
«Միջանկյալ» որոշման նախագիծ՝ մարդու իրավունքների նոր պաշտպանին ընտրելու համար
Մի խումբ պատգամավորներ նոր պաշտպան ընտրելու համար որոշման նախագիծ են ներկայացրել Ազգային ժողով: Հիմք ընդունելով փոփոխված Սահմանադրությամբ պաշտպանի ընտրությանն առաջադրվող պահանջը, պատգամավորներն առաջարկում են մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի ընտրությունը վերապահել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին, որից հետո առաջարկել խորհրդարանին:
ՀՀԿ-ական պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Խոսրով Հարությունյանը, Արտակ Դավթյանը, Գագիկ Մելիքյանը, Վահրամ Մկրտչյանը, Գագիկ Մինասյանը, ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը հունվարի 22-ին ԱԺ են ներկայացրել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման մշտական հանձնաժողովների թիվը, անվանումները և գործունեության ոլորտները սահմանելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2012թ. մայիսի 31-ի ԱԺՈ-004-Ա որոշման մեջ լրացում կատարելու և մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու կարգի մասին նախագիծը:
Նախագծով մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար թեկնածուի առաջարկումը Ազգային ժողովին լինելու է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ՝ հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի գրավոր դիմումով ներկայացված թեկնածուների թվից:
Եթե որոշումն ընդունվի, ապա պաշտպանի թեկնածուների վերաբերյալ դիմումները հանձնաժողովի նախագահին կներկայացվեն այն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ 5 օրվա ընթացքում: Դիմումին կցվելու են պաշտպանի թեկնածուի անձնագրի պատճենը, բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, կենսագրությունը, տեղեկանք՝ վերջին չորս տարում միայն Հայաստանի հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի հանրապետությունում մշտապես բնակվելու մասին, ինչպես նաև պաշտոնում ընտրվելու համար թեկնածուի գրավոր համաձայնությունը:
Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 2015թ. դեկտեմբերի 6-ի փոփոխություններով «Մարդու իրավունքների պաշտպանին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով»:
Որպես հիմնավորում հեղինակները նշել են, որ նախագծի ներկայացման պահին մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թափուր է, իսկ օրենքի համաձայն՝ պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում պաշտպանի ընտրություններն անցկացվում են պաշտոնը թափուր մնալուց հետո 1 ամսվա ընթացքում:
Սահմանադրության փոփոխություններից հետո Ազգային ժողովի կանոնակարգը և մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքը պետք է համապատասխանեցվեն Սահմանադրությանը և ուժի մեջ մտնեն մինչև Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը:
Քանի որ Սահմանադրության փոփոխություններից հետո մարդու իրավունքների պաշտպանի ընտրության կարգ դեռևս սահմանված չէ, նախագծի հեղինակներն առաջարկում են որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության առաջարկվող կարգը գործի մինչև այս գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը, որից հետո կգործի նշված սահմանադրական օրենքներով սահմանված կարգը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել