
Արմավիրում դաբաղի մեկ դեպք է գրանցվել․ ՌԴ-ի արգելքի պատճառը
Ռուսաստանը հունվարի 20-ից ժամանակավորապես արգելել է Հայաստանից կաթնամթերքի ու մսի ներմուծումը՝ պայմանավորված դաբաղի հետ կապված անկայուն իրավիճակով: Արգելքը, մասնավորապես, վերաբերում է դաբաղ հիվանդությանն ընկալունակ կենդանի կենդանիների՝ խոզերի, խոշոր և մանր կենդանիներին, դրանց գենետիկ նյութին և մսին, վերամշակում չանցած ենթամթերքին, ինչպես նաև՝ ջերմային մշակում չանցած կաթ-կաթնամթերքին ու տվյալ կենդանիների հումքին։ Այս մասին երեկ հաղորդեցին ռուսաստանյան ԶԼՄ-ները։
Սակայն, Հայաստանում այս մասին պաշտոնական պարզաբանում հնչեց միայն այսօր՝ հունվարի 22-ին։ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
«ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը հունվարի 20-ից ժամանակավոր արգելք է մտցրել դաբաղ հիվանդությանն ընկալունակ կենդանի կենդանիների՝ խոզերի, խոշոր և մանր կենդանիների, դրանց գենետիկ նյութի և մսի, վերամշակում չանցած ենթամթերքի, ինչպես նաև ջերմային մշակում չանցած կաթ-կաթնամթերքի, ու տվյալ կենդանիների հումքի՝ Հայաստանից Ռուսաստան ներմուծման համար:
Դեկտեմբեր ամսին Արմավիրի մարզի՝ Թուրքիային սահմանակից գյուղերից մեկում գրանցվել է կենդանիների դաբաղ հիվանդության մեկ դեպք, որի մասին էլ Հայաստանը, որպես Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության անդամ, տեղյակ է պահել կառույցին, ինչպես նաև՝ ԵԱՏՄ գործընկերներին: Հարևան երկրներում՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում և Թուրքիայի Հանրապետությունում վերջերս գրանցվել են նոր՝ AG-VII շճատեսակով դաբաղ հիվանդության դեպքեր, որն օրերս է հաստատվել ռեֆերենս լաբորատորիայում: Հենց այս տիպի դաբաղն է գրանցվել հարևան երկրներում: Նոր տիպի դեմ պայքարող պատվաստանյութն արդեն պատվիրվել է ողջ տարվա համար: Մինչև այսօր հանրապետությունում օգտագործվող պատվաստանյութը հնարավորություն չէր ընձեռում կենդանիների մոտ ստանալ պատշաճ վարակամերժություն՝ հաշվի առնելով հիվանդության նոր տիպը:
Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության պայմաններին համապատասխան՝ հանրապետությունում իրականացվել են կանխարգելիչ անասնահամաճարակային անհրաժեշտ բոլոր միջոցառումները, պետպատվերի շրջանակներում դաբաղի դեմ կրկնակի պատվաստումներ են իրականացվել: Վարակի տարածքում մինչ այսօր հիվանդության նոր դեպք չի գրանցվել:
Հարկ է նշել, որ բացի վերը նշված ապրանքատեսակներից՝ մնացած բոլոր ապրանքները, այդ թվում՝ մսամթերքը, կաթնամթերքը և ձկնամթերքն անարգել արտահանվում են ՌԴ տարածք:
Երեկ տեղեկացրել ենք, որ առաջիկայում Հայաստան կժամանի ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետի տեղակալը՝ տեղում ծանոթանալու կանխարգելիչ միջոցառումների ընթացքին»:
Մեկնաբանել