Վանաձորում ներքաղաքային երթուղիների պայմանագրերում տույժ-տուգանքների կետեր են ներառվել
Գայանե Սարգսյան
2016 թ.-ի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Վանաձորի քաղաքապետարանի (պատվիրատու) և ներքաղաքային թվով 20 երթուղիները շահած կազմակերպությունների (կատարող) ղեկավարների միջև կնքված պայմանագրերը: Դրանք կնքվել են 4 տարի ժամկետով և ուժի մեջ կլինեն մինչեւ 2020 թ.-ի հունվարի 1-ը:
Քաղաքապետարանը 2001 թ.-ին կազմել ու շուրջ 14 տարի շարունակ կիրառել է նույն պայմանագիրը, որն այս տարի վերջապես փոփոխվեց ու ընդլայնվեց: Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ քաղաքապետարանում պայմանագրի առավել ծավալուն տարբերակ են պատրաստել՝ ներառելով նախկինում չկիրառված մի շարք կետեր, ինչի հաշվին նախկին 2 էջի փոխարեն կազվել է 6-էջանոց պայմանագիր:
Առավել հստակ ձևակերպումներով պայմանագրի օրինակ պատրաստելուն նպաստել է Վանաձորի հասարակական կազմակերպությունների ու այն երիտասարդների ակտիվությունը, որոնք 2015 թ.-ի ընթացքում պարբերաբար հանդես էին գալիս տարբեր առաջարկություններով:
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունն առաջարկել էր, որ ներհամայնքային երթեւեկափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերում պատժիչ մեխանիզմները/դրույթները լինեն նաեւ ֆինանսական բնույթի, ինչը, բացի «զսպիչ» գործոն լինելուց, կնպաստի նաեւ քաղաքային բյուջեի համալրմանը:
Նախորդ տարեվերջին Վանաձորի քաղաքապետարանում անցկացվեց ներքաղաքային երթուղիների սեփականատերերի եւ Վանաձորի քաղաքապետարանի միջեւ կնքվելիք պայմանագրերի կետերի քննարկումը, որին մասնակցում էին «Նախաձեռնող երիտասարդություն, զարգացող համայնք» նախաձեռնության անդամներն ու Վանաձորի հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ, իրավաբան Արթուր Սուքիասյանը, ովքեր ևս հանդես էին եկել տույժ-տուգանքների մեխանիզմ կիրառելու առաջարկով:
Քննարկման մասնակիցներին ներկայացնելով նոր պայմանագրի նախնական տարբերակը, քաղաքապետարանի առևտուրը, տրանսպորտը համակարգող բաժնի պետ Էրիկ Գևորգյանը տեղեկացրել էր, որ ըստ նոր մշակված պայմանագրի՝ 2016 թ.-ից կկիրառվի նաեւ տույժ-տուգանքների մեխանիզմ: Մասնավորապես, 2.3.12 կետը խախտելու դեպքում, այն է՝ աշխատել նշված չվացուցակով, սահմանված նմուշի երթուղային ցուցահարթակներով, պայմանագրով նախատեսվում է առաջին անգամ գրավոր զգուշացում, երկրորդ եւ հաջորդ անգամները տուգանք՝ 100.000 դրամի չափով:
2.2.7 ենթակետով ստանձնած պարտավորություների խախտման համար (երթուղին սպասարկել սահմանված փոխադրավարձով) նախատեսվում է առաջին խախտման դեպքում տուգանք՝ 50.000, երկրորդ եւ հաջորդ անգամները՝ 100.000 դրամի չափով:
Դրական գնահատելով այս ու պայմանագրով նախատեսված եւս մի քանի փոփոխություններ, քննարկման մասնակից, իրավաբան Ա. Սուքիասյանը, այնուամենայնիվ, անհրաժեշտ է համարում վերահսկողական մեխանիզմների հստակեցումն ու որ ամենակարևորն է՝ դրանց կիրառումը պրակտիկայում:
Իրավաբանի դիտարկմամբ՝ երթուղային տրանսպորտի վարորդների կողմից առավել հաճախ հանդիպող խախտումներից են պայմանագրի 2.3.2 կետում նշվածները, այն է՝ ապահովել ուղեւորների սպասարկման բարձր մակարդակը, ապահովել ուղեւորների անվտանգ եւ բարեկիրթ սպասարկումը, վարորդների բարյացակամ վերաբերմունքը եւ պատշաճ արտաքին տեսքով ու հագուստով երթուղի դուրս գալը:
Այս կետով, սակայն, նոր պայմանագիրը ևս տուգանք չի նախատեսում:
Բացի վերը նշված երկու՝ 2.3.12 և 2.2.7 կետերի, մյուս կետերի մասով առանձին տույժ-տուգանքներ նախատեսված չեն: Պայմանագրերի մնացած պարտավորությունների խախտման կամ չկատարման համար քաղաքապետարանը ընդհանրական մոտեցում է ցուցաբերել. կատարողն առաջին անգամ զգուշացվում է, իսկ երկրորդ անգամ համայնքի բյուջե է վճարում տուգանք՝ ընդամենը 5.000 դրամի չափով:
Երրորդ անգամ նույն խախտումը կրկնելու դեպքում պայմանագիրը որևէ բան չի նախատեսում, ինչը ենթադրում է, որ 5.000 դրամ տուգանքի սպառնալիքը, մեղմ ասած, ոչ միշտ կարող է զսպաշապիկ լինել անբարեխիղճ վարորդի համար:
Երեք ամսվա ընթացքում նույն տրանսպորտային միջոցի կողմից պարբերաբար պայմանագրի պարտավորությունների խախտման դեպքում կատարողը պարտավորություն է կրում լուծել աշխատանքային պայմանագիրը տրանսպորտային միջոցը տիրապետող կամ օգտագործող անձի հետ: Թե ինչ է ենթադրում «պարբերաբարը», և հատկապես քանի անգամ պետք է խախտում թույլ տա վարորդը, որպեսզի գործը հասնի պայմանագիր խզելուն, հստակեցված չէ:
Այսքանով ավարտվում է պայմանագրով նախատեսված պատասխանատվություն նախատեսող մասը:
Սա այն դեպքում, երբ քննարկման մասնակիցներն այս խախտումների համար առաջարկել էին կիրառել հետեւյալ մեխանիզմը. առաջին խախտման դեպքում՝ զգուշացում, երկրորդ խախտման դեպքում՝ տուգանք եւ սպասարկող կազմակերպության կողմից պայմանագրի խզում վարորդի հետ, երրորդ անգամ նման խախտման դեպքում՝ պայմանագրի խզում քաղաքապետարանի եւ երթուղին սպասարկող կազմակերպության միջեւ:
Քաղաքապետարանը որպես պատվիրատու պայմանագրի վաղաժամկետ խզման համար սահմանել է հետևյալ կետը. պայմանագիրը պատվիրատուի կողմից վաղաժամկետ կարող է դադարեցվել՝ կատարողի կողմից սույն պայմանագրի էական պայմանները խախտելու, քաղաքացիներից տվյալ երթուղում աշխատող վարորդների վերաբերյալ ստացված հիմնավոր դիմում-բողոքների կամ երթուղային ցանցի վերանայման և այլ դեպքերում: Այլ կերպ ասած՝ ամեն ինչ ընդհանրական է ու կարող է տարակարծությունների տեղիք տալ:
Վանաձորցիների առաջարկներից կարևորագույնը չի ընդունվել
Մեկ տարի շարունակ ՀԿ-ներն ու ակտիվ երիտասարդական խմբերը բարձաձայնում էին ներքաղաքային երթուղային տրանսպորտն օգտագործողների համար տեղական տուրք սահմանելու կարևորության մասին, ինչը հնարավորություն կտար մուտքեր ապահովել համայնքի բյուջեի համար ու հոգալ քաղաքի հազար ու մի խնդիրներից մի քանիսը: Առաջարկը բարձրաձայնվել էր նաև 2016 թ.-ի համայնքի բյուջեի հանրային քննարկման ժամանակ:

Այս առաջարկությունը, սակայն, չի ընդունվել և չի ներառվել պայմանագրում: Առաջարկը նոր պայմանագրերում չընդգրկելը տրանսպորտը համակարգող բաժնի պետն այսպես է մեկնաբանում.
«Առաջարկություն կար տուրք սահմանել, որ յուրաքանչյուր մեքենայից տուրք գանձվեր: Ավագանին պետք է հաստատեր դա, բայց քանի որ արդեն տարեվերջ էր, չհասցրեցինք նորմալ ուսումնասիրել ու ներկայացնել ավագանուն: Այս տարվա ընթացքում կուսումնասիրվի և 2017 թ.-ի տեղական տուրքերը սահմանելու ժամանակ, եթե իրավաբանական բաժինը կգտնի այն օրինական կետերը, որնցով կարող ենք այն հիմնավորել և ընդունել, կներկայացվի ավագանու հաստատմանը»,- նշում է Է. Գևորգյանը:
Բողոքներից խուսափելու համար սահմանվել է ժամանակացույցի տատանվող գրաֆիկ
2015 թ.-ին վանաձորցիների կողմից հաճախակի բողոքներ ու դժգոհություններ էին գրանցվում կապված ներքաղաքային տրանսպորտի ժամանակացույցի խախտման հետ, որոնք նրանք բարձրաձայնում էին ոչ միայն քաղաքապետարանում, այլեւ սոցիալական ցանցերում: Բնակչության բողոքի դեմն առնելու համար Վանաձորի քաղաքապետարանում ընտրել են օրվա ընթացքում ժամանակացույցի փոփոխվող տարբերակը:
«Եթե երթուղին աշխատում է 15 րոպե ինտերվալով, գերծանրաբեռնված ու թերբեռնված ժամերի համար մատնանշել ենք, թե այդ ժամերին ինչ գրաֆիկով է աշխատելու: Օրինակ, թիվ 2 երթուղում ինտրերվալը եղել է 3 րոպե, այս տարի պայմանագրում նշել ենք, որ օրվա պիկ ժամերին՝ 07:00-08:00-ն և 18:00-19:00-ն կգործի 3-5 րոպե, օրվա ընթացքում՝ 5-10 րոպե, ժամը 19:00-ից հետո 10-15 րոպե պարբերականությամբ»,- ասում է Է. Գևորգյանը:
Մրցույթը շահեցին 150 դրամ ուղեվարձով, սակայն կսպասարկեն 100 դրամով
Նախորդ տարեվերջին գնային առաջարկների ներկայացման ժամանակ պարզվել էր, որ մրցույթը շահած կազմակերպությունների գերակշիռ մասն ուղեվարձի արժեքը նշել է 150 դրամ: Մինչ պայմանագրերի կնքումը, սակայն, Վանաձորի քաղաքապետը գծատերերին հրավիրել է իր մոտ և քննարկման արդյունքում կողմերը եկել են փոխադարձ համաձայնության 2016 թ.-ի ընթացքում բոլոր երթուղիների համար մեկ ուղևորի փոխադրավարձը սահմանել 100 դրամ:
Ուղեվարձի գինը 2017 թ.-ի համար կրկին կքննարկվի այս տարեվերջին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել