HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորում կրկին «տոնածառ են զարդարել»

Տաթեւիկ Ղազարյան

Վանաձորում թեեւ տոներն ավարտվել են, սակայն «տոնական տրամադրությունը» վանաձորցիների համար դեռեւս շարունակվում է: Տերյան փողոցի կենտրոնում տեղադրված տոնածառն ու «տոնական խաղալիքները» թաղամասի բնակիչների ու վարորդների մտահաղացումն է: Սակայն մի քանի օր առաջ տեղադրված պոլիէթիլենային տոպարկներով ու պլասմասե շշերով զարդարված եղեւնին ոչ թե թաղամասը գեղեցկացնելու ու քաղաքին ամանօրյա շունչ հաղորդելու, այլ վթարներից հնարավորին չափ խուսափելու համար է: Դիտահորը, որի մեջ տեղադրված է տոնածառը, բաց է ավելի քան մեկ տարի:

 «Էս դիտահորը երթեւեկությանը շատ է խանգարում: Մի քանի օր առաջ վթար էր եղել էստեղ, որոշեցինք հիմա էլ տոնածառ դնենք: Բայց դե անծանոթ վարորդը խամություն ա անում, վթարի ենթարկվում կամ մեքենան է վնասում՝ հատկապես գիշերով: Նույնն վիճակում էլ բնակիչներն են: Մի անգամ տեսել եմ, որ բնակիչներից մեկն էլ էր ընկել մեջը»,- ասում է վարորդ Արսեն Մինասյանը:

Թաղամասի բնակիչ Լյովա Մացակյանն ասում է, որ Վանաձորի քաղաքապետարանի համապատասխան բաժինը փորձել է խնդրին լուծում տալ, սակայն հարցը մինչեւ վերջ այդպես էլ չի լուծվել: Իրենք էլ այս տարբերակն են ընտրել:

«Մոտ մի տարի կլինի՝ քաղաքապետարանից եկան, որ սարքեն, արմատուրներ գցեցին, քարեր դրին, ասֆալտ արին: Բայց կափարիչ չդրեցին, որ էլ չբացվի: Հետո, ծանր մեքենա գնաց ու էլի քանդվեց: Համապատասխան բաժիններին էլի ասել ենք, բայց ոչ մի օգուտ: Արդեն դիմելուց էլ ենք հոգնել: Շաբաթը մեկ մեքենա է ընկնում: Տոնածառը, ծառի ճյուղ կամ շիֆր ենք դնում: Եթե չդնենք, էրեխեքն էլ կընկնեն: Իմ տղան էլ է վարորդ, իմ ընկերն էլ, մենք էլ երեխաներ ունենք, բոլորս էլ ջանացավ ենք, վախենում ենք, որ մի վատ դեպք կպատահի«:

Տերյան փողոցի այս հատվածում ծառի ճյուղի առկայությունը պարտադիր պայման է: Յուրաքանչյուր եղանակ իր ծառն ունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter