HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մենք ապրում ենք քարե դարում էս զարգացած պետության մեջ. մարդիկ լուսին շուն են ուղարկում, բա մի շան չափ չկա՞նք, որ մեր բունն ունենանք»

Գայանե Սարգսյան

Վանաձորի Երևանյան 90 հասցեում գտնվող հանրակացարանի երրորդ հարկում շուրջ մեկ ամիս է` սենյակների մեծ մասում իրենց կարևոր տեղն են զբաղեցնում ամենատարբեր տեսակի տաշտերն ու թասերը: Առատ ձյան տեղումներից հետո այն արագ հալվում է ու հանրակացարանի առաստաղներից ուղղակիորեն թափվում սենյակներ:

Դեռ նախորդ տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, երբ հորդառատ անձրևաջրերի տակ ապրող բնակիչները, դիմելով լրատվամիջոցներին, ահազանգել էին հանրակացարանում առկա անմարդկային պայմանների մասին, Վանաձորի քաղաքապետարանի համատիրությունների ու բնակարանային տնտեսության բաժնի պետ Գրիշա Պառավյանը խոստացել էր հետամուտ լինել առկա խնդիրների լուծմանը:

Նոյեմբերին Վանաձորի քաղաքապետարանի համայնքային բյուջեից հատկացվեց 2.700.000 դրամ՝ հանրակացարանում մասնակի նորոգման աշխատանքներ իրականացնելու համար:   

2.700.000 դրամով մասնակի նորոգման աշխատանքներ են իրականացվել հանրակացարանի տարբեր հատվածներում: Ինչ վերաբերում է անմխիթար վիճակում գտնվող տանիքին, ապա շուրջ 1.000  քմ տարածք ունեցող տանիքում  նորոգվել է ընդամենը 10 քմ-ը:

Դեկտեմբերի 3-ին տեղացած առատ ձյան  հալոցքները նոր ուժով են գրոհել վերին հարկի սենյակները, ինչի հետևանքով բնակիչներն կրկին ահազանգել են նախ հանրակացարանի պարետին՝ Արաքսյա Շահինյանին: Վերջինս էլ դիմել է Վանաձորի քաղաքապետարան, որտեղից ուղարկված մարդիկ եկել ու բնակիչների խոսքով ձնից մաքրել են դժգոհող բնակիչների սենյակների տանիքները:

«Ես հո չէ՞ի կանչել, որ գան տանիքիս ձյունը մաքրեն,- դժգոհում է բնակչուհիներից Լիլիթ Ստեփանյանը, նշելով, որ նորոգումից հետո կաթոցքները միայն ավելացել են,- մինչև վերանորոգումը էլի հա, կաթում էր, իսկ հիմա ամբողջ պանելն ա բացվել: Առաջ մի լագան էինք դնում սերվանդի գլխին, հիմա մի քանի հատ ենք դնում, որ գոնե կարողանանք տեղաշորերը պաշտպանենք»:

Լիլիթ Ստեփանյան Էմմա Նավասարդյան

Քաղաքապետարանի կողմից ձյունը մաքրելու միջոցով խնդրի լուծման տարբերակը, բնականաբար, կարճ արդյունք է ունեցել: Ամանորին գրանցված հերթական առատ ձյունը սենյակներում է հայտնվել արդեն 2016թ.-ի առաջին օրերին: Բնակիչները կրկին ահազանգել են, այս անգամ, սակայն, ապարդյուն: Հունվարի առաջին օրերին խնդրի մասին տեղեկացված պարետը մեր այցի օրը` հունվարի 12-ին, նշեց, որ խնդրի մասին դեռևս չի հայտնել քաղաքապետարան:

«Ոչ աշխատանքային օրեր էին էդ օրերը, չեմ էլ զանգել: Այս երեք աշխատանքային օրերին էլ դեռ չեմ գնացել քաղաքապետարան: Գործեր ունեմ, պետք է գնամ քաղաքապետարան, կգնամ, կներկայացնեմ»,- ասում է պարետը:

Շրջում ենք երրորդ հարկի սենյակներով: Միայնակ բնակվող, 2-րդ կարգի հաշմանդամ  79-ամյա Ռաիդա Մուրադյանը ցույց է տալիս սենյակի մի կողմում շարված տաշտակներն ու ասում. «Ձնհալից հետո քանի վեդրո ջուր եմ թափել, բայց ես կարա՞մ ամեն անգամ էս ցրտին ջուր կրեմ, տանեմ թափեմ»:

Ռաիդա Մուրադյան

Մոտ 50.000 դրամի եկամուտ ունեցող կինն ասում է, որ միանյակ չի կարող հոգալ ոչ իր սենյակի, ոչ էլ տանիքի նորոգման խնդիրը:

63-ամյա Էմմա Նավասարդյանը ևս միայնակ է ապրում: «Հանրակացարանի վիճակից ելնելով երեխաս իր ընտանիքով ստիպված գնացել, վարձով է ապրում: Ջուրը տանիքից որ թափվում է, չգիտեմ ում դիմեմ, ում ասեմ, որ անձրևաջրերը լրիվ ներս են լցվում: Վերանորոգումից առաջ էլ է եղել էս խնդիրը, բայց հիմի եկել են մասնակի ռեմոնտ են արել, բայց նորից նույն պատմությունն ա: Մենք չենք հասկանում, թե ինչ մասնակի ռեմոնտ են արել: Մենակ տուալետների կռանտներեն են սարքել, բաչոկներն են դրել, մի քիչ սավաղ, ցեմենտ բիդոն են արել»,- նշում է նա:

Քաղաքի տարբեր հատվածներում տեղակայված տնակներից հանրակացարան եկած բնակիչներն ասում են, որ Վանաձորի քաղաքապետարանից իրենց խոստացել են՝ տնակից հանրակացարան տեղափոխվելու դեպքում երկու տարի անց բնակարան կստանան:

Երկուսի փոխարեն անցել է 10-15 տարի ու վրդովված բնակիչները առիթը բաց չեն թողնում մեր միջոցով բարձրաձայնելու քաղաքապետարանի պաշտոնատար անձանց խոստումները:

«Մեզ երկու տարով էին ասել, որ կգանք ստեղ, բայց երկու տարին դառել ա 15 տարի: Էն օրն էլ Պառավյանին եմ ասել, ասում ա՝ մենք ձեզ տուն տալու հարց չունենք, դուք պետք ա մնաք էստեղ, պահպանեք»,- դժգոհում է Էմմա Նավասարդյանը:

Լիլիթ Ստեփանյանը, ով երկու անչափահաս երեխաների մայր է, ասում է, որ հաշմանդամ ու նոր վիրահատված երեխաներին այլևս չի կարող պահել այս խոնավ սենյակում:   

«Էդ գալստուկավորներից մեկը թող գա մի օր իմ տան պայմաններում ապրի, էլի,- առաջարկում է  Լիլիթը,- մենք ապրում ենք քարե դարում էս զարգացած պետության մեջ: Մարդիկ լուսին շուն են ուղարկում, բա մի շան չափ չկա՞նք, որ մեր բունն ունենանք:Երկու տարի էին ասել պայմանագրով՝ բանավոր, ոչ գրավոր, բայց երկու տարին դարձավ 10 տարի, շատերի համար 15 տարի: Թող վերջապես մեզ ընդգրկեն տուն ստացողների ցուցակում, մենք իրենցից ազատվենք, իրենք՝ մեզնից»:

Բնակիչներից մեկն էլ, ով խուսափում է ներկայանալ, ասում է. «Եթե մեզ հանեցին դոմիկներից ու էդ տեղերում հիմա հյուրանոցներ ու գազի զապրավկեք սարքեցին, թող էս ժողովրդին գոնե տնով ապահովեին»:  

Անահիտ

12 տարի տնակում ապրելուց հետո ևս 11 տարի հանրակացարանում բնակվող Անահիտը ևս հիշեցնում է. խոստացել են բնակարան:

«Մինչ օրս սպասում եմ հույսով, թե երբ ինձ բնակարան կտան: Մինչև հիմա երազանքս չի կատարվում: Էն ժամանակ գալիս էին տանկային թաղամաս, ասում՝ ձեզ բնակարաններով կապահովենք, չմտածես: Հիմա որ Գրիշա Պառավյանը գալիս է, ասում է ՝ ինչի, ես քեզ տուն ե՞մ խոստացել»,- հիշում է  Անահիտը:

Գրիշա Պառավյան

Քաղաքապետարանի համատիրությունների ու բնակարանային տնտեսության բաժնի պետ Գրիշա Պառավյանը մեր հարցին՝ տնակների բնակիչներին խոստացե՞լ եք երկու տարի անց բնակարանով ապահովել, նախ խուսափողական պատասխան է տալիս:

«Վանաձորի քաղաքապետի առաջարկությամբ այս տարի մենք ևս 11 բնակարաներ ենք կառուցելու «Առդա» հիմնադրամի և «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի համատեղ ներդրմամբ: Քաղաքապետն առաջարկել է, որ հանրակացարանների ընտանիքները ևս ցուցակներում ընդգրկվեն»,- ասում է նա, հավելելով, որ ընտրությունը կատարվելու է անօթևան համարվող ավելի քան 500 ընտանիքների միջև:

 Ապա բաժնի պետը շարունակում է խոսքը.  «Այդ մարդիկ պետք է գիտակցեն, որ և կառավարությւոնը, և համայնքը իրենց նկատմամբ պարտավորություն չունեն: Սա միայն բարի կամքի դրսևորում է, որ ասենք Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցները իրենց աշխավարձը ուշ են ստանում կամ իրենց աշխատավարձը չի բարձրացվում արդեն 8-րդ տարին է, որ նման բարեգործական ծրագրեր իրականացվեն»:

Ճշգրտող հարցից հետո՝ այնումենայնիվ, եղե՞լ է նման խոստում, թե՝ ոչ, բաժնի պետը արձագանքում է. «Երկու տարի միանշանակ չէր կարող լինել: Երևի խոստումը եղել է, որ առաջիկա   բնակարանային բարելավման ծրագրում իրենք հաշվի կառնվեն: Միայն դա կարող է լիենլ: Երևի մեր բնակիչները շփոթում են, որ իրենց ասվել է, որ երկու տարով են իրենք վարձակալության գումարներ ստացել: Երկու տարի մենք իրենց բնակարանների վարձակալության գումարներ էինք տալիս»:

 Վանաձորի թվով երկու հանրակացարններում բնակվում է 131 ընտանիք: Եվս շուրջ 400 ընտանիք համարվում է  անօթևան: Թե շուրջ 530 ընտանիքներից ովքեր կլինեն այս տարի կառուցվելիք 11 բնակարանների տերերը, դեռևս պարզ չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter