HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարկառուն կորցնում է տունը. Նա նույնիսկ չգիտի իր պարտքի չափը

Լոռու մարզի Այգեհատ գյուղի բնակիչ Ցոլակ Շահվերդյանը 2008 թ. իր համագյուղացիներ եւ ազգականներ Սիմոն Շահվերդյանի, Սամսոն Շահվերդյանի եւ Անահիտ Սահակյանի անունով վարկ է ձեւակերպել «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ում: Ցոլակը վարկային պայմանագրերի ավարտից հետո 14 օրվա ընթաքում չի կարողացել իրեն աջակցող վարկառուների փոխարեն մարել վարկերի տոկոսները եւ մայր գումարները, որի պատճառով նրա ազգականները կանգնել են իրենց անձնական գույքը կորցնելու վտանգի առաջ:

«Ցոլակ Շահվերդյանն իր ազգականների անունով վերցրած վարկի գումարները դրել է հողի վրա, սակայն անբարենպաստ եղանակների պատճառով ներդրման արդյունքը չի ստացել եւ վարկերի մարման գործում հայտնվել է շրջապտույտի մեջ»,- ասաց Այգեհատի գյուղապետ Արշակ Շահվերդյանը:

Այգեհատցի Սիմոն Շահվերդյանը, ով վարկառուներից մեկն է, գտնում է, որ իր վարկային հիմնախնդիրն առաջացել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի կողմից վարկերի հատկացման` օրենքով սահմանված կարգը խախտելու պատճառով: Երբ 2008 թ. Սիմոնը լսել է բանկի կողմից վարկ տրամադրելու մասին, իր բնակարանում արտադրամաս դնելու նպատակով վարկ է խնդրել «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ Ագրիկոլ Բանկ»-ից, սակայն բանկը Սիմոնին մերժել է. «Ինձ ասին` կով տես ունենալ, ոչխար տես ունենալ, որ քեզ փող տանք»:

Սակայն Ցոլակին հաջողվել է Սիմոնի անձնագրով իր համար վարկ ձեւակերպել, ինչն էլ այսօր զայրացրել է Սիմոնին. «Մին էլ տեհա` սենց վարկ վրիս սարքեցին: Բայց թե ո՞նց սարքեցին: Էդ բանկի աշխատողը եկե՞լ ա տեհել, թե ես ինչ ունեմ, որ հմի վարկ ա գրել իմ վրա: Երբ ինձ համար վարկ էի ուզում, ինձ ասին` էս չունես, էն չունես, բա Ցոլակի դասավորելով էդ գործը ո՞նց եղավ: Դե բի ես էլ տենց բողոքեմ»:

Սիմոնն ասաց, որ վարկի դիմաց բանկում գրավ չի դրել. «Չունեմ, ի՞նչ տէի դնիլ: Իմ ունեցածը մի կնիկ ա: Հլա դեռ պտի բանկին հարց տամ, թե էդ ինչի՞ հիման վրա եք ինձ վարկ տվել: Հլա ես սխալվել էի, ապուշ էի»:

Սիմոնը բանկի գործելակերպում ուրիշ անօրինականություն էլ է տեսնում. «Մի օր եկան, պասպորտս վեր կալան, տարան, մի շաբաթ էր` Ցոլակի ձեռին էր` սրան, նրան վարկ վերցնելու գործում երաշխավորեցին: Անահիտ Սահակյանի անունով վերցրած վարկի երաշխավոր էլ են դրել: Օրենքը պահանջում ա, որ երաշխավորը պետք ա կիսի վարկի պատասխանատվությունը: Այսինքն` նա էլ պետք ա միջոց ունենա: Արա, ինձ երաշխավոր եք դրել, բանկը եկավ տեսա՞վ, ես էդ մարդու վեր կալած գումարը կիսելու հնար ունե՞մ: Ես հնար չունեցող մարդ եմ, էդ ինչի՞ հիման վրա ինձ երաշխավոր վեր կալաք»: Սիմոնը չի կարողացել մերժել իր անունով վարկ վերցնելու եւ այլ վարկառուի համար երաշխավոր դառնալու ազգակցի խնդրանքը:

Եւ հիմա այդ համաձայնությունը ծանր վիճակի մեջ է գցել սոցիալապես անապահով Սիմոնին: Երբ նրան Այգեհատի գյուղամիջում հանդիպեցինք, գնում էր խանութից լամպ գնելու: Նա 100 դրամանոց լամպը պարտքով գնեց: Սիմոնը նոր է հասկանում իր վիճակի լրջությունը:

Մինչդեռ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայրին ուղղված «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ Ագրիկոլ Բանկ»-ի հայցադիմումի համաձայն` բանկի «Ալավերդի» մասնաճյուղի եւ Սիմոն Շահվերդյանի միջեւ 2008 թ. դեկտեմբերի 3-ից մինչեւ 2009 թ. նոյեմբերի 30-ը կնքված պայմանագրով Սիմոն Շահվերդյանի անունով տարեկան 24% տոկոսադրույքով 1000 դոլարի վարկ է ձեւակերպվել: Պայմանագրի չվճարված ժամկետանց գումարը կազմել է 1.430 դոլար, որից 1000 դոլարը վարկային գումարն է, 240 դոլարը` ժամկետանց տոկոսի գումարը, իսկ 190 դոլարը` տուգանքը: Բանկը դատարան է դիմել` Սիմոն Շահվերդյանից եւ նրա երաշխավորներից 1.430 դոլարին համարժեք դրամ բռնագանձելու պահանջով:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայրի դատարանն էլ 2010 թ. նոյեմբերի 17 -ի իր վճռով ամբողջությամբ բավարարել է բանկի հայցը: Սիմոն Շահվերդյանը հայցի քննարկման ժամանակ դատարան չի ներկայացել, ուստի կորցրել է բանկին իր հարցադրումներն ուղղելու եւ իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունը:

Սիմոնը 54 տարեկան է, չի աշխատում: Հող չունի: Նա ասաց, որ հողը 2004 թ. վաճառել է հիվանդ թոռանը բուժելու համար: Վարկառուն «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ Ագրիկոլ Բանկ»-ին այս պահի դրությամբ ունեցած իր  պարտքի իրական չափը չգիտեր: «Երեւի մի 1000 դոլարի է պարտքը»,- ասաց: Նա պնդում է, որ ինքն առնչություն չունի այդ վարկի հետ. «Վարկը Ցոլակն է վերցրել: Լիչնի ես էդ փողը վեր չեմ կալել: Էդ մասին բանկում էլ գիտեն: Ցոլակն էլ տույժեր-մույժերը մուծել ա»:

Դատարանի վճռով Սիմոնի միակ ունեցվածքի` բնակարանի վրա արգելանք է դրվել. «Գրավի դիմաց հունվարի 28-ին եկան ԴԱՀԿ-ից, ասին` չծախես տունը: Ցոլակն էլ տարել ա տույժը մուծել ա, երկարացրել ա, երեւի էս տարի վարկը կփակի: Վարկս մեկ տարի ա, որ ժամկետանց ա: Թող տունս վերգրեն, հմի էնենց պահ ա, եթե տունը վեր էլ գրեն, ես ինձ մեղավոր եմ զգում»,- ասաց Սիմոնը: Նա չգիտեր նաեւ, թե որքան է գնահատվել իր բնակարանը. «Եկան, չգիտեմ ինչ որոշեցին, ասին` էս տունն էլ չծախես, մենք ենք վերցնելու մեր ուզած գնով, կարող է գանք ծախենք: Սենց մոմենտ ա, անորոշ կանգնած եմ»: Սիմոնի կինը` Կարինեն, ծանր է գնահատում իր ընտանիքում ստեղծված իրավիճակը. «Ես ի՞նչ կապ ունեմ էդ փողերի հետ: Տան համար շատ եմ կռվել Սիմոնի հետ: Սիմոնը ինձ չի էլ ասել էդ վարկի մասին»: Սիմոնն էլ փորձեց իրեն արդարացնել. «Հմի ինչ, եղել ա: Մի բան կանի, ո՞նց կարա չանի: Դե չի անի, ուրեմն կքաշվեմ, ես ի՞նչ անեմ: Ոնց ուրիշը, նենց էլ ես: Որ տանիցս զրկվում եմ, ի՞նչ անեմ: Ի՞նչ անեմ, ասա»:

«Գրագետի ու հարիֆի գործ է էլել էս: Գրագետը Ցոլակն ա, հարիֆը` մենք»

Վարկառու Անահիտ Սահակյանը հրաժարվեց վարկի մասին խոսել. «Չէ, ես չեմ կարող խոսել, էսա ամուսինս կգա, Ձեր հարցերին կպատասխանի»,- ասաց նա: «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ Ագրիկոլ Բանկ»-ի «Լոռի» մասնաճյուղի եւ Անահիտ Սահակյանի միջեւ 2008 թ. դեկտեմբերի 3-ից մինչեւ 2009 թ. նոյեմբերի 11-ը կնքած պայմանագրի համաձայն` Անահիտ Սահակյանին տրամադրվել է 1000 դոլար վարկ, 24% տոկոսադրույքով: Վարկառուի չվճարած գումարը կազմում է 1.454 դոլար:

«Էստեղ թաքցնելու բան չկա, իմ անունն ա գրած, բայց գումարը գնացել ա Ցոլակի համար, ու նա ինչ ա լրացրել, ինչ գումար ա մուծել` ես ոչ մի բան չգիտեմ»,- ասաց Ա. Սահակյանը: «Կակրազ 3 օր առաջ Ցոլակն ասաց` վարկից պրծել ես»,- ավելացրեց Անահիտի ամուսինը` Էմին Շահվերդյանը:

Ապա շարունակեց բացատրել. «Էդ տղեն գործ ա անում, գիտեինք: Հիմա բանկը ինձ ա ճանաչում, նրան չի ճանաչում: Չեմ կարա ասել, թե մեր որ գույքի վրա են կալանք դրել, մի անգամ 2 տղա են եկել, բաներ նկարել, ասել են` էս էլածին ձեռք չտաք: Ասել եմ` տղերք, դա իմը չի, իմ երեխեքինն ա: Ես պատրաստ եմ իմ տույժը կրել բերդում, վեր եմ կալել: Հետո էնտեղ ինձ հարց էին տալիս` բա էսքան տոկոսը տվե՞լ ես: Ես տոկոս չեմ տվել: Ես չեմ տվել, ոչ ամիս գիտեմ, ոչ օր, ոչ մի բան: Հիմա էսա ես իրեն զանգելու եմ»:

«Անոյի վրա վարկի հարցով մարդիկ են եկել, մարդկանց ի՞նչ եմ պատասխանում»,- հեռախոսով Ցոլակին հարցրեց Էմինը: Վերջինս, ըստ Էմինի, պատասխանեց, թե վարկը փակել է: Հետո Էմինը պատմեց. «Գյուղով, ազգականներով 10 հազար դոլար վերցրել, տվել ենք Ցոլակին: Էս մարդը 5 հազար դոլարը փակվում ա, էն մի 5-ն էլ մնում է մյուս տարվան, նորից 10 հազար դոլար ա դառնում: Բանկը մի պահ վարկը չի սառեցնում, որ Ցոլակը էդ վեր կալած վարկը փակի: Հա վրին տոկոս, տոկոս, դա ի՞նչ ա նշանակում: Վերցրել ես, պտի փակես: Տեր եմ: Ոչ թե տունս վերցնելու հարցն ա, էստեղ հարցը գիտես ո՞րն ա, որ ամեն ուշացրած վարկի դիմաց տունը վերցնեն, նշանակում է փողոցում հայտնվենք»:

Ա. Սահակյանն ասում է, որ վարկ ստանալիս ժողովուրդը չի կարդում, թե վարկն ինչի համար են ստանում: «Մենք համոզված էինք, որ Ցոլակը տեղը-տեղին վարկը կփակի»,- ասաց Անահիտը:

Մեկ այլ վարկառու` Սամսոն Շահվերդյանը, նույն վիճակում է: «Գրագետի ու հարիֆի գործ է էլել էս: Գրագետը Ցոլակն ա, հարիֆը` մենք»,- ասաց Սամսոն Շահվերդյանը, ում անունով 800 դոլար վարկ է ձեւակերպվել: «Դեռ կա՞ էդ վարկը»,- հարցրեց Սամսոնի կինը: «Փակված ա մեր վարկը, ես ում հմա վերցրել էի, նա է փակել»: Սակայն Ցոլակ Շահվերդյանը վարկերի մարումը հավաստող որեւէ փաստաթուղթ չի ներկայացրել իր ազգական վարկառուներին: Ցոլակ Շահվերդյանին հանդիպելու «Հետքի» ջանքերն ապարդյուն անցան:

Վարկառուների դժգոհությունների կապակցությամբ «Հետքը» խնդրեց «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ Ագրիկոլ Բանկ»-ի «Ալավերդի» մասնաճյուղի տնօրեն Արտյոմ Կարապետյանի մեկնաբանությունները. «Հնարավոր չէ, որ առանց Սիմոն Շահվերդյանի համաձայնության բանկը նրա անունով վարկ ձեւակերպեր: Սիմոն Շահվերդյանը բանկ է ներկայացել եւ անձամբ ստորագրել վարկային փաստաթղթերը: Բանկն այդ հնարավորությունը չունի` բոլոր վարկառուների վճարունակությունը ստուգելու:

Երբեմն վարկ ստանալու համար շահագրգիռ քաղաքացիները որպես իրենց գույք բանկին ցույց են տալիս ուրիշի ձին, կովը կամ այլ գույք: Ինչ վերաբերում է մյուս վարկառուների վարկերի մարման հավաստիությանը, ապա նրանք կարող են գրավոր դիմել մեզ` իրենց վարկերի մարման մասին հավաստի տեղեկություններ ստանալու»,- ասաց Արտյոմ Կարապետյանը: Վերջինս նաեւ հավաստիացրեց, որ հաշվի առնելով վարկերի մարման գործում գյուղացիների մոտ ստեղծված դժվարությունները` «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ն խստացրել է իր վարկային քաղաքականությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter