Լոռու մարզում աշխատանք փնտրողների թիվն այս տարի 30%-ով գերազանցում է 2015-ի նույն ժամանակահատվածի տվյալները
27-ամյա Աշոտը Լոռու մարզի Դեբեդ համայնքից է: Երիտասարդ իրավագետն ասում է, որ երբեւէ իր մասնագիտությամբ չի աշխատել: Երկար փնտրելուց հետո աշխատանք է գտել գյուղի միջնակարգ դպրոցում, այնուհետեւ քարի մշակման արտադրամասում: Սակայն մի որոշ ժամանակ է՝ առողջական պատճառներով չի աշխատում:
«Մարզում երիտասարդների զբաղվածությունը լուրջ խնդիր է: Մտածում եմ՝ այս քաղաքականության արդյունքում չեն էլ կարող ապահովել աշխատանքով: Նախկինում մարզում առյուծի բաժին հասնող հիմնարկ-ձեռնարկությունները փակվեցին, գյուղատնտեսական նշանակության հողերը մնացին բարձիթողի վիճակում: Որի արդյունքում էլ առաջացավ «խոպանան» անունով արտագնա աշխատանքը: Հիմա կրկին փորձում եմ աշխատել, կրկին աշխատանք եմ փնտրում: Դիմել եմ տարբեր գործատուների, պատասխանել են, որ՝ գործ լինի կասենք: Ցանկացած գործ էլ կանեմ՝ բանվորի աշխատանքից մինչեւ մասնագիտական»:
Ասում է, որ աշխատանք գտնելու առանձնապես մեծ հույս էլ չունի: Գուցե առաջին իսկ հնարավորության դեպքում հեռանա ոչ միայն հարազատ գյուղից, այլեւ հանրապետությունից:
Ի տարբերություն Աշոտի, Լիլիան, ով բնակվում է մարզկենտրոն Վանաձորում, բազմիցս ունեցել է արտերկրում ապրելու ու աշխատելու հնարավորություն: Սակայն հայրենի քաղաքը միշտ հետ է կանչել: Ասում է՝ այժմ ամեն բան այլ է. «Վերջերս մեծ ցանկություն ունեի գոնե մայրաքաղաքում աշխատանք գտնել, որովհետեւ նույն աշխատանքի համար այնտեղ եռակի ավել են վարձատրում, քան այստեղ: Բայց բախվեցի մի շատ տհաճ իրողության: Երկու անգամ մրցույթի մասնակցեցի, մի քանի փուլ հաղթահարեցի, բայց վերջում չընտրվեցի: Ու դրա պատճառը շատ պարզ ճակատիս ասեցին, որ ես երեւանցի չեմ ու մարզերից նման պաշտոններում աշխատակից չեն ընդունում»:
Չնայած դրան, տնտեսագետի մասնագիտությունը, մի քանի լեզուների տիրապետելն ու համակարգչային գիտելիքները Լիլիային շատ են օգնել աշխատանք գտնելու հարցում:

«Բնականաբար, ես ինքս երբեք չեմ հանձնվում, պարբերաբար դիմում եմ տարբեր գործատուների: Իհարկե, հաճախ եմ մերժվում ամենատարբեր պատճառներով, բայց նաեւ հաճախ էլ աշխատանք եմ գտնում: Պետք է պարզապես ձեռքերը ծալած չնստել: Իհարկե, մարզում աշխատելու հնարավորությունները քիչ են, այդ պատճառով էլ մարդիկ տարիներով սովորում են, բայց իրենց մասնագիտությամբ չեն աշխատում: Որովհետեւ այսօր օրվա հացի խնդիր կա, պիտի ցանկացած աշխատանք կատարես, որ կարողանաս գոյատեւել: Պարզապես նաեւ մի տենդենց եմ նկատել, որ մարդկանց մեծամասնությունն արտերկրում կատարում է այն աշխատանքը, որը երբեք այստեղ չի անի: Հայաստանում բոլորն ուզում են ամենաքիչը տնօրեն լինել»,- ժպիտով ասում է Լիլիան:
Չհուսահատվելու եւ իր լավատեսության արդյունքում զրուցակիցս հիմնել է սեփական բիզնես. «Վերջին աշխատանքը թողնելուց հետո երկու ամիս կանգնեցի աշխատանք գտնելու բարդ հարցի առջեւ: Տեսնելով, որ չեմ գտնում այն, ինչը կարող է եւ՛ բավականություն պատճառել, եւ՛ ֆինանսապես կայուն վիճակ ապահովել, որոշեցի ստեղծել սեփական փոքրիկ բիզնեսը, որը հիմնվեց պարզապես իմ հոբբիի վրա»:
Լիլիայի ու Աշոտի նման շատերն են Լոռու մարզում ածխատանք փնտրում:
2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնում (սպասարկում է Վանաձորը եւ Գուգարքի տարածաշրջանի 21 գյուղերը) հաշվառված է 5676 աշխատանք փնտրող, որից հաշմանդամություն ունի 77-ը: Ցուցանիշը շուրջ 30 %-ով գերազանցում է 2015-ի նույն ժամանակահատվածի տվյալները: «Հետքի» հետ զրույցում Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանն ասաց, որ աճի տենդենց է նկատվել հատկապես արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթությամբ աշխատանք փնտրողների շրջանում, փոխարենը նվազել է բարձրագույն կրթությամբ գործազուրկների թիվը:
«Հիմնական պատճառներից մեկն այն է, որ բարձրագույն կրթություն ունեցող աշխատանք փնտրողները կարողանում են իրենց դրսեւորել աշխատաշուկայում եւ հարմար աշխատանք գտնել: Չնայած հիմնականում ոչ իրենց մասնագիտությամբ են աշխատում: Իսկ արհեստագործական կրթություն ունեցողների առումով կասեմ, որ հիմնականում աճի տենդենցը նկատվում է այն պատճառով, որ ավելի շատ մարդիկ են ավարտում, եւ նրանց պահանջարկը մեր աշխատաշուկայում կա: Իսկ մենք փորձում ենք նրանց աշխատանքի տեղավորենք»,-ասաց Արա Առաքելյանը:
Ըստ տարիքային խմբի՝ աշխատանք փնտրողների մեջ աճ է գրանցվել հատկապես 16-19, 30-34 եւ 55 տարեկանից բարձր անձանց շրջանում: Աճել է նաեւ հաշվառված հաշմանդամություն ունեցող անձանց թիվը: Ստեղծված պատկերը Արա Առաքելյանը հետեւյալ կերպ է մեկնաբանում. «Հաշմանդամություն ունեցող անձանց մասով ասեմ, որ մենք ավելի շատ ծրագրեր ենք իրականացնում իրենց համար, եւ այդ ծրագրերի հիմնական մեխը ավելի շատ հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավելն է: 16-19 տարեկանների շրջանում աճը հիմնականում պայմանավորված է նրանով, որ երիտասարդների մեջ հավատը բարձրացել է զբաղվածության կենտրոնների նկատմամբ՝ ծրագրերում ներգրավվելու առումով: 55 տարեկանից բարձր անձանց մոտ աճը այդքան էլ մեծ չէ, բայց, այնուամենայնիվ, դա խնդիր է: Նրանք արդեն երկար ժամանակ մնալով գործազուրկի կարգավիճակում եւ տարիքը մեծ լինեու հանգամանքով՝ որոշակիորեն կորցրել են մասնագիտական որակավորումը: Այստեղ կարեւոր է, որ մենք կարողանանք նրանց համար իրականացնենք մասնագիտական ուսուցման, վերամասնագիտացման եւ որակավորման բարձրացման ծրագրեր»:
2015 թվականին Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի միջոցով աշխատանքի է տեղավորվել 632 աշխատանք փնտրող: Հիմնականում գերակշռող են եղել կրթական եւ սպասարկման ոլորտները:
Տաթեւիկ Ղազարյան
Գլխավոր նկարում՝ Արա Առաքելյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել