HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենտրոն համայնքի «զարդը»

Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գետնանցումն առանց երկմտալու կարելի է համար Կենտրոն համայնքի «զարդը»։ Գետնանցում մտնելիս, ոտքդ դեռ աստիճանին չդրած, գարշահոտությունը սկսում է խեղդել։ Անցորդները այդտեղով անցնելիս քթերը փակում են։ Իսկ անցումի տարբեր հատվածներում վաճառականներ կան։ Նրանք վաճառում են մոմեր, փայտյա խաչեր և վզնոցներ, սրբապատկերներ․․․ Կես ժամ էր՝ գետնանցումում էինք, երբ գյուղացիներից մեկը վաճառեց տոպրակներով լի կանաչիները, հետո ավլեց իր տարածքն ու հեռացավ: Մի քանի րոպե հետո նրան փոխարինեցին կանաչի վաճառող ամուսինները, ովքեր չցանկացան հայտնել իրենց անունները:

Պատմում են, որ գետնանցման չգործող խանութներից մեկում մարդիկ էին բնակվում։ Այնտեղ հավաքվում էին, խմում, կռվում։ Բայց հետո նրանց հանեցին այդտեղից։ Մտածում են, որ ոստիկաններն են հանել։ Վաճառողները ասում են, որ անձամբ են հսկում գետնանցման իրենց հատվածը: Չեն թողնում, որ անկարգություններ կատարվեն, մաքրում, հավաքում են աղբը: Հավաքարարներին մի քանի անգամ խնդրել են մաքրել գետնին թափված ձյութը, բայց նրանք չեն կարողացել մաքրել։ Այդ ձյութին արդեն խառնվել է թափված աղբը: Անձրևային օրերին գետնանցման առաստաղից ջուր է կաթում: Վերևի մալուխներն էլ կախվել են, անցնողն-դարձողները գլխով հարվածում են։  

«Հետևում եմ տարածքին: Թափառաշրջիկներին արգելում եմ իրենց բնական կարիքները հոգան բաց տարածքներում: Անվճար պետքարան կա, թող գնան: Չինովնիկ էլ լինես, թե սովորական քաղաքացի, պարտավոր ես տարածքիդ անվտագնությունն ու կարգապահությունը հսկես: Եկել էստեղ չարչիություն եմ անում, պարտավոր եմ տարածքս մաքուր պահեմ: Տեսնում եմ անկարգություն, ավելորդ արարք, չեմ կարող լռել: Ո՛չ վախենում եմ, ո՛չ էլ ամաչում: Տարիքս հարգելով՝ մի փոքր չեզոքություն եմ պահում: Միևնույնն է՝ հորդուբորդով եմ խոսում հետները»,- նշում է մոմավաճառ Ստեփան Նալբանդյանը: 

Փորձեցինք պարզել՝ ով է տարածքի մաքրման համար պատասխանատուն, սեփականաշնորհված է արդյոք տարածքը։ 

Համաձայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության կողմից ներկայացված տեղեկատվության՝ «Երևանը՝ որպես համայնք ձևավորվելուց հետո Երևան համայնքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման աճուրդը և մրցույթը կազմակերպող ու անցկացնող հանձնաժողովի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի նիստում արձանագրված Մաշտոցի պողոտայի հ.1/3 հասցեում գտնվող 113.3 քմ մակերեսով տարածքի վարձակալության տրամադրման աճուրդի հաղթող է ճանաչվել Հովհաննես Միքայելյանը: Երևանի քաղաքապետի 20.09.2013թ. հ 4676-Ա որոշման հիման վրա վերջինիս հետ կնքվել է ոչ բնակելի տարածքի վարձակալության մասին պայմանագիր, որից ծագող իրավունքը ստացել է պետական գրանցում:

Վերոնշյալ վարձակալության պայմանագրի 2.4.8 կետի համաձայն՝ վարձակալը պարտավոր է վերձակալած գույքի տարածքում պահպանել սանիտարական և հակահրդեհային կանոնների պահանջները, ինչպես նաև բոլոր այն կանոնները և նորմերը, որոնք գործում են վարձակալի գործունեության ձևերի և վարձակալած գույքի նկատմամբ»:

Գետնանացման սանիտարահիգենիկ վիճակի և մաքրության մասին քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը հայտնում է, որ համաձայն Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված տեղեկատվության՝  «Սանիթեք» ՍՊ ընկերությանը հանձնարարվել է վերոնշյալ հասցեում ձեռնարկել համապատասխան միջոցներ:

Վարձատուն՝ այս դեպքում Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը, պարտավորվել է ամսական 62 000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց վարձակալի՝ Հովհաննես Միքայելյանի ժամանակավոր տիրապետմանը հանձնել գույքը: Կնքված այս  պայմանագիրը գործելու է մինչ 20.09.2018:

Լուսանկարներում երևում է, թե ինչ վիճակում է այդ տարածքը։

Հարկ է նշել, որ համաձայն պայմանագրի 7.1.2 և 7.1.4 կետերի՝ եթե վատթարացել է գույքի վիճակը, պայմանագրով սահմանված ժամկետերում չի կատարվել գույքի ընթացիկ վերանորոգում, ապա այս հանգամանքները պայմանագիրը վաղաժամկետ լուծարելու հիմքեր են հանդիսանում:

Կնքված պայմանագրի պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակի չկատարելու համար կողմերն ազատվում են պարտասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունքում, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Նման իրավիճակում անհաղթահարելի ուժ է համարվում երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազական դրությունը:

Հաշվի առնելով նման իրավիճակի բացակայությունը` վարձակալը չի կատարել վարձակալության պայմանագրի վերնշված 2.4.8 կետը, որն է պահովելով վարձակալած գույքի տարածքում սանիտարական և հակահրդեհային կանոնների պահանջները:

Գետնանցումում չգործող խանութներից մեկում փակցված է վաճառքի հայտարարություն: Զրուցելով սեփականատատեր ներկայացած Արսենի հետ՝ պարզեցինք, որ գետնանցումում գործող շինություններն իրեն են պատկանում: Դրանք և՛ տրվում են վարձակալությամբ, և՛ վաճառքի են: 1000 քմ տարածքով չգործող խանութը վաճառվում է 700 հզ դոլարով, նշում է՝ «եթե ցանկանաք, կարող եմ ողջ գետնանացումը վաճառել»: Նշենք, որ գետնացումում գտնվում են երեք փակ շինություններ:

Դիանա Ղազարյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter