«Մեկ-մեկ մտածում եմ` եթե այս կյանքով պետք է ապրեի, ավելի լավ է երկրաշարժից մեռած լինեի»
Անի Գևորգյան
Ճարտարապետ Սիլվա Հակոբյանը, չկարողանալով աշխատել իր մասնագիտությամբ, զբաղվում է նկարչությամբ: «Ես 56 տարեկան եմ, երբ դիմում եմ ինչ-որ տեղ, որ աշխատանք գտնեմ, ասում են` մեզ երիտասարդներ են պետք, այն էլ՝ տղամարդիկ»,- պատմում է նա: Հակոբյանը 2-րդ կարգի հաշմանդամ է, վերջերս առողջական վիճակը վատացել է, այժմ նա մեծ դժվարությամբ է նկարում: Հակոբյանը 1988թ. երկրաշարժի ժամանակ Գյումրիում իր երկու երեխաների հետ մնացել էր փլատակների տակ, փրկվել էր միայն ինքը:
Սիլվա Հակոբյան. «Նախկինում ինձ թվում էր, թե ամենածանր շրջանը իմ կյանքում Գյումրիում տեղի ունեցածն էր, բայց հետո հետլեննականյան շրջանն էլ պակաս բարդ չեղավ»:

«Երկրաշարժից հետո 20 տարի ապրեցինք դոմիկներում, բայց հետո որոշեցի, որ պետք է Երեւան տեղափոխվել ու նոր կյանք սկսել»:

Հակոբյանը պատմում է, որ տեղափոխվելով Երեւան` այդպես էլ չի կարողացել աշխատանք գտնել իր մասնագիտությամբ:

«Ճարտարապետությունը այնպիսի բնագավառ է, որտեղ մեծ փողեր են: Այնտեղ պատահական մարդկանց չեն ընդունում»։

«Հետո որոշեցի գնալ Սարյանի այգի եւ այնտեղ ճեպանկարներ անել ու վաճառել»:

«Մի քանի տարի դրանով էի ապրում: Նկարում էի ու նկարներս վաճառում»:

«Հիմա մոտս խնդիրներ են առաջացել, ձեռքերս թուլացել են ու չեմ կարողանում արագ նկարել»:

«Հիմա այգի եմ գնում ու սայլակով իմ՝ նախկինում արած նկարներն եմ տանում, որ գոնե մի բան վաճառվի»:

«Հաշմանդամության համար 29 հազար դրամ եմ ստանում»:

«Մեկ-մեկ մտածում եմ` եթե այս կյանքով պետք է ապրեի, ավելի լավ է երկրաշարժից մեռած լինեի»:

«Հույս ունեմ, որ նկարներս մի օր կրկին կվաճառվեն»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել