Լոռու մարզում խոզի գրիպ կա՞, թե՞ չկա
Գայանե Սարգսյան
2015թ.-ի դեկտեմբերի 30-ից այս տարվա հունվարի 14-ը Լոռու մարզում գրանցվել է H1N1 վիրուսով հիվանդացության 3 դեպք: Այս մասին հունվարի 14-ին հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Լոռու մարզպետարանի առողջապահության վարչության պետ Սամվել Լամբարյանը:
«Հետքը» հետաքրքրքվեց՝ ո՞ր տարիքային խմբում են հիվանդները, մարզի ո՞ր տարածաշրջաներից: Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար վարչության պետն առաջարկեց դիմել առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի Լոռու մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանին:
Հունվարի 15-ին զրուցեցինք Ա. Հովհանիսյանի հետ, ով նշված H1N1 վիրուսով հիվանդացության 3 դեպքի հետ կապված մեր հարցին պատասխանեց.
-Դեկտեմբերի 28-ից մինչև հիմա գրիպի 14 դեպք ենք հայտնաբերել՝ Ա տիպի գրիպի վիրուս: Որպես խոզի գրիպ մեզ մոտ չի տալիս H1N1, բայց այդ Ա տիպի վիրուսի մեջ մտնում է նաև H1N1 վիրուսը: Տարբերակումը չի տալիս, բայց որ գրիպ կա 14 հուգու մոտ, մենք դա հայտնաբերել ենք: Անկախ ամեն ինչից՝ բուժումը նույնն է, տարբերակումը խիստ անհրաժեշտ չէ, որովհետև բուժման կուրսը նույնն է: Այդ երեքը որ ասել են իրենք, պատկերը նման է, բայց վերջնական տարբերակումը չի տալիս: Որպես H1N1 հաստատված մենք չունենք: Չենք բացառում, որովհետև տարբերակումը չի տալիս, իսկ հանրապետությունում կա, շրջանառվում է:
-Իսկ ի՞նչ եք անում այդ դեպքում, երբ պարզվում է, որ տարբերակում չի տալիս:
-Բուժումը նույնն է, ոչ մի բան էլ չենք անում:
Նկատառմանս՝ թե այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված վարչության պետի նշած թիվը, Ա. Հովհաննիսյանը պատասխանում է. «Նման է եղել, վերջին պահին արդեն չի տվել որպես H1N1: Մեր բժշկուհին մի քիչ ավելի շուտ ասել է նման է… Ա տիպն է…»:
Գրիպով 14 հիվանդներն էլ հայտնաբերվել են Վանաձորի բժշկական կենտրոնում: Նրանցից 7-ը 0-4, 4-ը՝ -30-64 տարիքային խմբում են, ևս 3 գրիպով հիվանդ հղի հոսպիտալացվել է մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում:
Լոռիում սուր շնչառական վարակների ու թոքաբորբով հիվանդների թիվը շարունակում է աճել
Վերջին 15 օրերի ընթացքում մարզում սուր շնչառական վարակների ու թոքաբորբով հիվանդացության աճ է նկատվել: Հոսպիտալացված հիվանդների առավելագույն թիվը մարզում գրանցվել է հունվարի 14-ին: Լոռու մարզպետարանի առողջապահության վարչության պետ Սամվել Լամբարյանի տեղեկացմամբ՝ մեծացել է ոչ միայն հիվանդների դիմելիության ցուցանիշը, այլև աշխարհագրական ընդգրկվածությունը:

Եթե այս տարվա առաջին օրերին առավել ծանրաբեռնված էին աշխատում Վանաձորի ու Սպիտակի բժշկական կենտրոնները, ապա վերջին մի քանի օրերին ծանրաբեռնվածությւնն ավելացել է նաև Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի բժշկական կենտրոններում:
«Մինչ հունվարի 13-ը Ստեփանավանի, Տաշիրի ու Ալավերդու բժշկական կենտրոններում սուր շնչառական վարկներով ու թոքաբորբի դեպքեր չեն գրանցվել»,- նշում է Ս. Լամբարյանը:
Հունվարի 14-ի դրությամբ Լոռու մարզի թվով 5 բժշկական կենտրոններում ստացիոնար բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 53 հիվանդ, որից 39-ը մինչև 18 տարեկան, 6-ը՝ հղի և 1 ծննդկան: Թոքաբորբով հիվանդների թիվը 40-նն է, որից 18-ը 0-ից 18 տարեկան: Մեկ օրվա ընթացքում բժշկական կենտրոններում հոսպիտալացվել է սուր շնչառական վարակով 16, թոքաբորբով՝ 4 հիվանդ:
Հիվանդների գերակշիռ մասը՝ սուր շնչառական վարակներով 32 և թոքաբորբով 22 հիվանդ բուժում է ստանում Վանաձորի բժշկական կենտրոնում:
Մարզում հիվանդացության ցուցանիշները ներկայացնելով, վարչության պետը նշում է. «Մենք այսօր համաճարակային վիճակից բավականին հեռու ենք: Ուղղակի կա հիվանդության որոշակի ակտիվացում»:
Հիվանդների թվով երկրորդ տեղում Սպիտակի բժշկական կենտրոնն է. այստեղ բուժվում է 21, Ստեփանավանի բժշկական կենտրոնում ՝12, Ալավերդում ՝ 3, Տաշիրում ՝ 3 հիվանդ:
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ հիվանդներն առավելապես Վանաձորի ու Սպիտակի տարածաշրջաններից են, մասնագետները հստակ պատասխան չունեն: Պատասխանը ենթադրությունների դաշտից է՝ «երևի մարդիկ ավելի ակտիվ են, շփումներն էլ ավելի շատ են»:
Վանաձորի բժշկական կենտրոնի մանկական սոմատիկ բաժանմունքում մեր այցի օրը՝ հունվարի 14-ին ստացիոնար բուժում էր ստանում 35 երեխա, որոնցից 18-ը սուր շնչառական, 17-ը՝ թոքաբորբով հիվանդներն էին: Վերջին 15 օրերի լարվածությունը գնահատելով՝ մանկական սոմատիկ բաժանմունքի վարիչ Արփինե Համբարյանը լարվածության առումով առանձնացնում է հատկապես վերջին մեկ շաբաթը, երբ օրեր են եղել՝ ստացոնար բուժվող հիվանդների թիվը հասել է 42-ի, ամբուլատոր խորհրդատվության համար դիմողներինը՝ 45-ի: Դիմողների ու ստացիոնար բուժվողների գերակշիռ մասը 0-3 տարիքային խմբում է:

«Էպիդեմիկ լարվածությունը դեռ նույն փուլում է, փոքր-ինչ ավելացել է այցելուների խուճապը, տագնապը: Հիվանդության առաջին իսկ նշանների դեպքում համաբուժարաններ դիմելու փոխարեն անմիջապես դիմում են ստացիոնար»,- նշում է Վանաձորի բժշկական կենտրոնի մանկական սոմատիկ բաժանմունքի վարիչ Արփինե Համբարյանը:
Ընդ որում, բաժնի վարիչի հավաստմամբ՝ դիմում են ինչպես Վանաձորի տարածաշրջանից, այնպես էլ մարզի մյուս տարածաշրջաններից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել