HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մարդիկ մենակությունը քողարկելու համար սեր են հորինում»

Մանե Գրիգորյան

Գրետայի նկարները ինձ համար կարծես չավարտվող գրքեր լինեն: Թվում է՝ նկարչուհին այն հարցերը, որոնք ինքն իրեն է ուղղել, փոխանցում է քեզ: Ու քանի որ այդ հարցերին կտրուկ պատասխաններ չեն տրված, ներսումդ սկսվում է պատասխանների փնփտրտուքի հետաքրքիր գործընթացը:

Առհասարակ  նրա հերոսները  կարծես թե փշերը ներս շրջած լինեն, իսկ դրսից երևում է, որ փշաքղված, մտազբաղ, խորը ընկղմված են իրենք իրենց մեջ, ու դուրս՝ աշխարհին, շատ խորքից են նայում:

Գրետայի վստահ ներկայությունն իր ստեղծած աշխարհում, ըստ իս, վհատ ու մի տեսակ երերոտ է դիտվում իրական՝ առևտրային հարաբերությունների, ժամանակի խելահեղ ռիթմի կոպիտ աշխարհում: Այդ տենդի մեջ նա ներկայանում է իր այլ ներկայությամբ, այս հրատապ աշխարհում՝ իր այլ  ժամանակով:

Իր նկարների մասին ասում է. «Կերպարների ստատիկա... մերկություն... մոնոխրոմ գունապնակ... սա է հատկանշական իմ կտավներին: Իմ համար նեոֆիգուրատիվ էքսպրեսիոնիզմը առայժմ  գեղանկարչական այն միջոցն է, որով սիրում եմ ինքնաարտահայտվել: Որտեղի՞ց է այն գալիս: Ստատիկան եգիպտական արվեստից, հետո կյանք ներխուժեց էքսպրեսիոնիզմը` հանձինս գլխավոր ներկայացուցիչ Էդուարդ Մունկի: Կապույտ գամմայի գերակշռությունը իմ նկարներում համարում եմ նրա խորհրդանշական ազդեցությունը։ Մի սիրելի մուսա էլ ունեմ` Ալբրեխտ Դյուրերն իր ինքնադիմանկարներով: Բայց իրականում կարծում եմ, որ ամենակարևորը հենց ոգեշնչվելու ունակությունն է,  որ սովորական կյանքը վերածում է հեքիաթի: Մնացածը կապված է ստեղծագործող անհատի ներքին կազմակերպվածությունից»:

Հիշում է իր առաջին հանդիպումը Գյումրիից Վրաստան` իր երկրորդ հայրենիք տեղափոխված ուսուցչուհու՝ Անահիտի հետ:

«Մորս հետ գնում էինք հետը ծանոթանալու, փոքր տնակում  էր ապրում, հենց մտանք, առաջին հարցը որ տվեց հետևյալն էր՝ դու հոգով նկարչուհի՞ ես: Ես էլ այդ ժամանակ չէի պատկերացնում հարցի խորությունը, էդ պահին անգիտակցաբար ասեցի` հա, մայրս էլ իմ փոխարեն նույնը ասեց, ավելի ոգևորվեցի (ժպտում է): Եթե մեկ ուրիշը լիներ և կենտրոնանար միայն տեխնիկայի, նյութի վրա, կարող է ուրիշ տեսակի նկարիչ լինեի կամ ընդհանապես չլինեի: Նկարչության մեջ գոյությունը ունեցող մաքրությունն եմ իրենից սովորել: Եթե անգամ ակադեմիայի դասախոսներիցս մեկին հանդիպեի, վտսահ եմ, որ էնքան ճիշտ չէր լինի, որքան իրեն հանդիպելը»:

Ասում է, որ ամեն ինչում հավատում է ճակատագրին. ու այն, որ ասօր ճիշտ տեղում է, էլի ճակատագիր է:

«Լինում է, որ օրերով չես նկարում, օրվադ մեջ շատ է խցկված  լինում առօրյան, այդ ժամանակ մտածում եմ՝ ախր Աստված իմ, շատ բան է արվել, որ կանգնեմ այս ճանապարհին: Ու եթե դա արվել է, ուրեմն հենց էդպես էլ պետք է լիներ», - ասում է նա:

Դեռ դպրոցական տարիներից Գրետային միշտ հետաքրքրել է կնոջ մարմինը, իր պատկերացրած, չտեսած մերկությունը գայթակղիչ է եղել: «Բնության ամենասիրուն մասնիկը կամ ամբողջությունը կինն է. փոքր տարիքից դա զգացել եմ, երևի  նկարիչն է մեջս խոսել. այդ ժամանակ ոչ կարդացել էի նկարիչների մասին, ոչ տեսել նրանց նկարները, ոչ էլ իմացել, որ կինը՝ որպես գեղեցկության մարմնավորում, կարող է ոգեշնչել»,- ասում է նա:

Հետո պատմում է Ջորջոնեի «Քնած Վեներան» արտանկարի իր պատմության մասին.

«Հանրագիտարանից «Քնած Վեներայի» կտավն էի տեսել, արտանկարել էի, հետս դասարան տարել, դասընկերներիցս մեկը նկարը գողացել էր: Երբ ուսուցչին ասեցի, որ նկարը չկա, ասեց, որ գնամ հերթով բոլորին ապտակեմ, մինչև չխոստովանեն, որ վերցրել են: Պայուսակները հերթով թափ էինք տալիս: Վեներան չգտանք: Դասատուն էլ վերջում չդիմացավ, բարկացած ասեց՝ մի բան ա խզբզում խառնվում եք իրար: Տանը լացում էի, իբր ես մի Ռեմբրանտ էի, հանճարեղ կտավս էին գողացել (ժպտում է): Հետո նորից երկրորդ անգամ նկարեցի, բայց այդ անգամ ավելի վատ ստացվեց»:

-Փաստորեն համա՞ռ ես,- հարցնում եմ:

-Նյութականը չի հետաքրքրում, կարող եմ հանձնվել կենցաղում, բայց նկարչության մեջ այո, համառ եմ:

Պատմում է նաև նկարի առջև իր տխրության մասին. «Երեկ մի նկար էի սկսել, կտավը չավարտած` նստեցի դիմացը: Նշմարվել էր այն, ինչ պետք է անեի, ամեն ինչ պարզ էր  ներսումս, բայց դեռ չէի նկարել, նստեցի ու տխրեցի... գուցե հենց նրա համար, որ նկարը անկեղծ խոսակցություն է»:

Ասում է` ինքն իրեն շատ է նկարում, որովհետև իր ներաշխարհը իրեն հետաքրքրում է, ու եթե նույնիսկ  նկարում է ուրիշին, միևնույն է, դրա մեջ էլի իրենից մի բան կա:

«Երեկվա կտավում ձեռքեր էին երևում, ու գիտեմ հաստատ՝ դրանք իմն են, գուցե դրա համար հուզվեցի: Նկարի միջոցով ճանաչում ես քեզ, բայց հետո խոսել դրա մասին դժվար է. հեշտ չէ խոսել  մեկի մասին, ում ճանաչել ես»,- ասում է նա:

Հարցնում եմ՝ ինչո՞ւ է նկարներումդ այդքան հաճախ հանդիպում շնագայլը, պատասխանում է.

-Երևի ինչ-որ վախ ունեմ, ու շնագայլը հենց դա է արտահայտում:

-Ի՞նչ վախ:

-Վախ մենակության, բոլորս էլ մենակ ենք ու, գիտակցելով հանդերձ, որ դա անխուսափելի է, միևնույն է` վախենում ենք: Երբ կողքիդ մարդիկ են, անգամ այդ ժամանակ ես մենակ, բայց մարդը վախենում է դա խոսոտավանել: Սեր ենք հորինում, դրանով ուզում ենք մեր մենակությունը քողարկել: Նույնիսկ երկուսով՝ քո սիրած մարդու հետ, միևնույն է, մենակ ես, երեխա ունես՝ էլի մենակ ես: Ինչպես որ ծնվելիս էինք մենակ: Երբ դու սիրուն բառերով չես թաքցնում վախդ, այլ ընդունում ես դա, ուրեմն վախիդ հետ ներդաշնակ ապրելու ճանապարհին ես:

Խոսեցինք նաև ժամանակակից արվեստի վերաբերյալ Գրետայի վերաբերմունքի մասին.

«Աբստրակտ արվեստ ասվածը էսօր շատ հաճախ ուղղակի խզբզանքներ են: Ցուցահանդեսների էլ հաճախ չեմ գնում, որովհետև ամեն ինչ կրկնվում է: Նյու Յորքում էդպիսի ցուցահանդեսների ժամանակ մարդ չէր լինի, իսկ սա Երևանն է, փոքր տարածք, որտեղ մարդիկ իրար անընդհատ զարմացնել են ուզում: Բայց դե արդեն վաղուց` Պիկասոյից հետո էլ ոչ մի բանով չես զարմացնի:

Ավելի ազնիվ կլիներ, եթե ասենք մեկն առանց ճիգերի ուղղակի նստեր ու լավ դիմանկարներ նկարեր, քան թե տարբերվելու իր շինծու փորձերը ցուցադրեր: Խաբկանքի ինչ-որ հոսանք կա. նույնիսկ ինժեներ ծանոթներ ունեմ` աբստրակցիոնիստ նկարիչ են դարձել: Ու դա ընդհանրապես արդարացված չի։ Օրինակ՝ Գերհարդ Ռիխտերի նկարները նայում ես, ըստ իս, անճաշակ աբստարկցիա են, բայց որ ուսումնասիրում ես նրա ճանապարհը, անցյալը, տեսնում ես, որ շշմելու թույն բաներ է արել: Տեսնում ես էդ մարդու ճանապարհը, ու հասկանում՝ այ նա իրավունք  ունի այսօր այդպիսին լինելու, բայց էն մարդը, ով անցյալում մի գծանկար անգամ չի արել ու էսօր աբստրակցիայով է զբաղված, դրա իրավունքը չի վաստակել»:

Գրետայի հետ երկու անգամ եմ հանդիպել. առաջին հանդիպմանը կիսատության զգացողություն ունեի, զգում էի, որ հերոսս ավելին է, քան հաջողացրի նրա մասին իմանալ, երկրորոդ հանդիպմանը զգում էի, որ կուզեի մեր խոսակցությունը չընդհատվեր: Վան Գոգ սրճարանի աղմուկն ու երաժշտությունը աստիճանաբար նվազում էին, դառնում ավելի ու ավելի փոքր, որովհետև խոսակցությունը լավ գրքի պես կլանում էր:

Ես երևի որպես լրագրող պետք է զերծ մնամ իմ վերաբերմունքը շատ ակտիվ արտահայտելուց, բայց սա այն դեպքերից է, որ նյութիս հերոսը հատվածաբար փշաղաքվելու չափ ծանոթ ու հարազատ է ինձ: Գրետան ասում է, որ գուցե պատերազմ լինի ու ինքը անտարբեր լինի, երևի պատճառն այն է, որ ճակատագրին է հավատում: Ես էլ եմ նույնը զգացել, բայց միշտ մի տեսակ վախեցել եմ այս անհանգիստ ժամանակներում բարձրաձայնել դրա մասին։ Այդ  հաճախ չբարձրաձայվնող, ճնշված զգացմուքները Գրետայի նկարներում առկա են, դրա համար էլ սիրում եմ դրանք:

Հարցնում եմ՝ ե՞րբ է գույնը մեռնում քեզ համար, ասում է՝ նկարելիս միշտ առաջնային պլանում են զգացմունքները, դա կլանող գործընթաց է՝ հոգու խաղ, ու երբ ուղեղդ միանում է, սկսում ես վերահսկել գիծդ, շարժումդ, գույնդ, այդ պահին ամեն ինչ մեռնում է, շարունակել այլևս չես ուզում:

 

 

Մեկնաբանություններ (1)

Ավետիս
Մանե ջան , փաստորեն նաև արվեստաբանական ձիրք ունես : Ճաշակով ու համարձակ գործեր են : Լավ հոդված էր :Ճակատագրին անհնար է չհավատալ ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter