HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԴ. Հնչակյան կուսակցության մամլո դիվանի հաղորդագրությունը ընտրախախտումների վերաբերյալ

Թիվ 40 ընտրատարածքի Իջեւանի շրջանի Դիտավան գյուղում առավոտյան քվեարկել են հարակից շրջանի զինվորները եւ, բնականաբար, ՀՀԿ-ի օգտին, եւ այդ շրջանում արդեն ավարտվել են քվեաթերթիկները:

Գյուղացիների մեծամասնությունը չի կարողանում քվեարկել: Հրահանգը իջեցված է քվեարկել Միքայել Վարդանյանի եւ ՀՀԿ-ի օգտին: Այս մասին են ահազանգում Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի վստահված անձինք:

Երեկ լույս է տեսել «Դե ֆակտո» ամսագիրը, որտեղ հրապարակվել են կանխակալ եւ ստահոդ սոցհարցումներ: Այսպես` ՀՀԿ-ին, ըստ վայ սոցիոլոգների հարցումների, տրվելու է ձայների 74 տոկոսը: Թեեւ սոցիոլոգիական հարցումը ստահոդ է, սակայն խնդիրն այն է, որ Ընտրական օրենսգրքի համաձայն ընտրություններից մեկ օր առաջ նման սոցհարցում հրապարակելը օրենքի կոպիտ խախտում է: Այս մասին ՍԴ Հնչակյան կուսակցության մամլո դիվանին է հայտնել «Օրենքի ուժ» հ/կ-ի ղեկավար Նարեկ Մալյանը:

1. Թալինի շրջանի Արեգ գյուղում համատարած ընտրակաշառքներ են բաժանում ՀՅԴ, Դաշինք կուսակցությունների ներկայացուցիչները: Իրավիճակն այն աստիճան է լկտիացել, որ ստիպում են բացահայտ քվեարկել հօգուտ այդ կուսակցությունների:

2. 2/35 ընտրատարածքում փորձել են այսպես կոչված «կարուսել» աշխատացնել: Քվեարկողներից մեկը մտել է ընտրատեղամաս, վերցրել 2 քվեաթերթիկները եւ արկղի մեջ նետել միայն մեծամասնականինը: Այնուհետեւ պահանջել է իրեն տրամադրել նաեւ համամասնական քվեաթերթիկ, ինչը, սակայն, վստահված անձանց աղմուկից հետո չի տրամադրվել:

3. 4/07 ընտրատեղամասում սպասարկում է միայն մեկ սեղան, ինչը, բնականաբար, մեծ հերթեր է գոյացնում: Չի պահպանվում գաղտնիության սկզբունքը:

4. 2/26 ընրատեղամասում կրկնակի քվեարկության դեպք է գրանցվել, սակայն արձանագրվել է հանձնաժողովի կողմից:

5. Գյումրի քաղաքում Սամվել Բալասանյանի մարդիկ մինչեւ 20 000 դրամ գումար են բաժանում այն պայմանով, որ մեծամասնական ընտրակարգում ընտրեն Սամվել Բալասանյանին:

Հսկայական օրինախախտումներ են կատարվում Տավուշի մարզում: Ինչպես հեռախոսով ՍԴՀԿ մամլո դիվանին փոխանցեց Գրողների միության նախագահ եւ մեծամասնական թեկնածու Լեւոն Անանյանը, Շնող գյուղում որպես դիտորդ է գրանցվել համայնքապետ Հայկազուն Քոչինյանը եւ ուղղորդում, ինչպես նաեւ ընտրակաշառք է բաժանում, որպեսզի գյուղացիները քվեարկեն հօգուտ Միքայել Վարդանյանի: Ընտրակաշառքների դեպքեր են գրանցվել Հաղթանակ, Գետահովիտ եւ Այրում գյուղերում: Մարզպետը ստիպում է քվեարկել հօգուտ ՀՀԿ-ի:

Թիվ 5 ընտրատարածքի 33 ընտրատեղամասերում ՀՀԿ-ն աջակցում է Լեւոն Սարգսյանին: Ընտրատեղամասերի դիմաց կանգնած են երիտասարդներ, ովքեր ընտրատեղամաս մտնողներին հրահանգում են քվեարկել հօգուտ Լեւոն Սարգսյանի: 5-30 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության դեպք է արձանագրվել: Հանձնաժողովի անդամները այս պահի դրությամբ հրաժարվում են որեւէ արձանագրություն կազմել: 5/9 ընտրատարածքում հանձնաժողովի ՀՀԿ ներկայացուցիչ Ալլա անունով մի կին խանգարում է ՍԴ. Հնչակյան կուսակցության, «Ժառանգություն» կուսակցության եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված Թաթուլ Մանասերյանի վստահված անձանց աշխատանքներին: Նույնիսկ հրավիրել են ոստիկանություն, որպեսզի վստահված անձանց դուրս հանեն:

3/27 ընտրատարածքում պոկվել է արձանագրություններ կատարվող մատյանի մեկ էջը: 4 անգամ էջը սոսնձել եւ նորից պոկել են: Հանձնաժողովը, չնայած ՍԴ Հնչակյան կուսակցության վստահված անձ Ռուզան Հարությունյանի բողոքին, հրաժարվել է արձանագրել այս իրադարձությունը:

2/34 ընտրատարածքում քվեաթերթիկի կապոցներից մեկում մնացել է 1 համամասնական ընտրակարգի համար նախատեսված քվեաթերթիկ եւ 3 մեծամասնական ընտրակարգի համար նախատեսված քվեաթերթիկ: 2 համամասնական ընտրակարգի համար նախատեսված քվեաթերթիկներն անհետացել են:

Ինչպես Վանաձորից ՍԴ Հնչակյան կուսակցության մամլո դիվանին է փոխանցել ՍԴՀԿ Վանաձորի շրջանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Ալեքյանը, 30/9 ընտրատարածքի դիմաց կանգնած է մի ավտոմեքենա եւ ընտրակաշառք է բաժանում հօգուտ ՀՀԿ-ի:

30/25 ընտրատեղամասում այնքան միկրոավտոբուսներով ժողովուրդ են բերել, որ վիճակը դարձել է անկառավարելի: Վստահված անձինք չեն հասցնում հետեւել գործընթացին եւ կատարվում են օրինախախտումներ հօգուտ ՀՀԿ-ի:

2/34 ընտրատարածքի դիմաց ՄԱԿ-ի ներկայացուցիչները մինչեւ 20 000 դրամ ընտրակաշառք են բաժանում: Հենց նոր բախումներ են եղել ՄԱԿ-ի եւ հանձնաժողովի հանրապետական նախագահի միջեւ:

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները գոհ չեն այս պահին ընտրողների թվից: Հնարավոր են լցոնումներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter