2-ին հրավիրած մամուլի ասուլիսում, Ազարյանը վճռական է տրամադրված այն հոդվածների դեմ, որոնցում արձանագրված են ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՄԱԿ-ի ընտրախախտումները:

Մասնավորապես անդրադառնալով «Հայկական ժամանակի» այն հրապարակմանը, որում գրվել է, թե Հրազդանում գտնվող Կոտայքի մարզպետարանի շենքի վրա ՀՀԿ-ի մեծադիր պաստառն է փակցված, ինչը հակասում է ՀՀ Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ կետին («Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ դրանց աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս»)՝ Ազարյանն ասում է, թե այդ կետն առնչություն չունի մարզպետարանի շենքի հետ: Շենքը, Ազարյանի ասելով, քարոզչություն անող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չէ:

Բայց այս բառախաղն ուղղակի անհասկանալի է: ԿԸՀ-ի նախագահը երեւի կարծում է, թե այդ պաստառն ինքն իրեն է հայտնվել մարզպետարանի շենքի վրա, այլապես հասկանալի է, որ դա Կոտայքի մարզպետ, ՀՀԿ անդամ Կովալենկո Շահգալդյանի ձեռքի գործն է:

Ու եթե Ազարյանը պնդում է, որ վերոնշյալ հրապարակման մեջ ՀՀ ԸՕ 18-րդ հոդվածի 4-րդ կետը մեջբերելը տեղին չէ, ապա հարց է ծագում` այդ դեպքում ինչու՞ 9-րդ ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ-ական Ռուբեն Սադոյանի պաստառները հանվեցին Կենտրոնի թաղապետարանից՝ հենց այս հոդվածի հիման վրա: Թաղապետարանի ՀՀԿ-ական աշխատակիցները ընդհանուր բաժնում փակցված պաստառներով Սադոյանի քարոզն էին անում իրենց աշխատանքային ժամերին, ինչը, փաստորեն, անօրինական էր եւ կասեցվեց: Իսկ մի՞թե իրենց աշխատանքային ժամերին Կոտայքի մարզպետ Շահգալդյանը եւ նրա թիմակիցները մարզպետարան ելումուտ անողներին չեն քարոզում շենքի վրայի այդ մեծ պաստառով...

ԿԸՀ-ի նախագահ Գ. Ազարյանը լրագրողներին կոչ է անում օրենքները չմեկնաբանել այնպես, ինչպես իրենք են ուզում: Մասնավորապես Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված Ժողովրդական կուսակցության ( ԺԿ ) քարոզչական հոլովակը, որում պատմվում է կուսակցության կողմից քաղաքացիներին անվճար տրամադրվող օգնության մասին, մամուլը որակեց որպես օրինախախտում՝ հենվելով ԸՕ 18-րդ հոդվածի 7-րդ կետի վրա՝ «Նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուներին (կուսակցություններին) արգելվում է անձամբ կամ որեւէ այլ եղանակով քաղաքացիներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ»:

«ԺԿ-ն հաշմանդամին անվասայլակը նվիրել է 2003-ին, իսկ դեղորայքը բաժանել է 2004 թվին, այսինքն՝ քարոզարշավի ժամկետներից դուրս»,- ասում է Ազարյանը: Սակայն ընտրապայքարի ժամանակ անցյալում կատարած բարեգործությունների ցուցադրումը եթերով ինքնին նախընտրական խոստման ձեւ է, ինչն անտեսել է ԿԸՀ-ն, այլ կերպ ասած՝ հենց այս կառույցն ու նրա նախագահն են օրենքներն ըստ ցանկության մեկնաբանում:

Ընդդիմադիրները բարձրաձայնում են, իշխանամետները՝ լռում

հեղ. Գագիկ Խաչումյան

Տեղի ունեցող ընտրախախտումների մասին խոսում են գերազանցապես ընդդիմադիր ուժերը: Սա հասկանալի է, քանզի վերջիններս ընտրարշավի վրա ազդել չեն կարող, որովհետեւ լծակներ եւ բավականաչափ ռեսուրսներ չունեն, իսկ այդպիսիք ունեցողներն իրենք իրենց դեմ չեն բողոքի:

«Մարդիկ գրեթե ամեն օր ահազանգում են մեզ: Օրինակ՝ հայտնել են, որ Կենտրոնի թիվ 2 եւ Արաբկիրի թիվ 11 պոլիկլինիկաներում անվճար բուժօգնություն ստանալու համար իրենցից պահանջել են անձնագրերի պատճենները: Ալավերդու մեր գրասենյակից տեղեկացանք, որ ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն այնտեղ օգնություն են բաժանում՝ առաջինը հիմնականում մթերքի, երկրորդը՝ դրամի տեսքով: Մարտունի այցելած ԺԿ-ի նախագահ Տիգրան Կարապետյանն էլ բնակիչներին արդուկ ու հեռուստացույց է բաժանել, չնայած հավաքված մարդկանց թիվը այդ արդուկներից քիչ է եղել»,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց ՀԺԿ-ի մամլո քարտուղար Ռուզան Խաչատրյանը:

«Քարոզարշավի սկզբում մենք քաղաքացիներից ստանում էինք բողոքներ, որոնց համաձայն՝ «Ժառանգության» անունից ինչ-որ մարդիկ կոշտ ու կոպիտ ձեւով փորձել են բաժանել մեր բուկլետները: Այդպես տվյալ անձինք ձգտել են վարկաբեկել մեզ եւ մեր առաջնահերթ սկզբունքները, որոնք են պարկեշտությունն ու բարոյականությունը: Նույն կերպ մեր անունից ինչ-որ ընտրակաշառքի մասին են խոսել: Ավանում էլ մի քանի հաստավիզ մեր աղջիկներից խլել էին բաժանվող բուկլետները: Դիմեցինք Ավանի թաղապետին եւ ՀՀ ոստիկանություն, սակայն դա որեւէ արդյունք չտվեց,- ասում է «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:- Մենք քարոզարշավի սկզբում մրցակցության երեք նախապայման առաջարկեցինք մյուս կուսակցություններին. առաջին՝ հավասար մուտք լրատվամիջոցներ, ինչը խախտվել է: Դրա մասին վկայեց Երեւանի մամուլի ակումբի մոնիտորինգը: Երկրորդ՝ պահպանել նախընտրական հիմնադրամ փոխանցվող առավելագույն 60 մլն դրամի սանդղակը: Այնինչ պարզ է, որ որոշ կուսակցությունների մեծ ցուցապաստառների ու վահանակների ընդհանուր գներն արդեն գերազանցել են այդ սահմանը: Երրորդ՝ հավասար պայմաններ հանդիպումների եւ միջոցառումների անցկացման համար: Սակայն, ահա, շատ գյուղերում համայնքների ղեկավարները խոչընդոտում են մեր քարոզչությանը՝ ասելով, թե իրենց գյուղն արդեն որոշել է քվեարկել օրինակ ՀՀԿ-ի օգտին, կամ էլ՝ թե մենք իրենց նախապես տեղյակ չենք պահել այցելության մասին»:

ՀՀԿ-ի մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն ասում է, թե իրենք տարբեր կարգի դիմում-բողոքներ են ստանում քաղաքացիներից (օրինակ՝ թերթերի հրապարակումների, այլ կուսակցությունների վերաբերյալ, որոնց անունները չցանկացավ նշել), սակայն այդ մասին մամուլին ինֆորմացիա չեն տրամադրում: ՀՀԿ-ում գործող թեժ գծի ծառայությունից էլ ընդհանրապես հնարավոր չէ տեղեկատվություն ստանալ ընտրողների ահազանգերի մասին: Սա թույլ է տալիս ենթադրել, որ ՀՀԿ-ն, ըստ էության, որպես այդիպիսին բողոքներ չի ստանում, կամ էլ դրանց մի մասը հենց իր դեմ են:

Որոշակի տեղաշարժեր նախընտրական գործընթացում

հեղ. Արտակ Ալեքսանյան

ԿԸՀ-ն Կենտրոն, Էրեբունի, Արաբկիր եւ Շենգավիթ համայնքներում ստուգել է կուսակցությունների պաստառները եւ «հաճելիորեն զարմացել» այն փաստից, որ օրենքին չհամապատասխանող պաստառներ չկան: Ստուգվել են ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՄԱԿ-ի, ԱՄ-ի, ՀԺԿ-ի, ՀՍԴՀԿ-ի, ՀՅԴ-ի, ԺՈւԿ-ի, ՕԵԿ-ի, «Դաշինքի» պաստառները. ԿԸՀ-ին այլ կուսակցությունների պաստառներ չեն հանդիպել:

Ընտրական գլխավոր այս կառույցը մարտի 23-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ստացել է 24 դիմում, բողոք եւ առաջարկություն: Դրանց մեջ առանձնահատուկ է թիվ 9 ԸԸՀ-ի անդամ, ՀԺԿ-ի ներկայացուցիչ Ալլա Հովհաննիսյանի բողոքն ընդդեմ նույն ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված ՀՀԿ-ական Ռուբեն Սադոյանի, ով իր քարոզչական պաստառները փակցրել էր Հովհաննիսյանին պատկանող կրպակի վրա եւ Կենտրոնի թաղապետարանում: Երկու տեղից էլ պաստառները հանվել են:

Ընտրական գործընթացի իրավախախտումների մասին հաղորդումներ է ստանում նաեւ ՀՀ Գլխավոր դատախազությունը, որի աշխատանքային խմբերը յուրաքանչյուր շաբաթ ներկայացնում են ամփոփ տեղեկանք՝ ստացված դիմումների եւ դրանց քննարկման արդյունքների մասին:

Մայիսի 3-ի դրությամբ Գլխավոր դատախազությունը 23 հաղորդում է ստացել, որոնցից 6-ի դեպքում հարուցվել է քրեական գործ:

Ընտրական եւ վերահսկողական գործընթացներին հետեւում են տեղական 34 եւ միջազգային 5 դիտորդական կազմակերպություններ ու խմբեր: Միջազգային դիտորդներ են ներկայացված ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ Գործադիր կոմիտեի, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ եւ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովների կողմից:

Եվրոպացի դիտորդների կարծիքներն առանձնապես չեն տարբերվում միմյանցից:

ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար, հոլանդացի պատգամավոր Լեո Պլատվոետը նշեց ընտրություններին մասնակցող ուժերի ծրագրային տարբերության բացակայությունը, ընտրացուցակների՝ մտահոգության աստիճանի հասնող անճշտությունները, ոչ թե գաղափարական, այլ քաղաքական էլիտաների պայքարը, միաթեկնածու ընտրատարածքների առկայությունը, անհավասար պայմանները, մարդկանց անտարբերությունն ու, «եթե չասեմ, հեգնական վերաբերմունքը» ընտրությունների նկատմամբ:

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) առաջին միջանկյալ զեկույցում (մարտի 21-28-ի դիտարկումների վերաբերյալ) հստակ ուրվագծված չէր նախընտրական Հայաստանի իրական պատկերը, ինչը չի կարելի ասել երկրորդ զեկույցի մասին: Վերջինիս մեջ առանձնացված են քարոզչական գովազդի իրականացման անբավարար որակը եւ ոչ հավասար պայմանները, պաստառների տեղադրման եւ պահպանման համար իշխանությունների վերահսկողության բացակայությունը, մի քանի հեռուստաընկերությունների սուբյեկտիվ վարքագիծը, որոշ անհատ թեկնածուների եւ կուսակցությունների դեմ կատարված բռնությունները:

Սակայն եվրոպացի դիտորդները բարձր են գնահատել քաղաքական ուժերի՝ ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու պատրաստակամությունը եւ բարեփոխված Ընտրական օրենսգրքի առկայությունը:

Նրանց դիտարկմամբ՝ «ընդհանուր առմամբ, ԿԸՀ-ն աշխատում է արդյունավետ, տեխնիկապես լավ հագեցած է եւ՛ պատրաստված արդյունքների աղյուսակավորումը համակարգելու, եւ՛ ընտրությունների օրը զեկուցելու համար, եւ՛ պրոակտիվ է ընտրացուցակների եւ ընտրությունների օրվա ընթացակարգերի մասին ընտրազանգվածին տեղեկացնելու հարցում: ԸԸՀ-ները նույնպես արդյունավետ են աշխատում: Ոստիկանությունը, պատասխանատու լինելով ընտրացուցակների համար, ջանքեր է գործադրում` ցուցակներում տեղ գտած անճշտություններն ուղղելու համար»:

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի դիտորդները նույնպես, համեմատելով այս եւ նախորդ ընտրությունների նախապատրաստական փուլերը, դրական տեղաշարժեր են արձանագրել:

Նման կարծիքի են նաեւ ընտրարշավի մասնակից ուժերը: «Անցյալ ընտրությունների հետ համեմատած՝ այս անգամ կարգին ընտրություններ անցկացնելու որոշակի միտում է նկատվում,- ասում է «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը եւ ավելացնում,- դա ես կապում եմ թե՛ միջազգային մասնակցության ու մեծ հետաքրքրության, եւ թե՛ Հայաստանում քաղաքական կամքի որոշակի առկայության հետ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter