HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Կոալիցիոն գամբիտ. ինչու է հիմա խոսվում ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիա ձևավորելու մասին

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի՝ երկու օր առաջ արած հայտարարությունը, թե նախագահ Սերժ Սարգսյանի հետ նախնական քննարկումներում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու առաջարկություն է արվել, որն իրենց համար «սկզբունքորեն» ընդունելի է, մեծ աժիոտաժի տեղիք չտվեց: Նախ՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կազմակերպման, այդ կապակցությամբ համահայկական հռչակագրի ըդնունման, ապա նաև ու հատկապես իրականացված Սահմամադրական փոփոխությունների շրջանակներում իշխանության հետ սերտ համագործակցությունն արդեն ստեղծել էին դրա համար բավարար նախադրյալներ ու մթնոլորտ: Մանավանդ որ իշխանությունը նախորդ տարիներին մասամբ կատարել էր ՀՅԴ-ի ներկայացրած յոթ պահանջների մեծ մասը, ինչը որոշ չափով վերջինիս ազատում էր կաշկանդող պայմանականություններից:

Սակայն նախադրյալները մի բան են, դրանցից օգտվելու որոշման կայացումը, նման քայլի գնալու քաղաքական անհրաժեշտությունն ու կողմերի մոտիվացիաները՝ բոլորովին այլ բան: Անհրաժեշտ է հասկանալ՝ ինչու է հենց այս փուլում, ընտրություններից մեկուկես տարի առաջ հայտարարվում այդ մտադրությունների մասին և ինչ խնդիր են փորձում լուծել ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կոալիցա կազմելու նախաձեռնությամբ:

Իշխանության մոտիվացիան

Կլասիկ քաղաքական տրամաբանության տեսանկյունից ՀՀԿ-ն ասպարեզում առկա որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու անհրաժեշտություն չպետք է ունենար: Այն պահպանում է քաղաքական մեծամասնության կարգավիճակը, կատարելապես վերահսկում է իրավիճակը, ինչն ապացուցվեց նաև Սահմանադրական փոփոխությունների գործընթացն առանց լուրջ ցնցումների ցանկալի հանգրվանի հասցնելու իրողությունը, հանդիսանում է քաղաքական օրակարգ թելադրող ուժը, և առկա չէ քաղաքական ժգնաժամի որևէ նախանշան: Չնայած դրան՝ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ին առաջարկում է կոալիցիա կազմել, որի մասին հայտարարությունը հնչում է ոչ թե ՀՀԿ-ից, այլ առաջարկն ստացող ուժից: Իրավիճակն թվում է արտառոց, սակայն... միայն առաջին հայացքից:

Հարկ է ուշադրություն դարձնել, որ կոալիցիա կազմելու առաջարկը ՀՅԴ-ին ուղղվում կամ դրա մասին բարձրաձայնվում է փաստացի «Ընտրական օրենսգրքի» նախագծի մշակման շուրջ քննարկումների մեկնարկին: Գործընթաց, որի արդյունքներից են կախված լինելու թե գալիք ընտրությունների որակը և թե ապագա քաղաքական իշխանության կառուցվածքն ու իշխանության վերարտադրության հնարավորությունը: Ստացվում է՝ իշխանությունը ցանկանում է, որպեսզի ոչ թե կոալիցիա ձևավորելու, կամ ապագա իշխանության ձևաչափի որոշումը կայացվի ընտրական օրենսգրքի մշակման պրոցեսի լույսի ներքո կամ ազդեցությամբ, այլ հակառակը՝ օրենսգրքի մշակման և ընդունման շուրջ քաղաքական պրոցեսը տեղի ունենա  ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու շուրջ սկզբունքային համաձայնությունների մթնոլորտում: Սա իշխանությանն անհրաժեշտ է նախագահից և նրա հետ կոալիցիոն համաձայնություններից ՀՅԴ-ի կախվածությունն ու կաշկանդվածությունն ապահովելու համար: Հակառակ դեպքում ՀՀԿ-ն ինքն էր լինելու կաշկանդվող կողմը:

Խնդիրն այն է, որ հանդիսանալով թե սահմանադրական փոփոխությունների և թե ընտրական օրենսգրքի փոփոխման գաղափարական ջատագովն ու գեներատորը, ընտրական օրենսգրքի շրջանակներում մշակած լինելով առաջարկությունների կոնկրետ փաթեթ՝ ՀՅԴ-ն կարող էր խորհրդարանում ստեղծել իշխանության վերատարդությունն ապահովող նախագծի շուրջ դիմադրության բավականին գործուն բևեռ՝ նկատի առնելով, որ ունենալով սահմանադրական օրենքի կարգավիճակ, ընտրական օրենսգիրքը նոր Սահմանադրությամբ կարող է ընդունվել միայն պատգամավորների 3/5-րդ ձայներով: Չնայած ՀՀԿ-ն կարող էր ԲՀԿ-ի լռելյայն օժանդակությամբ ապահովել անհրաժեշտ քվեն, սակայն այդ պայմաններում վտանգվելու էր ոչ միայն հենց օրենսգրքի ընդունման, այլև դրա հիման վրա անցկացվելիք 2017թ. խորհրդարանական որոշիչ ընտրությունների լեգիտիմությունը: ՄԻնչդեռ հատկապես այս անցումային փուլում հենց այդ լեգիտմության ֆոնի ապահովումն է օդ ու ջրի նման անհրաժեշտ իշխանությանը: ՀՅԴ-ի հետ գործակցությունը որոշակիորեն ապահովագրում է ՀՀԿ-ին՝ արհեստականորեն ստեղծելով քաղաքական կոմպրոմիսի էֆեկտ:

Այլ կերպ ասած՝ ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է՝ թե օրենսգրքի ընդունման և թե ապագա ընտրությունների լեգիտիմության ֆոն ապահովելու նպատակով: Հենց դա է պատճառը, որ կոալիցիա կազմելու առաջարկը հնչում է այս փուլում: Բայց ամենակարևորը գուցե սա չէ:

Պետք է ենթադրել, որ ՀՅԴ-ին արված կոալիցիա կազմելու առաջարկը բխում է իշխանության ներսում առկա որոշակի հակասություններից և ներիշխանական բևեռների միջև մղվող խուլ պայքարի արձագանքն է: Այդ բևեռները, առայժմ խիստ նախնական, հեղհեղուկ վիճակով ձևավորվում են մի կողմից հեռանալու խոստում տված, ապա կարծես թե մտափոխված Սերժ Սարգսյանի՝ իշխանությունը պահպանելու պրոյեկտի, մյուս կողմից՝ իրեն իշխանության իավահաջորդը համարող վարչապետ Հովիկ Աբրահամյանի ամբիցիաների շուրջ: Այս իմաստով անհրաժեշտ է նկատի առնել երկու կարևոր փաստ:

Առաջին՝ կոալիցիա կազմելու շուրջ նախնական քննարկումները տեղի են ունեցել ոչ թե ՀՀԿ-ՀՅԴ, այլ Սերժ Սարգսյան-ՀՅԴ ձևաչափով: Դատելով նախագահից կոալիցիա ստեղծելու առաջարկ ստանալու մասին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարության կապակցությամբ ՀՀԿ-ական պատգամավորների մեկնաբանություններից՝ դա նրանց համար եղել է անակնկալ և կուսակցությունը որպես այդպիսին, ուղղակի տեղյակ չի եղել Սերժ Սարսյանի նախաձեռնության մասին: Այսինքն՝ սա առավելապես հենց Սերժ Սարգսյանի անձնական նախաձեռնությունն է եղել, որը կարող է խոսել թիմում այդ գաղափարի նկատմամբ առկա վերապահումների ու ոչ միանշանակ մոտեցումների մասին:

Փաստացի Սերժ Սարգսյանը փորձում է ՀՀԿ-ում նախընտրական պրոցեսների համատեքստում ամրապնդել իր դիրքերը ՀՅԴ-ի միջոցով՝ այն օգտագործելով որպես հակակշիռ Հովիկ Աբրահամյանի հավակնություններին, ով իր հերթին կարծես թե որոշել է, իբրև ՀՀԿ-ից դուրս հենակետ, օգտագործել ԲՀԿ-ին: Երկրորդ՝ հետաքրքրական է, որ ապագա իշխանության վերաձևման, կոալիցիա կազմելու հարցն առաջինը քննարկվում է ԱԺ-ում ընդամենը հինգ պատգամավոր ունեցող ՀՅԴ-ի հետ, այլ ոչ թե մեծությամբ երկրորդ խմբակցության՝ ԲՀԿ-ի, կամ առնվազն վերջինիս մասնակցւթյամբ, եռակողմ ձևաչափով: Հաշվի առնելով, թե նախորդ համապետական ընտրություններում ԲՀԿ-ն ինչպիսի ծառայություն է մատուցել իշխանությանը՝ վերարտադրման օպերացիաները բարեհաջող կազմակերպելու հարցում, նրան ավելի շատ պետք է նախընտրություն տրվեր, քան ՀՅԴ-ին: Դրանից խուսափումը, սակայն, ցույց  է տալիս, որ Սերժ Սարգսյանը կամ ԲՀԿ-ին չի վստահում, կամ Գագիկ Ծառուկյանի գործոնի չեզոքացումից հետո այն այլևս անօգտակար է համարում:  Թեև իհարկե, տեսականորեն չի բացառվում նաև, որ Սերժ Սարգսյանի այս ընտրողականության պատճառն այն է, որ նա պարզապես համարում է ԲՀԿ-ն արդեն «գրպանում դրված»: Ամեն դեպքում այս փուլում ԲՀԿ-ի անտեսումն իսկապես թվում է տարօրինակ:

Հետևաբար պետք է ենթադրել, որ դիմելով ՀՅԴ-ին, Սերժ Սարգսյանը փաստի առաջ է կանգնեցնում Հովիկ Աբրահամյանին՝ փորձելով զրկելով նրան ներքին ճակատ ձևավորելու, իր վերահսկողությունից դուրս գալու հնարավորությունից: Այս իմաստով չի բացառվում, որ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն հայտնվեն ներիշխանական հնարավոր դիմակայության, ներքին խուլ պայքարի «զենքերի» կարգավիճակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter