Մշակութային արժեքների արտահանումն ու ներմուծումը համապատասխանեցվում է ԵՏՄ անդամ երկրների օրենսդրությանը
«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով: Գործող օրենքով մինչև 50 տարվա վաղեմության կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի (գորգ, գոբելեն, կարպետ, ասեղնագործություն և այլն) և 75 տարվա վաղեմության համարանիշային (սերիական) կամ զանգվածային արտադրության (տարբեր սարքեր և սարքավորումներ, շքանշաններ, մեդալներ, կրծքանշաններ, հրատարակություններ և այլն) մշակութային արժեքները և մշակութային նշանակության առարկաները թույլատրվում է արտահանել ազատ` առանց լիազոր մարմնի թույլտվության:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար գանձվում է պետական տուրք: Վկայագիրը տրվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալության կողմից:
Հեղինակը օրենքի ընդունումը պայմանավորել է Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի անդամակցությամբ: Մասնավորապես՝ Հայաստանի մշակույթի ոլորտի օրենսդրությունը պետք է համապատասխանեցվի ԵՏՄ անդամ երկրների օրենսդրությանը:
Առաջարկվող նախագծով «վկայագիր» բառը փոխարինվել է «եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ)» բառերով: Հստակեցվել է նաև լիազոր մարմնի գործառույթը, որով նախատեսվում է հաստատել Հայաստանի հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար սահմանափակումների ենթակա մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի, արխիվային բնօրինակ փաստաթղթերի ցանկը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել