HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Կոալիցիոն գամբիտ. ՀՅԴ-ի մոտիվացիան և ռիսկերը

սկիզբը

Կոալիցիա կազմելու՝ իրենց ուղղված Սերժ Սարգսյանի առաջարկի մեջ ՀՅԴ-ն տեսնում է իշխանության մեջ լրջագույն դերակատարություն ստանալու հնարավորություն: Կուսակցությունը հավատում է խորհրդարանական կառավարման անցնելու և իրենց պատկերացրած ընտրական օրենսգիրքն ընդունվելու պայմաններում երկարաժամկետ հեռանկարում իշխանփոխություն իրականացնելու տեսլականին: Ահա թե ինչու է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը խոսում երկրում թե ներսից և թե դրսից իրավիճակ փոխելու հնարավորության մասին: Այդ մոտեցման տրամաբանությունը հասկանալի է: Միամտություն կլիներ կարծել, թե ՀՅԴ-ն ինչ-որ հույսեր է կապում նոր, խորհրդարանական կառավարման համակարգում առաջիկա ընտրությունների միջոցով քաղաքական մեծամասնություն ձևավորելու մանդատ ստանալու հեռանկարի հետ: Խնդիրն այն է, որ նոր համակարգում հնարավորություն է ստեղծվում անգամ ԱԺ մտնելու նվազագույն շեմը հաղթահարելու դեպքում առավելագույն քվե ստացած քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելիս որոշիչ դերակատարություն վերցնել թե իշխանության ձևավորման և թե պորտֆելների բաշխման ընթացքում: Հաշվարկն այն է, որ եթե ՀՀԿ-ն, օգտագործելով իր վարչական ու ֆինանսական ռեսուրսները, անգամ 50 տոկոս ձայն ստանալ, կայուն մեծամանսություն ունենալու համար նրան անհրաժեշտ կլինի կոալիցիա կազմելու շուրջ համաձայնության հասնել անգամ 5 տոկոս ձայն ստացած (եթե ԱԺ անցնելու նվազագույն շեմն այդքան լինի) որևէ ուժի հետ: Այդ դեպքում ՀՀԿ-ն ստիպված է լինելու էական զիջումների գնալ պորտֆելների վերաբաշխման ժամանակ: Եթե այդ կոալիցիան քայքայվի, ապա կայուն մեծամասնությունն ուղղակի հօդս կցնդի, ինչը հարաբերական մեծամանսություն ստացած ուժին ավելի զգույշ ու զիջողական կդարձնի:

Նախապես տալով համաձայնությունը կոալիցիա կազմելու խիստ նախնական առաջարկությանը՝ ՀՅԴ-ն հասկացնում է, որ պատրաստ է ստանձնել «կրտսեր» գործընկերոջ կարգավիճակը կոալիցիայում: Բայց սա նշանակում է նաև համաձայնել, որ ՀՀԿ-ն ձեռք է բերել հարաբերական մեծամանսություն և հետևաբար՝ որ ընտրությունները, ինչպիսին էլ լինեն, եղել են լեգիտիմ:

Հիմա ողջ հարցն այն է՝ ՀՀԿ-ն կգնա՞ կոալիցիա կազմելու քայլին՝ ՀՅԴ-ի կողմից այս փուլում դրա մասին բարձրաձայնելու պայմաններում, թե՞ ոչ, իսկ գնալու դեպքում՝ դա կանի մինչև խորհրդարանական ընտրություննե՞րը, թե՞ ընտրությունների առաջին փուլից հետո: Շատ բան կախված է նրանից, թե այդ առաջարկությունն ստանալու մասին հայտարարությունն արվել է սովորաբար նման հարցերում կուլիսային գործարքների մարտավարությանը նախընտրություն տվող Սերժ Սարգսյանի՞ գիտությամբ ու ուղղորդմաբ, թե՞ դա ՀՅԴ-ի ինքնուրույն նախաձեռնությունն է:

Եթե պրոցեսին չափ տվողը Սերժ Սարգսյանն է, ապա ակնհայտ է դառնում, որ նրա նախաձեռնությունը հետապնդում է ՀՅԴ-ի ձեռքերով ի սկզբանե խաղաքարտերը ՀՀԿ-ում խառնելը և իր ծրագրերի իրականացման անբեկանելիության, ընտրությունների արդյունքների կանխորոշվածության էֆեկտ ստեղծելը: Եթե ոչ, ապա դա նշանակում է, որ ՀՅԴ-ն փորձում է պրոցեսի թելը վերցնել իր ձեռքը և Սերժ Սարգսյանին դնել կապանքների մեջ: Որովհետև ավելի դժվար է հրապարակավ բանակցել կոալիցիայի ձևավորման պայմանների շուրջ՝ զրկված լինելով մանևրների լայն հնարավորությունից, քան կուլիսներում, երբ կարելի է ցանկացած պահի, առանց բացատրությունների, ետ շրջվել և փաստի առաջ կանգնեցնել դիմացինին:

Եթե սա ՀՅԴ-ի տակտիկական քայլն է, ապա այն կարելի է կուսակցության շահերի ու նպատակների համատեքստում հաշվարկված համարել: Դրա միջոցով վերջինս կարող է լուծել երեք հիմնական խնդիր: Առաջին՝ իրեն ապահովագրել իշխանության կողմից այսպես կոչված «քցված լինելու» հեռանկարից, որի թակարդում հայտնվելը ՀՅԴ-ին ուղղակի կդարձներ մարգինալ ուժ: Երկրորդ՝ հրապարակային գործունեությունը, անգամ եթե այն առնչվում է իշխանության մաս դառնալու շուրջ բանակցություններին, ավելի նախընտրելի է, քան հանրության թիկունքում գործարքների գնալը: Սա ընտրազանգված պահպանելու ամենակարևոր երաշխքներից է, եթե իհարկե, ՀՅԴ-ն միչև վերջ առաջնորդվի հրապարակային լինելու սկզբունքով: Եվ երրորդ՝ այս մոտեցմամբ ՀՅԴ-ն կարող էր յուղ լցնել ներիշխանական պայքարի վրա և, խաղալով այդ հակասությունների լարին, մեծացնել իր արժեքը Սերժ Սարգսյանի հետ բանակցություններում:

Պատահական չէ, որ չնայած կալիցիա կազմելուն սկզբունքային համաձայնություն տալուն, ՀՅԴ-ն չի շտապում հստակեցնել, թե խոսքը ո՞ր կոալիցիայի մասին է՝ նախընտրակա՞ն, թե՞ հետընտրական: Հրանտ Մարգարյանը հայտարարում է, որ իմաստավորված է ընտրությունների արդյունքներով պայմանավորված այն կոալիցիան, որտեղ գործակցող ուժերն ունեն միմյանց անհրաժեշտությունը: Հիշեցնենք, որ 2009թ. իշխանական կոալիցիայից դուրս գալուց հետո անցած ողջ ընթաքցքում ՀՅԴ-ն հայտարարում էր, որ անիմաստ է այնպիսի կոալիցիաների ձևավորումը, որտեղ չունես որոշումների վրա ազդելու հնարավորություն, բայց կրում ես ամբողջական պատասխանատվություն մեծամասնության այդ որոշումների իրականացման հետևանքների համար: Եթե ՀՅԴ-ն համաձայնի պաշտոնական և ֆորմալ կոալիցիա կազմել մինչև ընտրությունները, ապա պետք է պարզաբանի, թե ինչ է փոխվել այս իմաստով: Եթե ուժերի ներկայիս հարաբերակցության պայմաններում կրկին չի ունենալու իշխանության որոշումների վրա ազդելու հնարավորություն, ապա ինչպե՞ս է պատրաստվում երկրում իրավիճակ փոխելուն նպաստել կամ հասնել նոր ընդունված Սահմանադրության կենսագործմանը:

Այս իմաստով չի բացառվում, որ եթե կողմերը գան համաձայնությունների, կստեղծվի ոչ թե ֆորմալ, այլ բովանդակային կոալիցիա: Այսինքն՝ որպես այդպիսին կոալիցիա չի ստեղծվի, դրա շուրջ փատսաթուղթ չի ստորագրվի, սակայն կկատարվի ՀՅԴ-ի ներգրավմամբ պորտֆելների որոշակի վերաբաշխում: Իսկ պաշտոնական կոալիցիա կազմելու հարցը կորոշվի արդեն 2017թ. ընտրությունների արդյունքների հիման վրա:

Նախընտրական կոալիցիայի ձևավորումը և գործադիրում որոշակի պորտֆելներ ստանալը ՀՅԴ-ի համար կարող է ընտրություններում վարչական լծակներից օգտվելու հնարավորություն ստեղծել: Դրա համար սակայն, նա պետք է պատրաստ լինի հատուցել հանրային վստահության ռեսուրսի որոշակի կորստով:

Այս ռիսկը մեծանում է իշխանության ձեռքում առկա թաքնված խաղաքարտի հնարավոր խաղարկման ազդեցությամբ: Խոսքը վերաբերում է ներիշխանական պայմանավորվածությունների հասնելու պարագայում ԲՀԿ-ին կոալիցիոն բանակցային պրոցես ներքաշելուն: Դա կսահմանափակի ՀՅԴ-ի շանսերը հավակնոտ պահանջներ ներկայացնելիս, որովհետև իշխանությունը միշտ հնարավորություն կունենա ԲՀԿ-ին ներկայացնել որպես ՀՅԴ-ի պոտենցիալ այլընտրանք: Սակայն չի բացառվում, որ ՀՅԴ-ն իր հերթին խաղադրույք է կատարում այն հանգամանքի վրա, որ ԲՀԿ-ն բովանդակային առումով իրենից արդեն շատ քիչ բան է ներկայացնում և լուրջ բոնուս իշխանությանը տալ չի կարող:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter