HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեխաներին մուրացկանության դրդելու համար դատապարտված մայրը կարող է զրկվել ծնողական իրավունքներից

Վանաձորի Երևանյան 90 հասցեում գտնվող հանրակացարանում բնակվող Տատյանա Պիսարևան առաջիկայում կրկին կհայտնվի դատարանում, այս անգամ՝ ծնողական իրավունքներից զրկվելու հարցով:

Վերջինս անչափահաս երեխաներին մուրացկանության դրդելու փաստով 2015թ. նոյեմբերի 5-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել ՀՀ Քր. օրենսգրքի 166.1 հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել էր մեկ տարի պայմանական ազատազրկման:  

Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովում ակնկալում էին, որ Տատյանան համապատասխան հետևություններ կանի՝ կզբաղվի երեխաների խնամքով ու դաստիարակությամբ, կդադարի հաբեցողությամբ զբաղվել, երեխաներին մուրացկանության դրդել: Խնդիրները, սակայն, շարունակվել էին, երեխաներն էլ չէին դադարել մուրացկանությամբ զբաղվել, ինչի արդյունքում պարբերաբար հայտնվել էին ոստիկանության ուշադրության կենտրոնում:

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնից խնամակալության հանձնաժողովին տեղեկացվել է, որ Պիսարևան հաճախակի գտնվում է  անսթափ վիճակում, իսկ երեք երեխները գտնվում են անխնամ վիճակում ու ծնողական հսկողությունից դուրս:

Երեխաների խնդիրները կարգավորելու համար ոստիկանության բաժինը գրությամբ դիմել է քաղաքապետարան:

Նախորդ տարեվերջին Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովը քննարկել է Տ. Պիսարևային ծնողական իրավունքներից զրկելու ու երեք անչափահաս երեխաներին մանկատուն ուղարկելու հարցը: Մի քանի անգամ նշանակված հարցի քննարկմանը երեխաների մայրն այդպես էլ չի ներկայացել: Հանձնաժողովը ստիպված է եղել հարցը քննել առանց նրա ներկայության:

«Այս տարիների ընթացքում արել ենք հնարավոր ամեն ինչ՝ ընտանիքը պահպանելու, երեխաներին մորից չբաժանելու համար»,- ասում է Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար Լեռնուհի Գևորգյանը: Հանձնաժողովի ու ոստիկանության համատեղ աշխատանքը, սակայն, արդյունք չի տվել:

«Մեկ տարով պայմանական ազատազրկվելուց հետո էլ Տատյանան չի դադարեցրել հարբեցողությամբ ու թափառաշրջիկությամբ զբաղվելն ու երեխաներին մուրացկանության մեջ ներգրավելը»,- ասում է ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Ռուդիկ Վարոսյանը:

Հաշվի առնելով, որ երեք երեխաների մայրը մշտապես զբաղվում է  հարբեցողությամբ, դրսևորում է  հակասոցիալական վարք, պատշաճ չի զբաղվում երեխաների խնամքով ու դաստիարակությամբ, դրդում է  նրանց մուրացկանության, տարիներ շարունակ տևած աշխատանքներից հետո հանձնաժողովը որոշել է.

«…Ծնողական իրավունքներից զրկելու ու նրա երեք անչափահաս երեխաներին մանկատուն ուղարկելու հարցին տալ դրական եզրակացություն»:

Հաշվի առնելով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի գրությունը Տատյանա Պիսարեւայի երեխաներին մանկատուն ուղարկելու մասին, ինչպես նաև հանձնաժողովի դրական եզրակացությունը, հունվարի 13-ին Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը որոշում է կայացրել՝ Տ. Պիսարեւային երեք անչափահաս երեխաների նկատմամբ ծնողական իրավունքներից զրկելու համար դիմել դատարան, երեխաներին ուղարկել Վանաձորի մանկատուն:

Քաղաքապետի որոշումից ընդամենը մեկ օր անց՝ հունվարի 14-ին, Պիսարևայի երեխաները կրկին հայտնվեցին ոստիկանության Բազումի բաժնում, այս անգամ քաղաքի գլխավոր՝ Արցախ պուրակում մուրացկանությամբ զբաղվելու համար:

Ինքը՝ Պիսարևան, մեզ հետ զրույցի ժամանակ վստահեցրեց, որ մինչև դատարանում հայտնվելը թեև ինքն էր երեխաներին ուղարկում փող մուրալու, սակայն հատկապես հունվարի 14-ին տեղյակ չի եղել, որ երեխաները գնում են մուրացկանությամբ զբաղվելու:

«Էն ժամանակ երեխեքիս նպաստը կտրել էին, 5 ամիս էր նպաստ չինք ստանում: Ես եմ ասել, երեխեքը գնացել են, ասել են, որ փող տան: Բայց հիմիկվանը ես կապ չունեմ: Ես տանը քնած՝ երեխեքը գնացել են փող ուզել ու բռնել են միլիցեքը,- արդարանում էր երեք երեխաների մայրը»: 

Գայանե Սարգսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter