HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորում ներքաղաքային 20 երթուղիներից մրցակցությունը միայն թիվ 1 երթուղում էր

Գայանե Սարգսյան

Նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Վանաձորում անցկացվեց միկրոավտոբուսների ներքաղաքային երթուղիների մրցույթը, որին քաղաքի 20 երթուղիների համար ներկայացվել էր մասնակցության 21 փաթեթ: Մրցակցությունը, սակայն, միայն թիվ 1 երթուղու համար էր: Մյուս երթուղիներում հայտ էր ներկայացրել մեկական կազմակերպություն: Թիվ 1 երթուղում մրցակցում էին «Դիկտիս» ՍՊԸ-ն (տնօրեն Վիկտոր Դարբինյան), ով տարիներ շարունակ սպասարկել է նշված երթուղին և «Ռ և Հ Տրանս ՍՊԸ»-ն (տնօրեն՝ Յուրի Համբարյան), որը մինչ այժմ սպասարկում էր քաղաքի երթուղիներից մի քանիսը:

Բոլոր երթուղիների համար հայտատուներն այն նույն կազմակերպություններն էին, որոնք սպասարկել էին տվյալ երթուղին նաև նախորդ մի քանի տարիների ընթացքում:

Վանաձորի երթուղիներն՝ ըստ հայտատուների

թիվ 1-«Դիկտիս» ՍՊԸ և «Ռ և Հ Տրանս» ՍՊԸ

թիվ 2- «Ռ և Հ Տրանս» ՍՊԸ

թիվ 3-«Բոքոնիկ» ՍՊԸ

թիվ 4-«Ստալ Տրանս» ՍՊԸ

թիվ 5ա-«Վ. Դանիելյան» ՍՊԸ

թիվ 5բ- «Բազե 11» ՍՊԸ

թիվ 6- «Յաղշ» ՍՊԸ

թիվ 7- «Ռ և Հ Տրանս» ՍՊԸ

թիվ 8- «Ռ և Հ Տրանս» ՍՊԸ

թիվ 9-«Ստալ Տրանս» ՍՊԸ

թիվ 10-« Ռ և Հ Տրանս» ՍՊԸ

թիվ 11-«Ուղեծիր» ՍՊԸ

թիվ 12-«Կամսար Տրանս» ՍՊԸ

թիվ 14-«Ֆիրմա Առ-Շին» ՍՊԸ

թիվ 15- «Ռ և Հ Տրանս» ՍՊԸ

թիվ 16- «Ռ և Հ Տրանս» ՍՊԸ

թիվ 17-«Պլուտոն» ՍՊԸ

թիվ 18-«Վ. Դանիելյան» ՍՊԸ

թիվ 19-«Կամսար Տրանս» ՍՊԸ

թիվ 20-«Դավիթ Սիմոնյան» ՍՊԸ

Մեկական կազմակերպության մասնակցությունը մրցույթին Վանաձորի քաղաքապետարանի առևտուրը, տրանսպորտը համակարգող բաժնի պետ Էրիկ Գևորգյանը բացասաբար է վերաբերում: «Ցանկալի կլիներ, որ յուրաքանչյուր երթուղում էլ մրցակցություն լիներ, որովհետև մրցակցության դեպքում կազմակերպությունները փորձում են հասնել առավելին, նոր տրանսպորտային միջոցներ են ներգրավում: Ինքնըստինքյան պարկը կթարմանար մրցակցության հաշվին: Բայց ինչ արած...»,- ասում է նա:

Հարցին՝ թե այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված թիվ 1 երթուղում մրցակցությունը, գուցե այս երթուղին ամենաշահութաբերների՞ց է, բաժնի պետը պատասխանում է.

«Չեմ կարող ասել: Դա մենք չենք ուսումնասիրում: Մենք չգիտենք, որ երթուղուց ինչ եկամուտ են ստանում: Միգուցե ավելի եկամտաբեր է, միգուցե ճանապարհն է ավելի հարմար սպասարկման համար: Չեմ կարող ասել»:

«Դիկտիս» ՍՊԸ-ն տարիներ շարունակ սպասարկել է թիվ 1 երթուղին: Բաժնի պետը թե նրա, թե մյուս երթուղիներում մինչ այժմ սպասարկում իրականացրած կազմակերպությունների մեծ մասի աշխատանքից դժգոհ է. «Կան երթուղիներ, որ հստակ, իրենց գրաֆիկը պահպանելով աշխատում են, բայց մեծամասամբ դժգոհ եմ, որովհետև բազմաթիվ բողոքներ ենք ստանում թե՛ քաղաքացիներից, թե՛ լրատվամիջոցներից: Սակայն մենք գիտենք, որ այսօր շատ դժվար է երթուղի սպասարկելը. պահեստամասերը թանկացել են, ուղևորահոսքը նվազել, շատացել են անհատ տաքսիները: Այսինքն՝ այն եկամուտը, որը նրանք ունեցել են և որի հաշվին մենք նրանց կարող էինք շատ բան պարտադրել, այսօր չենք կարող. փորձում ենք մի քիչ հանդուրժողական լինել, որովհետև եթե շատ բանի հետևից ընկնենք, կարող ենք ունեցածն էլ կորցնել»:

Վերջին շրջանում քաղաքում ակտիվորեն շրջանառվում են թիվ 1 երթուղին «Դիկտիսի» սեփականատեր Վիկտոր Դարբինյանի ձեռքից խլելու մասին խոսակցությունները:

«Սա ֆարս է կազմակերպած ու այս անարդար մրցակցության սկիզբը դրվել է շատ շուտ: «Ռ և Հ Տրանսը» ձեռք է բերել նոր մեքենաներ ու դրել մեր դեմ: Քաղաքի 6 երթուղի են սպասարկում, շուրջ 60 մեքենա ունեն, 15 տարի է մի լումայի ներդրում չեն արել, եթե ուզում էին ներդրում անել, կարող էին այնտեղ ներդրում անել: Թիվ 2-ը քաղաքի կենտրոնական երթուղին է, կարող էին այդ մեքենաները դնել այդ երթուղում, նրանք փոխարինեին: Այդ ամենն ապացուցում է, որ նրանք ունեն միտում»,- մեզ հետ զրույցի ժամանակ նշել էր Վիկտոր Դարբինյանը, ով քաղաքապետ Սամվել Դարբինյանի ազգականն է:

Սրան ի պատասախան Է. Գևորգյանը հակադարձում է. «Ինքը չէր ուզում, որ մրցակից ունենա, որ ինքը հանգիստ շահեր երթուղին, դրա համար դիմում է նման քայլերի: Սա բաց մրցույթ է բոլորի համար, ինքն էլ կարող էր ուրիշ երթուղու մրցույթին մասնակցեր: Բայց դրանք մեզ չի հետաքրքրում»,- ասում է բաժնի պետը:

«Ռ և Հ Տրանս»-ի տնօրեն Յ. Համբարյանը մինչ այժմ սպասարկում էր քաղաքի թվով 6 երթուղիներ: Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված թիվ 1 երթուղու մրցույթին մասնակցելը, ասում է՝ որոշել ենք ընդլայնել մեր գործունեության շրջանակը:

Մրցույթի ներկայացված մեքենաների զննման փուլը տեղի ունեցավ նոյեմբերի 26-ին ու 27-ին

Միկրոավտոբուսների գնահատման թերթիկով հանձնաժողովի անդամները 10-բալանոց սանդղակով գնահատում էին բանվորական արգելակի, կայանման ձեռքի արգելակի, ղեկային համակարգի, լուսաազդանշանաային միջոցների և էլեկտրասարքավորումների, դռների փականների հուսալիության, արտաքին տեսքի, ապակիների, ուղեսրահի կահավորման, անվադողերի մաշվածոթւյան, կառուցվածքային փոփոխությունների վիճակը:

Ըստ ներկայացված փաստաթղթերի «Դիկտիս» ՍՊԸ-ն թիվ 1 երթուղու մրցույթին մասնակցում էր 12 մեքենաներով, որոնցից մեկը 2006, 8-ը՝ 2007, երեքը՝ 2009 թ.-ի արտադրության էին:

Նույն երթուղու համար «Ռ և Հ Տրանսը» ներկայացել էր թվով 12 մեքենաներով, որոնցից մեկը 2006, 3-ը՝ 2008, 4-ը՝ 2009, 1-ը՝ 2010, 3-ը՝ 2011 թ.-ի արտադրության էին:

Ի դեպ, մյուս երթուղիերի մրցույթին մրցակից չունեցող «Ռ և Հ Տրանս»-ը ներկայացել էր շատ ավելի հին մեքենաներով: Օրինակ՝ թիվ 2 երթուղու համար 2002-2006 թթ. արտադրության մեքենաներ էին ներկայացված:

Հայտատուների մեծ մասն առաջարկել էր ուղեվարձը 100 դրամից դարձնել 150 դրամ

Մրցույթի վերջին՝ մրցութային հանձնաժողովի կողմից գնահատման թերթիկների միավորների հանրագումարների հրապարակման ու գնային առաջարկների ներկայացման մասը կայացավ դեկտեմբերի 2-ին Վանաձորի քաղաքապետարանում:

Ներքաղաքային երթուղիների մրցութային հանձնաժողովի կազմում ներգրավված էին Վանաձորի քաղաքապետ Ս. Դարբինյանը՝ հանձնաժողովի նախագահ, աշխատակազմի քարտուղար Գագիկ Սիմոնյանը, Էրիկ Գևորգյանը, Վանաձոր համայնքի ավագանու անդամ Կարեն Պառավյանը, Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի գլխավոր մասնագետ Վահան Վանյանը, ՀՀ տրանսպորտային վարչության Լոռու և Տավուշի մարզերի տարածքային բաժնի պետ Արթուր Հարությունյանը, ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի 1-ին դասակի հրամանատար Գագիկ Մարտիրոսյանը:

Հանձնաժողովի նախագահ Ս. Դարբինյանը, սակայն, չմասնակցեց թե մեքենաների զննման, թե գնահատման միավորների ու գնային առաջարկների հրապարակման փուլին:

Միավորների հրապարակման արդյունքում թիվ 1 երթուղում հաղթող ճանաչվեց «Ռ և Հ Տրանս» ՍՊԸ-ն՝ հավաքելով 103,4 միավոր: «Դիկտիս» ՍՊԸ-ն հավաքել էր 93 միավոր:

Մյուս բոլոր երթուղիներում 60 միավորից ավել հավաքելով, հաղթող ճանաչվեցին հայտ ներկայացրած կազմակերպությունները:

Գնային առաջարկների ներկայացման փուլում պարզ դարձավ, որ թե «Դիկտիսը», թե «Ռ և Հ Տրանս»-ը ներկայացրել էին 100 դրամ ուղեվարձի սակագին:

Մյուս երթուղիներում կազմակերպությունների մեծ մասը ներկայացրել էր 150 դրամ սակագնի առաջարկ: 150 դրամ սակագնի առաջարկ էին ներկայացրել թիվ 20, 19, 17, 16, 15, 14, 12, 11, 10, 9, 8, 7, 6, 5բ, 4, 3, 2 երթուղիները:

100 դրամ սակագին ներկայացնողները երկուսն էին. թիվ 18 և 5ա երթուղիների հայտատուները:

«Գնային առաջակությունների հետ կապված ինձ թվում է, որ դեռ բանակցություններ կլինեն որոշ երթուղիների առումով: Սա ընդամենը այդ կազմակերպության առաջարկն է, երբ վերջնական կհաստատվի, նոր միայն պարզ կլինի, թե որ երթուղին ինչ արժեքով է սպասարկելու այդ կազմակերպությունը»,- մրցույթի ամփոփման ժամանակ նշեց Գ. Սիմոնյանը:

 Լրատվամիջոցներից մեկում երթուղիների գնային առաջարկների մասին տեղեկատվություն հրապարակվելուց կարճ ժամանակ անց Վանաձորի քաղաքապետարանը հանդես եկավ պաշտոնական հաղորդագրությամբ.

Վանաձորի քաղաքապետի մամլո խոսնակ Էդուարդ Արզումանյանի փոխանցեց, որ ուղեվարձի թանկացմանը կտրականապես դեմ է քաղաքապետ Ս. Դարբինյանը: «Համայնքի ղեկավարի անունից վստահեցնում եմ, որ հաշվի առնելով ազգաբնակչության ներկա սոցիալական վիճակը 2016թ.-ին ներքաղաքային երթուղային տրանսպորտի ուղեվարձը չի թանկանա և տրանսպորտից օգտվող վանաձորցիները կշարունակեն վճարել նույն՝ 100 դրամը: Մեկ անգամ ևս կրկնում ենք, որ 2016թ.-ին ներքաղաքային երթուղային տրանսպորտի ուղեվարձը կմնա անփոփոխ և սա բեկանման ենթակա չէ»,- նշեց նա:

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն Վանաձորի քաղաքապետարանին առաջարկում է խստացնել երթուղիների պայմանագրերի պայմանները

Ամիսներ առաջ Վանաձորում գործող «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը երեք ամսվա ընթացքում ուսումնասիրելով ներքաղաքային երթուղային տրանսպորտի գործունեությունը, հանդես է եկել  ոլորտի բարելավմանն ուղղված առաջարկությունների փաթեթով:

Պայմանագրային դրույթների մասով «Խաղաղության երկխոսությունն» առաջարկում է կատարել հետեւյալ փոփոխությունները.

1.ներհամայնքային երթեւեկափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերում պատժիչ մեխանիզմները/դրույթները լինեն նաեւ ֆինանսական բնույթի, ինչը, բացի «զսպիչ» գործոն լինելուց, կնպաստի նաեւ քաղաքային բյուջեի համալրմանը, օրինակ. ինչպիսին առկա է Երեւան քաղաքի «Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման պայմանագրի» 4 կետում:

2.ներհամայնքային երթեւեկափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները, համայնքի տարածքում տնտեսավարելու համար, ամսեկան կամ տարեկան կտրվածքով ֆիքսված գումար վճարեն քաղաքային բյուջե՝ կախված երթուղում շահագործվող մեքենաների քանակից/երթուղուց/տվյալ թաղամասերի բնակչության թվից:

3.ներհամայնքային երթեւեկափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերում օգտագործվող հասկացությունները լինեն հստակ, որոշակի, տարակարծությունների, տարբեր կերպ մեկնաբանվելու տեղիք չտան: Մասնավորապես, օրինակ՝ Վանաձոր համայնքի եւ «Դիկտիս» ՍՊԸ-ի միջեւ 19.12.2011թ. կնքված ծառայությունների մատուցման թիվ 1 պայմանագրում առկա «ապահովել ուղեւորների սպասարկման բարձր մակարադակը, ապահովել միկրոավտոբուսների տեխնիկական եւ սանիտարական նորմալ վիճակը» արտահայտությունները ունեն հստակեցման կարիք:

Ուսումնասիրության իրականացման ընթացքում հկ-ն խախտումներ, բացթողումներ ու վտանգներ է հայտնաբերել նաեւ ծառայության մատուցման ընթացքի հետ կապված: Այն է.

-ներհամայնքային երթեւեկափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները չեն հետեւում պայմանագրով նախատեսված չվացուցակների ժամերին: Այսինքն՝ չնայած պայմանագրում ֆիքսված են տվյալ երթուղու աշխատանքային ժամերը, սակայն միկրոավտոբուսները նշված ժամերին չեն աշխատում,

-Վանաձոր համայնքի որոշ երթուղիներում բացակայում են կանգառները նախանշող ցուցանակները, կանգառում սպասելու համար նախատեսված հարմարությունները (նստարան, ծածկ): 

-երթուղիների մեծ մասում բացակայում են տվյալ երթուղին սպասարկող կազմակերպության եւ վերահսկող մարմնի հեռախոսահամարները, որոնց առկայությունը քաղաքացիներին հանրային վերահսկողության որոշ հնարավորություններ կտար:

Ծառայությունների մատուցման որակի բարելավման հետ կապված հկ-ն առաջարկում է.

-պայմանագրով նախանշված ժամերին միկրոավտոբուսների չաշխատելու հետ կապված՝ առաջարկում ենք տրանսպորտային տեսչությանն իրականացնել ավելի խիստ վերահսկողություն այս ոլորտում,

-Վանաձորի որոշ մասերում կանգառների բացակայության հետ կապված՝ առաջարկում ենք Վանաձորի քաղաքապետարանին ավելի հետեւողական գտնվել դրանց կառուցման եւ բարեկարգման գործում:

-կապված հանրային վերահսկողության հետ՝ առաջարկում ենք ընդունել կառավարության որոշում կամ քաղաքապետարանի եւ տրանսպորտը սպասարկող կազմակերպության միջեւ կնքվող պայմանագրում պարտադիր դրույթ սահմանել, ինչը կազմակերպություններին կպարտավորեցնի երթուղայիներում, տեսանելի վայրում տեղադրել տվյալ երթուղին սպասարկող կազմկերպության եւ վերահսկող մարմնի հեռախոսահամարները:

-առավել հետեւողական աշխատանք տանել սպասարկման բարեկիրթ վիճակն ապահովելու համար, մասնավորապես, բացառել վարորդների հարբած վիճակում երթուղում աշխատելը, երթեւեկության ժամանակ ծխելը, բարձր երաժշտությունը, մեքենաների սանիտարահիգիենիկ անբարվոք վիճակը, ինչի համար առաջարկում ենք ճանապարհային ոստիկանության կողմից նման դեպքերի արձանագրման դեպքում նախատեսել հետեւյալ պատժամիջոցները. առաջին խախտման դեպքում՝ քաղաքապետարանի կողմից զգուշացում երթեւեկափոխադրումներ իրականացնող կազմակերպությանը, երկրորդ անգամ՝ գումարային տույժի ենթարկել կազմակերպությանը, երրորդ դեպքում՝ խզել պայմանագիրը տվյալ կազմակերպության հետ եւ հայտարարել նոր մրցույթ:

Է. Գևորգյանի հավաստմամբ՝ ներկայացված առաջարկությունները հաշվի կառնվեն և հնարավորինս կներառվեն առաջիկայում կնքվելիք պայմանագրերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter