HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետությունում դաբաղով հիվանդ կենդանի չկա. անասնաբուժության տեսչության պետ

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության դահլիճում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում Ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը ներկայացրել է հանրապետության անասնահամաճարակային իրավիճակը՝ անդրադառնալով նաև Հայաստանի Հանրապետությունից ՌԴ կենդանական ծագման մթերքի արտահանման ժամանակավոր արգելքին: Այս մասին հայտնում է Ծառայության կայքը:

Մինչ այդ տեսչության պետը պարզաբանել է, որ սպառողներն անհանգստանալու կարքի չունեն՝ մսամթերքն ու կաթնամթերքն անվտանգ են օգտագործելու համար, բացի դա՝ հանրապետությունում այսօր չկա դաբաղով հիվանդ կենդանի:

Դեկտեմբեր ամսին Արմավիրի մարզի՝ Թուրքիային սահմանակից Արազափ գյուղում է գրանցվել կենդանիների դաբաղ հիվանդության դեպք, որի մասին էլ Հայաստանն առաջինն է, որպես Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության անդամ երկիր, պաշտոնապես տեղեկացրել կազմակերպությանն ու ԵԱՏՄ գործընկերներին, այնուհետև իրականացրել անասնահամաճարակային անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Որպես առաջնային գործողություն, ըստ գերատեսչության, ռեֆերենս լաբորատորիայում դաբաղի տեսակը որոշելուց հետո (AG-VII շիճուկաբանական տիպի) Ծառայության պետ Արմեն Հայրապետյանն անմիջապես բանակցություններ է սկսել ՌԴ Դաշնային ծառայության ենթակայության տակ գտնվող Կենդանիների առողջության պահպանման դաշնային կենտրոնի հետ՝ Հայաստանի Հանրապետության պատվերով հնարավորինս արագ կենդանիների դաբաղ հիվանդության կանխարգելմանն ուղղված նոր պատվաստանյութ արտադրելու ուղղությամբ: Նոր պատվաստանյութը կպարունակի դաբաղի նոր վիրուսի դեմ պայքարող՝ AG-VII շճատեսակ. նախկինում Հայաստանում և տարածաշրջանում չի գրանցվել այս տիպի դաբաղ: Նոր պատվաստանյութը հնարավորություն կստեղծի ավելի պատշաճ իրականացնել պայքարը դաբաղ հիվանդության դեմ:

Հովհաննես Մկրտչյանը հստակեցրել է, թե որ ապրանքատեսակների վրա է տարածվում ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության ժամանակավոր արգելքը. դաբաղ հիվանդությանն ընկալունակ կենդանի կենդանիներ՝ խոզեր, խոշոր և մանր կենդանիներ, դրանց գենետիկ նյութ և վերամշակում չանցած միս, ինչպես նաև ջերմային մշակում չանցած կաթ-կաթնամթերքն ու նշված կենդանիների հումքը: Տեսչության պետը տեղեկացրել է, որ բացի վերը նշված ապրանքատեսակներից՝ մնացած բոլոր պարենամթերքը՝ այդ թվում մսամթերքը, կաթնամթերքը և ձկնամթերքը, անարգել արտահանվում են ՌԴ տարածք, և որ հունվարի 20-21-ին հանրապետությունից 9 մեքենա պանիր է արտահանվել ՌԴ: Բանախոսը կրկին շեշտել է, որ արգելքը ժամանակավոր և կանխարգելիչ միջոցառում է, և որ այս շաբաթ Հայաստան կժամանի ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Վլասովը՝ տեղում ծանոթանալու անասնահամաճարակային իրավիճակին ու կանխարգելիչ միջոցառումների ընթացքին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter