HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

1/07 և 4/26 ընտրատեղամասերում այլ անձանց փոխարեն քվեարկել են հանձնաժողովի անդամները. ՔԿ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է թիվ 1/07 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննչական կոմիտեն հայտնում է, որ դեկտեմբերի 23-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել են «1in.am» տեղեկատվական հարթակում «Լուսավոր Հայաստան»-ի անդամ Մանե Թանդիլյանի փոխարեն քվեարկել են» վերտառությամբ հրապարակված նյութի հիման վրա ոստիկանության Նոր Նորք բաժնում նախապատրաստված նյութերը։

Պարզվել է, որ 1/07 ընտրատեղամասի ընտրող Մանե Թանդիլյանը դեկտեմբերի 6-ին այցելել է ընտրատեղամաս՝ մասնակցելու քվեարկությանը, որտեղ նկատել է, որ իր փոխարեն գրանցամատյանում արդեն ստորագրված է, ինչի մասին բարձրաձայնել է: Դեպքի վերաբերյալ կազմվել է արձանագրություն, իսկ Մ.Թանդիլյանը հեռացել է ընտրատեղամասից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում դեկտեմբերի 25-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով:

Նախաքննությամբ պարզվել է Մ.Թանդիլյանի փոխարեն քվեարկություն կատարած անձի ինքնությունը։

Ձեռք բերված ապացույցների համաձայն՝  թիվ 1/07 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Կ. Ստեփանյանը ընտրողի տվյալների դիմաց գրառել է մտացածին անձնագրային տվյալներ, ստորագրել  և կնքել իրեն հատկացված կնիքով, ապա՝ քվեաթերթիկը գցել քվեատուփի մեջ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կ.Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է թիվ 4/26 ընտարտեղամասում այլ անձի փոխարեն քվեարկություն կատարած անձի ինքնությունը ևս:

06.12.2015թ.-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբից տեղեկություն էր ստացվել, որ թիվ 4/26 տեղամասում անհայտ անձը քվեարկել է այլ անձի փոխարեն: Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ՝ պարզելու ահազանգում մատնանշված հանգամանքը և այն անձին, ում փոխարեն մեկ ուրիշը կատարել է քվեարկություն։

Նյութերի նախապատրաստության ընթացքում պարզվել է, որ անձը, ում փոխարեն կատարվել է քվեարկություն, Գայանե Գյուլնազարյանն է, ով 2015թ.-ի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին մասնակցելու համար գնացել է թիվ 4/26 ընտրատեղամաս և պարզել, որ իր փոխարեն մեկ ուրիշը քվեարկել է։

Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ  հոդվածով, որի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար ապացույցներ առ այն, որ Գ.Գյուլնազարյանի փոխարեն քվեարկել  է նշված ընտրատեղամասի հանձնաժողովի անդամը։

Նախնական քննության տվյալներով՝  Գ.Գյուլնազարյանի անվան դիմաց լրացրել է, ստորագրել և նրա փոխարեն քվեարկել թիվ 4/26 տեղամասի հանձնաժողովի անդամ Դ.Ազատյանը։ 

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Դ.Ազատյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter