HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Խիղճ գնեմ, պաշտոն վաճառեմ

«Անհաղթ հերոս քաջ Նազար, մի քվեով սարքի 1000», «2 քարի արանքում, 2 դարի արանքում, մոլորվել ենք իշխանության-ընդդիմության արանքում», «Կառնեմ խիղճ. 1 կգ- 10 դոլար, 3 կգ- 50 դոլար, 5 կգ- 100 դոլար», «Խիղճ գնեմ, պաշտոն վաճառեմ. վարչապետ- 5 մլն դոլար, նախարար- 3 մլն դոլար»...

Մայիսի 5-ին Կոմիտասի արձանի մոտ «Տարածաշրջանային զարգացման կենտրոն/ Թրանսփարենսի ինթերնեշնլ Հայաստան» ՀԿ-ի, «Սկսել ա...» նախաձեռնող խմբի եւ «Հայաստանի հելսինկյան կոմիտեի» կազմակերպած նախընտրական տոնավաճառը լի էր նմանատիպ պաստառներով:

«Սա մեր հերթական ցինիկ վերաբերմունքն է այսօր Հայաստանում տեղի ունեցող նախընտրական գործընթացներին: Ասում եւ ցուցադրում ենք այն, ինչ պետք է մարդկանց քննարկման եւ մտածելու տեղիք տա: Նպատակը նմանատիպ միջոցառումներին եւ գործընթացներին ավելի շատ քաղաքացիների ներգրավելն է»,- ասում է «Սկսել ա...» նախաձեռնող խմբի անդամ Արսեն Խառատյանը:

Տոնավաճառին մասնակցող քաղաքացիներին բաժանվում էին ամերիկյան դոլարներ (բնականաբար՝ կեղծ), որոնց միջոցով նրանք գնումներ էին կատարում, կամ էլ իրենք էին որեւէ բան վաճառում:

«Ես հույս եմ վաճառել կոռուպցիոն նպատակներով: Քաղաքական ծրագրեր բաժանեցի, շատ մարդիկ վերցրեցին եւ լավ վճարեցին: Ներկա գտնվող մոտ 100 հոգուց մի 25 տոկոսին կաշառել եմ քաղաքական ծրագրերով եւ վստահություն ներշնչել: Բայց դեռ պիտի աշխատեմ: Վաճառելու բաներ ունեմ: Վերջում կարող է մազութ հանեմ»,- կոռուպցիոն տոնավաճառի իր հաջողություններն է ներկայացնում ՀՀՇ-ական Արամ Մանուկյանը:

Հավաքած գումարներով քաղաքացիները մասնակցեցին աճուրդի, որտեղ վաճառվում էին հասարակական կազմակերպություն, դերասան, երգիչ, գիտնական ու մարզիկ: Ստացված հասույթը պիտի փոխանցվեր ՀՀԿ-ին եւ ԲՀԿ-ին:

Լուս. Նելլի Շիշմանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter