HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Մարզպետների հասցեական, սակայն տեղ չհասած հանձնարարականները

Մեկ տարի առաջ փետրվարի 24-ին Տավուշի մարզխորհրդի անդրանիկ նիստում մարզպետարանի պաշտոնյան զեկուցել էր, որ սանմաքրման եւ աղբահանության աշխատանքները համակարգող մարզային հանձնաժողովը պարբերաբար ուսումնասիրություններ է կատարում մարզի տարածքում: Հայտնաբերված եւ արձանագրված թերությունները վերացնելու նպատակով մարզպետի մոտ հրավիրված խորհրդակցություններում դրանք քննարկվում են, կազմվում է միջոցառումների պլան, տրվում են հասցեական հանձնարարականներ, սահմանվում ժամկետներ, գրություններ են ուղարկվում համայնքապետերին եւ համապատասխան տարածքը սպասարկող ճանապարհաշինարարներին:

«Իրականացված հետեւողական աշխատանքների շնորհիվ բավականաչափ բարելավվել է համայնքների եւ համայնքների տարածքներով անցնող ավտոճանապարհների  ու նրանց հարակից տարածքների սանիտարական վիճակը: Ասվածը վերաբերում է մարզի բոլոր համայնքներին: Բայց հարկ եմ համարում նշել Դիլիջան, Բերդ, Հաղարծին, Բաղանիս, Ջուջեւան, Հաղթանակ, Պտղավան, Ազատամուտ համայնքների կատարած առավել դրական աշխատանքը»,- զեկուցել է պաշտոնյան:

Դրանից ամիսներ հետո, օգոստոսի 18-ին «Հետքը» հրապարակեց իր առաջին հետազոտությունը՝ «Հայաստանի օրինական եւ անօրինական աղբավայրերը· Տավուշի մարզ», որով ներկայացրեց մարզի 19 անօրինական աղբավայրերը: Դրանց մի մասը գտնվում էր մարզպետարանի պաշտոնյայի մատնանշած «բավականաչափ բարելավված» տարածքում:

Մարզպետարանը չարձագանքեց հրապարակմանը, բայց մեկ ամիս հետո հրավիրված մարզխորհրդի երկրորդ՝ 2015թ. սեպտեմբերի 17-ի նիստում մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ հարցը քննարկելիս նշվեց, որ «մարզում բնապահպանական առումով պրոբլեմատիկ խնդիր է մնում թափոնների տարերայնորեն տեղադրման, անկանոն աղբահանության եւ աղբավայրերի ոչ կանոնակարգված ձեւով օգտագործման հարցը»:

«Այն պահանջում է աշխատանքների իրականացում մի քանի ուղղություններով՝ խոշոր բնակավայրերի հատակագծերով նախատեսված աղբավայրերի կառավարման պլանների մշակում, միջհամայնքային աղբավայրերի նախագծում եւ դրանց շահագործման համար տեխնիկական միջոցների տրամադրում, աղբահանության աշխատանքների բարելավում: Անհրաժեշտ է նաեւ ուժեղացնել վերահսկողությունը համայնքների տարածքների սանիտարական վիճակների նկատմամբ»,- նշվում է զեկույցում:

Երրորդ նիստով մարզխորհուրդն ավարտեց աշխատանքային տարին: Ենթադրվում էր, որ իբրեւ ձեռքբերում կներկայացվի նախանշված «մի քանի ուղղություններով» պլանավորված աշխատանքներից գոնե մեկը: Սակայն, Տավուշի մարզպետն  օրակարգային էր համարել «2015թ. դեկտեմբերի 6-ին Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեի արդյունքների մասին» հարցը:  Դեռեւս հայտնի չէ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր լիազորությունները կամովի՞ն էր զիջել Տավուշի մարզպետին, թե՞ նա չի էլ պատկերացրել, որ մարզում հանրաքվեի արդյունքներն ամփոփելու իրավասությունն իրենը չէ:

Ինչեւէ, տարին ավարտվեց եւ այդպես էլ անհայտ մնաց, թե մարզի բնապահպանական վիճակի մասին անհանգստանալուց եւ անհարմարություններ զգալուց զատ էլ ի՞նչ ապրումներ ունեցավ մարզպետը, հատկապես «Հետքի» քարտեզագրած աղբանոցները դիտելուց հետո: Սանմաքրման եւ աղբահանության աշխատանքները համակարգող մարզային հանձնաժողովն, արդյոք, հերթական հանձնարարականը ստացա՞վ մարզպետից, թե՝ ոչ:

Այս իրավիճակը միայն Տավուշի մարզին չէ բնորոշ: Անցնող տարում Կոտայքի, Վայոց ձորի եւ Արարատի մարզերում «Հետքի» ուսումնասիրությունները բնապահպանական եւ աղբահանության առումով նույն վիճակն արձանագրեցին: Կոտայքի մարզի միայն Գառնի-Գեղարդ ավտոճանապարհին ընկած 5 գյուղերում հայտնաբերված 15 աղբավայրերից 1 էր օրինական: Վայոց ձորի մարզում 8 անօրինական աղբավայր գրանցվեց, Արարատի մարզում հայտնաբերված 18 աղբավայրերից դարձյալ 1-ն էր օրինական: Նշենք, որ «Հետքի» ուսումնասիրությունները չեն ընդգրկել նշված մարզերի ողջ տարածքները:

Մարզերի բնապահպանական եւ հակասանիտարական վիճակին առանձին հրապարակումներով անդրադառնալը նպատակ ուներ շեշտել հարցի կարեւորությունը: Սակայն, նշված մարզպետարաններից ոչ մեկն առաջնային չհամարեց մարզի տարածքն աղբանոցներից մաքրելու հարցը: Ավելին, որոշ տեղերում հրապարակումից հետո ի հայտ եկան նոր աղբանոցներ:

Հակված չենք կարծելու, որ մարզպետարանները «Հետքի» հրապարակումներից հետո միայն տեղեկացան մարզի տարածքն աղբանոցի վերածված լինելու մասին: Մարզպետարաններն ամեն տարի վարչական հսկողություն են իրականացնում մարզի համայնքների 1/3-ում, եւ վարչական հսկողություն իրականացնող աշխատանքային խմբերը գրեթե բոլոր համայնքներում բնապահանական եւ սանիտարական խախտումներ են արձանագրել մեր հետազոտությունն իրականացնելուց շատ առաջ եւ հետո:

Արձանագրություններում նշվում է, որ համայնքի ղեկավարը.

1. չի կանխել բնապահպանական իրավախախտումներն ապօրինի աղբաթափման երեւույթները կանխելու եւ վերացնելու ուղղությամբ, այդ մասին պատշաճ ձեւով տեղյակ չի պահվել բնապահպանական պետական տեսչության համապատասխան ստորաբաժանմանը,

2. չարտոնագրված աղբավայրերի վերացմանն ուղղված միջոցներ չի ձեռնարկել, աշխատանքներ չեն տարվել բնակավայրը պատշաճ սանիտարական վիճակում պահելու ուղղությամբ,

3. չի հաստատել տարածքների սանիտարական մաքրման սխեմաները եւ այլն:

Վարչական հսկողություն իրականացնող աշխատանքային խումբը բոլոր համայնքների ղեկավարներին առաջարկել է սահմանված ժամկետում վերացնել խախտումները, ընդունել համապատասխան որոշում համայնքի վարչական սահմաններում տարածքների սանիտարական մաքրման սխեմաների վերաբերյալ: Այլ կերպ ասած՝ ապահովել «Թափոնների մասին» ՀՀ օրենքի հոդված 11-ի պահանջները: «Առաջարկությունները նշված ժամկետում չկատարելու դեպքում այն կբողոքարկվի դատական կարգով` ՀՀ օրենսդրությանը համապատասխան»,- նշվում է արձանագրության մեջ:

Համայնքներում առանձնապես կարեւորություն չեն տալիս այդօրինակ «սպառնալիքներին», որովհետեւ դրանք հետեւանքներ չեն առաջացնում: Ոչ ոք հանձնարարականի կատարումը չի ստուգել, նման արձանագրություններ նույն համայնքում կազմվել են տասնյակ անգամ:

«Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՀՀ նախագահի ՆՀ-728 հրամանագրի 1.47 կետի համաձայն՝ վարչական հսկողության արդյունքները պետք է ամփոփվեն եռամսյակը մեկ անգամ եւ «ներկայացվեն մարզի խորհրդի առաջիկա նիստում»: Մարզպետարանները, արդյունքները քննարկելուց բացի, մեթոդական աջակցություն պետք է ցուցաբերեն համայնքներին՝ օրինականությունն ապահովելու նպատակով: Սակայն, ինչպես ակնհայտ է դառնում մարզխորհուրդների օրակարգերից եւ հանձնարարականների բնույթից՝ մարզպետները վարչական հսկողությունն արդյունավետ վերահսկման միջոցի վերածելու նպատակ չունեն:

Ստացվում է, որ ստուգումներ իրականացնող մյուս բոլոր տեսչական կառույցներից համայնքներում ստուգումներ իրականացնելու լիազորությունը վերցնելով (վարչական հսկողությունը ժամանակի ընթացքում պետք է փոխարինի ՏԻՄ-երում բոլոր տեսակի ստուգումներին Ս. Պ.)՝ նրանք անհրաժեշտ չեն համարում ապահովել հսկողության արդյունավետությունը:

Այս շարքի մեր երկրորդ հրապարակումը, որտեղ ներկայացրել ենք Հայաստանի առաջնային զբոսավայր Գառնի-Գեղարդ երթուղում գտնվող  համայնքների հակասանիտարական վիճակը, Կոտայքի մարզպետարանի վարչական հսկողություն իրականացնող աշխատանքային խումբը եղել էր մայիս ամսին՝ «Հետքի» հրապարակումից ամիսներ առաջ: Արձանագրել էին բնապահպանական խախտումները, համայնքների ղեկավարների ցուցաբերած անգործությունը եւ թերությունները վերացնելու համար 20-օրյա ժամկետ սահմանել: 

Սակայն, դրանից երեք ամիս հետո նույն պատկերն արձանագրեցինք նշված  գյուղերում՝ աղբահանման համար վարձավճարներ չեն գանձում անգամ այն դեպքում, երբ այն հաստատել են տարեկան վարձավճարների դրույքաչափերով: Համայնքի բնակիչների եւ իրավաբանական անձանց հետ չեն կնքել աղբահանության ծառայություններ մատուցելու պայմանագրեր եւ այլն:

Ընդհանրապես, համայնքների մեծ մասում ընդունված չէ աղբահանման վճարներ նախատեսել, եթե նույնիսկ նախատեսում են՝ դրանք ծառայության ինքնարժեքի հաշվարկով չի արվում: Անգամ «Աղբահանության եւ սանմաքրման» մասին ՀՀ օրենքի պահաջներն են շրջանցվում՝ վերը նշված մարզերի որոշ համայնքներում աղբահանության վճարն ըստ շնչերի սահմանելու փոխարեն, սահմանել են՝ ըստ տնտեսության: Հիմնականում աղբահանությունն իրականացնում են համայնքային բյուջեի «Շրջակա միջավայրի պաշտպանություն» հոդվածով նախատեսված գումարով: Մինչդեռ, աղբահանումը վճարովի ծառայություն է եւ տեղական բյուջեից գումարներ հատկացնելու իրավունք չունեն:

Ավելին, ծառայության համար չվճարող բնակիչների, ինչպես նաեւ չսահմանված եւ (կամ) չնախատեսված տեղերում աղբ թափողների նկատմամբ պարտավոր են կիրառել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով նախատեսված տուգանքները ֆիզիկական անձանց նկատմամբ՝ 20000-30000 ՀՀ դրամ, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 40000-100000 ՀՀ դրամ:

Համայնքների ղեկավարների անգործություն ցուցաբերելու դեպքերի համար օրենսդրությունը նույնպես տուգանքներ է նախատեսում:

Մարզխորհրդի նիստերում քննարկման թեմա պետք է դառնային աղբահանության համար վարձավճարներ չսահմանելու, անհամաչափ գումարներ սահմանելու, աղբահավաք տեխնիկա ձեռք բերելու, օրինական աղբավայրեր ունենալու ու դրանք սահմանված կանոններին համապատասխան շահագործելու հարցերը: Ինչպես նաեւ՝ աղբահանում կազմակերպելու համայնքների կարողությունները, համայնքային բյուջեից աղբահանմանը հատկացվող գումարների նպատակահարմարության եւ օրինականության հարցերը:

Իհարկե, եթե նպատակը խախտումները վերացնելն է եւ հանրապետության տարածքը աղբից մաքրելը: 

Մեկնաբանություններ (1)

Random Armenian
So many plastic bottles which could be recycled. I wonder how hard it would be to extract plastic bottles and recyclable materials form dumps such as these? If feasable it could create jobs.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter