HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞րն է ամենադժվար ու ամենաշնորհակալ բանն աշխարհում

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Սովորաբար հատակում հայտնվածի կողքով գրեթե բոլորն անցնում են անտարբեր, շատերն էլ ավելի են փորձում ընկածին գլորել փոսը: Եվ միայն քչերն են տարբերվում համատարած անտարբերության մեջ ու ձեռք մեկնում վաղուց ձեռք մեկնածին: Հատակում հայտնվածին բարձրանալու հնարավորություն տալը, կարծում եմ, աշխարհում ամենադժվար, ամենաշնորհակալ բանն է:

Երրորդ տարին հանդիպում ենք այստեղ: 2014-ի հունվարին առաջարկություն ստացա որպես «բանտային թղթակից» գրել «Հետքում»: Երրորդ տարին աշխատանք ունեմ, ու շնորհիվ այս աշխատանքի կարողանում եմ վճարել իրավագիտության ֆակուլտետում սովորելու վարձը, ինչի համար խորին շնորհակալություն եմ հայտնում hetq.am կայքի տնօրինությանն ու աշխատակազմին:

Երրորդ տարին ինձ տրվել է հնարավորություն լրագրողների սարքած կամրջի միջոցով պատմել մի իրականության մասին, որում գտնվում եմ 20 տարի, որը հազար կողպեքով փակված է ֆիզիկական ազատության մեջ ապրող մարդկանց տեսադաշտից: 20 տարի ներսից եմ տեսնում դատական, իրավական համակարգը, որտեղ մարդու արժեքը ձգտում է մինուս անվերջության:

Ընդամենը մի քանի տարի առաջ Ձեզանից շատերը նույնիսկ պատկերացում չունեին, թե ինչ է կատարվում բանտերում և գաղութներում, որտեղ, Աստված չանի, բայց յուրաքանչյուրը կարող է հայտնվել: Մարդիկ պատկերացում չունեին, որ մահապատիժները 90-ականներին դեռ շարունակվում էին ի կատար ածվել սովի, ցրտի, ծեծի պայմաններում, որ մեր երկրում, ի տարբերություն քաղաքակիրթ երկրների, մինչ օրս պետությունը վերացնում է իրեղեն ապացույցները` ասես փակելով դատական սխալների ի հայտ գալու հնարավորությունը: Քաղաքացիները չգիտեին, որ մի ցուցմունքով կարելի է մարդ դատել, կամ նույնն անել օտար երկրի դեսպանի ցուցումով: Չգիտեին, որ բանտերում անմեղներ կան, ովքեր պայքարում են անարդարությունների դեմ: Բայց այս ամենը քիչ-քիչ մարդկանց սեփականությունն է դառնում շնորհիվ լրագրողների:  

Դատապարտված քաղաքացին` մեղավոր, թե անմեղ, աշխատանքի և ուսման իրավունք ունի

Հայաստանում աշխատող կամ սովորող դատապարտյալներին մատների վրա կարելի է հաշվել: Ո՞ւմ է ձեռնտու մոտ 4000 տղամարդկանց պահել բանտերում ու գաղութներում առանց աշխատանքի, 24-ժամյա պարապության մեջ, որոնցից շատերը, վստահ եմ, լավ արհեստավորներ, արվեստ ստեղծող մարդիկ կամ այլ բնագավառի լավ մասնագետներ կարող են լինել: Դատապարտյալները կարող են գումար վաստակել, ապահովել իրենց ու իրենց ընտանիքներին: Բայց ոչ մի նպատակաուղղված քայլ չի արվում այս ուղղությամբ:  

Աշխատանքն ու ուսումն անհրաժեշտ է վերականգնման ու պատժի նպատակների իրականացման համար: Համենայնդեպս, այդպես է գրված քրեական իրավունքի դասագրքերում, որոնք ամեն օր կարդում եմ: Բայց իմ կարդացածն ու 20 տարի տեսածս հակադարձ համեմատական են իրար: Ներսից տեսնում եմ, որ վերականգնմանն ուղղված քայլերը բացակայում են, իսկ երբ բանտարկյալն իր ուժերով փորձում է հասարակության մաս դառնալ, չի խրախուսվում: Հասկանում ես, որ ուղղված քաղաքացու վերադարձը օրակարգային հարց չէ մեր պետության համար:      

Մի անգամ արդեն, կարծեմ, գրել եմ, որ բանտում չարանալը այնքան հեշտ է, մարդ մնալը` հերոսություն

Երբ մարդն անարդար է դատապարտվել, ինքն է դառնում համակարգի զոհը: Ի՞նչ անի նա, ում սխալ են դատապարտել, փակել են չարած հանցանքի համար: Անմեղ դատապարտվածի պարագայում հանցագործություն կատարում է պետական ապարատը, և հենց պետությունը պետք է ուղղի սխալը, հնարավորություն տա դատական սխալի ճանաչման համար: Բայց Հայաստանում հնարավորությունը չի տրվում հասնել քրեական գործի վերաբացման, պետական մեքենան չի ընդունում, որ ժամանակին թույլ է տրվել կոպիտ սխալ: Իսկ ովքե՞ր են գործ վերաբացողները: Նույն իրավաբանների ընկերները, բարեկամները, համակուրսեցիները: Այսինքն` նույնն է, ինչ բժշկական սխալների դեպքում:

Ժողովրդական խոսք կա`բժիշկներից ու դատավորներից հեռու

Պատկերացնու՞մ եք, թե որքան քաղաքացիներ, մանավանդ անապահով ընտանիքներից, հիվանդության ոչ ճիշտ ախտորոշման, ոչ ճիշտ բուժում նշանակելու հետևանքով է՛լ ավելի ծանր հիվանդություններ են ձեռք բերում, կամ ժամանակի մեջ հիվանդությունն է՛լ ավելի է սրվում, էլ չեմ խոսում վիրահատությունների հետևանքով մահվան դեպքերի մասին: Բացահայտվու՞մ են այս ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: Պատասխանը` հազվադեպ: Ամեն ինչ շատ պարզ է. բացահայտող մասնագետները նույնպես բժիշկներ են: Որպես կանոն, գործում է յուրահատուկ կորպորատիվ սոլիդարություն, որպեսզի բժշկական սխալները ջրի երես դուրս չգան, մեղավորները չպատժվեն:

Անշուշտ, բժշկությունը ատվածային մասնագիտություն-արվեստ է, և քիչ չեն բանինաց, գրագետ Մարդ-բժիշկները, որոնք կյանքեր են փրկում:

Սակայն եկեք մի պահ պատկերացնենք, որ հայտնվել է մեկը, ով ցանկանում է առողջապահական համակարգը մի նոր մակարդակի բարձրացնել և անում է շատ կարևոր քայլ` բացահայտում է բժշկական սխալները: Եթե արդյունքում նույնիսկ պատասխանատվության չկանչվեն մեղավորները, ապա գոնե համակարգը կմաքրվի անգրագետ բժիշկներից` թողնելով միայն որակյալ ու մարդկային մասնագետների և ապահովելով բնակչության բուժսպասարկման բարձր մակարդակ: Գիտե՞ք ինչ տեղի կունենա այդ ժամանակ: Բժշկական սխալներ բացահայտողի, հեղափոխություն իրականացնողի վրա կհարձակվի անորակ մասնագետների և բյուրոկրատների մի ամբողջ բանակ:

Նույն պատկերը սինխրոն ձևով պատկերացրեք դատական սխալների պարագայում:  

Լեռ Կամսար. «Ազատ կյանքի արժեքը բանտում զգացի»

Թարգմանելով Լեռ Կամսարի «Բանտիս օրագիրը» ` շարունակում եմ բացահայտել տառապյալ-անհատ հայրենասեր Մարդու կերպարը: Ասելիքս շատ է, բայց Ձեզ հետ այսօրվա զրույցս վերջացնեմ Կամսարի անարդար բանտարկության հուշերից մեկով, որտեղ իր նկարագրածը շարունակվում է մերօրյա հայաստանյան բանտերում ու դատարաններում…

«Մութ: Ահա միակ ցանկալին մեզ` քսանչորս ժամ լույսի մեջ ապրողներուս համար: Մեր բիբերը շատ են նոսր գլխներուս կախված լույսին դիմագրավելու համար: Մութը հնարավոր կդարձներ մեզի չորս կողմե սեղմող պատերը հեռուն տեսնելուն: Մութն ազատություն կուտա բանտարկյալին` իր ուզածը տեսնելու:

Գիտե՞ն մեզ բանտարկողներն արդյոք, թե ինչքան խիստ են պատժած մեզի` անվերջ լուսավորելով: Չեն գիտեր: Վասնզի ան ատեն ոչ թե քառասուն, այլ հազար մոմնոց լույս կկախեին մեր թշվառությունը ավելի պարզ մեզի ցուցունելու համար… Ազատ կյանքի արժեքը բանտում զգացի…

…ակն ընդ ական, ատամն ընդ ատաման ավելի արդար է, հարկավ, բայց հաճախ անգործնական: Վասնզի, ենթադրենք, անարդար դատավոր մը կա, որ տարեկան 100 մարդու 10 տարվա բանտարկության վճիռ կուտա: Տասն անգամ հարյուր` հազար տարի: Ենթադրենք, օր մը ազատվեն այդ բանտարկյալներն ու կամենան դատաստան տեսնել այդ դատավորին հետ: Ինչպե՞ս ատամի տեղ ատամ հանեն, երբ դատավորին բերնին այդքան ատամ չկա…

Ոչ, գործնականը քրիստոնեական օրենքն է նորեն»:

Մեկնաբանություններ (1)

Մարդ
Սկսած Համուրաբիից մինչև Վոլտեր, Ռուսսո և Մոնտեսքյո, դատական իշխանությունն աստվածային իշխանության շարունակությունն է եղել: Վերջիններս փոխեցին դատական իշխանության բովանդակությունը. այլևս օրենքն է դրա հիմքը: Մեր իրականության մեջ իրականացվում է վախի, գողական պանյատների, ստրկամտության ու ընչաքաղցության շարժառիթներով: Հիմա՝ առնվազն կարճատես պետք է լինել, որ յուրաքանչյուր դեպքում այդ տեսակ արդարադատության զոհը բացառի ինքնադատաստանի գաղափարը՝ իրականացնողների հետ: Սա է փրկությունը՝ անհատական և հավաքական իմաստով. դատաստանը ամենաուղիղ, իմաստուն, արդյունավետ, մարդկային լուծումն է այդ վերացնելու, կանխելու, փոխելու համար: Թվաբանական առումով, ընդամենը մի քանի հրապարակային դատաստանի արդյունքում ստրուկ համակարգն այլևս չի գործի: Սա կիրառելի է դատավորի, դատախազի, քննիչի պաշտոնը զբաղեցնող բոլոր մսավաճառների պարագայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter