
«Թեղուտ» ՓԲԸ-ն չի մեկնաբանում կրճատումների մասին լուրերը
Միջազգային շուկայում պղնձի գների անկման հետևանքով «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող մոտ 1300 աշխատողներ ունեցող «Թեղուտ» ՓԲԸ-ն հնարավոր է կրճատի 500 աշխատողի։ Կրճատումներ են սկսվել Ալավերդու պղնձաձուլական գործարանում: Հունվարի 14-ից պղնձաձուլական գործարանի կյանքի համար վտանգավոր միջավայրում աշխատող բանվորների 6-ժամյա աշխատանքային օրվա փոխարեն գործարանի տնօրինությունը սահմանել է 8-ժամյա աշխատանքային օր։ «Շաբաթվա ընթացքում 25 ժամ ավել ենք աշխատելու, բայց չգիտենք դրա համար վարձատրվելու ենք, թե ոչ»,- հայտնեց գործարանի բանվորներից մեկը: «Թեղուտ» ՓԲԸ-ի և Ալավերդու պղնձաձուլական գործարանի ճգնաժամային վիճակի մասին հունվարի 18-ին փորձեցինք տեղեկություևններ ստանալ «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանից։ «Միջազգային շուկայում պղնձի գների անկման պայմաններում մեր արտադրությունը շարունակվում է , բայց մեզ համար գոյատևման ժամանակներ են»,- հեռախոսով հայտնեց Վալերի Մեջլումյանը: Վերջինս բանվորների աշխատանքային ժամերն ավելացնելու և մեր մյուս հարցերին չպատասխանեց։
Աշխատողների կրճատումների մասին լուրերը «Թեղուտ» ՓԲԸ-ն չի մեկնաբանում, իսկ մարդիկ ամեն օր աշխատանքի են գնում իրենց աշխատանքը կորցնելու տագնապով. «Ցանկացած շաբաթ, ցանկացած օր լսում ենք, որ ընկերությունում կրճատումներ կան: Մարդը գնում է աշխատանքի ու մտածում, որ էսօր իրեն կհայտնեն, որ կրճատման ցուցակի մեջ է: Լսում ենք նաև հիմնարկի ղեկավարությունից, որ կան կրճատումներ: Գուցե կոնկրետացնեք՝ այդ մարդիկ իրենց տեղում աշխատելու են, թե՝ ոչ»,- հունվարի 14-ին Թեղուտում կայացած շահառու համայնքերի բնակիչների հետ հանդիպմանը «Թեղուտ» ՓԲԸ-ի պատասխանատու աշխատողներին հարցրեց Թեղուտի ավագանու անդամ Ավետ Ավետյանը: «Ընկերության ղեկավարության կողմից արվում է ամեն ինչ, որ անգամ մեկ հաստիքը պահպանվի, սկսած` ընկերության նախագահից: Էդ մարդիկ պաշտոնական տեղեկատվություն չեն կարող տալ, էսօր էդ հաստիքը կոնկրետ կլինի, թե չի լինի»,- բացատրեց «Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Թագուհի Կարապետյանը: Ճգնաժամի հետևանքով «Թեղուտ» ՓԲԸ-ն չի կարողանում իրականացնել նաև շահառու համայնքների նկատմամբ իր պարտավորությունները:
«Այդ խնդիրների շուրջ ընկերության ղեկավարների հետ մի քանի անգամ բանակցություններ ենք վարել, բայց սայլը տեղից չի շարժվել: Խոսքս Շնողի Անանի թալա կոչվող թաղամասի կամուրջի վերականգնման մասին է: Հիմա հարցադրումը փոխում եմ, կամ ձեր պոչանքաջրերը մի լցրեք Շնող գետը և կամուրջը մի սարքեք, կամ էդ կամուրջը՝ առանձնապես մեծ ներդրումներ չի պահանջում, վերականգնեք, որ գյուղի դպրոցահասակ երեխաները և կանայք կարողանան երթևեկել կամրջով»,- շահառուների հետ վերջին հանդիպմանը ասել է Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանը։ «Թեղուտ» ՓԲԸ-ի կայուն զարգացման վարչության պետի տեղակալ, սոցիալական օժանդակության ծառայության պետ Արտուշ Բոշյանը գյուղապետին պատասխանեց, որ կամուրջը վերանորոգել հնարավոր չէ, պետք է նորը կառուցել: «Ընկերության տնօրինության կողմից հանձնարարական է տրված նոր կամուրջ կառուցելու համար կազմել նախագծային փաստաթղթեր, սակայն կամրջի կառուցման ֆինանսավորում դեռ չի կատարվել»,- բացատրեց Ա. Բոշյանը:
Նոյեմբերի 8-ին մենք Շնող գետի ափին հանդիպեցինք Անանի թալա թաղամասի բնակիչների հետ: Գետով հոսում էին պոչանքաջրեր. «Էս հլա բաբաթ ա, հենց բաց են անում, սկի վենձ ավտոն չի անց կենում ստեղով: Գիշերը, առավոտը շատ շուտ քանի արթնակն են գցում պոչանքները բաց են թողնում: Երեխաներս էս ճանապարհով են գնում դպրոց»,- հայտնեց թաղամասի բնակիչ Ջիվան Բոշյանը:
Անդրադառնալով պոչամբարից Շնող գետ թափվող պոչանքաջրերին՝ Ա. Բոշյանը հայտնեց, թե «Թեղուտ» ՓԲԸ-ի պոչամբարը աշխատում է ջրի շրջանառու համակարգով և Շնող գետը պոչանքներ չեն թափվում:
«Հմի էս եկող ջուրը իրենց ավազի լվացման ջուրն է , խվոստ դեռ քիչ ա, բայց որ պոչանքաջրերը բաց են թողնում ավտոյի մեջն էլ ա խվոստ լցվում։ Ջուրը հենց վարարում է դպրոցահասակ երեխաները էդ կամուրջով չեն կարողանում անցնել»,- դժգոհեց թաղամասի բնակիչ Կամո Մարգարյանը: Բնակիչները Շնող գետի ափերին և գետի մեջ գտնվող քարերիՆ մեզ ցույց տվեցին գետ ուղղված պոչանքների հետքերը: Բնակիչները նաև պատմեցին, որ Թեղուտի հանքավայրի շահագործումից հետո, արդեն մեկ տարի է գյուղի այգիները Շնող գետի ջրով չեն ոռոգվում։ Անանի թալա թաղամասում Շնողի 10 ընտանիքներ են ապրում: «Թեղուտ» ՓԲԸ-ի պոչամբարի պոչանքաջրերը Շնող գետը թափվելու պատճառով այս ընտանիքները զրկվել են գյուղի հետ կապող իրենց ճանապարհից: Հովիկ Սահակյանը հայտնեց նաեւ, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն օրենքով սահմանված տուրքերը, հարկերը վարձավճարները ժամանակին համայնքի բյուջե չի վճարում։ «Պարբերաբար տանում եք ամսվա ամենավերջին օրը վճարում: Շատ հաճախ մինչև փոխանցած գումարը գնում բանկում պտտվում է և գալիս է մեր հաշվին նստում, ընկնում է հաջորդ ամիս: Մենք էլ բյուջեի կատարման մասով ձախողումներ ենք ունենում»,-բացատրեց գյուղապետը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել