«Ջրային տնտեսության ԾԻԳ» պետական հիմնարկն (ՊՀ) այսօր, ժամը 11-ին «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի գրասենյակում հանրային քննարկում էր կազմակերպել «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի» նախագծի վերաբերյալ: «Հայաստանի Հանրապետություն» թերթում հրապարակված հայտարարության համաձայն` քննարկմանը մասնակցելու էին հրավիրվում ազդակիր 14 համայնքների ներկայացուցիչները, ինչպես նաեւ բոլոր շահագրգիռ կողմերը:
«Ջրային տնտեսության ԾԻԳ»-ի եւ «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի աշխատակիցները, սակայն, քննարկումը սկսել էին առնվազն մեկ ժամ շուտ՝ չսպասելով «բոլոր շահագրգիռ կողմերին»: Նախորդ օրն արդեն տեղեկանալով, որ քննարկման մասին հայտնի է դարձել լրագրողներին ու բնապահպաններին` նրանք որոշել էին խախտել հայտարարության մեջ նշված պայմանները: Երեկ տարածվեց, որ քննարկումը տեղափոխվելու է այլ վայր, բայց ԾԻԳ-ից հերքեցին լուրը:
Քանի որ նրանց մտադրության մասին լրագրողներին հայտնի էր դարձել, որոշել էին ժամը տեղափոխել` 10:40 րոպեին քննարկումն արդեն ավարտված էր: Կազմակերպիչները հարցազրույց տվեցին քննարկումը նկարահանող միակ լրատվամիջոցի` Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվականի» թղթակցին եւ պատրաստվում էին հեռանալ: Դահլիճում ներկա էին Արտաշատի տարածաշրջանի շահառու համայնքների բնակիչներ եւ գառնեցիներ, որոնց այնտեղ էին բերել համայնքապետերը` նախապես իրենց տրված հրահանգով: Թե ինչպիսի ընթացք է ունեցել «պլենումի նիստը», բոլորս կարող ենք տեղեկանալ «Առաջին լրատվականի» այսօրվա լուրերի թողարկումից:
Նրանք, ովքեր շահագրգիռ էին իրական քննարկում լսելու, ներկայացել էին հայտարարված ժամին: Կազմակերպիչները նրանց պահանջով հարկադրված եղան սկսել քննարկումը եւ լսել հարցադրումները: Մեր հարցին, թե Քաղցրաշենի ծրագրի հանրային բոլոր քննարկումները մինչ այդ իրականացվել են Գառնիում եւ Արտաշատի տարածաշրջանի 13 շահառու համայնքների համար` Արտաշատ քաղաքում, ինչո՞ւ է որոշվել այս անգամ նրանց հավաքել Երեւանում, ԾԻԳ-ի բնապահպանության մասնագետ Մարտիրոս Նալբանդյանը պատասխանեց. «Հարցը, բացի շահառու համայնքներից, հետաքրքրում է ընդհանուր հանրությանը եւ նպատակը նրանց մասնակցելու հնարավորություն տալն էր»: Մեր երկրորդ հարցին ի պատասխան` այդ դեպքում ինչո՞ւ են հայտարարված ժամից ավելի քան մեկ ժամ շուտ սկսել քննարկումը եւ չեն սպասել «այս հարցով հետաքրքրվածներին», նա ասաց, որ կարող են նորից քննարկել:
Մարտիրոս Նալբանդյանը |
Քննարկմանը, բացի շահագրգիռ համայնքների բնակիչներից, մասնակցում էին «Համահայկական բնապահպանական ճակատ» (ՀԲՃ) քաղացիական նախաձեռնության անդամները, բազմաթիվ լրատվամիջոցներ: Նրանք ժամը փոխելու մասին հարկ չէին համարել տեղեկացնել անգամ Համաշխարհային բանկի ներկայացուցչին, որը մյուսների նման քննարկմանը մասնակցելու էր ներկայացել հայտարարության մեջ նշված ժամին:
Ինչեւէ, քննարկումը վերսկսվեց, դահլիճը լքածների մի մասը վերադարձավ եւ մասնակցեց քննարկմանը: ԾԻԳ-ի ներկայացուցիչները նոր բան չունեին ավելացնելու մինչ այդ ասվածին եւ այս անգամ էլ կրկնեցին այն, ինչ գրված է ծրագրում: Չնայած նրան, որ բազմաթիվ նման քննարկումներ են եղել, որոնց ժամանակ մի քանի տասնյակ հարցադրումներ են հնչել` պատասխաններ ստանալու ակնկալիքով:
«Ազատի կիրճում բնության 4 հուշարձան կա եւ «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագիրն արդյոք չի՞ վնասում դրանց. հարցն այս անգամ էլ հնչեցրեց «Համահայկական բնապահպանական ճակատի» ներկայացուցիչ, աշխարհագրագետ Լեւոն Գալստյանը: Մ. Նալբանդյանը հայտնեց, որ այդ հուշարձանների տեղադիրքերը հստակեցված չեն, եւ Կառավարությունը դա պատրաստվում է անել 2019-21թթ. (նշենք, որ ԾԻԳ-ը Քաղրաշենի ծրագիրն արդեն սկսված է համարում- Ս.Պ.):
Լ. Գալստյանը թվարկեց «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի հակաբնապահպանական կողմերը եւ տնտեսական արդյունավետության երաշխիքներ չտվող բոլոր հարցադրումները: «Մենք համոզված ենք, որ չեք կարող ապահովել ծրագրի իրագործումը, միայն ջրառատ տարիներին, երբ ջրի 70% ապահովվածություն կլինի, այդ ժամանակ կկարողանաք, մյուս տարինեին, երբ ջրառատ չի լինի, ինքնահոս համակարգը չի գործի: Նայեք, թե Ազատի ջրամբարը վերջին 10 տարիներին քանի անգամ է լցվել: Եթե մենք ջրամբարը չենք կարողանում լցնել, ո՞նց ենք ջուր վերցնում Քաղցրաշենի ինքնահոս ոռոգումն ապահովելու համար: ՀԲ-ից ձեր վերցրած 10 մլն դոլարի վարկը լցնելու եք ջուրը»,- հայտնեց նա:
Նա քննարկման նախաձեռնողներին առաջարկեց ծրագիրը նախագծում ներկայացված եղանակով իրականացնելու համար նվազագույնը 3 տարի ջրաբանական ուսումնասիրություն իրականացնել Ազատ գետում: Ի պատասխան՝ ԾԻԳ-ի բնապահպանության մասնագետը նշեց, որ իրենք հիմք են ընդունում Հայհիդրոմետի չափումները: «Հայհիդրոմետի վերջին 20 տարվա չափագրումներն ինձ համար արժանահավատ չեն: Մենք 80 փոքր հէկ ենք ուսումնասիրել, որոնք կառուցվել են Հայհիդրոմետի տվյալների հիման վրա: Փոքր հէկերի 95%-ի տվյալները չեն համընկնում իրականության հետ, նշված գետերում ջրաքանակը ներկայացվածից 50%-ով քիչ է»,- հայտնեց բնապահպանը:
Վերջինս նշեց, որ ջրաբաններն այլ կարծիք ունեն Ազատ գետի իրական ջրաքանակի եւ այս ծրագրի արդյունավետության մասին: Քանի որ գետում պահանջված ջրաքանակը չկա, ոչ մի երաշխիք չի կարող լինել ծրագրի արդյունավետության մասին: Մի տարի ջուր կլինի` ծրագիրը կաշխատի, 4 տարի չի լինի` չի աշխատի: Ուրեմն ստիպված եք լինելու գետի ջրի էկոլոգիական թողքը չապահովելով՝ ոռոգում իրականացնել, կամ էլ` դուրս գա, որ անիմաստ ծախս էր դա: Ավելացրեց, որ տնտեսական եւ ջրաբանական ճիշտ գնահատում պետք է տալ հարցին` կարո՞ղ ենք Ազատ գետից ջուր վերցնել, թե` ոչ: «Մենք կարծում ենք, որ չենք կարող, որպեսզի այդ հարցի պատասխանն ունենանք, ուրեմն պետք է ճշտենք, թե իրականում ոռոգման համար որքան ջուր են վերցնում Գողթ եւ Գառնի համայնքները, «Երեւան ջուրը» եւ դրանից հետո հաշվարկ իրականացնենք` այս ծրագիրը կենսունա՞կ է, թե` ոչ: Կրկնում եմ առաջարկս` ուրիշ եղանակ գտեք, հանգիստ թողեք Ազատ գետը, այնտեղ չեք կարող ոռոգման համակարգ ապահովել»,- ասաց Լեւոն Գալստյանը:
Գառնիի համայնքապետ Աշոտ Վարդանյանը |
«Ջրաքանակի հետ կապված ձեր մտահոգությունները կիսում եմ, հնարավոր է, որ ջրի դեֆիցիտ լինի»,- բնապահպանի հետ համաձայնեց Մ. Նալբանդյանը: Նա հայտնեց, որ մեկ տարվա կտրվածքով իրականացրել են ջրաչափում, ջրի դեֆիցիտ գրանցվել է օգոստոս ամսին, բայց բոլորին հայտնի է, որ 2015թ.-ն աննախադեպ երաշտային տարի էր եւ բավարար ջրաքանակ չկար: Այդ պատճառով էլ որոշվել է լրացուցիչ ծրագիր իրականացնել շահառու գյուղերում` ներքին ցանցի վերականգնում, կաթիլային համակարգի տեղադրում եւ քիչ հզորությամբ ապահովել ջրաքանակի դեֆիցիտը:
Ծրագրի անարդյունավետությունը հիմնավորող բազմաթիվ փաստարկներից հետո «Համահայկական բնապահպանական ճակատի» ներկայացուցիչը ԾԻԳ-ի աշխատակիցներին փոխանցեց գառնեցիների առաջարկը. «Գառնիի բնակիչներն առաջարկում են, եւ մենք էլ ենք միանում այդ առաջարկին` Համաշխարհային բանկի հետ մի լավ օրինակ ցույց տվեք` վերանորոգեք 50 տարվա վաղեմության պոմպակայանները, արեւային էլեկտրակայան կառուցեք կողքը, Ազատի ջրամբարն էլ լցրեք ջրով ու օգտագործեք»:
Նշենք, որ Կառավարությունը մինչ օրս շրջանցել է հիշյալ ծրագրի վերաբերյալ բոլոր հարցադրումները եւ դրանց մասնագիտական հիմնավորումներ գտնելու փոխարեն «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ ծրագրի» վերաբերյալ հանրության բացասական կարծիքը ձգտում է փոխել տարբեր խարդավանքների դիմելով: Մեկ անգամ Գառնի գյուղի ոռոգման ջուրը փակեցին եւ լցրին Ազատ գետը՝ իրենց ցանկալի ջրաքանակն արձանագրելու համար, քանի որ ջրաչափումները սպասված արդյունքը չապահովեցին: Մեկ ուրիշ անգամ հանրային լսում կազմակերպեցին եւ Կոտայքի մարզպետի հրահանգով Գառնի գործուղված մարզպետարանի աշխատակիցները որոշեցին ուսուցիչներին հավաքել մի սրահում եւ հարկադրաբար հավանության արժանացնել ծրագիրը, որը դարձյալ նրանց չհաջողվեց: Այսօր երրորդ անգամ փորձ արվեց գաղտագողի հանրային քննարկում անցկացնել՝ համայնքապետերին հրահանգելով ապահովել իրենց համայնքի բնակիչների ներկայությունն ու համաձայնությունը:
լուսանկարները և տեսանյութը՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել